Համարը 
ՀՕ-1-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.03.01-2023.03.31 Պաշտոնական հրապարակման օրը 03.03.2023
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
23.02.2023
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
03.03.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.03.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Տես հոդվածը 6-ը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2023 թվականի

փետրվարի 23-ին

 

«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-147 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում «զբոսաշրջային ծառայություններ» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ հասկացություն.

«հյուրանոցային ծառայություններ մատուցող անձինք՝ իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր, որոնց կողմից շահագործվող օբյեկտներում ծառայությունները ներառում են առնվազն մեկ գիշերակաց, նվազագույն հյուրանոցային ծառայություններ և որոնք վարում են հաճախորդի վերաբերյալ տվյալների պատշաճ տեղեկատվության (անձնագրային, ինչպես նաև հյուրանոցային համարի ամրագրման և զբաղեցման ժամկետների վերաբերյալ) ստացման և պահպանման գործավարություն.»:

 

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 8․

Հյուրանոցային ծառայությունները

 

1․ Հյուրանոցային ծառայություններն են հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղաբաշխման, գիշերակացի, սննդի կազմակերպման և մատուցման, ինչպես նաև կացության հետ կապված այլ վճարովի ծառայությունները:

2․ Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձինք հաշվառվում են հյուրանոցային տնտեսության օբյեկտի հետ համատեղ, իսկ հյուրանոցային տնտեսության օբյեկտում հյուրանոցային ծառայություններ մատուցողի փոփոխության դեպքում կատարվում է հյուրանոցային տնտեսության օբյեկտի վերահաշվառում։

3․ Հյուրանոցային համարը գիշերակացի ծառայություններ մատուցող օբյեկտի բնակելի միավոր է, որն ունի առանձին մուտք, տրամադրվում է հաճախորդին գիշերակացի համար և ապահովված է կացության համար անհրաժեշտ կահավորանքով:

4․ Նվազագույն հյուրանոցային ծառայություններն են կացարանի և սանհանգույցի տրամադրումը, ընդ որում՝ կացարանը և սանհանգույցը մաքրվում և կացարանում անկողինը հարդարվում է ամեն օր:»։

 

Հոդված 3․ Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 9․

Հյուրանոցային տնտեսության օբյեկտները

 

1. Հյուրանոցը կարճաժամկետ կացության համար նախատեսված հարմարություններով, մեկ ամբողջություն կազմող հողատարածքում մեկ կամ մի քանի օժանդակ շինությունից բաղկացած, վճարովի հյուրանոցային ծառայություններ մատուցող և ամենօրյա սպասարկում իրականացնող օբյեկտ է, որն ունի առնվազն 9 համար, նախասրահ, ընդունարան, հանրային սննդի կետ, յուրաքանչյուր հյուրանոցային համարում առկա է սանհանգույց:

2. Մինի հոթելը կարճաժամկետ կացության համար նախատեսված հարմարություններով, առնվազն հինգ և առավելագույնը ութ համար ունեցող, մեկ ամբողջություն կազմող հողատարածքում մեկ կամ մի քանի շինություններից բաղկացած, վճարովի հյուրանոցային ծառայություններ մատուցող և ամենօրյա սպասարկում իրականացնող օբյեկտ է, որն ունի ընդունարան, հանրային սննդի կետ, յուրաքանչյուր հյուրանոցային համարում առկա է սանհանգույց:

3. Հյուրատունը կարճաժամկետ կացության համար նախատեսված հարմարություններով, առավելագույնը չորս համար ունեցող, վճարովի նվազագույն հյուրանոցային ծառայություններ մատուցող օբյեկտ է, որն ունի ճաշարան, խոհանոց՝ ինքնասպասարկման հնարավորությամբ, յուրաքանչյուր հյուրանոցային համարում առկա է սանհանգույց։

4. Հյուրատնային համալիրը մեկից ավել հյուրատներից բաղկացած կարճաժամկետ կացության համար նախատեսված հարմարություններով, վճարովի նվազագույն հյուրանոցային ծառայություններ մատուցող օբյեկտ է, որն ունի ճաշարան, խոհանոց՝ ինքնասպասարկման հնարավորությամբ, յուրաքանչյուր հյուրանոցային համարում առկա է սանհանգույց։

5. Հոսթելը կարճաժամկետ կացության համար նախատեսված հարմարություններով, վճարովի նվազագույն հյուրանոցային ծառայություններ մատուցող օբյեկտ է, որն ունի ընդունարան, խոհանոց՝ ինքնասպասարկման հնարավորությամբ և առնվազն 12 ննջատեղ, որոնցից յուրաքանչյուր 6-ի համար նախատեսված է մեկ սանհանգույց:

6. Զբոսաշրջային տունը այն բնակելի տունն է, որտեղ, բացի վճարովի նվազագույն հյուրանոցային ծառայություններից, տրամադրվում է նախաճաշ, և որը հարակից է հյուրանոցային ծառայություն մատուցող անձի բնակելի տանը կամ դրա մասն է կազմում:

7. Առողջարանը մեկ ամբողջություն կազմող հողատարածքում մեկ կամ մի քանի շինություններից բաղկացած հյուրանոցային տնտեսության օբյեկտ է, որտեղ վճարովի նվազագույն հյուրանոցային ծառայությունների հետ մեկտեղ մատուցվում է նաև առնվազն մեկ մասնագիտական` առողջարանային, բուժական կամ վերականգնողական ծառայություն` ներառյալ լիցենզավորման ենթակա բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ:

8. Հանգստյան բնակատեղին ռեկրեացիոն վայրերում տեղակայված, մեկ ամբողջություն կազմող հողատարածքում մեկ կամ մի քանի շինություններից բաղկացած հյուրանոցային տնտեսության օբյեկտ է, որտեղ վճարովի նվազագույն հյուրանոցային ծառայությունների հետ մեկտեղ կազմակերպվում և մատուցվում են սննդի և այլ ծառայություններ:

9. Մասնագիտացված ճամբարն այն հյուրանոցային տնտեսության օբյեկտն է, որտեղ մատուցվում են վճարովի նվազագույն հյուրանոցային ծառայություններ շինության կամ դրան հարակից տարածքներում որոշակի մասնագիտական գործունեություն (մշակութային, հնագիտական, գյուղատնտեսական, բնապահպանական, մանկապատանեկան, մարզական, որսորդական, ձկնորսական, լեռնամագլցման և այլն) վարող անձանց կողմից:

10. Ճամբարային բնակատեղին վճարովի նվազագույն հյուրանոցային ծառայություն մատուցող այն հյուրանոցային տնտեսության օբյեկտն է, որտեղ գիշերակացի և սննդի ծառայությունները մատուցվում են վրաններում, և որը մատուցում է ավտո-մոտո տրանսպորտի կայանման ծառայություններ:

11. Մոթելը մեկ ամբողջություն կազմող հողատարածքում մեկ կամ մի քանի շինություններից բաղկացած կամ որևէ շինության մաս կազմող, ճանապարհների հարևանությամբ գտնվող վճարովի նվազագույն հյուրանոցային ծառայություններ մատուցող օբյեկտ է, որտեղ մատուցվում են ավտոմեքենաների կայանման և (կամ) տեխնիկական սպասարկման ծառայություններ:

12. Ապարտամենտը բազմաբնակարան շինության մաս կազմող բնակարանն է, որտեղ մատուցվում են գիշերակացի ծառայություններ և առկա է սանհանգույց։»։

 

Հոդված 4․ Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) 7-րդ մասի «Հյուրանոցատիպ հանգրվանները» բառերը փոխարինել «Մինի հոթելները» բառերով․

2) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 «8․ Հյուրատները, հյուրատնային համալիրները, հոսթելները, զբոսաշրջային տները, հանգստյան բնակատեղիները, մասնագիտացված ճամբարները, ճամբարային բնակատեղիները, ապարտամենտները որակավորվում են որակավորման երեք կարգով, որոնք նշվում են հռոմեական թվանշաններով։»։

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հոդված 6. Լիազոր մարմնի կողմից հաշվառված հյուրանոցային տնտեսության օբյեկտները ենթակա են վերահաշվառման սույն օրենքին համապատասխան՝ այն ուժի մեջ մտնելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

     

2023 թվականի մարտի 3

Ստեփանակերտ

ՀՕ-1-Ն

    

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 մարտի 2023 թվական