Համարը 
ՀՕ-13-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2022.05.16/13(470)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
28.04.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
12.05.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.05.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ աշխատանքային գրքույկ պահանջելու և վարելու մասին դրույթների գործողությունը տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԼՂՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2022 թվականի

ապրիլի 28-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի աշխատանքային օրենսգիրքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին» 2005 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-186 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-11-րդ հոդվածներով.

«Հոդված 9. Մինչև սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում աշխատանքային գրքույկներն Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ներկայացնելը գործատուն պարտավոր է՝

1) աշխատանքային պայմանագիր կնքելու համար աշխատանքի ընդունվողներից պահանջել աշխատանքային գրքույկ՝ բացառությամբ առաջին անգամ կամ համատեղությամբ աշխատանքի ընդունվողների.

2) հիմնական աշխատավայրում աշխատող բոլոր աշխատողների համար վարել աշխատանքային գրքույկ.

3) վերջնահաշվարկի օրը սահմանված կարգով լրացնել աշխատողի աշխատանքային գրքույկն ու հանձնել նրան:

Աշխատանքային գրքույկում լրացվում են`

1) աշխատողի անունը, ազգանունը (նրա ցանկությամբ` հայրանունը).

2) աշխատողի ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը.

3) աշխատանքային պայմանագրի համաձայն` աշխատելու ժամանակահատվածը.

4) գործազրկության նպաստ ստանալու ժամանակահատվածը (լրացնում է լիազոր մարմինը).

5) պետական այն ծառայությունների կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածը, որը, նորմատիվ իրավական ակտերին համապատասխան, հաշվարկվում է աշխատանքային ստաժում (լրացնում է լիազոր մարմինը).

6) միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա ուսման ժամանակահատվածը (լրացնում է այն գործատուն, որի մոտ անձն անցել է աշխատանքի ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո).

7) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամանակահատվածը (լրացնում է այն գործատուն, որի մոտ անձն անցել է աշխատանքի զորացրվելուց հետո).

8) գրառման հիմքը` իրավական ակտի համարը, ընդունման օրը, ամիսը, տարին:

Հատուկ ամրագրվում է նաև այն աշխատանքների կատարման ժամանակահատվածը, որոնք, օրենսդրությանը համապատասխան, հնարավորություն են ընձեռում աշխատողին արտոնյալ պայմաններով անցնելու կենսաթոշակի:

Աշխատողի պահանջով աշխատանքային գրքույկում լրացվում են`

1) աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը.

2) զբաղեցրած պաշտոնի կամ կատարած աշխատանքի մասին տեղեկությունները.

3) համատեղության կարգով աշխատելու ժամանակահատվածը, եթե աշխատողը համատեղությամբ աշխատանքը հաստատող փաստաթուղթ է ներկայացնում հիմնական աշխատավայրի գործատուին:

Աշխատանքային գրքույկում սույն հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված տեղեկություններից բացի այլ տեղեկություններ չեն գրառվում:

Աշխատանքային գրքույկի ձևը, վարելու կարգը, ինչպես նաև աշխատանքային գրքույկի կրկնօրինակ տրամադրելու կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 10. Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում հիմնական աշխատավայրի գործատուն Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին է ներկայացնում իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները՝ դրանցում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով, որից հետո դրանք հանձնում է աշխատողներին:

 

Հոդված 11. «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում՝ լիազոր մարմնի կողմից ստեղծված հանձնաժողովների կողմից սահմանված աշխատանքային ստաժը հիմք է աշխատանքի ընդունման համար պահանջվող աշխատանքային ստաժը հաշվարկելու համար:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ աշխատանքային գրքույկ պահանջելու և վարելու մասին դրույթների գործողությունը տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

     

2022թ. մայիսի 12

Ստեփանակերտ

ՀՕ-13-Ն