Համարը 
ՀՕ-34-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.08.01-2023.08.31 Պաշտոնական հրապարակման օրը 02.08.2023
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
27.07.2023
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
01.08.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.08.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2023 թվականի

հուլիսի 27-ին

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի փետրվարի 24-ի Քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 19-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 19.

Պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանությունը

 

1. Քաղաքացին իրավունք ունի դատական կարգով պահանջել հերքելու իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները, եթե նման տեղեկություններ տարածած անձը չապացուցի, որ դրանք համապատասխանում են իրականությանը: Քաղաքացու պատվի և արժանապատվության պաշտպանությունը, շահագրգիռ անձանց պահանջով, թույլատրվում է նաև նրա մահից հետո:

2. Եթե քաղաքացու պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները տարածվել են զանգվածային լրատվության միջոցներով, ապա դրանք պետք է հերքվեն զանգվածային լրատվության նույն միջոցներով: Եթե նշված տեղեկությունները պարունակվում են կազմակերպությունից ելնող փաստաթղթում, ապա նման փաստաթուղթը պետք է փոխարինվի կամ հետ կանչվի: Այլ դեպքերում հերքման կարգը սահմանում է դատարանը:

3. Քաղաքացին, ում մասին զանգվածային լրատվության միջոցներով հրապարակվել են նրա իրավունքները կամ օրենքով պաշտպանվող շահերը ոտնահարող տեղեկություններ, իրավունք ունի իր պատասխանը հրապարակել զանգվածային լրատվության նույն միջոցներում:

4. Քաղաքացին, ում մասին տարածվել են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկություններ, իրավունք ունի այդ տեղեկությունները հերքելու հետ միասին պահանջել հատուցելու դրանց տարածմամբ պատճառված վնասները:

5. Եթե քաղաքացու պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները տարածած անձին պարզելն անհնար է, ապա անձը, ում մասին նման տեղեկություններ են տարածվել, իրավունք ունի դիմել դատարան` տարածված տեղեկություններն իրականությանը չհամապատասխանող ճանաչելու պահանջով:

6. Քաղաքացու գործարար համբավի պաշտպանության մասին սույն հոդվածի կանոնները համապատասխանաբար կիրառվում են իրավաբանական անձի գործարար համբավի պաշտպանության նկատմամբ:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 22-րդ հոդվածի 5-րդ մասում և 163-րդ հոդվածի 4-րդ մասում «1093-րդ հոդվածով» բառերը փոխարինել «19-րդ հոդվածով» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 1093-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

     

2023 թվականի օգոստոսի 1

Ստեփանակերտ

ՀՕ-34-Ն

    

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 օգոստոսի 2023 թվական: