Համարը 
ՀՕ-30-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.07.01-2023.07.31 Պաշտոնական հրապարակման օրը 19.07.2023
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
29.06.2023
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
14.07.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
29.07.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2023 թվականի

հունիսի 29-ին

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՕՐԵՆՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2017 թվականի մայիսի 31-ի ՀՕ-6-Ն օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 149.1-ին հոդվածով.

 

«Հոդված 149.1.

Հանրապետության նախագահի ընտրությունն Ազգային ժողովի կողմից՝ ռազմական դրության ժամանակ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում

1. Մինչև գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտը Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում` ոչ շուտ, քան 7, ոչ ուշ, քան 10 օր հետո Ազգային ժողովը խմբակցությունների առաջարկությամբ ընտրում է Հանրապետության նախագահ, որը պաշտոնավարում է մինչև գործող Հանրապետության նախագահի լիազորությունների ժամկետի ավարտը:

2. Խմբակցությունները Հանրապետության նախագահի թեկնածուին առաջադրում են Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում` ոչ շուտ, քան 3 և ոչ ուշ, քան 6 օր հետո:

3. Հանրապետության նախագահի թեկնածուն առաջադրվում է խմբակցության գրավոր դիմումով, որտեղ նշվում են Հանրապետության նախագահի թեկնածուի, ինչպես նաև նրան ներկայացնելու իրավասություն ունեցող խմբակցության ներկայացուցչի անունը, ազգանունը: Դիմումին կցվում են Սահմանադրությամբ սահմանված պահանջների ապահովումը հավաստող փաստաթղթերը: Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս Հանրապետության նախագահի թեկնածուների, ինչպես նաև ընտրության անցկացման օրվա և ժամի մասին հայտարարությամբ, իսկ Սահմանադրության պահանջներին չհամապատասխանելու դեպքում դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է խմբակցության ներկայացուցչին՝ նշելով պատճառների մասին:

4. Հանրապետության նախագահի ընտրության հարցը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետների ապահովման դեպքում քննարկվում է թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստում, իսկ այդ ժամկետներում Ազգային ժողովի հերթական նիստ չանցկացվելու դեպքում՝ իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:

5. Հարցը քննարկվում է Կանոնակարգի 121-րդ հոդվածով սահմանված կարգով՝ հետևյալ տարբերությամբ.

1) թեկնածուներին ներկայացնելու համար հատկացվում է մինչև տասական րոպե.

2) թեկնածուների ելույթների համար հատկացվում է մինչև մեկ ժամ.

3) թեկնածուների եզրափակիչ ելույթների համար հատկացվում է մինչև տասնհինգական րոպե:

6. Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը գաղտնի քվեարկությամբ ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդը:

7. Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո` հաջորդ օրն անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Հարցը քննարկվում է Կանոնակարգի 121-րդ հոդվածով սահմանված կարգով՝ հետևյալ տարբերությամբ.

1) թեկնածուներին ելույթի համար հատկացվում է մինչև տասնհինգական րոպե.

2) մտքերի փոխանակության ընթացքում մինչև տասական րոպե տևողությամբ ելույթներով կարող են հանդես գալ միայն խմբակցությունների ներկայացուցիչները:

8. Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը գաղտնի քվեարկությամբ ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:

9. Եթե Սահմանադրության 168.1-ին հոդվածով սահմանված ժամկետում Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ հնգօրյա ժամկետում, կարող են առաջադրվել Հանրապետության նախագահի նոր թեկնածուներ, իսկ յոթնօրյա ժամկետում անցկացվում է Հանրապետության նախագահի նոր ընտրություն:

10. Հանրապետության նախագահն իր պաշտոնը ստանձնում է ընտրվելու օրվան հաջորդ օրը՝ Ազգային ժողովի հատուկ նիստում Սահմանադրությամբ սահմանված կարգով տրված երդմամբ: Նիստի գումարման վայրը, օրը և ժամը հայտարարում է Ազգային ժողովի նախագահը:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

     

2023թ. հուլիսի 14

Ստեփանակերտ

ՀՕ-30-Ն

    

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հուլիսի 2023 թվական: