ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«27» ապրիլի 2012թ. |
N 253-Ն |
ք. Ստեփանակերտ
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 26.04.22 N 462-Ն)
Համաձայն «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 26.04.22 N 462-Ն)
1. Հաստատել հարկադիր կատարողի վարքագծի կանոնները` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 26.04.22 N 462-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«27» ապրիլի 2012 թվական N 253- Ն որոշման |
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
(վերնագիրը փոփ. 26.04.22 N 462-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոններով սահմանվում են հարկադիր կատարողի վարքագծի կանոնները` ինչպես ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, այնպես էլ` ծառայողական պարտականություններից դուրս:
(1-ին կետը փոփ. 26.04.22 N 462-Ն)
2. Հարկադիր կատարողի վարքագծի կանոնները (այսուհետ` վարքագծի կանոններ) հարկադիր կատարողի վարվելակերպի, վարքագծի և փոխհարաբերությունների առանձնահատկությունները կարգավորող նորմեր են: Հարկադիր կատարողի վարքագծի կանոնները հիմնված են օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության և հրապարակայնության գործելաոճ արմատավորելու սկզբունքների վրա:
3. Վարքագծի կանոնները հիմնվում են յուրաքանչյուր հարկադիր կատարողի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման և համընդհանուր կանոնների պահպանման համար անձնական պատասխանատվության գիտակցման, ինչպես նաև իր ղեկավարների լիազորությունների սահմաններում տրված հրամանների (հրահանգների, կարգադրությունների)` ճիշտ և ժամանակին կատարման վրա:
II. ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՎԱՐՔԱԳԻԾԸ
4. Հարկադիր կատարողը պարտավոր է`
1) հավատարիմ լինել իր երդմանը, խստորեն պահպանել Արցախի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, հարգել Արցախի Հանրապետության պետական խորհրդանիշերը (դրոշը, զինանշանը, օրհներգը) և պետական լեզուն.
2) ծառայողական պարտքը կատարել բարեխղճորեն.
3) լինել զգոն, խստորեն պահպանել ծառայողական և պետական գաղտնիքները.
4) ցանկացած իրավիճակում պահպանել անձնական արժանապատվությունը, բարձր պահել պատիվը, լինել ազնիվ.
5) օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնելիս` զերծ մնալ հասարակական կարծիքի ազդեցությունից և իր գործողությունների համար քննադատվելու մտավախությունից.
6) հանուն անձնական կամ այլ անձանց շահերի` չնսեմացնել ծառայության և հարկադիր կատարողի վարկը.
7) աջակցել իր ղեկավարին` կարգապահության ամրապնդման գործում, հարգանքով վերաբերվել նրան.
8) կատարելագործել մասնագիտական ունակությունները.
9) իմանալ և հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները, ցուցաբերել զսպվածություն, քաղաքակիրթ, վայելուչ և հարգալից վերաբերմունք բոլորի նկատմամբ.
10) ձեռնպահ մնալ ֆինանսական, գործնական, անձնական այնպիսի կապերի հաստատումից, որոնք կարող են խախտել նրա անաչառությունը, խոչընդոտել ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը.
11) անհարկի չընդգծել իր պաշտոնեական դիրքը.
12) ղեկավարվել պատվի, խղճի և արժանապատվության զգացումներով.
13) իր վարքով նպաստել հասարակության կողմից ծառայության վերաբերյալ ազնվության և օրինականության համոզմունքի ձևավորմանն ու պահպանմանը.
14) խուսափել անհարկի խոստումներից, գիտակցել իր խոսքի արժեքը և կարևորությունը, տված խոստման հնարավոր բացասական հետևանքները.
15) ծառայողական պարտականությունների ընթացքում հայտնի դարձած տեղեկատվությունը չօգտագործել իր անձնական շահերի համար.
16) ըմբռնումով մոտենալ աշխատանքային գործունեության ընթացքում թույլ տրված խախտումների և թերությունների բացահայտմանն ու քննադատությանը և միջոցներ ձեռնարկել դրանք վերացնելու համար.
17) օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնելուց դուրս չհրապարակել և չօգտագործել իր պաշտոնեական պարտականությունների իրականացման ժամանակ իրեն հայտնի դարձած ոչ հրապարակային տեղեկությունները.
18) օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնելիս` զերծ մնալ (հրաժարվել) որևէ մեկից նվերներ, գումարներ, ծառայություններ ստանալուց կամ դրանք հետագայում ստանալու համար համաձայնություն տալուց.
19) իր վարքով իրեն կախվածության մեջ չդնել որևէ անձից.
20) ներկայացնել առաջարկություններ մասնագիտական ծառայողական գործունեության կատարելագործման վերաբերյալ և ներկայացված առաջարկությունների իրականացմանը տալ համապատասխան լուծումներ.
21) հետամուտ լինել գործընկերների կողմից վարքագծի կանոնների կատարմանը և խախտում հայտնաբերելու դեպքում տեղեկացնել վերադաս ղեկավարին:
(4-րդ կետը փոփ. 26.04.22 N 462-Ն)
5. Սույն վարքագծի կանոնների հերթականությունը չի ընդգծում դրանց առաջնահերթությունը:
6. Եթե հարկադիր կատարողը չի կողմնորոշվում` ինչպիսի վարքագիծ դրսևորել որոշակի իրավիճակներում, ապա նա պետք է դիմի անմիջական ղեկավարին, որը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի իր ենթակա աշխատողի համար դյուրին լինեն սույն վարքագծի կանոնների պահպանումն ու կիրառումը:
III. ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՔԱԳԾԻ
ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
7. Սույն վարքագծի կանոնները խախտելու դեպքում հարկադիր կատարողը կրում է կարգապահական պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
(հավելվածը փոփ. 26.04.22 N 462-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ա. ԱՎԱԳՅԱՆ |