Համարը 
ՀՕ-3-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.04.02/05(250)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
26.02.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
18.03.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.04.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2014 թվականի

փետրվարի 26-ին

 

«ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կենդանական աշխարհի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 1-ի ՀՕ-170 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածում.

1) 1-ին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«վայրի կենդանի` բնության կողմից ստեղծված, բնական ընտրությամբ (առանց մարդու միջամտության) առաջացած, բնական ազատ պայմաններում ապրող կենդանիներ, այդ կենդանիների տեսակների անազատ և կիսաազատ պայմաններում պահվող առանձնյակներ ու դրանց սերունդներ.».

2) երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«անազատ պայմաններում պահվող վայրի կենդանի` կենդանական աշխարհի վայրի տեսակների առանձնյակներ, որոնք գտնվում են ոչ բնական պայմաններում, որոնց տեղաշարժերը սահմանափակված են որոշակի տարածքով և կենդանու կենսաապահովումը իրականացնում է պահողը.».

3) տասնհինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանի` կենդանական աշխարհի վայրի տեսակների առանձնյակներ, որոնք գտնվում են բնական պայմաններում, որոնց տեղաշարժերը սահմանափակված են բնական կամ արհեստական սահմաններով և կենդանու կենսաապահովումը մասամբ իրականացնում է պահողը.»:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում`

1) 1-ին մասի`

ա. «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) կենդանական աշխարհի պաշարների պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում պետական ծրագրերի (այսուհետ` պետական ծրագրեր) հաստատում.»,

բ. «է» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«է) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքի և դրա մեջ գրանցված կենդանիների ցանկի հաստատումը.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մաս.

«Պետական ծրագրերն իրականացվում են տարեկան ծրագրերի միջոցով: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը տարեկան ծրագիրն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի նախագծի կազմում, որի ֆինանսավորման գումարն արտացոլվում է պետական բյուջեի ծախսերում:»:

 

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի «զ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ) կենդանական աշխարհի պաշարների օգտագործման պայմանագրեր կնքելը.»:

 

Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 21. 

Կենդանական աշխարհի, դրա հավաքածուների և առանձին նմուշների ներմուծումը, արտահանումն ու կենդանիների վերաբնակեցումը

 

 «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի հավելվածներում ընդգրկված վայրի կենդանիների, դրանց մասերի և ածանցյալների արտահանումն ու ներմուծումն իրականացվում են կոնվենցիայով սահմանված պահանջներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Վայրի կենդանիների արտահանումը, ներմուծումն ու դրանց պահումն անազատ պայմաններում կամ վերաբնակեցումն ազատ պայմաններում իրականացվում են լիազորված մարմնի թույլտվությամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բացառությամբ գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով օգտագործման տրամադրված վայրի կենդանիների արտահանման: Գյուղատնտեսական և արդյունագործական նպատակներով օգտագործման տրամադրված վայրի կենդանիների արտահանման համար հիմք է դառնում լիազորված մարմնի հետ վայրի կենդանիների օգտագործման նպատակով կնքված պայմանագիրը` դրանում նշված տեսակներին և քանակներին համապատասխան:

Կենդանաբանական հավաքածուների կամ առանձին նմուշների արտահանումը և ներմուծումն իրականացվում են լիազորված մարմնի թույլտվությամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

 

Հոդված 5. Օրենքի 24-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Օգտագործումն իրականացվում է լիազորված մարմնի հետ կնքված պայմանագրերի հիման վրա:».

2) 3-րդ մասի «Լիցենզիաներ տալու և պայմանագրեր կնքելու» բառերը փոխարինել «Պայմանագրեր կնքելու» բառերով.

3) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 6. Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 27. 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործումը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործումը, այդ թվում` հայթայթումը, թույլատրվում է բացառիկ դեպքերում` գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, ինչպես նաև արհեստական և բնական պայմաններում` դրանց վերարտադրության նպատակներով` կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում լիազորված պետական մարմնի թույլտվությամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

 

Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 27.1-ին և 27.2-րդ հոդվածներով.

 

«Հոդված 27.1. 

Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների պահելու կարգը

 

Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների պահելու պայմանները պետք է ապահովեն դրանց կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկությունները, առողջությունը և կյանքի անվտանգությունը, ինչպես նաև բացառեն պահելու վայրից կենդանիների փախուստը: Փախուստը բացառելու և մշտական վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիները համարակալվում են:

Սույն մասով նախատեսված պայմանների առկայության դեպքում անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների վերարտադրությունը բնապահպանական և որսի համար օգտագործելու նպատակով կարող է իրականացվել` բացառելով պահվող կենդանիների միջտեսակային խաչասերումը:

Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիներին պահելու տարածքների նվազագույն չափերը սահմանում է լիազորված մարմինը` ելնելով տվյալ կենդանու առանձնահատկություններից: Ձագերով և հղի առանձնյակների առողջությունը և կյանքի անվտանգությունը ապահովելու նպատակով դրանց համար պետք է ստեղծվեն հատուկ պայմաններ` հաշվի առնելով նրանց տեսակային առանձնահատկությունները:

Սույն մասով նշված չափերը չեն տարածվում այն վայրի կենդանիների վրա, որոնք բազմացվում և աճեցվում են ուսումնական փորձերի, կենսաբանական թեստավորման, սննդում կամ այլ կենդանիների համար որպես կեր oգտագործելու և արգասիք ստանալու նպատակներով:

Անազատ և կիսաազատ պայմանններում վայրի կենդանիները, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիները պահվում են`

ա) կենդանիների վերարտադրություն իրականացնող տնտեսություններում` բուծման կենտրոններում.

բ) կենդանաբանական այգիներում.

գ) վնասված կենդանիների բուժում իրականացնող տնտեսություններում` վերականգնողական կենտրոններում.

դ) որսորդական տնտեսություններում` կենդանիների վերարտադրության գոտիներում.

ե) սույն հոդվածի առաջին մասի պայմաններն ապահովող առանձնացված տարածքներում:

Նշված տարածքներում կենդանիները կարող են պահվել մեծավանդակներում, վանդակներում, տերարիումներում, ջրավազաններում, ակվարիումներում և այլ տարանջատված տեղերում:

Կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու և օգտագործելու իրավունք ունեցող իրավաբանական և ֆիզիկական անձանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված տարածքներում լիազորված մարմնի կողմից այդ անձանց կամ նրանց ներկայացուցիչների մասնակցությամբ նախապես կատարվում է վայրի կենդանիների օրենսդրությամբ սահմանված կարգով պետական հաշվառում և տվյալները գրանցվում են կենդանական աշխարհի կադաստրում:

Անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների պետական հաշվառումն իրականացվում է սույն օրենքով սահմանված ժամկետներում, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների հաշվառումը` յուրաքանչյուր տարի: Հաշվառման տվյալները ենթակա են պարտադիր հրապարակման, այդ թվում` լիազորված մարմնի կայքէջում տեղադրման միջոցով:»:

 

«Հոդված 27.2.

Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների օգտագործման կարգը

 

 Անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների օգտագործումը թույլատրվում է վերարտադրության, վերակլիմայավարժեցման, առևտրի, գիտահետազոտական, ուսումնական, առողջապահական, կենսաբանական թեստավորման, սննդի կամ այլ կենդանիների համար որպես կեր օգտագործելու, արգասիք ստանալու, մշակութային, գեղագիտական, բնության մեջ բաց թողնելու, որսի և որպես որսամիջոց (որսկան թռչուն, խաբ-սաբադ) օգտագործելու նպատակներով:

Կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների օգտագործումը թույլատրվում է վերարտադրության, վերակլիմայավարժեցման, առևտրի, գիտահետազոտական, ուսումնական, սննդի համար օգտագործելու, մշակութային, գեղագիտական, բնության մեջ բաց թողնելու և որսի նպատակներով:

Կիսաազատ պայմաններում պահվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիներին կիսաազատ պայմաններում պահելու և օգտագործելու թույլտվություն ունեցողները, սկսած երկրորդ սերնդից, կարող են լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով օգտագործել որսի, սննդի նպատակներով, եթե տվյալ տեսակի բուծման արդյունքում ապահովել են դրանց վերարտադրությունը:

Կիսաազատ պայմաններում պահվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների, սկսած երկրորդ կենսունակ սերնդից, մինչև 10 տոկոսը լիազորված մարմնի թույլտվությամբ տրամադրվում է պահելու և օգտագործելու իրավունք ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց` որսի կամ այլ նպատակներով օգտագործելու համար, իսկ կոնկրետ տեսակի քանակի ավելացման վերաբերյալ հիմնավորված տվյալների առկայության դեպքում՝ լիազորված մարմնի թույլտվությամբ կարող է տրամադրվել սահմանված չափից ավելի:

Կիսաազատ պայմաններում պահվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիներին, սկսած երկրորդ կենսունակ սերնդից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիներ պահելու և օգտագործելու իրավունք ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք բնություն են բաց թողնում` սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքի հանձնաժողովի եզրակացությամբ տրված չափաքանակներին համապատասխան:

Որսի կամ այլ եղանակներով վայրի կենդանիներին օգտագործելու թույլտվություն չի կարող տրվել, եթե տվյալ տարածքում համապատասխան կենդանիների միջին քանակը ցածր է լիազորված մարմնի կողմից սահմանված նվազագույն չափաքանակից:

Կենդանիների տվյալ տեսակին բնորոշ կազմվածքին կամ այլ հատկանիշներին չհամապատասխանող, կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների առանձնյակները չեն կարող օգտագործվել սերունդ ստանալու և բնության մեջ բաց թողնելու նպատակով, իսկ որսորդական տնտեսություններում նման կենդանիները ենթակա են պարտադիր որսման: Լիազորված մարմնի թույլտվությամբ որսման կարող են ենթարկվել նաև`

ա. ծերության պատճառով` վերարտադրության տարիքն անցած,

բ. պահվող կենդանիների հանդեպ չափազանց ագրեսիվ վարք դրսևորող,

գ. մարդկանց կյանքին կամ առողջությանը անմիջական սպառնացող,

դ. անբուժելի կամ վարակիչ հիվանդությամբ վարակված վայրի կենդանիները:»:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

18 մարտի 2014թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-3-Ն