ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2013 թվականի
դեկտեմբերի 26-ին
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 17-ի դատական օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 14-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենսգրքի 45-րդ հոդվածի`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Դատավորի վարձատրության, այդ թվում՝ հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:».
2) 2-րդ և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 45.1‑ին հոդվածով.
|
«Հոդված 45.1. |
Դատավորի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակային ապահովությունը |
1. Որպես դատավոր առնվազն հինգ տարի պաշտոնավարած անձին, որի լիազորությունները դադարեցվել են սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 5-րդ կետերով կամ 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով, նշանակվում է կենսաթոշակ` վերջին մեկ տարվա ընթացքում որպես դատավոր զբաղեցրած պաշտոնի համար ստացած միջին աշխատավարձի ընդհանուր գումարի և 0.85 գործակցի արտադրյալի՝
1) 75 տոկոսի չափով` դատավորի պաշտոնում 10 և ավելի տարի աշխատած լինելու դեպքում.
2) 65 տոկոսի չափով` դատավորի պաշտոնում 10 տարուց պակաս աշխատած լինելու դեպքում:
2. Դատավորի պաշտոն զբաղեցրած անձին նշանակված կենսաթոշակի չափը չի կարող գերազանցել որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար սույն օրենսգրքի 45-րդ հոդվածով սահմանված պաշտոնային դրույքաչափի 85 տոկոսը:
3. Սույն հոդվածով նշանակված կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար սույն օրենսգրքի 45-րդ հոդվածով սահմանված` դատավորի պաշտոնային դրույքաչափը բարձրացվելու դեպքում` պաշտոնային դրույքաչափի բարձրացմանը համամասնորեն:
4. Դատավորի պաշտոն զբաղեցրած անձի միջին աշխատավարձը և ստաժը հաշվարկելու, կենսաթոշակը նշանակելու (վերահաշվարկելու), վճարելու կարգը, ինչպես նաև կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը։»:
Հոդված 4. Օրենսգրքի 146-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հոդված 146. |
Դատական կարգադրիչի նյութական ապահովությունը |
1. Յուրաքանչյուր դատական կարգադրիչ ունի ծառայության համար համարժեք վարձատրության, ինչպես նաև հանդերձանք ստանալու իրավունք:
2. Դատական կարգադրիչների վարձատրության, այդ թվում՝ հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
Մինչև սույն օրենքի 3-րդ հոդվածի ուժի մեջ մտնելը «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով դատավորի պաշտոն զբաղեցրած անձին նշանակված պետական կենսաթոշակի և դրա նկատմամբ սահմանված ամենամսյա հավելավճարի փոխարեն սույն օրենքի 3-րդ հոդվածի ուժի մեջ մտնելու պահից նշանակվում է պետական կենսաթոշակի և դրա նկատմամբ սահմանված ամենամսյա հավելավճարի հանրագումարի չափով կենսաթոշակ:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
28 դեկտեմբերի 2013թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-97-Ն |
|