ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքները՝ ո ր ո շ ու մ եմ.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը՝ համաձայն 1-ին և 2-րդ հավելվածների:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին՝
- մինչև սույն թվականի մայիսի 1-ը հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի նոր հաստիքացուցակը, կառուցվածքային ստորաբաժանումների ներքին կառուցվածքը և անցկացնել անհրաժեշտ այլ կազմակերպական միջոցառումներ.
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան միջոցներ ձեռնարկել աշխատակազմի՝ աշխատանքից արձակման ենթակա աշխատողների աշխատանքային իրավունքները և երաշխիքներն ապահովելու համար:
3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 1997 թվականի սեպտեմբերի 24-ի «ԼՂՀ Նախագահի աշխատակազմի կարգավիճակի, կառուցվածքի և գործունեության կարգի մասին» կանոնադրության մասին» ՆԿ-2 կարգադրությունը:
4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
|
Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
20 մարտի 2004թ.
ք.Ստեփանակերտ
ՆՀ- 92 |
|
| |
Հավելված 1
Հաստատված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
Նախագահի 2004թ. մարտի 20-ի
ՆՀ- 92 հրամանագրով |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. ԼՂՀ Նախագահի աշխատակազմը (այսուհետ՝ աշխատակազմ) պետական կազմակերպություն է, որն ապահովում է ԼՂՀ Սահմանադրությամբ և ԼՂՀ օրենքներով ԼՂՀ Նախագահին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը:
2. Աշխատակազմի հիմնադիրը ԼՂՀ Նախագահն է:
3. Աշխատակազմն իր գործունեությունն իրականացնում է ԼՂՀ օրենսդրությանը համապատասխան:
4. Աշխատակազմի իրավական վիճակը և գործունեության կարգը սահմանվում են ԼՂՀ օրենքներով, ԼՂՀ Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և սույն կանոնադրությամբ:
5. Օրենքի համաձայն աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, ունի ինքնուրույն հաշվեկշիռ, ամրացված գույք և իր իրավասության սահմաններում ԼՂՀ անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն:
7. Աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
8. Աշխատակազմն ունի ԼՂՀ զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
9. Աշխատակազմի անվանումն է՝
հայերեն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմ,
անգլերեն՝ Office to the President of the Nagorno-Karabakh Republlic,
ռուսերեն՝ Аппарат Президента Нагорно-Карабахской Республики:
10. Աշխատակազմի գտնվելու վայրն է՝ քաղաք Ստեփանակերտ, փետրվարի 20-ի պողոտա, թիվ 3:
2. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
11. Աշխատակազմի հիմնական խնդիրներն են՝ կազմակերպել և պայմաններ ստեղծել ԼՂՀ օրենքներով ԼՂՀ Նախագահին վերապահված հետևյալ լիազորություններն իրականացնելու համար՝
ա) ԼՂՀ օրենքների պահպանմանը հետևելու ԼՂՀ Նախագահի գործառույթի իրականացումը.
բ) ԼՂՀ-ում մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորի գործառույթների իրականացումը.
գ) ԼՂՀ անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորի գործառույթների իրականացումը.
դ) օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեության ապահովումը.
ե) ԼՂՀ ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների որոշումը.
զ) իր իրավասությանը վերապահված կադրային հարցերի լուծումը.
է) ԼՂՀ Նախագահի՝ որպես ԼՂՀ զինված ուժերի գլխավոր հրամանատարի, գործառույթի իրականացումը.
ը) ԼՂՀ Անվտանգության խորհրդի կազմավորումը և նախագահումը.
թ) ԼՂՀ Նախագահի կողմից քաղաքացիության, քաղաքական ապաստան տալու, ԼՂՀ շքանշաններով և մեդալներով պարգևատրելու, բարձրագույն զինվորական և պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական և այլ դասային աստիճաններ շնորհելու, ինչպես նաև դատապարտյալներին ներում շնորհելու գործառույթների իրականացումը.
ժ) միջազգային պայմանագրերը ԼՂՀ Ազգային ժողովի վավերացմանը և չեղյալ հայտարարմանը ներկայացնելու գործառույթի իրականացումը.
ժա) ԼՂՀ օրենքներով ԼՂՀ Նախագահին վերապահված այլ լիազորությունների իրականացումը:
12. ԼՂՀ Նախագահի՝ ԼՂՀ օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն ապահովելու նպատակով աշխատակազմն իրականացնում է հետևյալ գործառույթները՝
ա) նախապատրաստում է ԼՂՀ միջազգային պայմանագրերի, ԼՂՀ օրենքների, ԼՂՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ԼՂՀ կառավարության որոշումների (այդ թվում՝ օրենքի ուժ ունեցող), ինչպես նաև դրանց նախագծերի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունները, նախագծերի փորձաքննությանը և լրամշակմանը մասնակից է դարձնում շահագրգիռ կամ այլ իրավասու պետական մարմինների, պաշտոնատար անձանց և մասնագետների.
բ) նախապատրաստում և ԼՂՀ Նախագահին է ներկայացնում ԼՂՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, հանձնարարականների, ուղերձների, ինչպես նաև այլ փաստաթղթերի նախագծերը.
գ) ապահովում և վերահսկում է ԼՂՀ օրենքների, ԼՂՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների պաշտոնական հրապարակումը.
դ) վերահսկում է ԼՂՀ միջազգային պայմանագրերի, ԼՂՀ օրենքների, ԼՂՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, հանձնարարականների և ԼՂՀ կառավարության որոշումների կատարումը.
ե) կազմակերպում է ԼՂՀ ներքին և արտաքին քաղաքականության հարցերին վերաբերող ծրագրային փաստաթղթերի նախապատրաստումը.
զ) ապահովում է ԼՂՀ Նախագահի կողմից սահմանված կարգով ԼՂՀ Նախագահին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը.
է) ապահովում է կուսակցությունների և հասարակական միավորումների հետ ԼՂՀ Նախագահի համագործակցությունը.
ը) ապահովում է օտարերկրյա պետական մարմինների և պաշտոնատար անձանց, օտարերկրյա քաղաքական և հասարակական գործիչների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ ԼՂՀ Նախագահի համագործակցությունը.
թ) ապահովում է ԼՂՀ Նախագահի կողմից կադրային և պետական ծառայության բնագավառում պետական քաղաքականության իրականացումը.
ժ) ուսումնասիրում է գործադիր իշխանության մարմինների գործունեությունը, դրանց աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ԼՂՀ Նախագահին ներկայացնում է առաջարկություններ.
ժա) հավաքում, մշակում, վերլուծում և ԼՂՀ Նախագահին է ներկայացնում ԼՂՀ-ում և օտարերկրյա պետություններում սոցիալ-տնտեսական, քաղաքական և իրավական գործնթացների վերաբերյալ տեղեկատվությունը.
ժբ) պարբերաբար վերլուծում է տնտեսության և պետական կառավարման համապատասխան բնագավառներում գործերի վիճակը, բացահայտում հրատապ հարցերը և դրանց հիման վրա իր նախաձեռնությամբ համապատասխան առաջարկություններ մշակում.
ժգ) կազմակերպում է ԼՂՀ Նախագահի և աշխատակազմի գործունեության ընթացքում առաջացած փաստաթղթերի պահպանումը, մշակումը և օգտագործումը, ինչպես նաև՝ գործավարությունը.
ժդ) համագործակցում է ԼՂՀ Ազգային ժողովի, ԼՂՀ կառավարության, ԼՂՀ դատական մարմինների, ԼՂՀ դատախազության, գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև օտարերկրյա պետական մարմինների, միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների, դրանց պաշտոնատար անձանց հետ.
ժե) կազմակերպում և ապահովում է ԼՂՀ Նախագահի գործունեության հետ կապված արարողակարգային միջոցառումները.
ժզ) մասնակցում է ԼՂՀ կառավարության աշխատանքային ծրագրերի նախագծերի նախապատրաստմանը և ներկայացնում է համապատասխան առաջարկություններ.
ժէ) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից, պաշտոնատար և այլ անձանցից պահանջում և ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
ժը) իրականացնում է քաղաքացիների, կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց՝ ԼՂՀ Նախագահին և աշխատակազմին ուղղված դիմումների և առաջարկությունների ուսումնասիրությունը, վերլուծությունը, անհրաժեշտության դեպքում՝ դրանք համապատասխան մարմինների, պաշտոնատար անձանց վերահասցեագրումը, ամփոփումը և ԼՂՀ Նախագահին համապատասխան հաշվետվություններ ներկայացնելը.
ժթ) կազմակերպում է հետազոտական-վերլուծական աշխատանքներ՝ դրանցում ներգրավելով համապատասխան գիտական կազմակերպությունների, գիտնականների և փորձագետների.
ի) կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.
իա) ԼՂՀ Նախագահին առաջարկություններ է ներկայացնում մարդու իրավունքների, տեղեկատվության միջոցների ազատության ապահովման բնագավառում պետական քաղաքականության հիմնադրույթների իրականացման վերաբերյալ.
իբ) ԼՂՀ Նախագահին առաջարկություններ է ներկայացնում պետական շինարարության հարցերի վերաբերյալ.
իգ) ԼՂՀ Նախագահին առաջարկություններ է ներկայացնում ԼՂՀ Նախագահի կողմից նշանակված պաշտոնատար անձանց՝ իրենց պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
իդ) վերահսկում և տեղերում ստուգում է ԼՂՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, հանձնարարականների և ԼՂՀ կառավարության որոշումների կատարումը, միջոցներ է ձեռնարկում դրանք ժամանակին և ճիշտ կատարելու համար, հայտնաբերված խախտումների վերաբերյալ ԼՂՀ Նախագահին համապատասխան միջնորդություններ կամ զեկուցումներ է ներկայացնում:
Աշխատակազմն իրականացնում է օրենքով, ԼՂՀ Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով աշխատակազմին վերապահված այլ գործառույթներ:
3. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
13. Աշխատակազմի կառուցվածքի մեջ մտնում են՝
ա) հետևյալ հայեցողական պաշտոնները՝
ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը, ԼՂՀ Նախագահի խորհրդականները, ԼՂՀ Նախագահի առաջին օգնականը, ԼՂՀ Նախագահի մամուլի քարտուղարը, ԼՂՀ Նախագահի օգնականները և ԼՂՀ Նախագահի ռեֆերենտները.
բ) ԼՂՀ Նախագահի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումները (ծառայություն, վարչություն, բաժին):
Աշխատակազմը կարող է ունենալ իր ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
4. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
14. Աշխատակազմը կառավարում է ԼՂՀ Նախագահը: Աշխատակազմը ենթակա և հաշվետու է ԼՂՀ Նախագահին:
15. ԼՂՀ Նախագահը՝
ա) աշխատակազմի խնդիրներին համապատասխան սահմանում է աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունները և գործառույթները.
բ) հաստատում և փոփոխում է աշխատակազմի կանոնադրությունը, կառուցվածքը և աշխատողների թիվը.
գ) պաշտոնի է նշանակում և պաշտոից ազատում աշխատակազմի ղեկավարին, ԼՂՀ Նախագահի խորհրդականներին, ԼՂՀ Նախագահի առաջին օգնականին, ԼՂՀ Նախագահի օգնականներին և ռեֆերենտներին.
դ) ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում աշխատակազմի քաղաքացիական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններում ընդգրկված անձանց, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
ե) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում աշխատակազմի ղեկավարի՝ ԼՂՀ օրենսդրության պահանջներին հակասող հրամանները և ցուցումները.
զ) որոշում է աշխատակազմին հանձնվող գույքի կազմն ու չափը.
է) վերակազմակերպում և դադարեցնում է աշխատակազմի գործունեությունը.
ը) իրականացնում է աշխատակազմի գործունեությանն առնչվող՝ ԼՂՀ օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
16. Աշխատակազմում ԼՂՀ Նախագահին անմիջականորեն ենթարկվում են՝ ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը, ԼՂՀ Նախագահի խորհրդականները, ԼՂՀ Նախագահի առաջին օգնականը, ԼՂՀ Նախագահի մամուլի քարտուղարը, օգնականները, ռեֆերենտները, ԼՂՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը:
17. ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը՝
ա) ղեկավարում և կազմակերպում է աշխատակազմի ընթացիկ գործունեությունը.
բ) ԼՂՀ Նախագահին զեկուցում է պաշտոնական փոստը.
գ) ԼՂՀ Նախագահի ստորագրմանը կամ վավերացմանն է ներկայացնում ԼՂՀ օրենքները, ԼՂՀ Նախագահի հրամանագրերը, կարգադրությունները, ինչպես նաև միջազգային պայմանագրերի վավերագրերը, հայտարարագրերը և այլ պաշտոնական փաստաթղթեր.
դ) ստորագրում է ԼՂՀ Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների հավելվածները.
ե) ԼՂՀ Նախագահի հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի կանոնադրությունը, կառուցվածքը, աշխատողների թիվը, այդ թվում՝ դրանց փոփոխությունները.
զ) իրականացնում է վերահսկողական ծառայության գործունեության ընդհանուր համակարգումը.
է) համաձայնեցնելով ԼՂՀ Նախագահի հետ՝ հաստատում է աշխատակազմի հաստիքացուցակը և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ներքին կառուցվածքը.
ը) ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատակազմում պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերում ընդգրկված, ինչպես նաև քաղաքացիական պաշտոնների ցանկում չընդգրկված անձանց, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.
թ) ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, և ԼՂՀ Նախագահի հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.
ժ) ԼՂՀ Նախագահի հավանությանն է ներկայացնում աշխատակազմի համապատասխան ֆինանսական տարվա ծախսերի նախահաշվի նախագիծը.
ժա) արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ, վերահսկում և ստուգում դրանց կատարումը.
ժբ) ներկայացնում է աշխատակազմն այլ մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ փոխհարաբերություններում, իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս ԼՂՀ անունից, ներկայացնում նրա շահերը, կնքում գործարքներ, ինչպես նաև տալիս է ԼՂՀ անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
ժգ) ԼՂՀ Նախագահի հանձնարարությամբ առաջարկություններ է ներկայացնում ԼՂՀ կառավարությանը, ԼՂՀ վարչապետին, հանձնարարականներ է փոխանցում ԼՂՀ նախարարություններին, պետական կառավարման մյուս հանրապետական և տարածքային մարմիններին՝ ԼՂՀ օրենքների, ԼՂՀ Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, ԼՂՀ կառավարության և այլ իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման և սահմանված կարգով դրանց ընթացք տալու վերաբերյալ.
ժդ) մասնակցում է ԼՂՀ կառավարության նիստերին, այդ թվում՝ դռնփակ.
ժե) վերահսկում է ԼՂՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների և հանձնարարականների պատշաճ կատարումը, խախտումներ հայտնաբերելու դեպքում միջոցներ է ձեռնարկում թերությունները վերացնելու և ծագած խոչընդոտները հաղթահարելու համար.
ժզ) ԼՂՀ Նախագահի հանձնարարությամբ կազմակերպում և համակարգում է ԼՂՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների և հանձնարարականների կատարումը, անհրաժեշտության դեպքում հրավիրում և անցկացնում է խորհրդակցություններ՝ համապատասխան մարմինների, կազմակերպությունների ղեկավարների, պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ.
ժէ) ԼՂՀ Նախագահի հանձնարարությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, կազմակերպություններ և պաշտոնատար անձանց է ուղարկում ԼՂՀ Նախագահին և աշխատակազմին ուղղված նամակները, դիմումները և այլ փաստաթղթեր՝ դրանք ուսումնասիրելու և ԼՂՀ Նախագահի հանձնարարականների համաձայն որոշումներ ընդունելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար.
ժը) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար անձանցից պահանջում և ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
ժթ) կազմավորում է աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ.
ի) հաստատում է աշխատակազմի աշխատանքային կարգապահության ներքին կանոնները.
իա) ԼՂՀ Նախագահի անվտանգությունն ապահովող ծառայության ղեկավարի հետ համատեղ հաստատում է աշխատակազմի անցագրային և ներքին ռեժիմը.
իբ) իրականացնում է քաղաքացիների ընդունելություն.
իգ) իրականացնում է օրենքով, ԼՂՀ Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
18. Աշխատակազմի ղեկավարն ունի տեղակալ, որը գործում է աշխատակազմի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ և իրականացնում է աշխատակազմի ղեկավարի կողմից իրեն հանձնարարված ոլորտներում աշխատանքների կազմակերպումը և համակարգումը, կատարում ԼՂՀ Նախագահի և աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները:
19. Աշխատակազմի ղեկավարի տեղակալը աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է նրա առանձին գործառույթները:
20. Աշխատակազմի ղեկավարի տեղակալը պաշտոնի է նշանակվում և պաշտոնից ազատվում օրենսդրությամբ սահմանված կարգով:
21. Աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում ԼՂՀ Նախագահի որոշմամբ աշխատակազմի ղեկավարին փոխարինում է նրա տեղակալը:
5. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԸ, ԱՌԱՋԻՆ ՕԳՆԱԿԱՆԸ, ՕԳՆԱԿԱՆՆԵՐԸ ԵՎ ՌԵՖԵՐԵՆՏՆԵՐԸ
22. ԼՂՀ Նախագահի խորհրդականները՝
ա) ԼՂՀ Նախագահի հետ համաձայնեցնելով՝ կազմում են իրենց աշխատանքային ծրագրերը.
բ) պարբերաբար ԼՂՀ Նախագահին են ներկայացնում զեկուցումներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր՝ իրենց հանձնարարված բնագավառում իրավիճակի, երևույթների և իրադարձությունների զարգացման միտումների մասին և առաջարկություններ՝ առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ.
գ) աջակցում են իրենց հանձնարարված բնագավառում պետական քաղաքականության լուսաբանմանը և իրականացմանը.
դ) կազմակերպում են քաղաքացիների ընդունելություն.
ե) ԼՂՀ Նախագահի հանձնարարությամբ մասնակցում են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում իրենց հանձնարարված բնագավառին վերաբերող հարցերի քննարկմանը.
զ) ԼՂՀ Նախագահի որոշմամբ կարող են ղեկավարել ԼՂՀ Նախագահին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը կամ մասնակցել դրանց աշխատանքներին.
է) ԼՂՀ Նախագահի հանձնարարությամբ հրավիրում են խորհրդակցություններ, կազմակերպում իրենց հանձնարարված բնագավառում իրականացվող քաղաքականության վերաբերյալ քննարկումներ՝ շահագրգիռ պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ.
ը) առաջարկություններ են ներկայացնում ԼՂՀ միջազգային պայմանագրերի, ԼՂՀ օրենքների, ԼՂՀ Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, ԼՂՀ կառավարության որոշումների, այլ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
թ) կատարում են ԼՂՀ Նախագահի առանձին հանձնարարականներ:
ԼՂՀ Նախագահի խորհրդականների թիվը և գործունեության ուղղությունները սահմանում է ԼՂՀ Նախագահը:
23. ԼՂՀ Նախագահի առաջին օգնականը՝
ա) ԼՂՀ Նախագահի հետ համաձայնեցնելով՝ կազմակերպում է ԼՂՀ Նախագահի ընթացիկ և հեռանկարային աշխատանքային ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում ԼՂՀ Նախագահի հաստատմանը.
բ) կազմակերպում է ԼՂՀ Նախագահի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը՝ համագործակցելով համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների պաշտոնատար և այլ անձանց հետ.
գ) ԼՂՀ Նախագահի հանձնարարությամբ հրավիրում և անցկացնում է խորհրդակցություններ՝ համապատասխան մարմինների, կազմակերպությունների ղեկավարների, պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ, այդ ուղղությամբ համակարգում նրանց գործունեությունը.
դ) կազմակերպում է ԼՂՀ Նախագահի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի, բանակցությունների և ուղևորությունների արձանագրությունների նախապատրաստումը և վերահսկում դրանց կատարման ընթացքը.
ե) ուսումնասիրում է արտաքին քաղաքականության ոլորտում գործադիր իշխանության մարմինների գործունեությունը, դրանց աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ԼՂՀ Նախագահին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում առաջարկություններ.
զ) ԼՂՀ Նախագահի արտասահմանյան այցերի, ինչպես նաև օտարերկրյա պաշտոնատար անձանց և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների վերաբերյալ կատարում է ուսումնասիրություններ և պատրաստում հիմնական տեղեկատվություն.
է) աշխատում է ԼՂՀ Նախագահի փոստի և այլ փաստաթղթերի հետ.
ը) վարում է ԼՂՀ Նախագահի անձնական արխիվը.
թ) ԼՂՀ Նախագահի հանձնարարությամբ մասնակցում է ԼՂՀ կառավարության նիստերին, այդ թվում՝ դռնփակ.
ժ) համապատասխան մարմինների, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների հետ համատեղ ապահովում է ԼՂՀ Նախագահի մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների նախապատրաստումը և կազմակերպումը.
ժա) համակարգում է ԼՂՀ Նախագահի օգնականների և ռեֆերենտների ընթացիկ աշխատանքները.
ժբ) կատարում է ԼՂՀ Նախագահի առանձին հանձնարարականներ:
24. ԼՂՀ Նախագահի օգնականները՝
ա) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ներկայացուցիչների և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների հետ համագործակցելով՝ ԼՂՀ Նախագահի համար նախապատրաստում են տեղեկատվական և վերլուծական նյութեր.
բ) առաջարկություններ են նախապատրաստում ԼՂՀ Նախագահի աշխատանքային ծրագրերի վերաբերյալ.
գ) մասնակցում են ԼՂՀ Նախագահի այցերի, զրույցների, բանակցությունների, խորհրդակցությունների, հանդիպումների և ուղևորությունների նախապատրաստմանը.
դ) իրենց գործառույթներն իրականացնելիս համագործակցում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հետ.
ե) կազմակերպում և իրականացնում են քաղաքացիների ընդունելություն.
զ) ծանոթանում են ԼՂՀ Նախագահի փոստին և ներկայացնում համապատասխան առաջարկություններ.
է) կատարում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի և ԼՂՀ Նախագահի առաջին օգնականի առանձին հանձնարարություններ:
ԼՂՀ Նախագահի օգնականների թիվը և գործունեության ուղղությունները սահմանում է ԼՂՀ Նախագահը:
25. ԼՂՀ Նախագահի ռեֆերենտները՝
ա) իրականացնում են ԼՂՀ Նախագահի ելույթների, դիմումների, ուղերձների և նամակների, ինչպես նաև նրա անունից կազմվող այլ փաստաթղթերի նախապատրաստումը.
բ) իրականացնում են տեղեկատվական-խորհրդատվական, վերլուծական աշխատանքներ.
գ) կատարում են ԼՂՀ Նախագահի, աշխատակազմի ղեկավարի և ԼՂՀ Նախագահի առաջին օգնականի առանձին հանձնարարականներ:
ԼՂՀ Նախագահի ռեֆերենտների թիվը և գործունեության ուղղությունները սահմանում է ԼՂՀ Նախագահը:
26. ԼՂՀ Նախագահի սահմանած գործառույթները և հանձնարարականները կատարելիս ԼՂՀ Նախագահի խորհրդականները, ԼՂՀ Նախագահի առաջին օգնականը, ԼՂՀ Նախագահի օգնականները և ռեֆերենտները համագործակցում են միմյանց, աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալի և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ:
6. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
27. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումները գործում են համապատասխան ստորաբաժանման ղեկավարի անմիջական ղեկավարությամբ:
28. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները (բացառությամբ սույն կանոնադրությամբ նախատեսվածների) գործում են աշխատակազմի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ:
29. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները պաշտոնի են նշանակվում և պաշտոնից ազատվում օրենսդրությամբ սահմանված կարգով:
30. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները՝
ա) իրականացնում են ստորաբաժանման աշխատողների միջև աշխատանքի բաշխումը, ապահովում են աշխատանքային կարգապահությունը և պատասխանատվություն են կրում ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծման համար.
բ) ԼՂՀ Նախագահի հանձնարարությամբ մասնակցում են ԼՂՀ Նախագահի մոտ անցկացվող խորհրդակցություններին, հանդիպումներին, այցերին, բանակցություններին, ուղևորություններին, ինչպես նաև ԼՂՀ կառավարության նիստերին.
գ) ԼՂՀ Նախագահի կամ աշխատակազմի ղեկավարի հանձնարարականների կատարումն ապահովելու, ինչպես նաև իրենց առջև դրված խնդիրների իրականացման նպատակով կարող են իրենց իրավասության շրջանակներում անցկացնել ստուգումներ, ուսումնասիրություններ կամ հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
դ) ԼՂՀ Նախագահի կամ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում մասնակցում են հարցերի քննարկմանը.
ե) ԼՂՀ Նախագահի քննարկմանը, դիտարկմանը, ստորագրմանը կամ վավերացմանը ներկայացված և իրենց փորձաքննությանը հանձնված իրավական ակտերի և այլ փաստաթղթերի վերաբերյալ կարող են պահանջել տեղեկատվական-վերլուծական բնույթի նյութեր ու անհրաժեշտ տեղեկատվություն (փաստաթղթեր).
զ) իրենց իրավասության շրջանակներում, ԼՂՀ Նախագահին կամ աշխատակազմի ղեկավարին՝ վերջիններիս պահանջով, զեկուցումներ են ներկայացնում իրենց կողմից սպասարկվող բնագավառներին առնչվող համապատասխան մարմիններում, կազմակերպություններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
է) ԼՂՀ Նախագահի կամ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ համապատասխան ոլորտի իրավիճակի մասին տեղեկանքներ, հաշվետվություններ կամ այլ փաստաթղթեր են պահանջում համապատասխան մարմիններից, կազմակերպություններից և պաշտոնատար անձանցից.
ը) իրականացնում են ԼՂՀ Նախագահի և աշխատակազմի ղեկավարի կողմից իրենց վերապահված այլ գործառույթներ:
31. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կազմում կարող են ստեղծվել ներքին կառուցվածքային ստորաբաժանումներ՝ բաժիններ և այլն:
32. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներն իրենց գործառույթներն իրականացնում են միմյանց հետ համագործակցելով:
33. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումները համապատասխանաբար իրականացնում են հետևյալ գործառույթները՝
33.1. Վերահսկողական ծառայությունը՝
- վերահսկում է ԼՂՀ օրենքների, ԼՂՀ Նախագահի հրամանագրերի ու կարգադրությունների, ԼՂՀ Նախագահի վավերացրած փաստաթղթերի (միջկառավարական պայմանագրերի), ԼՂՀ Նախագահի, աշխատակազմի ղեկավարի հանձնարարականների կատարման ընթացքը.
- ԼՂՀ Նախագահի, աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կամ գիտությամբ, օրենսդրությամբ սահմանված կարգով, կատարում է ուսումնասիրություններ, ստուգումներ պետական կառավարման հանրապետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում, կազմակերպում դրանց արդյունքների քննարկում, կազմում և ԼՂՀ Նախագահին է ներկայացնում եռամսյակային հաշվետվություններ.
- ի հայտ է բերում ԼՂՀ օրենքների, ԼՂՀ Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների կատարմանը խոչընդոտող հանգամանքները և ներկայացնում համապատասխան առաջարկություններ դրանց հաղթահարման համար, քննարկում է պետական կարգապահության խախտումների, տեղայնության, գործի նկատմամբ գերատեսչական մոտեցման դրսևորումները, քաշքշուկի և բյուրոկրատիզմի փաստերը, հետամուտ է լինում բացահայտված թերությունների վերացմանը.
- ուսումնասիրությունների և ստուգումների արդյունքները կամ առաջարկությունները տրամադրում է համապատասխան մարմիններին՝ անհրաժեշտ եզրակացություններ և հետևություններ անելու համար.
- աշխատակազմի ղեկավարի հետ համաձայնեցնելով՝ սահմանում է իր կողմից կատարվելիք ուսումնասիրությունների և ստուգումների ժամկետները, դրանց ձևերն ու ծավալները, ըստ անհրաժեշտության պահանջում համապատասխան տեղեկատվություն.
- ապահովում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմում քաղաքացիների ընդունելությունը, նրանց դիմումներում և գանգատներում արծարծված հարցերի քննարկման կազմակերպումը.
- իրականացնում է ծառայությունում ստացված գրավոր և բանավոր դիմումների հաշվառում և ուսումնասիրություն, ընթացք տալիս դրանց, անհրաժեշտության դեպքում դրանք վերահասցեագրում է այն պետական ու հասարակական մարմիններին, որոնք իրավասու են լուծում տալու բարձրացված հարցերին, առավել էական առաջարկությունները, դիմումները և գանգատները զեկուցում է աշխատակազմի ղեկավարին, այդ մասին ծանուցում է դիմողներին.
- իրականացնում է ԼՂՀ Նախագահի կարգադրություններով և աշխատակազմի ղեկավարի հրամաններով սահմանված այլ լիազորություններ:
33.2. Տեղեկատվության գլխավոր վարչությունը՝
- լուսաբանում է ԼՂՀ Նախագահի գործունեությունը.
- ԼՂՀ Նախագահի և աշխատակազմի գործունեության վերաբերյալ պատրաստում է մամուլի հաղորդագրություններ.
- ներկայացնում է ԼՂՀ Նախագահի պաշտոնական տեսակետները ԼՂՀ և օտարերկրյա պետությունների տեղեկատվության միջոցներին.
- ապահովում է ԼՂՀ Նախագահի և աշխատակազմի կապը զանգվածային լրատվության միջոցների հետ.
- կազմակերպում է ԼՂՀ Նախագահի մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ, ինչպես նաև լրատվության միջոցների ղեկավարների հետ հանդիպումներ.
- լուսաբանում է ԼՂՀ Նախագահին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը, ինչպես նաև ապահովում է ԼՂՀ Նախագահի կողմից ստորագրված կամ վավերացված իրավական ակտերի վերաբերյալ տեղեկատվությունը.
- ԼՂՀ Նախագահին և աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում աշխատակազմի և պետական կառավարման մարմինների միասնական դիրքորոշման արտահայտման վերաբերյալ.
- իրականացնում է ԼՂՀ Նախագահի ելույթների, դիմումների, ուղերձների և նամակների, ինչպես նաև նրա անունից կազմվող այլ փաստաթղթերի նախապատրաստումը, դրանք կազմելիս համագործակցում է ԼՂՀ Նախագահի օգնականների, ռեֆերենտների և աշխատակազմի այլ աշխատակիցների հետ.
- ԼՂՀ Նախագահի հանձնարարությամբ հանդես է գալիս հայտարարություններով, պարզաբանումներով, հերքումներով.
- Ինտերնետում կազմակերպում և պահպանում է ԼՂՀ Նախագահի էջը.
- կազմում է լրատվության միջոցների, այդ թվում՝ հայաստանյան մամուլի ամենօրյա տեսություն, ինչպես նաև Ինտերնետի միջոցով ուսումնասիրում օտարերկրյա թերթերի ու գործակալությունների նյութերը, դրանց հիման վրա պատրաստում ամենօրյա տեսություններ և դրանք ներկայացնում ԼՂՀ Նախագահին և աշխատակազմի ղեկավարին.
- հավաքում, մշակում, վերլուծում և ԼՂՀ Նախագահին է ներկայացնում օտարերկրյա պետություններում քաղաքական, սոցիալ-տնտեսական և իրավական գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն.
- պատրաստում է պետական պաշտոնական տեղեկատվության ծառայողական տեղեկագրեր:
33.3. Տնտեսագիտական վարչությունը՝
- իրականացնում է ԼՂՀ Նախագահին ներկայացվող փաստաթղթերի տնտեսագիտական փորձաքննությունը.
- համապատասխան մարմինների հետ համագործակցելով՝ քննության է ենթարկում սոցիալ-տնտեսական բնագավառին վերաբերող ծրագրերի և իրավական ակտերի հիմնադրույթները և նախագծերը.
- ԼՂՀ Նախագահի կամ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ վերլուծում է տնտեսության համապատասխան բնագավառների վիճակը, բացահայտում հրատապ խնդիրները և դրանց հիման վրա ներկայացնում համապատասխան առաջարկություններ.
- ԼՂՀ Նախագահին և աշխատակազմի ղեկավարին վերլուծություններ և զեկուցագրեր է ներկայացնում ԼՂՀ-ում և օտարերկրյա պետություններում սոցիալ-տնտեսական կացության և երևույթների վերաբերյալ.
- ԼՂՀ Նախագահին և աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում տնտեսական օրենսդրության և կառավարման համակարգի կատարելագործման վերաբերյալ:
- իրականացնում է քաղաքացիների ընդունելություն:
33.4. Արձանագրային և թարգմանչական բաժինը՝
- ապահովում է ԼՂՀ Նախագահի ստորագրմանը ներկայացվող փաստաթղթերի լեզվաոճական և տերմինաբանական միասնականությունը՝ արդի հայերենի լեզվական պահանջներին համապատասխան, դրանց լեզվական մաքրությունը, հայերենի ուղղագրության, կետադրության և շարադասության կանոնների ճիշտ կիրառումը.
- ապահովում է ԼՂՀ Նախագահի ստորագրմանը ներկայացվող փաստաթղթերի նախապատրաստական աշխատանքները, պարտադիր վիզավորում է այդ փաստաթղթերի պատճենները, ապահովում է մյուս անհրաժեշտ վիզաների ստացումը, այդ ակտերի ստորագրումը հիմնավորող անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը և սահմանված ժամկետում ստորագրման ներկայացումը.
- իրականացնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմում ստեղծվող ԼՂՀ Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, ինչպես նաև ԼՂՀ կառավարության կողմից ԼՂՀ Նախագահի ստորագրմանը ներկայացվող ԼՂՀ Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների նախագծերի խմբագրումը, լեզվաոճական, տերմինաբանական մշակումը, կազմակերպում դրանց համակարգչային մուտքագրումը, համընթերցումը, սրբագրումը և ԼՂՀ Նախագահի ստորագրմանը ներկայացնելու նախապատրաստական աշխատանքները.
- կազմակերպում է ԼՂՀ Ազգային ժողովի ընդունած ԼՂՀ օրենքները ԼՂՀ Նախագահի ստորագրմանը սահմանված ժամկետում ներկայացնելու նախապատրաստական աշխատանքները, պարտադիր վիզավորում դրանց պատճենները, ապահովում ԼՂՀ կառավարության կարծիքի և մյուս անհրաժեշտ վիզաների ստացումը.
- ապահովում է Ազգային ժողովի կողմից վավերացված միջազգային պայմանագրերի վավերագրերը և հայտարարագրերը ԼՂՀ Նախագահի ստորագրմանը ներկայացնելու նախապատրաստական աշխատանքները, վարում դրանց հաշվառումը և ապահովում հասցեատերերին հանձնումը.
- ապահովում է ԼՂՀ Նախագահի պաշտոնական այլ փաստաթղթերի սահմանված կարգով մշակումը և կազմակերպում դրանք ԼՂՀ Նախագահի ստորագրմանը ներկայացնելու նախապատրաստական աշխատանքները.
- ապահովում է ԼՂՀ Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների և ըստ անհրաժեշտության այլ պաշտոնական փաստաթղթերի թարգմանությունը, կազմակերպում դրանց համակարգչային մուտքագրումը, համընթերցումը, սրբագրումը.
- ապահովում է ԼՂՀ օրենքների, ԼՂՀ Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների հայերեն և ռուսերեն տեքստերի, ըստ անհրաժեշտության՝ դրանց մասին հաղորդագրությունների պատրաստումը և սահմանված կարգով հրապարակումը պաշտոնական մամուլում, զանգվածային լրատվության պետական մյուս միջոցներով և հատուկ տեղեկագրում.
- ապահովում է ԼՂՀ օրենքների, ԼՂՀ Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների բնօրինակների, ինչպես նաև ԼՂՀ Նախագահի կողմից ստորագրված կամ վավերացված այլ ակտերի և փաստաթղթերի պատճենների պահպանումը, համակարգում դրանց հաշվառումը, առաքումը.
- վերլուծում և ամփոփում է պաշտոնական փաստաթղթերում տեղ գտած հայերենի ոչ ճիշտ կիրառման փաստերը, օտարաբանությունները և, օրենսդրության լեզվի կատարելագործման նպատակով, առաջարկներ է ներկայացնում ՀՀ լեզվի պետական տեսչության ԼՂՀ մասնաճյուղ, ըստ անհրաժեշտության՝ տալիս խորհրդատվություն.
- իրականացնում է ԼՂՀ Նախագահի կարգադրություններով և Նախագահի աշխատակազմի ղեկավարի հրամաններով սահմանված այլ լիազորություններ, կատարում ղեկավարության առանձին հանձնարարականները:
33.5. Ընդհանուր բաժինը՝
- իրականացնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ոչ գաղտնի փաստաթղթային սպասարկումը, ապահովում է փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը և աշխատակազմում գործավարության միասնական կարգի կիրառումը.
- իրականացնում է աշխատակազմի ոչ գաղտնի փաստաթղթերի համակարգչային մուտքագրումը, պատճենահանումը և դրանց առաքումը, աշխատակազմի ղեկավարին ներկայացվող ոչ գաղտնի թղթակցությունների նախնական մշակումը, առաջարկությունների ներկայացումը.
- վերահսկողություն է իրականացնում աշխատակազմի ղեկավարի ստորագրությամբ ուղարկված փաստաթղթերի, նամակների և դիմումների կատարման ժամկետների պահպանման նկատմամբ, վերահսկում է գործավարության հրահանգի պահանջների կատարումը ԼՂՀ Նախագահի աշխատակազմում, կազմում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի գործերի ամփոփ անվանակարգը և կազմակերպում փաստաթղթերը սահմանված կարգով արխիվ հանձնելու աշխատանքը.
- ԼՂՀ Նախագահի աշխատակազմում աշխատանքի ընդունված նոր աշխատակիցներին ծանոթացնում է գործավարության կարգին, նրանց ապահովում համապատասխան հրահանգով.
- պարբերաբար կատարում է փաստաթղթերի, գործավարության վիճակի հետ կապված վերլուծություններ և առաջարկություններ ներկայացնում ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարին.
- իրականացնում է ԼՂՀ Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի հրամաններով նշանակվող պաշտոնատար անձանց անձնական գործերի նախապատրաստումը, վարումն ու հաշվառումը, համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը և պահպանումը.
- ապահովում է աշխատակազմի աշխատակիցների զինապարտության հաշվառումը և ամրագրումը.
- իրականացնում է աշխատակազմում գաղտնիք պարունակող փաստաթղթերի, տեղեկությունների հաշվառումը, պահպանումը, այդ փաստաթղթերի և տեղեկությունների հոսակորստի կանխումը, սահմանված կարգով կազմակերպում է ստացված փաստաթղթերի հանձնման, առաքման և վերադարձման աշխատանքը, ապահովում է գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ տարվող աշխատանքի կարգի վերաբերյալ գործող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի պահանջների կիրառումը.
- նախապատրաստում և հաշվառում է աշխատակազմի ղեկավարի հրամանները.
- իրականացնում է ԼՂՀ Նախագահի կարգադրություններով և աշխատակազմի ղեկավարի հրամաններով սահմանված այլ լիազորություններ:
33.6. Իրավաբանական բաժինը՝
- իրականացնում է ԼՂՀ Նախագահի և աշխատակազմի գործունեության իրավական ապահովումը.
- համակարգում է ԼՂՀ Նախագահի քննարկմանը, դիտարկմանը, ստորագրմանը կամ վավերացմանը ներկայացված իրավական ակտերի փորձաքննության աշխատանքները.
- իրավական փորձաքննություն է իրականացնում և փորձագիտական եզրակացություններ պատրաստում աշխատակազմում նախապատրաստված կամ իրավասու մարմինների կողմից ԼՂՀ Նախագահի քննարկմանը, դիտարկմանը, ստորագրմանը կամ վավերացմանը ներկայացված իրավական ակտերի կամ դրանց նախագծերի՝ ԼՂՀ իրավական համակարգին և իրավաբանական տեխնիկայի կանոններին համապատասխանության վերաբերյալ.
- իր իրավասության շրջանակներում ապահովում է ԼՂՀ Նախագահի կողմից քաղաքացիություն շնորհելու, քաղաքական ապաստան տալու, ԼՂՀ շքանշաններով և մեդալներով պարգևատրելու, բարձրագույն զինվորական և պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական և այլ դասային աստիճաններ շնորհելու, ինչպես նաև դատապարտյալներին ներում շնորհելու գործառույթների իրականացումը.
- դատապարտյալներին ներում շնորհելու վերաբերյալ անհրաժեշտ նյութեր է նախապատրաստում՝ ԼՂՀ Նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովի քննարկմանը, այնուհետև ԼՂՀ Նախագահին ներկայացնելու համար.
- ԼՂՀ քաղաքացիություն ձեռք բերելու և քաղաքացիությունը դադարեցնելու, քաղաքական ապաստան տալու վերաբերյալ անհրաժեշտ նյութեր է նախապատրաստում ԼՂՀ Նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովի քննարկմանը, այնուհետև ԼՂՀ Նախագահին ներկայացնելու համար.
- ԼՂՀ-ում կացության հատուկ կարգավիճակ ստանալու վերաբերյալ անհրաժեշտ նյութեր է նախապատրաստում ԼՂՀ Նախագահին ներկայացնելու համար.
- ԼՂՀ շքանշաններով և մեդալներով պարգևատրելու վերաբերյալ անհրաժեշտ նյութեր է նախապատրաստում ԼՂՀ Նախագահին առընթեր պետական պարգևների հանձնաժողովի քննարկմանը, այնուհետև ԼՂՀ Նախագահին ներկայացնելու համար.
- բարձրագույն զինվորական և պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական և այլ դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ անհրաժեշտ նյութեր է նախապատրաստում ԼՂՀ Նախագահին ներկայացնելու համար.
- ԼՂՀ Նախագահի և աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ նախապատրաստում է իրավական ակտերի ու փաստաթղթերի նախագծեր:
34. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներն իրենց իրավասության հարցերով նախապատրաստում են ԼՂՀ Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների նախագծեր, նչպես նաև իրականացնում են ԼՂՀ Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով կամ աշխատակազմի ղեկավարի հրամաններով իրենց վերապահված այլ գործառույթներ:
35. Աշխատակազմի գլխավոր հաշվապահը՝
- նախապատրաստում և աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում աշխատակազմի համապատասխան ֆինանսական տարվա ծախսերի նախահաշվի նախագիծը.
- ապահովում է ընթացիկ տարվա հատկացումների խնայողական օգտագործումը.
- սահմանված կարգով հաշվառում է դրամական միջոցները, նյութական արժեքները, արտացոլում և գույքագրում դրանց հետագա շարժի հետ կապված գործառնությունները.
- ապահովում է ֆինանսադրամարկղային և բյուջետային կարգապահությունը:
7. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ, ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
36. Աշխատակազմի գույքը ձևավորվում է ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
37. Աշխատակազմի գլխավոր հաշվապահը պատասխանատու է հաշվապահական հաշվառում վարելու, աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
38. Աշխատակազմն իրավունք ունի ԼՂՀ օրենսդրությամբ և սույն կարգադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան օգտագործել, տիրապետել և տնօրինել իրեն հանձնված գույքը (գույքային իրավունքները):
39. Աշխատակազմի պահպանման ծախսերն ամբողջությամբ ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցներից: Աշխատակազմը կարող է նաև ֆինանսավորվել օրենքով չարգելված ֆինանսավորման աղբյուրներից:
40. Աշխատակազմն իր ֆինանսական գործառնությունները և իր կարիքների համար գնումները կատարում է ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
41. Աշխատակազմը ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և իրավասու պետական մարմիններին ներկայացնում համապատասխան հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
8. ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
42. Աշխատակազմում գործավարության կարգը սահմանում է աշխատակազմի ղեկավարը՝ համաձայնեցնելով ԼՂՀ Նախագահի հետ:
43. Աշխատակազմում նախապատրաստված կամ իրավասու մարմինների կողմից ԼՂՀ Նախագահի քննարկմանը, դիտարկմանը, ստորագրմանը կամ վավերացմանը ներկայացված իրավական ակտերը կամ դրանց նախագծերը, աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան, համաձայնեցվում են աշխատակազմի շահագրգիռ պաշտոնատար անձանց, կառուցվածքային ստորաբաժանումների և պետաիրավական վարչության հետ:
9. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
44. Աշխատակազմի վերակազմակերպումը և գործունեության դադարումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված 2
Հաստատված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
Նախագահի 2004թ. մարտի 20-ի
ՆՀ- 92 հրամանագրով |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
1. Աշխատակազմի ղեկավար
2. ԼՂՀ Նախագահի խորհրդականներ
3. ԼՂՀ Նախագահի առաջին օգնական
4. ԼՂՀ Նախագահի մամուլի քարտուղար
5. ԼՂՀ Նախագահի օգնականներ
6. ԼՂՀ Նախագահի ռեֆերենտներ
7. Վերահսկողական ծառայություն
8. Տեղեկատվության գլխավոր վարչություն
9. Տնտեսագիտական վարչություն
10. Արձանագրային և թարգմանչական բաժին
11. Ընդհանուր բաժին
12. Իրավաբանական բաժին
13. Աշխատակազմին ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպություններ
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ |