ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 30 օգոստոսի 2022թ. |
N 978-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 133-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 6-ի «Միանվագ դրամական օգնության մասին» N 133-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման նախաբանում «Ելնելով սոցիալական որոշ խմբերի անձանց նյութապես օժանդակելու անհրաժեշտությունից» բառերը փոխարինել «Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը» բառերով.
2) 1-ին կետում, բացառությամբ «պետական անկախության» բառերից առաջ, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին» բառերը փոխարինել «Մարդու հիմնարար իրավունքների, անկախության» բառերով և «(այսուհետ՝ հիշարժան օրեր)» բառերը հանել.
3) 2-րդ կետի 2-րդ ենթակետը և թիվ 2 հավելվածն ուժը կորցրած ճանաչել.
4) որոշման 3-րդ կետում «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի» բառերով.
5) որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի՝
ա. 1-ին կետում «հիշարժան օրերի» բառերը փոխարինել «մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա, սեպտեմբերի 2-ի՝ Արցախի Հանրապետության օրվա և դեկտեմբերի 10-ի՝ Մարդու հիմնարար իրավունքների, անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրվա (այսուհետ առանձին՝ մայիսի 9-ը, սեպտեմբերի 2-ը, դեկտեմբերի 10-ը, ընդհանրական՝ հիշարժան օրեր)» բառերով, իսկ «խմբերը» բառից հետո լրացնել «, դրամական օգնության չափերը» բառերը,
բ. 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Դրամական օգնության իրավունք ունի Արցախի Հանրապետությունում հաշվառված՝
1) Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ Արցախի Հանրապետության պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմիններում (այսուհետ՝ համապատասխան մարմին) զինվորական կամ փրկարարական ծառայության (այսուհետ՝ զինծառայություն) ընթացքում ստացած վնասվածքի կամ խեղման կամ դրանց հետևանքով ստացած հիվանդության արդյունքում հաշմանդամ ճանաչված անձը՝ անկախ հաշմանդամության և պատճառական կապի սահմանման ժամկետից (այսուհետ՝ հաշմանդամ զինծառայող).
2) Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ համապատասխան մարմնում զինծառայության ընթացքում զոհված (մահացած) կամ անհայտ կորած կամ դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված կամ զինծառայությունից սահմանված կարգով արձակված և, անկախ ժամանակաշրջանից, զինծառայության ընթացքում ստացած վնասվածքի կամ խեղման կամ դրանց հետևանքով ստացած հիվանդության պատճառով մահացած անձի ընտանիքի անդամը (այսուհետ՝ զոհված զինծառայողի ընտանիքի անդամ).
3) Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանին և 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում գումարված Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի և Շահումյանի շրջանային խորհրդի միացյալ նիստին մասնակցած պատգամավորը (այսուհետ՝ պատգամավոր).
4) Հայրենական մեծ պատերազմում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով հաշմանդամ դարձած անձը, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի մարտական գործողությունների այն մասնակիցը, ով հաշմանդամ է դարձել հետագայում (այսուհետ՝ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ).
5) ԽՍՀՄ զինված ուժերի, պետական անվտանգության կոմիտեի և ներքին գործերի նախարարության համակարգերի (այսուհետ՝ ԽՍՀՄ զինված ուժեր) կազմում այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով հաշմանդամ դարձած անձը, ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձը, ինչպես նաև Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցելու հետևանքով հաշմանդամ դարձած անձը (այսուհետ՝ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին հավասարեցված անձ).
6) Հայրենական մեծ պատերազմի մարտական գործողությունների մասնակիցը (այսուհետ՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակից).
7) ԽՍՀՄ զինված ուժերի կազմում այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցը (այսուհետ՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին հավասարեցված անձ).
8) ԽՍՀՄ զինված ուժերի կազմում այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ կամ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամը (այսուհետ՝ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամ).
9) Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում զինծառայություն անցած կամ աշխատած այն անձը, ով պարգևատրվել է «Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ հաղթանակի համար 1941-1945թթ.» կամ «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար» ԽՍՀՄ մեդալով (այսուհետ՝ ԽՍՀՄ մեդալակիր)։»,
գ. 2.1-ին և 2.2-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
դ. 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«3. Երկու և ավելի դրամական օգնության իրավունք ունեցող անձին վճարվում է մեկ դրամական օգնություն՝ իր ընտրությամբ:»,
ե. 4-րդ կետում «Ընտանիքում դրամական օգնության իրավունք ունեցող երկու և ավելի անձանց դեպքում՝» բառերը փոխարինել «Եթե ընտանիքում առկա են սույն կարգի 2-րդ կետով սահմանված տարբեր հիմքերով դրամական օգնության իրավունք ունեցող երկու և ավելի անդամներ, ապա» բառերով,
զ. 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.1-ին կետ.
«4.1. Դրամական օգնությունը նշանակվում է.
1) հաշմանդամ զինծառայողներին՝ յուրաքանչյուր հիշարժան օրվա կապակցությամբ՝ 15 000 ՀՀ դրամ.
2) զոհված զինծառայողի ընտանիքի անդամին՝ յուրաքանչյուր հիշարժան օրվա կապակցությամբ՝ 56 000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր զոհված զինծառայողի դեպքում.
3) պատգամավորներին՝ յուրաքանչյուր հիշարժան օրվա կապակցությամբ՝ 50 000 ՀՀ դրամ.
4) Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին՝ մայիսի 9-ի կապակցությամբ՝ 300 000 ՀՀ դրամ, սեպտեմբերի 2-ի և դեկտեմբերի 10-ի կապակցությամբ՝ 16 000 ՀՀ դրամ.
5) Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին հավասարեցված անձանց՝ մայիսի 9-ի կապակցությամբ՝ 50 000 ՀՀ դրամ, սեպտեմբերի 2-ի և դեկտեմբերի 10-ի կապակցությամբ՝ 16 000 ՀՀ դրամ.
6) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին՝ մայիսի 9-ի կապակցությամբ՝ 300 000 ՀՀ դրամ, սեպտեմբերի 2-ի և դեկտեմբերի 10-ի կապակցությամբ՝ 13 000 ՀՀ դրամ.
7) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին հավասարեցված անձանց՝ մայիսի 9-ի կապակցությամբ՝ 50 000 ՀՀ դրամ, սեպտեմբերի 2-ի և դեկտեմբերի 10-ի կապակցությամբ՝ 13 000 ՀՀ դրամ.
8) ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամին՝ մայիսի 9-ի կապակցությամբ՝ 50 000 ՀՀ դրամ, սեպտեմբերի 2-ի և դեկտեմբերի 10-ի կապակցությամբ՝ 11 000 ՀՀ դրամ.
9) ԽՍՀՄ մեդալակիրներին՝ յուրաքանչյուր հիշարժան օրվա կապակցությամբ՝ 11 000 ՀՀ դրամ։»,
է. 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«5. Սույն կարգի 4.1-ին կետի 2-րդ և 8-րդ ենթակետերում նշված դրամական օգնությունը նշանակվում է զոհված զինծառայողի ամուսնուն (այդ թվում՝ անձին, որի փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելու փաստը հաստատվել է դատական կարգով) (այսուհետ՝ զոհված զինծառայողի ամուսին), իսկ զոհված զինծառայողի ամուսնուն դրամական օգնություն նշանակելու անհնարինության դեպքում՝ ծնողներից մեկին (միակ ծնողին)։»,
ը. 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5.1-ին, 5.2-րդ և 5.3-րդ կետեր.
«5.1. Սույն կարգի 5-րդ կետում նշված՝ ամուսնուն դրամական օգնություն նշանակելու անհնարինություն է համարվում զոհված զինծառայողի՝
1) ամուսնացած չլինելը (դատական կարգով հաստատված՝ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ չգտնվելը).
2) ամուսնալուծված լինելը.
3) ամուսնու մահացած լինելը.
4) ամուսնու՝ Արցախի Հանրապետությունում հաշվառված չլինելը կամ փաստացի չբնակվելը.
5) ամուսնու կողմից դրամական օգնությունից գրավոր հրաժարվելը՝ հոգուտ զոհված զինծառայողի ծնողի.
6) ամուսնուն այլ հիմքով դրամական օգնություն նշանակված լինելը։
5.2. Սույն կարգի 4.1-ին կետի 2-րդ և 8-րդ ենթակետերում նշված դրամական օգնությունը զոհված զինծառայողի ամուսնուն նշանակվելուց հետո վերաձևակերպվում է զոհված զինծառայողի ծնողի անվամբ (նշանակվում է ծնողին)՝ զոհված զինծառայողի՝
1) ամուսնու մահվան դեպքում.
2) ամուսնու՝ Արցախի Հանրապետության հաշվառումից հանվելու դեպքում.
3) ամուսնու կողմից հօգուտ զոհված զինծառայողի ծնողի՝ դրամական օգնությունից գրավոր հրաժարվելու դեպքում.
4) ամուսնուն այլ հիմքով դրամական օգնություն նշանակելու դեպքում։
5.3. Սույն կարգի 4.1-ին կետի 2-րդ և 8-րդ ենթակետերում նշված դրամական օգնությունը զոհված զինծառայողի ծնողին նշանակվելուց հետո վերաձևակերպվում է զոհված զինծառայողի մյուս ծնողի անվամբ (նշանակվում է մյուս ծնողին)՝ զոհված զինծառայողի՝
1) ծնողի մահվան դեպքում.
2) ծնողի՝ Արցախի Հանրապետության հաշվառումից հանվելու դեպքում.
3) ծնողի կողմից հօգուտ զոհված զինծառայողի մյուս ծնողի՝ դրամական օգնությունից գրավոր հրաժարվելու դեպքում.
4) ծնողին այլ հիմքով դրամական օգնություն նշանակելու դեպքում։»,
թ. 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«6. Դրամական օգնությունը նշանակվում է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ տարածքային ստորաբաժանում) կողմից և վճարվում՝
1) մայիսի 9-ի կապակցությամբ՝ մայիս ամսվա ընթացքում.
2) սեպտեմբերի 2-ի կապակցությամբ՝ սեպտեմբեր ամսվա ընթացքում.
3) դեկտեմբերի 10-ի կապակցությամբ՝ դեկտեմբեր ամսվա ընթացքում։»,
ժ. 7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«7. Դրամական օգնություն նշանակելու համար գրավոր դիմումի հետ անձը տարածքային ստորաբաժանում է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթն ու դրա պատճենը, հանրային ծառայությունների համարանիշն ու դրա պատճենը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, ինչպես նաև սույն կարգի 2-րդ կետում նշված անձանց թվին պատկանելու փաստը հաստատող՝ հետևյալ փաստաթղթերը.
1) հաշմանդամ զինծառայողը, Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամն ու Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին հավասարեցված անձինք՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից տրված տեղեկանքն ու պատճենը կամ համապատասխան վկայականն ու պատճենը.
2) զոհված զինծառայողների ընտանիքների անդամները՝ զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ անհայտ կորած համարվելու մասին համապատասխան մարմնից տրված տեղեկանքը կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռն ու դրա պատճենը, կամ մահվան պատճառական կապի մասին բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի տված տեղեկանքն ու դրա պատճենը, ինչպես նաև կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակելու համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող փաստաթղթերը.
3) պատգամավորները՝ պատգամավորի վկայականի պատճենը կամ կարգավիճակը հաստատող այլ փաստաթուղթը.
4) ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամները՝ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զինծառայողի զոհվելու մասին համապատասխան մարմնի տված տեղեկանքը.
5) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներն ու Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին հավասարեցված անձինք՝ համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանքը, կամ համապատասխան վկայականն ու պատճենը, իսկ Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցելու պատճառով հաշմանդամ դարձած անձինք՝ հաշմանդամության մասին բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից տրված տեղեկանքն ու պատճենը.
6) ԽՍՀՄ մեդալակիրները՝ «Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ հաղթանակի համար 1941-1945թթ.» կամ «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար» ԽՍՀՄ մեդալի վկայականն ու պատճենը:»,
ժա. 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«8. Ներկայացված գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու ժամանակ տարածքային ստորաբաժանման կողմից փաստաթղթերի պատճենները կնքվում են, կազմվում է դրամական օգնության գործ, որը հաշվառվում է դրամական օգնության գործերի հաշվառման մատյանում:»,
ժբ. 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8.1-ին, 8.2-րդ, 8.3-րդ և 8.4-րդ կետեր.
