Համարը 
ՀՕ-90-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.12.01-2022.12.31 Պաշտոնական հրապարակման օրը 12.12.2022
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
23.11.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
08.12.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.12.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2022 թվականի

նոյեմբերի 23-ին

 

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի մայիսի 22-ի ՀՕ-13 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մաս.

«6. Հեռուստառադիոհաղորդումների հովանավորությունը, գովազդի զուգակցումը հեռուստահաղորդումների հետ «վազող տողի» եղանակով, հեռուստախանութները, ինչպես նաև հեռուստառադիոհաղորդումների ազդին նախորդող և (կամ) հաջորդող տվյալ հեռուստառադիոհաղորդման հովանավորների մասին ցանկացած տեսակի տեղեկության հեռարձակումը համարվում են զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով հեռարձակվող գովազդ:»:

 

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածում`

1) 13-րդ և 14-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Յուրաքանչյուր հեռուստահաղորդման ալիքով հեռարձակվող յուրաքանչյուր վիճակախաղի գովազդը թույլատրվում է ժամը 22:00-07:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ռադիոալիքով՝ ժամը 08:00-20:00-ն ընկած ժամանակահատվածում: Գովազդը չի թույլատրվում մանկապատանեկան հաղորդումներին նախորդող և հաջորդող մեկ ժամվա ընթացքում: Այդ ժամանակահատվածում գովազդի ընդհանուր տևողությունը, այդ թվում` գովազդային հաղորդումները և գովազդային տեղեկատվությունները վիճակախաղի կամ վիճակախաղի կազմակերպչի մասին, չի կարող գերազանցել 3 րոպեն, որը մեկ ժամվա ընթացքում կարող է հեռարձակվել երկու անգամից ոչ ավելի, և ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 60 վայրկյանը:

Հեռուստահաղորդմամբ ժամը 07:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում մարզական միջոցառումների հեռարձակումների ժամանակ գովազդ թույլատրվում է ոչ ավելի, քան մեկ անգամ՝ յուրաքանչյուր հաղորդումից հետո և միայն հովանավոր կազմակերպության անվան հիշատակմամբ:

Խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի շահումային ֆոնդի խաղարկության հեռարձակում կարող է իրականացվել լիազոր մարմնի հետ համաձայնեցված՝ վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգով սահմանված պարբերականությամբ, ընդ որում, այն կարող է հեռարձակվել հեռուստահաղորդմամբ ժամը 22:00-07:00-ն ընկած ժամանակահատվածում, և դրա ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 30 րոպեն:

Վիճակախաղի կազմակերպիչն իրավունք ունի համացանցով գովազդելու վիճակախաղը: Սույն պարբերությամբ սահմանված գովազդն արգելվում է իրականացնել մանկապատանեկան, կրթական, բժշկական կայքերի միջոցով: Իսկ լրատվական կայքերում սույն պարբերությամբ նշված գովազդը թույլատրվում է ժամը 22:00-07:00-ն ընկած ժամանակահատվածում:

Լրատվական թողարկման ընթացքում մամուլի ակումբում կատարված իրադարձության լուսաբանման ժամանակ հետնամասի պաստառին վիճակախաղի գովազդը թույլատրվում է միայն վիճակախաղի անվանման հիշատակմամբ, որը չպետք է պարունակի վիճակախաղի կայքի հասցե և պարտադիր պետք է պարունակի «21+» տեսանելի նշում:

Արտաքին գովազդը չպետք է գերազանցի 5 մետր քառակուսին և պետք է պարունակի միայն իր ֆիրմային անվանումը (լոգոն): Վիճակախաղերի անցկացման վայրերի շենքերի, շինությունների կամ սրահների մուտքերի մոտ արտաքին գովազդը չպետք է գերազանցի 0.5 մետր քառակուսին և պետք է պարունակի միայն իր ֆիրմային անվանումը (լոգոն): Շենքերի, շինությունների վերելակներում և մուտքերում, ինչպես նաև հանրային սննդի և բնակչության սպասարկման տարածքներում արգելվում է վիճակախաղերի գովազդը:

Վիճակախաղի կազմակերպիչն իրավունք ունի գովազդելու վիճակախաղը մարզադաշտերի կողային վահանակների միջոցով միայն մարզական իրադարձությունների ընթացքում և (կամ) այդ մարզական իրադարձություններին մասնակցող թիմերի մարզահագուստի վրա:

Արցախի Հանրապետության օրենքներով և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան լիցենզիա չստացած վիճակախաղի կազմակերպիչներն իրավունք չունեն իրականացնելու համապատասխան գործունեության գովազդ Արցախի Հանրապետությունում:

Արգելվում է սույն մասով չնախատեսված եղանակով և միջոցներով իրականացնել վիճակախաղերի գովազդ:

14. Վիճակախաղի գովազդի ժամանակ արգելվում է դրամական միջոցների կամ անչափահասների կերպարների ցուցադրումը:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-14.3-րդ մասեր.

«14.1. Վիճակախաղի գովազդի ժամանակ արգելվում է՝

ա) որևէ կերպ դիմել անչափահասներին.

բ) տպավորություն ստեղծել, թե խաղին մասնակցելն ապահովում է պարբերաբար եկամուտ (շահույթ) ստանալու հնարավորություն կամ աշխատանքի այլընտրանք է.

գ) տպավորություն ստեղծել, թե եկամուտ (շահույթ) ստանալը երաշխավորված է.

դ) ներշնչել, որ խաղի միջոցով հնարավոր է հասնել հասարակական, մասնագիտական, մարզական հաջողության.

ե) քննադատել վիճակախաղին չմասնակցելը:

14.2. Վիճակախաղի գովազդը պետք է պարունակի ոչ սթափ կամ հոգեճնշող վիճակում խաղալու անթույլատրելիության վերաբերյալ նախազգուշացնող տեղեկատվություն:

14.3. Վիճակախաղի կամ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի շահումային ֆոնդի խաղարկության գովազդը պետք է պարունակի հետևյալ բովանդակությամբ նախազգուշացում.

«Նախազգուշացում՝ խաղին մասնակցությունը նյութական վնասներ կրելու ռիսկ է պարունակում» կամ «Նախազգուշացում՝ խաղին մասնակցելով կարող եք կրել նյութական վնասներ:»: Ընդ որում, նշված նախազգուշացումը պետք է լինի ոչ պակաս շեշտադրված, քան գովազդում առկա մնացած տեղեկատվությունը:».

3) 15-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Արգելվում է շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, խաղատների, տոտալիզատորի, անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի, ծխախոտի, գիշերային ակումբների, ինչպես նաև սույն օրենքով՝ հեռուստատեսությամբ գովազդի համար արգելված ապրանքների և ծառայությունների՝ որպես հովանավորների հիշատակումը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-ին մաս.

«16.1. Արգելվում է շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, խաղատների, անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, բացառությամբ Արցախի Հանրապետության տարածքում վերահեռարձակվող հեռուստառադիոեթերների, իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա:»:

 

Հոդված 3. Օրենքի ամբողջ տեքստում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով, իսկ «ԼՂՀ» հապավումը` «Արցախի Հանրապետության» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

     

2022թ. դեկտեմբերի 8

Ստեփանակերտ

ՀՕ-90-Ն

    

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 դեկտեմբերի 2022 թվական