ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«13» ապրիլի 2023թ. |
N 23-Ն |
ք.Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019
ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 119-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 26-ի «Նոտարական գործավարության կարգը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 198 հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 119-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) հրամանի 1-ին կետում «Նոտարական» բառը փոխարինել «նոտարական» բառով.
2) հրամանով սահմանված հավելվածի՝
ա. 2-րդ կետում «հայերեն լեզվով» բառերը փոխարինել «գրական հայերենով» բառերով,
բ. 4-րդ կետում «փաստաթղթերն ու կնիքը» բառերը փոխարինել «փաստաթղթերը, կնիքը և ճզմիչ կնիքը» բառերով, «արդարադատության նախարարություն» բառերը՝ «Արցախի Հանրապետության արդարադատության նախարարություն (այսուհետ՝ արդարադատության նախարարություն)» բառերով, իսկ «արդարադատության նախարարի» բառերից առաջ լրացնել «Արցախի Հանրապետության» բառերը,
գ. 18-րդ կետում «(այսուհետև` կազմակերպություն)» բառերը փոխարինել «(միասին այսուհետ` կազմակերպություն կամ հիմնարկ)» բառերով, իսկ «Կազմակերպության» և «կազմակերպության» բառերից հետո լրացնել «կամ հիմնարկի» բառերը,
դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.1-ին գլուխ՝
«3.1 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՎԵՐԱՑՎՈՂ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՃԶՄԻՉ ԿՆԻՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
31.1. Ճզմիչ կնիքները օգտագործվում են նոտարների կողմից վավերացվող կամ հաստատվող բոլոր փաստաթղթերը կեղծիքներից պաշտպանելու նպատակով:
31.2. Ճզմիչ կնիքները նոտարներին տրամադրվում են արդարադատության նախարարության կողմից: Ճզմիչ կնիքները հաշվառվում են արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման և նոտարիատի գործակալության կենտրոնական մարմնի (այսուհետ՝ կենտրոնական մարմին) կողմից՝ համապատասխան գրանցամատյանում, որտեղ նոտարը ստորագրում է դրա ստացման համար:
31.3. Եթե օգտագործման ընթացքում կամ այլ պատճառներով ճզմիչ կնիքը վնասվում է, ապա նոտարը վնասված կնիքը հանձնում է կենտրոնական մարմնին՝ այն ոչնչացնելու և նորը ստանալու համար:
31.4. Ճզմիչ կնիքի կորստի կամ ոչնչանալու դեպքում նոտարը այդ մասին անհապաղ գրավոր հայտնում է արդարադատության նախարարություն: Նոտարի հայտարարության հիման վրա արդարադատության նախարարությունը անվավեր է ճանաչում նախկին ճզմիչ կնիքը և այդ մասին տալիս հրապարակային հաղորդագրություն կամ տեղեկատվություն:
31.5. Նոտարի դիմումի հիման վրա` արդարադատության նախարարությունը ողջամիտ ժամկետում նրան տալիս է նոր ճզմիչ կնիք:
31.6. Ճզմիչ կնիքի վրա պետք է զետեղված լինեն առնվազն Արցախի Հանրապետության զինանշանը, հայերեն՝ «Արցախի Հանրապետություն» բառերը և համապատասխան նոտարական գրասենյակի անվանումը:
31.7. Նոտարին պաշտոնից ազատելու կամ նրա լիազորությունները դադարեցվելու դեպքում ճզմիչ կնիքը հանձնվում է արդարադատության նախարարություն:
31.8. Ճզմիչ կնիքը դրվում է նոտարի կողմից վավերացվող կամ հաստատվող բոլոր փաստաթղթերի վրա` նրա՝ Արցախի Հանրապետության զինանշանի (այսուհետ՝ զինանշան) պատկերով կլոր կնիքի հետ միևնույն էջում: Նոտարի մոտ պահպանվող փաստաթղթերի վրա ճզմիչ կնիք չի դրվում:
31.9. Ճզմիչ կնիքների օգտագործման կարգի նկատմամբ հսկողությունը իրականացնում է կենտրոնական մարմինը:»,
ե. 40-րդ կետում «պետական» բառը հանել,
զ. 46-րդ կետում «օրենսդրությամբ» բառից առաջ լրացնել «Արցախի Հանրապետության» բառերը,
է. 51-րդ կետում «գիտական գործնական արժեքավորման փորձաքննություն» բառերը փոխարինել «փորձաքննությամբ արժեքավորում» բառերով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2023 թվականի սեպտեմբերի 1-ից:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 ապրիլի 2023 թվական: