ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
|
,,25,, ՀՈՒԼԻՍԻ 1995թ. |
N 149 |
ք.Ստեփանակերտ
г.Степанакерт
ԼՂՀ արդարադատության պետական վարչության կանոնադրության հաստատման մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հաստատել ԼՂՀ արդարադատության պետական վարչության կանոնադրությունը (կցվում է):
| ԼՂՀ վարչապետ |
Լ.ՊԵՏՐՈՍՅԱՆ |
|
ԼՂՀ կառավարության
գործերի կառավարիչ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1995թ. «25» ՀՈՒԼԻՍԻ
N 149 որոշմամբ |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
Ընդհանուր դրույթներ
1. ԼՂՀ արդարադատության պետական վարչությունը հանդիսանում է ժողովրդական դատարանների, զինվորական տրիբունալի, նոտարիատի, դատական փորձաքննության հիմնարկի կազմակերպական ղեկավարման ապահովման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների գործունեության և փաստաբանների կոլեգիայի ընդհանուր ղեկավարման, հասարակական և հասարակական-քաղաքական կազմակերպությունների, միավորումների, կանոնադրությունների գրանցման, օրենսդրության համակարգման բնագավառում հանրապետության կենտրոնական կառավարման մարմինը:
Արդարադատության պետական վարչությունը պատասխանատվություն է կրում ԼՂՀ պետության և ժողովրդի առջև` շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների աշխատանքի կազմակերպման վիճակի համար, իր համակարգի մեջ մտնող հիմնարկների և կազմակերպությունների գործունեության համար:
2. ԼՂՀ արդարադատության պետական վարչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ԼՂՀ օրենքներով, ԼՂՀ նախագահի հրամանագրերով և կանոնադրություններով, ԼՂՀ Գերագույն Խորհրդի (Խորհրդարանի) որոշումներով, ԼՂՀ կառավարության որոշումներով և կարգադրություններով, այլ նորմատիվ ակտերով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ և ապահովում է գործող օրենսդրության ճիշտ կիրառումը:
ԼՂՀ արդարադատության պետական վարչության հիմնական խնդիրները
3. ԼՂՀ արդարադատության պետական վարչության հիմնական խնդիրներն են`
- օրինականության ըստ ամենայնի ամրապնդումը, ԼՂՀ օրենքների, պետական իշխանության և կառավարման վերադաս մարմինների այլ ակտերի կատարման, քաղաքացիների, ձեռնարկությունների և կազմակերպությունների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ապահովումը, պետական այլ մարմինների հետ համատեղ հանցագործությունների դեմ պայքար մղելու գործունեության կատարելագործումը և հանցագործություններին ու մյուս օրինախախտումներին նպաստող պատճառների ու պայմանների վերացումը:
- ԼՂՀ շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների, զինվորական տրիբունալի կազմակերպական ղեկավարման ապահովումը, արդարադատության նպատակների և դատարանի խնդիրների իրականացմանն ըստ ամենայնի աջակցելը` խստորեն պահպանելով դատարանների անկախության և դրանց` միայն օրենքին ենթարկվելու սկզբունքը.
- նոտարիատի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների, փաստաբանների կոլեգիայի, դատական փորձաքննության և այլ ենթակա կազմակերպությունների ու հիմնարկների գործունեության ղեկավարումն ու կատարելագործումը.
- ԼՂՀ գործող օրենսդրության համակարգումը, օրինակարգավորման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը և օրենսդրության կատարելագործումը.
- իր իրավասությանը ենթակա հիմնարկներն ու կազմակերպությունները, շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարաններն ու զինվորական տրիբունալը որակյալ կադրերով ապահովելը, նրանց վերապատրաստումը և որակավորման բարձրացումը.
- հանրապետության ժողովրդական տնտեսության մեջ իրավական աշխատանքի կատարելագործումը, իրավական գիտելիքների քարոզչության կազմակերպումը, բնակչության շրջանում օրենսդրության պարզաբանումը.
- իրավագիտության զարգացմանը և պետական, տնտեսական ու մշակութային շինարարության մեջ դրա նվաճումների օգտագործմանը նպաստելը.
- սահմանված կարգով իրավական հարցերով միջպետական կապերի իրականացումը.
Արդարադատության պետական վարչության գործառույթներն ու իրավասությունները
4. ԼՂՀ արդարադատության պետական վարչությունը իր վրա դրված խնդիրներին համապատասխան`
4.1. առաջարկություններ է մշակում ԼՂՀ շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների (տեղաբաշխում, կառուցվածք, հաստիքներ) և զինվորական տրիբունալի կազմակերպման, ժողովրդական դատավորների և ժողովրդական ատենակալների ընտրությունների անցկացման հարցերի վերաբերյալ, ղեկավարում է ընտրողների առջև ժողովրդական դատավորների հաշվետվությունների կազմակերպումը.
4.2. կազմակերպում է ԼՂՀ շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների և զինվորական տրիբունալի աշխատանքները, այդ հարցերի վերաբերյալ լսում է դատարանների նախագահների զեկուցումները, ուսումնասիրում և տարածում է դրական փորձը, ապահովում է պատշաճ պայմանների ստեղծումն արդարադատության իրականացման համար.
4.3. ԼՂՀ շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների և զինվորական տրիբունալի հետագա կատարելագործման նպատակով ուսումնասիրում է դատական գործափորձը` այդ աշխատանքը համակարգելով ԼՂՀ Գերագույն դատարանի հետ, և ընդհանրացման արդյունքներն օգտագործում է ԼՂՀ ժողովրդական դատարանների և զինվորական տրիբունալի աշխատանքի կազմակերպման գործում բացահայտված թերությունները վերացնելու համար.
4.4. հանցագործությունների դեմ պայքարի և օրինականության ամրապնդման միջոցառումներ մշակելու նպատակով կազմակերպում է սոցիոլոգիական հետազոտություններ` այդ աշխատանքը համակարգելով ԼՂՀ դատախազության, Գերագույն դատարանի, ներքին գործերի նախարարության և շահագրգիռ մյուս մարմինների, հիմնարկների ու կազմակերպությունների հետ.
4.5. իրականացնում է միջոցառումներ իրավախախտումների դեմ, առաջարկություններ է ներկայացնում համապատասխան մարմիններ` հանցագործություններին և այլ օրինախախտումներին նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու համար.
4.6. կազմակերպում է դատական վիճակագրությունը վարելու աշխատանքը և դրա տվյալներն օգտագործում է արդարադատության իրականացման ուղղությամբ շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների և զիվորական տրիբունալի աշխատանքների կազմակերպումն ու գործունեությունը բարելավելու և օրենսդրության կատարելագործման ուղղությամբ առաջարկություններ նախապատրաստելու համար.
4.7. ստուգում է վարչական պատասխանատվության վերաբերյալ նյութերը քննելու ուղղությամբ շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների աշխատանքի կազմակերպումը և միջոցներ է ձեռնարկում այդ աշխատանքը բարելավելու համար, ղեկավարում և վերահսկողություն է իրականացնում դատարանների քաղաքացիական գործերով դատավճիռների և որոշումների` գույքային բռնագրավումներին վերաբերող մասի կատարման աշխատանքի նկատմամբ, ինչպես նաև այլ մարմիններին այն որոշումների նկատմամբ, որոնց կատարումը հանձնարարված է դատական կատարածուներին.
4.8. իրավական և իրավաբանական օգնություն է ցույց տալիս հասարակական-քաղաքական և հասարակական կազմակերպություններին, որոնք պայքարում են իրավախախտումների դեմ.
4.9. ապահովում է օրենսդրության և այլ դատական ու նոտարական գործափորձի (պրակտիկայի) նորմատիվ ակտերի հաշվառումը, իրագործում է այդ աշխատանքների վերահսկումը շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարաններում և զինվորական տրիբունալում, պետական նոտարական գրասենյակներում և միջոցներ է ձեռնարկում այդ աշխատանքի բարելավման ուղղությամբ.
4.10. ԼՂՀ նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների մասնակցությամբ աշխատանք է կատարում ԼՂՀ օրենսդրության համակարգման և օրինակարգավորման ուղղությամբ, առաջարկություններ է նախապատրաստում օրենսդրության մեջ փոփոխություններ մտցնելու վերաբերյալ.
4.11. վերադաս մարմինների հանձնարարություններով և սեփական նախաձեռնությամբ պատրաստում է օրենսդրական ակտերի նախագծերի և կառավարության որոշումների, կարգադրությունների նախագծեր, իրավաբանական եզրակացություններ է տալիս ԼՂՀ կառավարության քննարկմանը ներկայացվող կարևորագույն նորմատիվ ակտերի նախագծերի վերաբերյալ.
4.12. ԼՂՀ նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների առաջարկությունները հաշվի առնելով` նախապատրաստում է տնտեսական օրենսդրության կատարելագործման աշխատանքների պլանների նախագծեր, համակարգում է ԼՂՀ նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների կողմից պլաններով նախատեսված օրենսդրական և այլ նորմատիվ ակտերի նախագծերի մշակումը, դրանց մեթոդական օգնություն է ցույց տալիս, պլանների համաձայն մասնակցում է համապատասխան աշխատանքներին և վերահսկողություն է իրականացնում նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների կողմից նշված պլանների կատարման նկատմամբ.
4.13. միջոցներ է ձեռնարկում հանրապետության ժողովրդական տնտեսության մեջ իրավական աշխատանքների կատարելագործման համար, իրականացնում այդ աշխատանքի մեթոդական ղեկավարումը ձեռնարկություններում, կազմակերպություններում և հիմնարկներում, ինչպես նաև` իշխանության տեղական մարմիններում, և ընդհանրացնում է իրավական աշխատանքի դրվածքի գործափորձը (պրակտիկան), տարածում է իրավաբանական մարմինների և իրավախորհրդատուների աշխատանքի դրական փորձը, միջոցներ է ձեռնարկում այդ բաժինների աշխատողների (իրավախորհրդատուների) որակավորումը բարձրացնելու համար.
4.14. իրականացնում է պետական մարմինների, հասարակական-քաղաքական և հասարակական կազմակերպությունների իրավական աշխատանքի մեթոդական ղեկավարումը և բնակչության շրջանում օրենսդրության պարզաբանումը, ծանոթանում է նշված մարմիններում և կազմակերպություններում այդ աշխատանքի վիճակին` համակարգելով իրավաբանական քարոզչության ուղղությամբ դրանց աշխատանքի պլանները և սահմանված կարգով տալիս է անհրաժեշտ մեթոդական ցուցումներ, առաջարկություններ, հանձնարարություններ.
4.15. ընդհանուր ղեկավարություն է իրականացնում փաստաբանների կոլեգիայի նկատմամբ` գործող օրենսդրությամբ որոշված սահմաններում և որոշում է փաստաբանների կողմից բնակչությանը, հիմնարկներին, ձեռնարկություններին և կազմակերպություններին ցույց տվող իրավական օգնության կազմակերպման կարգը, ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինասների նախարարության և այլ շահագրգիռ մարմինների, կազմակերպությունների հետ համաձայնեցնելով, իրավական օգնության վարձատրման կարգը և փաստաբաններին վճարվող աշխատանքի պայմանները.
4.16. կազմակերպում է նոտարական գրասենյակի աշխատանքը, ստուգում է դրանց գործունեությունը և ցուցումներ է տալիս այն բարելավելու համար.
4.17. ստուգում է հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների աշխատանքը` ցույց տալով դրանց անհրաժեշտ օգնություն.
4.18. իրականացնում է իր իրավասությանը ենթակա հիմնարկների և կազմակերպությունների կադրերի ընտրությունն ու տեղաբաշխումը, ղեկավարում է շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարաններում, զինվորական տրիբունալում կադրերի հետ տարվող աշխատանքը, կազմակերպում է նրանց որակավորման բարձրացումը, գործունեություն է ծավալում կադրերին աշխատանքի նկատմամբ անհրաժեշտ վերաբերմունքի և պետական շահերն ու կարգապահությունը խստորեն պահպանելու ոգով դաստիարակելու ուղղությամբ.
4.19. կազմակերպում է շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների և պետական նոտարական գրասենյակների պլանային-ֆինանսական աշխատանքը, կազմում է դրանց պահպանման ծախսերի պլանների նախագծերը.
4.20. հաստատում է հանրապետության շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների և պետական նոտարական գրասենյակների կառուցվածքը և հաստիքացուցակը այն աշխատողների թվաքանակի և աշխատավարձի ֆոնդի սահմաններում, որոնք տրամադրվում են ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության կողմից սահմանված կարգով.
4.21. կազմակերպում և վերահսկում է վիճակագրական ու հաշվապահական հաշվառման և հաշվետվության դրվածքն իր իրավասությանը ենթակա կազմակերպություններում.
4.22. իրագործում է վերահսկողության-վերստուգման աշխատանքը` գերատեսչական վերահսկողության մասին գործող օրենսդրությանը համապատասխան.
4.23. ապահովում է սահմանված կարգով շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների և նոտարական գրասենյակների նյութատեխնիկական մատակարարումը, վերահսկողություն է իրականացնում դրանց հատկացված ֆոնդերի իրացման և ըստ նշանակության նպատակային օգտագործման նկատմամբ.
4.24. միջոցներ է ձեռնարկում շրջանային (քաղաքային) ժողդատարանների և պետական նոտարական գրասենյակների աշխատանքի պայմանների բարելավման ուղղությամբ.
4.25. կազմակերպում է քաղաքացիների առաջարկություններին և գանգատներին ժամանակին և ուշադիր ընթացք տալը` հասնելով դրանցում առաջ քաշված` արդարադատության պետվարչության իրավասությանը վերաբերող հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում շրջանային (քաղաքային) ժողդատարանների, զինվորական տրիբունալի և իր իրավասությանը ենթակա հիմնարկների և կազմակերպությունների մեջ եղած այն թերությունները վերացնելու համար, որոնց մասին հաղորդվում է, ինչպես նաև վերահսկողություն է սահմանում դիմումները, առաջարկությունները քննարկելու նկատմամբ.
4.26. մասնակցում է հանրապետությունում իրավաբանական կադրերի պատրաստման պետական պլանների նախագծերի մշակմանը, իրավաբանական ուսումնական հաստատություններն ավարտած երիտասարդ մասնագետների տեղաբաշխմանը.
4.27. մասնակցում է ԼՂՀ պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետի (իրավագիտության բաժին), ինչպես նաև հանրապետության այլ միջնակարգ-մասնագիտական հաստատությունների և միջնակարգ դպրոցների ուսումնական պլանների և իրավական գիտության զարգացման ծրագրերի մշակմանը.
4.28. մասնակցում է օրենսգրքերի, նորմատիվ ակտերի ժողովածուների իրավական գիտահանրամատչելի և այլ գրականության հրատարակմանը, միջոցներ է ձեռնարկում, որ դատարանները և իրավասության ենթակա կազմակերպություններն ու հիմնարկներն ապահովվեն օրենսդրական նյութերով.
4.29. կազմակերպում է օրենսդրության և դատական փորձաքննությունների կատարելագործման բնագավառի գիտական հետազոտություններ.
4.30. իրավունք ունի անհրաժեշտության դեպքում ԼՂՀ նախարարություններից, պետական վարչություններից և գերատեսչություններից, ինչպես նաև գիտահետազոտական հիմնարկներից և ուսումնական հաստատություններից եզրակացություններ ստանալ պետվարչության կողմից մշակվող օրենսդրական ակտերի, ԼՂՀ կառավարության որոշումների, կարգադրությունների նախագծերի և այլ փաստաթղթերի մասին, ինչպես նաև, համապատասխան նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, հիմնարկների և կազմակերպությունների հետ համաձայնեցնելով, օրենսդրության կատարելագործման աշխատանքներում ներգրավել նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, գիտահետազոտական հիմնարկների և ուսումնական հաստատությունների մասնագետներին.
4.31. ստուգում է հասարակական-քաղաքական, հասարակական միավորումների, կազմակերպությունների ստեղծման հիմնավորվածությունը, գրանցում դրանց կանոնադրությունը:
5. ԼՂՀ արդարադատության պետվարչությունն իր գործունեությունն օրինականության և օրինակարգի ամրապնդման գործում իրականացնում է ԼՂՀ Գերագույն դատարանի, դատախազության մարմինների, ներքին գործերի և հանրապետության այլ պետական մարմինների, ինչպես նաև այն հասարակական-քաղաքական, հասարակական կազմակերպությունների հետ, որոնք պայքարում են իրավախախտումների դեմ:
ԼՂՀ արդարադատության պետվարչության կառուցվածքը
6. ԼՂՀ արդարադատության պետվարչությունը գլխավորում է պետվարչության պետը, որը նշանակվում և ազատվում է պաշտոնից ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Արդարադատության պետվարչության պետն ունի տեղակալ, որը նշանակվում է ԼՂՀ կառավարության կողմից:
Արդարադատության պետվարչությունում կարող են ստեղծվել բաժիններ և ծառայություններ: Տեղակալի և բաժինների պետերի միջև պարտականությունները բաշխում է ԼՂՀ արդարադատության պետվարչության պետը:
7. Արդարադատության պետվարչությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են պետվարչության պետը (նախագահ), իր տեղակալը և բաժինների պետերը (ղեկավար աշխատողներ), ինչպես նաև` պետվարչության իրավասության տակ գտնվող կազմակերպությունների ղեկավար աշխատողներ:
Արդարադատության պետվարչության կոլեգիայի կազմը հաստատում է ԼՂՀ կառավարությունը: Արդարադատության պետվարչության կոլեգիայի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան` ամիսը մեկ անգամ:
8. Արդարադատության պետվարչության պետն անձնական պատասխանատվություն է կրում պետվարչության վրա դրված խնդիրների կատարման համար:
9. ԼՂՀ արդարադատության պետվարչության պետը`
9.1. ղեկավարում է պետվարչության և դրա իրավասությանը ենթակա հիմնարկների և կազմակերպությունների գործունեությունը, ինչպես նաև` հանրապետության շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների և զինվորական տրիբունալի կազմակերպման գործը:
9.2. ԼՂՀ խորհրդարան է ներկայացնում միջնորդություններ հանրապետության յուրաքանչյուր շրջանային (քաղաքային) ժողդատարանի համար անհրաժեշտ ժողդատավորների քանակի մասին:
9.3. ԼՂՀ խորհրդարան է ներկայացնում միջնորդություններ` ընտրված ժողովրդական դատավորներից շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների նախագահներին հաստատելու մասին:
9.4. ԼՂՀ խորհրդարան է ներկայացնում միջնորդություն ժամանակավորապես բացակայվող ժողովրդական դատավորի պարտականությունները նույն ժողդատարանի ժողովրդական ատենակալներից մեկի վրա դնելու մասին.
9.5. իրավունք ունի ԼՂՀ Գերագույն դատարանի պլենումին ներկայացնել առաջարկություններ օրենսդրության կիրառման հարցերի առթիվ դատարանների ղեկավարիչ պարզաբանումներ տալու մասին.
9.6. պետվարչության իրավասության սահմաններում, գործող օրենքների, ԼՂՀ կառավարության որոշումների և կարգադրությունների հիման վրա արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է ցուցումներ, որոնք պարտադիր են քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների, փաստաբանների կոլեգիայի, դատական փորձագիտության, նոտարական հիմնարկների և պետվարչության իրավասությանը ենթակա այլ հիմնարկների և կազմակերպությունների համար, իսկ աշխատանքի կազմակերպման հարցերում` ԼՂՀ շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների և զինվորական տրիբունալի համար, ստուգում է այդ հրամանների, հրահանգների, ցուցումների կատարումը.
9.7. անհրաժեշտության դեպքում ԼՂՀ նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների ղեկավարների հետ միասին արձակում է համատեղ հրամաններ և հրահանգներ.
9.8. նշանակում և ազատում է պաշտոնից պետվարչության աշխատակազմի, շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների և պետվարչության իրավասությանը ենթակա հիմնարկների ու կազմակերպությունների աշխատողներին` սահմանված անվանացուցակին համապատասխան.
9.9. ԼՂՀ խորհրդարանի և կառավարության քննարկմանն է ներկայացնում համապատասխան ակտերի նախագծեր, որոնք վերաբերում են պետվարչության իրավասությանը:
9.10. շրջանային (քաղաքային) ժողդատարանների, պետվարչության իրավասությանը ենթակա հիմնարկների և կազմակերպությունների առավել աչքի ընկնող աշխատողներին սահմանված կարգով ներկայացնում է պարգևատրման, ինչպես նաև կիրառում է խրախուսման այլ ձևեր, որոնք նախատեսված են աշխատանքային օրենսդրությամբ.
9.11. ԼՂՀ խորհրդարան է ներկայացնում միջնորդություն դասային կարգեր շնորհելու մասին, ինչպես նաև ինքն է դասային կարգեր շնորհում արդարադատության պետվարչության և նոտարական գրասենյակների աշխատողներին` այն կարգով, որը նախատեսված է դասային կարգեր շնորհելու մասին գործող կանոնակարգով.
9.12. հարուցում է կարգապահական գործեր շրջանային (քաղաքային) ժողդատարանների ժողդատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին, ինչպես նաև աշխատանքային օրենսդրությանը համապատասխան լուծում է պետվարչության աշխատակազմի (ապարատի) և պետվարչությանը ենթակա հիմնարկների ու կազմակերպությունների աշխատողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերը:
10. ԼՂՀ արդարադատության պետվարչությունը իր աշխատանքի համար հաշվետու է ԼՂՀ նախագահի, խորհրդարանի և կառավարության առջև:
11. ԼՂՀ արդարադատության պետվարչության գործունեությունն իրականացվում է միանձնյա և կոլեգիալ ղեկավարության զուգակցման հիմքի վրա:
12. ԼՂՀ արդարադատության պետվարչության կոլեգիան կանոնավորապես անցկացվող իր նիստերում քննության է առնում պետվարչության գործունեության հիմնական հարցերը, լսում է տեղական ղեկավար մարմինների իրավաբանական ծառայության ղեկավարների, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների, նոտարիատի, փաստաբանների կոլեգիայի և պետվարչության ենթակա հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների զեկուցումները, շրջանային (քաղաքային) ժողդատարանների և զինվորական տրիբունալի նախագահների աշխատանքի կազմակերպման հարցերի վերաբերյալ զեկուցումները, կատարման ստուգման, կադրերի ընտրության հարցերը, քննարկում է կարևորագույն օրենսդրական ակտերի և ԼՂՀ կառավարության որոշումների, կարգադրությունների վերաբերյալ պետվարչության կողմից մշակվող նախագծերը, նորմատիվ ակտերի նախագծերի վերաբերյալ եզրակացությունները, օրենսդրական համակարգման հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը:
Կոլեգիայի որոշումները կենսագործվում են պետվարչության պետի հրամաններով: Պետվարչության պետի և կոլեգիայի միջև տարաձայնություններ ծագելու դեպքում պետը կենսագործում է իր որոշումը` ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով ԼՂՀ կառավարությանը, իսկ կոլեգիայի անդամները իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հաղորդել ԼՂՀ կառավարությանը` միաժամանակ կատարելով ընդունած որոշումը:
Անհրաժեշտության դեպքում անց են կացվում պետվարչության աշխատողների գործնական խորհրդակցություններ, որտեղ քննարկվում են պետվարչության աշխատանքի կազմակերպման և դրա իրավասությանը վերաբերող այլ հարցեր:
13. Բնակչության շրջանում իրավական գիտելիքների քարոզչության ուղղությամբ պետական մարմինների և հասարակական-քաղաքական, հասարակական կազմակերպությունների գործունեության մեթոդական ղեկավարման և համակարգման հարցերը մշակելու նպատակով ԼՂՀ արդարադատության պետվարչությանն առընթեր ստեղծվում է համակարգող մեթոդական խորհուրդ համապատասխան նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Համակարգող-մեթոդական խորհրդի կազմը և կանոնակարգը հաստատվում են ԼՂՀ արդարադատության պետվարչության կողմից:
14. ԼՂՀ արդարադատության պետվարչության աշխատակազմի (ապարատի) կառուցվածքը և աշխատողների թվաքանակը հաստատվում են ԼՂՀ կառավարության կողմից:
Արդարադատության պետվարչության աշխատակազմի (ապարատի) և պետվարչության իրավասությանը ենթակա հիմնարկների և կազմակերպությունների հաստիքացուցակը, ինչպես նաև պետվարչության բաժինների ու ծառայությունների կանոնադրությունները հաստատվում են ԼՂՀ արդարադատության պետվարչության կողմից:
15. ԼՂՀ արդարադատության պետվարչությունը բյուջետային մարմին է, ֆինանսավորվում է ԼՂՀ բյուջեից:
16. ԼՂՀ արդարադատության պետվարչությունն իրավաբանական անձ է, ունի ԼՂՀ պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք: