Համարը 
Հ0-113
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
18.10.2000
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
10.11.2000
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
10.11.2000
Ուժը կորցնելու ամսաթիվը 
08.02.2007

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 

Հոդված 1.

Օրենքի նպատակը

 

Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հեռահաղորդակցության բնագավառում գործունեության իրականացման իրավական հիմքերը, դրա մասնակիցների իրավասությունը և պատասխանատվությունը, ինչպես նաև հեռահաղորդակցության ծառայություններից օգտվողների իրավունքների պաշտպանության նորմերը:

 

Հոդված 2.

Հեռահաղորդակցության բնագավառում հարաբերությունների իրավական կարգավորումը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հեռահաղորդակցության բնագավառում հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով:

Հեռուստատեսության ու ռադիոյի բնագավառում հարաբերությունները կարգավորվում են առանձին օրենքով:

Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

ԳԼՈՒԽ 2

 

ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

 

Հոդված 3.

Հեռահաղորդակցությունը և դրա օբյեկտները

 

Հեռահաղորդակցությունը ձայնի, նշանի (նիշի), ազդանշանի, գրավոր տեքստի, պատկերի հաղորդումը և ընդունումն է լարային, մալուխային, օպտիկական, մագնիսական, ռադիո և այլ էլեկտրամագնիսական համակարգերով:

Հեռահաղորդակցության ցանցը տեխնիկական միջոցների համակարգ է, որով իրականացվում է հեռահաղորդակցությունը:

Հեռահաղորդակցության տեխնիկական միջոցները հեռահաղորդակցության հաղորդումների ընդունման, մշակման և հաղորդման համար օգտագործվող մեքենաներն ու սարքավորումներն են:

Վերջնակետային սարքավորումները հեռահաղորդակցության տեխնիկական միջոցներն են, որոնք տեղադրված են հեռահաղորդակցության ծառայությունից օգտվողի տարածքում:

Հեռահաղորդակցության արբանյակը հեռահաղորդակցության ծառայություն մատուցելու նպատակով Երկրի ուղեծրում գտնվող հեռահաղորդակցության տեխնիկական միջոցն է:

 

Հոդված 4.

Հեռահաղորդակցության բնագավառում գործունեության մասնակիցները

 

Հեռահաղորդակցության բնագավառում գործունեության մասնակիցներն են (այսուհետ՝ հեռահաղորդակցության մասնակիցներ)՝

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը (այսուհետ՝ լիազորված մարմին), որը կարգավորում է հեռահաղորդակցության բնագավառում իրականացվող գործունեությունը.

բ) հեռահաղորդակցության բնագավառում ծառայություններ մատուցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա ֆիզիկական ու իրավաբանական անձինք (այսուհետ՝ հեռահաղորդակցության օպերատորներ).

գ) հեռահաղորդակցության ծառայություններից օգտվողները:

 

Հոդված 5.

Հանրային համակցված և այլ հանրային հեռահաղորդակցության ցանցերը

 

Հանրային համակցված հեռահաղորդակցության ցանցը փոխանցման ու համակցման տարբեր միջոցների փոխկապակցված և միասնական համակարգ կազմող հեռահաղորդակցության ցանց է, որն ընդգրկում է նախկին պետական հեռահաղորդակցության ցանցերը և օգտագործվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչությանը հիմնական հեռախոսային և հեռահաղորդակցության այլ ծառայություններ մատուցելու համար:

Հանրային համակցված հեռահաղորդակցության ցանցը գործում է հեռահաղորդակցության ցանցերի և տեխնիկական միջոցների տեխնոլոգիական միասնության հիման վրա՝ ելնելով դրանց համալիր օգտագործման ու համակարգի կատարելագործման և գործունեության կայունության ապահովման գործոնից:

Այլ հանրային հեռահաղորդակցության ցանցը տեխնիկական միջոցների համալիր է, որը կարող է հեռահաղորդակցության ծառայություններ մատուցել ինչպես ինքնուրույն, այնպես էլ հանրային համակցված հեռահաղորդակցության ցանցին լծորդման միջոցով: Այլ հանրային հեռահաղորդակցության ցանցերը ստեղծվում և շահագործվում են սույն օրենքի 17 հոդվածի համաձայն տրված լիցենզիաների հիման վրա:

Հանրային համակցված հեռահաղորդակցության ցանցին այլ հանրային հեռահաղորդակցության ցանցերի լծորդումը կատարվում է պայմանագրային հիմունքներով՝ պահպանելով լծորդման տեխնիկական պայմանները:

Հանրային համակցված և այլ հանրային հեռահաղորդակցության ցանցերը չեն ներառում գերատեսչական և ներարտադրական հեռահաղորդակցության ցանցերը:

 

Հոդված 6.

Գերատեսչական և ներարտադրական հեռահաղորդակցության ցանցերը

 

Գերատեսչական հեռահաղորդակցության ցանցը պետական մարմինների գործունեության ապահովման համար ստեղծված հեռահաղորդակցության ցանց է, որը ելք ունի դեպի հանրային համակցված հեռահաղորդակցության ցանց: Գերատեսչական հեռահաղորդակցության ցանցերը ստեղծում, տնօրինում և շահագործում են պետական մարմինները: Հանրային համակցված հեռահաղորդակցության ցանցի հետ գերատեսչական հեռահաղորդակցության ցանցերի լծորդումը կատարվում է պայմանագրային հիմունքներով՝ ապահովելով լծորդման տեխնիկական պայմանները:

Ներարտադրական հեռահաղորդակցության ցանցը ձեռնարկությունների և կազմակերպությունների ներարտադրական գործունեության և տեխնոլոգիական գործընթացների կառավարման համար ստեղծված համակարգ է: Ներարտադրական հեռահաղորդակցության ցանցերը ստեղծում և տնօրինում են ձեռնարկությունները և կազմակերպությունները:

Գերատեսչական և ներարտադրական հեռահաղորդակցության ցանցերը հեռահաղորդակցության ծառայություններ չեն կարող մատուցել:

 

Հոդված 7.

Պետական կառավարման և ազգային անվտանգության հեռահաղորդակցության ցանցերը

 

Պետական կառավարման և ազգային անվտանգության հեռահաղորդակցության ցանցերը հատուկ տիպի գերատեսչական ցանցեր են, որոնք տնօրինվում և շահագործվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Պետական կառավարման և ազգային անվտանգության ապահովման նպատակով հանրային համակցված հեռահաղորդակցության ցանցից հեռահաղորդակցության գծերի և կապուղիների տրամադրումն իրականացվում է առաջնահերթ կարգով, վարձակալական հիմունքներով՝ համապատասխան պայմանագրի հիման վրա:

Հեռահաղորդակցության օպերատորները (անկախ սեփականության ձևից) պետական կառավարման, ազգային անվտանգության, պաշտպանության և հասարակական կարգի պահպանության համար հեռահաղորդակցության գծերը և կապուղիները տրամադրում են համապատասխան պայմանագրերի հիման վրա, իսկ դրանց վնասվելու դեպքում իրականացնում են վերանորոգումը առաջնահերթ կարգով:

Ազգային անվտանգության ապահովման և հասարակական կարգի պահպանության նպատակով օպերատիվ գործողություններ իրականացնելու համար հեռահաղորդակցության ցանցերից և տեխնիկական միջոցներից օգտվելու կարգը սահմանվում է օրենքով:

 

Հոդված 8.

Հեռահաղորդակցության բնագավառում լեզուների և աղբյուրների օգտագործումը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հեռահաղորդակցության օպերատորների կողմից ընդունվող և հաղորդվող գրավոր հաղորդակցությունների հասցեները ձևակերպվում են հայերենով, իսկ տեքստը, տեխնիկական հնարավորության դեպքում, ցանկացած լեզվով և այբուբենի տառերով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս ուղարկվող հաղորդագրությունները, տեխնիկական հնարավորությունների դեպքում, ձևակերպվում են ցանկացած լեզվով և այբուբենի տառերով:

 

Հոդված 9.

Հաշվառման ժամանակը հեռահաղորդակցության բնագավառում

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հեռահաղորդակցության բնագավառում տեխնոլոգիական գործունեություն իրականացնելիս որպես հաշվառման ժամանակ ընդունվում է տեղականը:

Միջազգային հեռահաղորդակցության հաշվառման ժամանակը սահմանվում է համաշխարհային համակարգված ժամանակով, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան չի նախատեսվում:

 

ԳԼՈՒԽ 3

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

 

Հոդված 10.

Հեռահաղորդակցության բնագավառում գործունեության սկզբունքները

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հեռահաղորդակցության բնագավառում գործունեությունն իրականացվում է հետևյալ սկզբունքներով՝

ա) հեռահաղորդակցության ծառայություններից օգտվողների իրավունքների հավասարություն.

բ) հեռահաղորդակցության ցանցերով և տեխնիկական միջոցներով հաղորդումների փոխանցման ազատության և գաղտնիության ապահովում.

գ) հեռահաղորդակցության ցանցերի և տեխնիկական միջոցների, ռադիոհաճախության տիրույթի և հեռահաղորդակցության արբանյակների ուղեծրային դիրքերի պետական պաշտպանություն:

 

Հոդված 11.

Հեռահաղորդակցության ցանցերի և տեխնիկական միջոցների սեփականությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հեռահաղորդակցության ցանցերը և տեխնիկական միջոցները սեփականության իրավունքով պատկանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ հեռահաղորդակցության ցանցերը և տեխնիկական միջոցները սեփականության իրավունքով կարող են պատկանել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և (կամ) օտարերկրյա իրավաբանական կամ ֆիզիկական անձանց:

 

Հոդված 12.

Հեռահաղորդակցության տեխնիկական միջոցների սերտիֆիկացումը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանրային համակցված, այլ հանրային և գերատեսչական հեռահաղորդակցության ցանցերում օգտագործվող հեռահաղորդակցության տեխնիկական միջոցները, այդ թվում՝ վերջնակետային սարքավորումները, ենթակա են պարտադիր սերտիֆիկացման:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հեռահաղորդակցության տեխնիկական միջոցների սերտիֆիկացումն իրականացվում է օրենքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:

Հեռահաղորդակցության տեխնիկական միջոցների սերտիֆիկացումը չի կարող անհիմն մերժվել:

 

Հոդված 13.

Ռադիոհաճախության տիրույթի և հեռահաղորդակցության արբանյակների ուղեծրային դիրքերի օգտագործումը

 

Հեռահաղորդակցության ծառայությունների համար հատկացված ռադիոհաճախության տիրույթի բաշխման և հեռահաղորդակցության արբանյակների ուղեծրային դիրքերի օգտագործման կարգավորումը, ինչպես նաև օգտագործման կարգի և պայմանների հաստատումը պետության բացառիկ իրավունքն է, որն իրականացնում է լիազորված մարմինը՝ սույն օրենքի 22 հոդվածի «է» կետի համաձայն:

Ռադիոէլեկտրոնային միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիությունը և խանգարումներից պաշտպանությունն ապահովելու նպատակով ռադիոհաճախության տիրույթի առանձնացման, ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախության սարքավորումների ձեռքբերման, ներմուծման և շահագործման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դրանց արտադրության դեպքում՝ մշակման, նախագծման և արտադրության պայմանները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Հեռահաղորդակցության միջոցները, որոնք էլեկտրամագնիսական ճառագայթման աղբյուր են, ենթակա են գրանցման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Պետական կառավարման և ազգային անվտանգության ապահովման նպատակով ռադիոհաճախությունները հատկացվում և փոփոխվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 14.

Հեռահաղորդակցության ցանցերի գործունեությունն արտակարգ իրավիճակներում

 

Արտակարգ իրավիճակներում հեռահաղորդակցության ցանցերից և տեխնիկական միջոցներից օգտվելու, ինչպես նաև դրանց գործունեությունը կասեցնելու իրավունքը վերապահվում է լիազորված մարմնին:

Արտակարգ իրավիճակներում հեռահաղորդակցության ցանցերի և տեխնիկական միջոցների օգտագործման հետևանքով պատճառված վնասը հատուցվում է պետական բյուջեից:

 

Հոդված 15.

Հեռահաղորդակցության ցանցերում վթարների հետևանքների վերացումը

 

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն օժանդակում են հեռահաղորդակցության օպերատորներին հեռահաղորդակցության ցանցերում խոշոր վթարների հետևանքների վերացման գործում:

Հեռահաղորդակցության ցանցերում վթարների հետևանքների վերացման աշխատանքները, որոնք ենթակա են իրականացման սեփականատիրոջ հողատարածքում, կատարվում են ըստ հեռահաղորդակցության օպերատորի նախագծի՝ համաձայնեցնելով սեփականատիրոջ հետ: Անհամաձայնության դեպքում այդ աշխատանքները կատարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հեռահաղորդակցության ցանցում վթարի հետևանքների վերացման աշխատանքները ներառում են դրա հետևանքով վնասված տեխնիկական միջոցների վերականգնումը, անհրաժեշտ բնապահպանական միջոցառումների անցկացումը, ինչպես նաև այլ անձանց պատկանող գույքի վերականգնումը կամ համարժեք փոխհատուցումը՝ աշխատանքները սկսելուց մեկ ամսվա ընթացքում, եթե այդ գույքը գտնվում է հեռահաղորդակցության գծերի և տեխնիկական միջոցների համար սահմանված պաշտպանական գոտու սահմաններից դուրս:

 

Հոդված 16.

Հեռահաղորդակցության ծառայությունների սակագները

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների սակագները հաստատում է լիազորված մարմինը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, և ամրագրվում են հեռահաղորդակցության բնագավառում գործունեության իրականացման լիցենզիայում: Սակագները սահմանվում են՝ ելնելով հեռահաղորդակցության ցանցերի շահագործման, սպասարկման, վերազինման և զարգացման հետ կապված ծախսերի ծածկման, կապիտալ ներդրումների հատուցման, շահութաբերության ապահովման, ինչպես նաև տնտեսավարման շուկայական այլ պահանջներից, որոնք ամրագրվում են հեռահաղորդակցության բնագավառում գործունեության իրականացման լիցենզիայում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս հեռահաղորդակցության ելքային ծառայությունների սակագները սահմանում են հեռահաղորդակցության օպերատորները:

Հեռահաղորդակցության օպերատիվ և արտակարգ ծառայությունների դիմաց վճար չի գանձվում: Այդ ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը: Չգանձվող վճարը հաշվարկվում է հեռահաղորդակցության այլ ծառայությունների սակագներում:

 

ԳԼՈՒԽ 4

 

ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

 

 

Հոդված 17.

Լիցենզավորման առարկան, նպատակը և պայմանները

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հեռահաղորդակցության բնագավառում գործունեությունը, բացառությամբ պետական կառավարման, ազգային անվտանգության, գերատեսչական և ներարտադրական հեռահաղորդակցության ցանցերի, ենթակա է լիցենզավորման: Լիցենզավորումն իրականացվում է հեռահաղորդակցության ծառայությունների մատուցման կարգավորման և վերահսկողության նպատակով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հեռահաղորդակցության բնագավառում գործունեության իրականացման լիցենզիան (այսուհետ՝ լիցենզիա) տալիս է լիազորված մարմինը: Լիցենզիայով չեն կարող նախատեսվել բացառիկ իրավունքներ :

Լիցենզիան այլ անձանց փոխանցելը՝ առանց լիազորված մարմնի թույլտվության, արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ փոխանցումն իրականացվում է լիցենզիայի պայմանների համաձայն:

Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով:

 

Հոդված 18.

Լիցենզիա տալու կամ մերժելու պայմանները

 

Լիցենզիա տալու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

ա) դիմում՝ լիազորված մարմնի հաստատած ձևով.

բ) դիմողի կողմից առաջարկվող հեռահաղորդակցության գործունեության իրականացման նախագիծ, որը պետք է ներառի տեղեկություններ տեխնիկական միջոցների ցանկի և դրանց բնութագրող նյութերի ձեռքբերման աղբյուրների և ֆինանսատնտեսական հնարավորությունների, աշխատող անձնակազմի որակավորման մասին:

Նշված փաստաթղթերի նկատմամբ պահանջները սահմանում և հրապարակում է լիազորված մարմինը:

Լիցենզիա տալու կամ մերժելու մասին որոշումն ընդունվում է անհրաժեշտ փաստաթղթերի ստացման պահից 15 օրվա ընթացքում:

Լիցենզիա տալու մասին որոշման ընդունումից հետո հնգօրյա ժամկետում դիմողին տրվում է լիցենզիա, իսկ մերժման դեպքում՝ նույն ժամկետում՝ մերժման մասին որոշման կրկնօրինակը: Այդ ժամկետում որոշում չընդունելու դեպքում լիցենզիան համարվում է տրված, եթե դա չի հակասում սույն օրենքի պահանջներին:

Լիցենզիայի մերժման մասին որոշման մեջ նշվում են մերժման հիմքերը: Լիցենզիայի մերժման հիմքերն են՝

ա) ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունը սույն օրենքի և լիազորված մարմնի սահմանած պահանջներին.

բ) թերի կամ ակնհայտ սխալ տեղեկություններ ներկայացնելը.

գ) դիմողի կողմից առաջարկվող հեռահաղորդակցության գործունեության անհամապատասխանությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող ստանդարտներին և նորմերին.

դ) դիմողի կողմից առաջարկվող հեռահաղորդակցության գործունեության տեսակի իրականացման տեխնիկական հնարավորության բացակայությունը.

ե) գործող լիցենզիաների պայմաններին հակասելը.

զ) օրենքով նախատեսված այլ դեպքեր:

Այլ պատճառներով լիցենզիայի չտրամադրումը, այդ թվում՝ աննպատակահարմարության պատճառաբանությամբ, չի թույլատրվում:

 

Հոդված 19.

Լիցենզիայի գործողության կասեցումը և դադարեցումը

 

Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել լիցենզիայով սահմանված կարգով:

Լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել՝

ա) լիցենզիայում նախատեսված պայմանների համաձայն.

բ) հեռահաղորդակցության օպերատորի դիմումի համաձայն՝ լիցենզիայով սահմանված կարգով.

գ) օրենքով սահմանված կարգով հեռահաղորդակցության օպերատորի լուծարման դեպքում.

դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության (եթե լիցենզիան հեռահաղորդակցության օպերատորի համար սահմանում է բացառիկ իրավունքներ) կամ լիազորված մարմնի կողմից, եթե կոպտորեն խախտվել են լիցենզիայում ամրագրված այն դրույթները, որոնք առաջացնում են դադարեցման հիմքեր:

 

ԳԼՈՒԽ 5

 

ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 

Հոդված 20.

Հեռահաղորդակցության օպերատորի իրավունքները և պարտականությունները

 

Հեռահաղորդակցության օպերատորի իրավունքները սահմանվում են օրենքով և համապատասխան լիցենզիայով:

Հեռահաղորդակցության օպերատորները պարտավոր են ապահովել՝

ա) սույն օրենքի պահանջների կատարումը.

բ) հեռահաղորդակցության ծառայություններից օգտվողների հեռախոսային խոսակցությունների և այլ հաղորդումների գաղտնիությունը.

գ) հեռահաղորդակցության ցանցերի և տեխնիկական միջոցների համապատասխանությունը սերտիֆիկացման պահանջներին.

դ) պայմանագրային պարտավորությունների, ստանդարտների և հեռահաղորդակցության բնագավառում գործունեության իրականացման լիցենզիայի պայմանների կատարումը.

ե) մարդու կյանքի և ազգային անվտանգության, խոշոր վթարների, տեխնոլոգիական աղետների, համաճարակների, անասնահամաճարակների և տարերային աղետների վերաբերյալ հաղորդագրությունների (տեղեկատվության) հաղորդման առաջնահերթությունը.

զ) հեռահաղորդակցության ծառայություններից օգտվողների հետ կնքված պայմանագրի պայմանների կատարումը:

Հեռահաղորդակցության ծառայություններից օգտվողների կողմից պայմանագրի խախտման դեպքում հեռահաղորդակցության օպերատորն իրավունք ունի դադարեցնել հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը, բացառությամբ սույն հոդվածի «ե» կետով նախատեսված դեպքերի:

 

Հոդված 21.

Հեռահաղորդակցության ծառայություններից օգտվողների իրավունքները և պարտականությունները

 

Հեռահաղորդակցության ծառայություններից օգտվողներն ունեն՝

ա) հեռահաղորդակցության ծառայություններից օգտվելու հավասար իրավունք.

բ) հեռահաղորդակցության ծառայությունների դիմաց հաշվարկված վարձի մասին տեղեկանք ստանալու իրավունք.

գ) հեռախոսային խոսակցությունների և այլ հաղորդումների գաղտնիության իրավունք:

Հեռահաղորդակցության ծառայություններից օգտվողները պարտավոր են պահպանել սույն օրենքի պահանջները, ինչպես նաև հեռահաղորդակցության օպերատորի հետ կնքված պայմանագրի պայմանները:

 

ԳԼՈՒԽ 6

 

ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

 

Հոդված 22.

Հեռահաղորդակցության բնագավառում պետական կառավարումը և կարգավորումը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հեռահաղորդակցության բնագավառում պետական կառավարումը և կարգավորումն իրականացնում է լիազորված մարմինը:

Լիազորված մարմինը՝

ա) իրականացնում է հեռահաղորդակցության բնագավառում պետական քաղաքականություն.

բ) իրականացնում է հեռահաղորդակցության բնագավառում գործունեության լիցենզավորում և սահմանում է դրա նկատմամբ անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման և ներկայացման պահանջները.

գ) սահմանում է հեռահաղորդակցության կաննոնները, հեռահաղորդակցության ցանցերի և տեխնիկական միջոցների, տվյալ բնագավառի կառույցների, ինչպես նաև ռադիոհաճախության տիրույթի պաշտպանության ու պահպանման նորմերը և դրանց կիրառման կարգը.

դ) սահմանում է հանրային համակցված հեռահաղորդակցության ցանցին այլ ցանցերի լծորդման տեխնիկական պայմանները.

ե) համակարգում է գործող հեռահաղորդակցության ցանցերի գործունեությունն արտակարգ իրավիճակներում.

զ) իրականացնում է սույն օրենքի, գործող լիցենզիաների և հեռահաղորդակցության բնագավառի նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման, ինչպես նաև հեռահաղորդակցության կանոնների և նորմերի պահպանման պետական վերահսկողություն.

է) իրականացնում է հեռահաղորդակցության ծառայությունների համար հատկացված ռադիոհաճախության տիրույթի բաշխումը.

ը) կարգավորում է հեռահաղորդակցության արբանյակների ուղեծրային դիրքի օգտագործման պայմանները.

թ) ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերը հեռահաղորդակցության միջազգային կազմակերպություններում.

ժ) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

ԳԼՈՒԽ 7

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

 

Հոդված 23.

Պատասխանատվությունը հեռահաղորդակցության բնագավառում

 

Սույն օրենքի դրույթները խախտող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 8

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 

Հոդված 24.

Անցումային դրույթներ

 

Օրենքն ուժի մեջ մտնելուց 15 օրվա ընթացքում մինչև սույն օրենքի ընդունումը տրված լիցենզիաները համապատասխանեցվում են սույն օրենքին:

 

ԳԼՈՒԽ 9

 

ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

 

Հոդված 25.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

10 նոյեմբերի 2000թ.

ք. Ստեփանակերտ

Հ0-113