«8.1. Զոհված զինծառայողի ծնողին սույն կարգի 4.1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված դրամական օգնությունը նշանակելու համար դրամական օգնության գործում անհրաժեշտ է նաև զոհված զինծառայողի ամուսնուն դրամական օգնություն նշանակելու անհնարինությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) առկայությունը։
8.2. Սույն կարգի 8.1-ին կետում նշված՝ զոհված զինծառայողի ամուսնուն դրամական օգնություն նշանակելու անհնարինությունը հավաստվում է.
1) զոհված զինծառայողի ամուսնացած չլինելու մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից տրված տեղեկանքով.
2) զոհված զինծառայողի ամուսնալուծման վկայականով (դրամական օգնության գործում պահվում է վկայականի պատճենը).
3) զոհված զինծառայողի ամուսնության և ամուսնու մահվան վկայականներով (դրամական օգնության գործում պահվում են վկայականների պատճենները).
4) զոհված զինծառայողի ամուսնու՝ Արցախի Հանրապետությունում հաշվառված չլինելու մասին Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության կառավարման ոլորտում գործող Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրված տեղեկանքով.
5) զոհված զինծառայողի ամուսնու՝ Արցախի Հանրապետությունում փաստացի չբնակվելու մասին տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված տեղեկանքով.
6) հօգուտ զոհված զինծառայողի ծնողի՝ դրամական օգնությունից հրաժարվելու մասին զոհված զինծառայողի ամուսնու գրավոր հայտարարությամբ (առանց նոտարական վավերացման).
7) զոհված զինծառայողի ամուսնուն սույն կարգով սահմանված՝ այլ հիմքով դրամական օգնություն նշանակված լինելու մասին տարածքային ստորաբաժանման կողմից կազմված տեղեկանքով:
8.3. Սույն կարգի 5.2-րդ կետով սահմանված դեպքում դրամական օգնությունը վերաձևակերպվում է անձի գրավոր դիմումի և սույն կարգի 8.2-րդ կետի 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերում նշված փաստաթղթերի հիման վրա։
8.4. Սույն կարգի 5.3-րդ կետով սահմանված դեպքում դրամական օգնությունը վերաձևակերպվում է անձի գրավոր դիմումի և ծնողի մահվան վկայականի կամ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության կառավարման ոլորտում գործող Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրված՝ ծնողի Արցախի Հանրապետությունում հաշվառված չլինելու մասին տեղեկանքի կամ հօգուտ զոհված զինծառայողի մյուս ծնողի դրամական օգնությունից հրաժարվելու մասին զոհված զինծառայողի ծնողի գրավոր հայտարարության կամ զոհված զինծառայողի ծնողի՝ այլ հիմքով դրամական օգնություն նշանակված լինելու մասին տարածքային ստորաբաժանման կողմից կազմված տեղեկանքի հիման վրա:»,
ժգ. 9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«9. Դրամական օգնությունը նշանակվում (վերաձևակերպվում) է սկսած դրամական օգնության իրավունքը ծագելու օրվան հաջորդող հիշարժան օրվանից՝ սույն կարգի 7-րդ, 8.2-րդ և 8.4-րդ կետերում նշված փաստաթղթերը դրամական օգնության իրավունքը ծագելու օրվանից վեց ամվա ընթացքում տարածքային ստորաբաժանում ներկայացվելու դեպքում։ Եթե սույն կարգի 7-րդ, 8.2-րդ և 8.4-րդ կետերում նշված փաստաթղթերը տարածքային ստորաբաժանում են ներկայացվել անձի դրամական օգնության իրավունքը ծագելու օրվանից վեցամսյա ժամկետը լրանալուց հետո, ապա դրամական օգնությունը նշանակվում (վերաձևակերպվում) է փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող հիշարժան օրվանից սկսած։»,
ժդ. 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 9.1-ին կետ.
«9.1 Դրամական օգնության վերաձևակեպման համար դրամական օգնության իրավունքը ծագելու օր է համարվում՝ դրամական օգնություն ստացող՝
1) զոհված զինծառայողի ամուսնու կամ ծնողի մահանալու օրը.
2) զոհված զինծառայողի ամուսնու կամ ծնողի՝ Արցախի Հանրապետության հաշվառումից հանվելու օրը.
3) զոհված զինծառայողի ամուսնու կամ ծնողի կողմից հօգուտ զոհված զինծառայողի ծնողի (մյուս ծնողի)՝ դրամական օգնությունից հրաժարվելու մասին գրավոր հայտարարությունը ստորագրելու օրը.
4) զոհված զինծառայողի ամուսնուն կամ ծնողին այլ հիմքով դրամական օգնություն նշանակելու դեպքում՝ այլ հիմքով դրամական օգնություն նշանակելու հիշարժան օրվան նախորդող օրը։»,
ժե. 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
ժզ. 13-րդ կետում «վերջին հիշարժան օրվա» բառերը փոխարինել «վերջին երեք հիշարժան օրերի» բառերով և կետից հանել երկրորդ պարբերությունը,
ժէ. 14-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«14. Անձի դրամական օգնության իրավունքը դադարեցվում է.
1) դրամական օգնության իրավունք տվող կարգավիճակի վերացման դեպքում.
2) ներկայացված փաստաթղթերում կեղծ կամ ոչ հավաստի տեղեկություններով փաստաթղթեր հայտնաբերելու դեպքում.
3) դրամական օգնություն ստացող անձի մահվան դեպքում.
4) զոհված զինծառայողի ամուսնու (կամ ծնողի) կողմից հօգուտ զոհված զինծառայողի ծնողի (մյուս ծնողի)՝ դրամական օգնությունից հրաժարվելու մասին գրավոր հայտարարությունը տարածքային ստորաբաժանում ներկայացնելու դեպքում.
5) Արցախի Հանրապետության հաշվառումից հանվելու դեպքում.
6) անձին այլ հիմքով դրամական օգնություն նշանակելու դեպքում:»,
ժը. 16-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«16. Դրամական օգնության վճարումը դադարեցվում է՝
1) սույն կարգի 14-րդ կետում նշված հանգամանքն առաջանալու օրվանից.
2) անընդմեջ երեք հիշարժան օրվա կապակցությամբ դրամական օգնություն չստանալու դեպքում՝ հաջորդող հիշարժան օրվանից։»,
ժթ. 17-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«17. Նշանակված, սակայն չստացված դրամական օգնության գումարներն այլ անձի չեն վճարվում՝ բացառությամբ սույն կարգի 17.1-ին կետում նշված դեպքի:»,
ի. 17-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 17.1-ին կետ.
«17.1. Եթե դրամական օգնության վճարումը դադարեցվել է սույն կարգի 14-րդ կետի 3-րդ ենթակետում նշված հիմքով, ապա մահացած անձին չվճարված դրամական օգնության գումարները վճարվում են նրա ամուսնուն կամ 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային (անկախ հաշվառման վայրից) կամ զավակին կամ ծնողին (եթե մահացած անձի հետ հաշվառված է եղել նույն հասցեում)՝ դրամական օգնություն ստացող անձի մահվան պահից վեցամսյա ժակետում գրավոր դիմումը և մահացած անձի մահվան վկայականը տարածքային ստորաբաժանում ներկայացվելու դեպքում։»,
իա. 19-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
իբ. 20-րդ կետում «Քաղաքացու կողմից սխալ» բառերը փոխարինել «Կեղծ կամ ոչ հավաստի» բառերով, «դադարեցման» բառը՝ «իրավունքը դադարեցնելու» բառերով, իսկ «քաղաքացուց» բառը՝ «դրամական օգնություն ստացած անձից» բառերով,
իգ. 21-րդ կետում «քաղաքացուց» բառը փոխարինել «դրամական օգնություն ստացած անձից» բառերով,
իդ. 23-րդ կետում «քաղաքացու» բառը փոխարինել «անձի» բառով.
6) որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 15-րդ, 21-23-րդ կետերում, որոշմամբ հաստատված թիվ 3, թիվ 4, թիվ 5 հավելվածներում «բաժին» բառի համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ստորաբաժանում» բառի համապատասխան հոլովաձևերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
3. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը առանձնացված բաժնեմասով դրամական օգնություն ստացող անձանց վճարումները շարունակվում են նախկին չափով՝ մինչև սահմանված կարգով դրամական օգնության իրավունքը դադարեցնելը։
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 օգոստոսի 2022 թվական: