ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին
Հոդված 1. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5 հոդվածի՝
ա) 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Գործատուները սոցիալական վճարումները կատարում են աշխատանքի վարձատրությանն ուղղվող և դրանց հավասարեցված միջոցների ընդհանուր գումարի նկատմամբ 28 տոկոսի չափով, բայց յուրաքանչյուր վարձու աշխատողի համար ամսական ոչ պակաս 2800 և ոչ ավելի 20 հազար դրամից:
2. Վարձու աշխատողները սոցիալական վճարումներ են կատարում աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 3 տոկոսի չափով, բայց ամսական ոչ ավելի 2500 դրամից, որոնց պահումները կատարում և լիազորված մարմին են փոխանցում գործատուները:»
բ) 4-րդ կետում «նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունվեցապատիկը» բառերը փոխարինել «150 հազար դրամ» բառերով.
գ) 5-րդ կետում «ամսական նվազագույն աշխատավարձի մեկուկեսից ոչ պակաս և տասներեքից ոչ ավելի չափով» բառերը փոխարինել «յուրաքանչյուր ամիս ոչ պակաս 1500 և ոչ ավելի 20 հազար դրամի չափով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6 հոդվածի 5-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5. Սոցիալական վճարումների կատարումը սահմանված ժամկետներից ուշացնելու օրվանից մինչև 365-րդ օրը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար ապահովադրից գանձվում է տույժ՝ ապառքի 0,2 տոկոսի չափով: Վերոհիշյալ տույժը կիրառվում է նաև ստուգմամբ հայտնաբերված (պակաս ցույց տրված) սոցիալական վճարների, սոցիալական վճարների նվազեցված հաշվարկման օբյեկտի նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների գումարների գծով՝ դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար»:
Հոդված 3. Օրենքի 7 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 7. Ավել վճարված սոցիալական վճարների ապահովադրին վերադարձնելու կարգը
Ավել վճարված կամ գանձված սոցիալական վճարների գումարները հաշվանցվում են հաշվարկված տույժերի, ապահովադրի համաձայնությամբ՝ առաջիկա սոցիալական վճարների դիմաց կամ վերադարձվում են վճարողին՝ դիմելու օրվանից 30 օրվա ընթացքում, որից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար լիազորված մարմինը վճարում է տույժ՝ վերադարձման ենթակա գումարի 0,2 տոկոսի չափով»:
Հոդված 4. Օրենքի 9 հոդվածի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ա) գործատուների մոտ կատարել աշխատանքի վարձատրությանն ուղղվող և դրանց հավասարեցված միջոցների, անհատ ձեռներեցների, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղված, ինչպես նաև սույն հոդվածում նշված անձանց մոտ՝ սոցիալական վճարների օբյեկտ հանդիսացող եկամուտների հաշվարկման և վճարման փաստաթղթերի ստուգում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:
Հոդված 5. Օրենքի 10 հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Գործատուները, գյուղացիական տնտեսությունները, անհատ ձեռներեցները, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղված անձինք պետական գրանցում ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում պարտավոր են որպես ապահովադիր գրանցվել լիազորված մարմնում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»:
Հոդված 6. Օրենքի 13 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝
«Հոդված 13. Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը
Սույն Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է լիազորված մարմինը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
10 նոյեմբերի 1999թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-72 |
|