Համարը 
ՀՕ-1-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2025.04.01-2025.04.30 Պաշտոնական հրապարակման օրը 18.04.2025
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
15.04.2025
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
17.04.2025
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.04.2025
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 
Ընդունված է 2025 թվականի
ապրիլի 15-ին
 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2017 թվականի մայիսի 31-ի ՀՕ-6-Ն օրենքի 149.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 149.1.

Հանրապետության նախագահի ընտրությունն Ազգային ժողովի կողմից՝ Սահմանադրության 93-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն ընդունված հրամանագրի գործողության ընթացքում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում

 

1. Սահմանադրության 93-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն ընդունված հրամանագրի գործողության ընթացքում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում` ոչ շուտ, քան 7, ոչ ուշ, քան 10 օր հետո Ազգային ժողովը խմբակցությունների առաջարկությամբ ընտրում է Հանրապետության նախագահ, որը պաշտոնավարում է մինչև համապետական ընտրությունների միջոցով ընտրված Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնումը:

2. Խմբակցությունները Հանրապետության նախագահի թեկնածուին առաջադրում են Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում` ոչ շուտ, քան 3 և ոչ ուշ, քան 6 օր հետո:

3. Հանրապետության նախագահի թեկնածուն առաջադրվում է խմբակցության գրավոր դիմումով, որտեղ նշվում են Հանրապետության նախագահի թեկնածուի, ինչպես նաև նրան ներկայացնելու իրավասություն ունեցող խմբակցության ներկայացուցչի անունը, ազգանունը: Թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս Հանրապետության նախագահի թեկնածուների, ինչպես նաև ընտրության անցկացման օրվա և ժամի մասին հայտարարությամբ, իսկ Սահմանադրության պահանջներին չհամապատասխանելու դեպքում դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը վերադարձնում է խմբակցության ներկայացուցչին՝ նշելով պատճառների մասին:

4. Հանրապետության նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ վերջին 10 տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացած, 2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ վերջին 10 տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակված, ընտրական իրավունք ունեցող Արցախի Հանրապետության քաղաքացին:

5. Հանրապետության նախագահի թեկնածուն վերջին 10 տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող չի համարվում, եթե 2023 թվականի հոկտեմբերի 1-ին նախորդող 10 տարիներից յուրաքանչյուրում նա առնվազն 183 օր բացակայել է Արցախի Հանրապետությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ բացակայությունը պայմանավորված է եղել Արցախի Հանրապետության հանրային ծառայության մեջ գտնվող անձի՝ ծառայողական նպատակներով գործուղվելու կամ արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության հանգամանքներով:

6. Հանրապետության նախագահի թեկնածուն ի լրումն օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի Ազգային ժողովի աշխատակազմ է ներկայացնում նաև սույն հոդվածի 4-րդ մասում սահմանված պահանջները հավաստող փաստաթղթեր:

7. Հանրապետության նախագահի ընտրության հարցը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետների ապահովման դեպքում քննարկվում է թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց հետո Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստում, իսկ այդ ժամկետներում Ազգային ժողովի հերթական նիստ չանցկացվելու դեպքում՝ իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:

8. Հարցը քննարկվում է Կանոնակարգի 121-րդ հոդվածով սահմանված կարգով՝ հետևյալ տարբերությամբ.

1) թեկնածուներին ներկայացնելու համար հատկացվում է մինչև տասական րոպե.

2) թեկնածուների ելույթների համար հատկացվում է մինչև մեկ ժամ.

3) թեկնածուների եզրափակիչ ելույթների համար հատկացվում է մինչև տասնհինգական րոպե:

9. Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը գաղտնի քվեարկությամբ ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդը:

10. Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո` հաջորդ օրն անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Հարցը քննարկվում է Կանոնակարգի 121-րդ հոդվածով սահմանված կարգով՝ հետևյալ տարբերությամբ.

1) թեկնածուներին ելույթի համար հատկացվում է մինչև տասնհինգական րոպե.

2) մտքերի փոխանակության ընթացքում մինչև տասական րոպե տևողությամբ ելույթներով կարող են հանդես գալ միայն խմբակցությունների ներկայացուցիչները:

11. Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը գաղտնի քվեարկությամբ ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:

12. Եթե Սահմանադրության 168.1-ին հոդվածով սահմանված ժամկետում Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ հնգօրյա ժամկետում, կարող են առաջադրվել Հանրապետության նախագահի նոր թեկնածուներ, իսկ յոթնօրյա ժամկետում անցկացվում է Հանրապետության նախագահի նոր ընտրություն:

13. Հանրապետության Նախագահն իր պաշտոնը ստանձնում է եռօրյա ժամկետում՝ Ազգային ժողովի նախագահի կողմից հայտարարված վայրում, օրը և ժամին գումարված Ազգային ժողովի հատուկ նիստում Սահմանադրությամբ սահմանված կարգով տրված երդմամբ, իսկ Ազգային ժողովի նախագահի կողմից նիստի գումարման վայր, օր և ժամ չհայտարարվելու դեպքում իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ս. ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

     

2025 թվականի ապրիլի 17

Երևան

ՀՕ-1-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 ապրիլի 2025 թվական: