Համարը 
N 885-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.08.01-2022.08.31 Պաշտոնական հրապարակման օրը՝ 08.08.2022
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
05.08.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
05.08.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.08.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 օգոստոսի 2022թ.

N 885-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ

ԵՎ (ԿԱՄ) ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8.1-ին հոդվածի 17-րդ մասը և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2021 թվականի օգոստոսի 12-ի  ՆՀ-2754-Ն հրամանագրով՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց գույքի օգտագործման կարգը և պայմանները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
     

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության

կառավարության 2022 թվականի

օգոստոսի 5-ի N 885-Ն որոշման

 

ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ

ԵՎ (ԿԱՄ) ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց գույքի օգտագործման վերցնելու, գույքը վերադարձնելու անհնարինության դեպքում օրինական տիրապետողին համարժեք փոխհատուցում տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

2. Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 27-ի N 953-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) անհրաժեշտության դեպքում կարող է օգտագործման վերցնել բնակության համար պիտանի բնակելի տներ և բնակարաններ (այսուհետ՝ կացարաններ), ինչպես նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտներ և այլ անշարժ գույք, շինարարական և գյուղատնտեսական տեխնիկա և այլ գույք (բացառությամբ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների):

3. Ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց պատկանող և օգտագործման վերցնելու ենթակա կացարանները պետք է ունենան նվազագույն կացարանային պայմաններ (սանհանգույցով, ջրամատակարարմամբ և էներգամատակարարմամբ ապահովված):

4. Ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց պատկանող գույքն օգտագործման վերցնելու անհրաժեշտությունն որոշելիս՝ առաջնահերթությունը տրվում է այն կացարաններին, որոնք կառուցվել կամ վերանորոգվել են պետական աջակցությամբ:

5. Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից տրամադրված տվյալների հիման վրա՝ պետական աջակցությամբ կառուցված կամ վերանորոգված ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց պատկանող անշարժ գույքն օգտագործման վերցնելու անհրաժեշտության դեպքում՝ օգտագործման վերցնելու դիմաց ամսական վճարները ենթակա են հաշվանցման՝ կառուցման կամ վերանորոգման համար ծախսված գումարների չափով։

6․ Արցախի Հանրապետության շրջաններում (բացառությամբ Ստեփանակերտ քաղաքի) գտնվող օգտագործման վերցված կացարանների համար սահմանվում է ամսական վճար՝ հետևյալ չափերով՝

 

 Հ/Հ

Կացարանի սենյակների

քանակ

Վճարի չափը՝ ներառյալ

հարկերը (ՀՀ դրամ)

1

1 սենյակ

42 553

2

2 սենյակ

53 191

3

3 սենյակ

63 830

4

4 սենյակ

74 468

5

5 և ավելի սենյակ

85 106

 

7․ Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում օգտագործման վերցված կացարանի 1 քառակուսի մետրի համար սահմանվում է 1 277 (հազար երկու հարյուր յոթանասունյոթ) ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը, բայց ոչ պակաս քան 1 կացարանի համար 53 191 (հիսուն երեք հազար հարյուր իննսունմեկ) ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը և ոչ ավել քան 1 կացարանի համար 159 574 (հարյուր հիսունինը հազար հինգ հարյուր յոթանասունչորս) ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը:

8․ Արցախի Հանրապետության շրջաններում (բացառությամբ Ստեփանակերտ քաղաքի) օգտագործման վերցված հյուրանոցային տնտեսության օբյեկտների 1 քառակուսի մետրի համար սահմանվում է 1 800 (հազար ութ հարյուր) ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը, իսկ Ստեփանակերտ քաղաքում օգտագործման վերցված հյուրանոցային տնտեսության օբյեկտների 1 քառակուսի մետրի համար՝ 2 500 (երկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը:

9․ Սույն կարգով սահմանված ամսական վճարները տրվում են յուրաքանչյուր ամիս՝ օգտագործման ամբողջ ժամանակահատվածի համար:

10. Սույն կարգի իմաստով գույքը վերադարձնելու անհնարինություն է համարվում գույքը բնեղենով վերադարձնելը կամ վերադարձված գույքն ըստ այդ գույքի նպատակային նշանակության օգտագործելը բացառող հանգամանքը։

11. Փոխհատուցում ստանալու նպատակով օրինական տիրապետողը դիմումը ներկայացնում է Հանձնաժողով։

12․ Դիմումը կարող է ներկայացվել նաև օրինական տիրապետողի ներկայացուցչի կամ իրավահաջորդի կողմից:

13. Փոխհատուցում տալու նպատակով Հանձնաժողովը ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով իրենց կողմից օգտագործված ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց գույքը վերադարձնելու անհնարինության դեպքում համարժեք փոխհատուցում տալու նպատակով ընդունում է օրինական տիրապետողի (ներկայացուցչի կամ իրավահաջորդի) կողմից համապատասխան դիմում՝ համաձայն N 1 ձևի, անձը հաստատող փաստաթղթի պատճենը (իրավաբանական անձանց դեպքում` պետական գրանցման վկայականի պատճենը), դիմումն օրինական տիրապետողի ներկայացուցչի կամ իրավահաջորդի կողմից ներկայացվելու դեպքում՝ համապատասխանաբար ներկայացուցչի լիազորությունները կամ անձի իրավահաջորդ հանդիսանալու փաստը հաստատող փաստաթղթեր, տվյալ գույքի նկատմամբ իրավունքները հավաստող փաստաթուղթ, իսկ դրանց բացակայության դեպքում՝ գույքի հանձնումը հավաստող փաստաթուղթ և դրանք ստանալուն հաջորդող օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովի նախագահը ներկայացնում է Հանձնաժողովի քննարկմանը:

14․ Սույն որոշմամբ սահմանված ժամկետները բաց թողնելու դեպքում դիմումին կցվում են նաև բաց թողնված ժամկետները հարգելի համարելու վերաբերյալ հիմնավորումներ, որոնք քննության են առնվում Հանձնաժողովի կողմից և 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմումը քննելու կամ այն վերադարձնելու մասին պատշաճ իրազեկվում է դիմումը ներկայացնողին։

15. Դիմումում կամ կից փաստաթղթերում թերությունների առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում Հանձնաժողովը դիմումն ստանալուն հաջորդող օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում դրանք հայտնաբերելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում, դիմումը վերադարձնում է օրինական տիրապետողին (ներկայացուցչին կամ իրավահաջորդին)՝ առաջարկելով 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները՝ ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 32-րդ և 41-րդ հոդվածներով:

16․ Սույն կարգի 15-րդ կետով սահմանված հիմքերով դիմումը մերժվում է, եթե դրա մասին պատշաճ ձևով Հանձնաժողովի կողմից դիմումը վերադարձվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում օրինական տիրապետողը (ներկայացուցիչը կամ իրավահաջորդը) չի վերացնում դիմումում կամ կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր:

17. Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվում են սույն կարգի 13-րդ կետով սահմանված` ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց կողմից ներկայացված փաստաթղթերը, և 30-օրյա ժամկետում փոխհատուցում տալու վերաբերյալ առաջարկությունները՝ Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) միջոցով, ներկայացվում են Արցախի Հանրապետության կառավարության քննարկմանը, ընդ որում, փոխհատուցում տալու վերաբերյալ առաջարկություն ներկայացվելու դեպքում նշվում է նաև առաջարկվող փոխհատուցման չափը։

18. Փոխհատուցում ստանալու մասին դիմումը մերժվում է սույն կարգի 15-րդ կետով սահմանված կարգով դիմումում կամ կից փաստաթղթերում առկա թերությունները չվերացնելու կամ անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր չներկայացնելու դեպքում, ինչպես նաև, եթե գույքի վերադարձման անհնարինությունը չի բխում ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով այդ գույքի օգտագործումից։

19․ Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով օգտագործված ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց գույքը վերադարձնելու անհնարինության դեպքում, որպես համարժեք փոխհատուցում, կարող է դիտարկվել այն գինը, որով գնահատվող, նույնական կամ համանման ապրանքները վաճառվում են կամ հասանելի են հանրային աղբյուրներում, ընդ որում, նույնական գույքերի դեպքում ընտրվում է մեկ միջինացված արժեք։

20. Արցախի Հանրապետության կառավարությունը, սույն կարգի 17-րդ կետում նշված առաջարկությունների համաձայն, 30-օրյա ժամկետում ընդունում է համապատասխան որոշում, որով սահմանվում են ֆիզիկական և իրավաբանական անձանց ցանկը, գույքի անվանումը և փոխհատուցման չափը:

21․ Սույն կարգը չի տարածվում «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8.1-ին հոդվածի 18-րդ մասում նշված դեպքերի վրա։

22. Սույն կարգով կարգավորվում են ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով օգտագործված ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց գույքը վնասված լինելու դեպքում կամ գույքի օգտագործման արդյունքում առաջացած բաց թողնված օգուտի դեպքում օրինական տիրապետողին համարժեք փոխհատուցում տալու հետ կապված հարաբերությունները:

23. Փոխհատուցում ստանալու նպատակով օրինական տիրապետողը դիմումը ներկայացնում է Հանձնաժողով։

24. Դիմումը կարող է ներկայացվել նաև օրինական տիրապետողի ներկայացուցչի կամ իրավահաջորդի կողմից։

25. Փոխհատուցում տալու նպատակով Հանձանաժողովն ընդունում է օրինական տիրապետողի (ներկայացուցչի կամ իրավահաջորդի) կողմից համապատասխան դիմում՝ համաձայն N 2 ձևի, անձը հաստատող փաստաթղթի պատճենը (իրավաբանական անձանց դեպքում` պետական գրանցման վկայականի պատճենը), տվյալ գույքի նկատմամբ իրավունքները հավաստող փաստաթուղթ, իսկ դրանց բացակայության դեպքում՝ գույքի հանձնումը հավաստող փաստաթուղթ, իսկ գույքի օգտագործման արդյունքում առաջացած բաց թողնված օգուտի դեպքում՝ Հանձնաժողովին հանձնելուն նախորդող եռամսյա ժամանակահատվածում նշված գույքի օգտագործման արդյունքում ստացված եկամուտը հավաստող փաստաթղթեր և դրանք ստանալուն հաջորդող օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում քննարկման։

26․ Սույն որոշմամբ սահմանված ժամկետները բաց թողնելու դեպքում դիմումին կցվում են նաև բաց թողնված ժամկետները հարգելի համարելու վերաբերյալ հիմնավորումներ, որոնք քննության են առնվում Նախարարության կողմից և 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմումը քննելու կամ այն վերադարձնելու մասին պատշաճ իրազեկվում է դիմումը ներկայացնողին։

27. Դիմումում կամ կից փաստաթղթերում թերությունների առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում Նախարարությունը դիմումն ստանալուն հաջորդող օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում դրանք հայտնաբերելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում դիմումը վերադարձնում է օրինական տիրապետողին (ներկայացուցչին կամ իրավահաջորդին)՝ առաջարկելով 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները՝ ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 32-րդ և 41-րդ հոդվածներով:

28. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված հիմքերով դիմումը մերժվում է, եթե դրա մասին պատշաճ ձևով Հանձնաժողովի կողմից դիմումը վերադարձվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում օրինական տիրապետողը (ներկայացուցիչը կամ իրավահաջորդը) չի վերացնում դիմումում կամ կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր:

29. Հանձնաժողովն ուսումնասիրում է սույն կարգի 4-րդ կետով սահմանված` ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց կողմից ներկայացված փաստաթղթերը և 30-օրյա ժամկետում փոխհատուցում տալու վերաբերյալ առաջարկությունները Նախարարության միջոցով ներկայացնում Արցախի Հանրապետության կառավարարության քննարկմանը, ընդ որում, փոխհատուցում տալու վերաբերյալ առաջարկություն ներկայացվելու դեպքում նշվում է նաև առաջարկվող փոխհատուցման չափը։

30. Փոխհատուցում ստանալու մասին դիմումը մերժվում է սույն կարգի 6-րդ կետով սահմանված կարգով դիմումում կամ կից փաստաթղթերում առկա թերությունները չվերացնելու կամ անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր չներկայացնելու դեպքում, ինչպես նաև, եթե գույքը վնասված վերադարձնելը կամ գույքի օգտագործման արդյունքում բաց թողնված օգուտի առաջացումը չի բխում ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով այդ գույքի օգտագործումից:

31․ Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց օգտագործված գույքին հասցված նյութական վնասի դեպքում տրվում է համարժեք փոխհատուցում՝ մրցակցային եղանակով ընտրված կազմակերպության կողմից գնահատված վնասի չափով:

32. Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց գույքի օգտագործման արդյունքում առաջացած բաց թողնված օգուտի դեպքում փոխհատուցվում է բաց թողնված օգուտը` այն չստացված եկամուտները, որոնք օրինական տիրապետողը (ներկայացուցիչը կամ իրավահաջորդը) կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում գույքն օգտագործելու դեպքում:

33. Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով օգտագործված ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը վնասված լինելու դեպքում կամ գույքի օգտագործման արդյունքում առաջացած բաց թողնված օգուտի դեպքում օրինական տիրապետողին (ներկայացուցչին կամ իրավահաջորդին) համարժեք փոխհատուցում տրամադրվում է բանկային հաշվին փոխանցմամբ:

34. Արցախի Հանրապետության կառավարությունը, սույն կարգի 8-րդ կետում նշված առաջարկությունների համաձայն, 30-օրյա ժամկետում ընդունում է համապատասխան որոշում, որով սահմանվում են ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց ցանկը, գույքի անվանումը և փոխհատուցման չափը:

35. Սույն կարգը չի տարածվում «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8.1-ին հոդվածի 17-րդ մասում նշված դեպքերի վրա։

36. Սույն կարգի պահանջների համաձայն գույքին հասցված նյութական վնասի, ինչպես նաև բաց թողնված օգուտի փոխհատուցումն իրականացվում է ողջամիտ ժամկետում: Փոխհատուցման պայմանների և չափի հետ համաձայն չլինելու դեպքում օրինական տիրապետողը (ներկայացուցիչը կամ իրավահաջորդը) կարող է դիմել դատարան:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ

 

 

Ձև N 1

 

ԱՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 27-ի

N 953-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողով

————————————————————————

(ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, իրավաբանական

անձի դեպքում՝ անվանումը, հասցեն/գործունեության իրականացման

վայրը, կոնտակտային տվյալները)

 

ԴԻՄՈՒՄ

 

----------------թվականին (ամիսը, ամսաթիվը) ——————-ին պատկանող —————————————— (գույքի տվյալները) գույքը ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով տրամադրվել է ——————————— ին (պետական մարմնի անվանումը):

 

Խնդրում եմ վերադարձնել տրամադրված գույքը կամ անհնարինության դեպքում տրամադրել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8.1-ին հոդվածով սահմանված փոխհատուցում։

 

 

 

Դիմող

—————----———----—

(ստորագրությունը)

——----————————

(անունը, ազգանունը)

     

——— —————— 20 թ.

   

 

 

Ձև N 2

 

ԱՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 27-ի

N 953-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողով

————————————————————————

(ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, իրավաբանական

անձի դեպքում՝ անվանումը, հասցեն/գործունեության իրականացման

վայրը, կոնտակտային տվյալները)

 

ԴԻՄՈՒՄ

 

----------------թվականին (ամիսը, ամսաթիվը) ——————-ին պատկանող —————————————— (գույքի տվյալները) գույքը ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով տրամադրվել է ——————————— ին (պետական մարմնի անվանումը), որի հետևանքով գույքը վերադարձվել է վնասված և (կամ) ունեմ բաց թողնված օգուտ:

 

Խնդրում եմ տրամադրել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8.1-ին հոդվածով սահմանված փոխհատուցում։

 

 

 

Դիմող

———————-—------—

(ստորագրությունը)

———----———————

(անունը, ազգանունը)

     

——— ——————  20 թ.

   

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 օգոստոսի 2022 թվական: