ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունված է 2003 թվականի
հունիսի 18-ին
Հոդված 1. 2003 թվականի օգոստոսի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ողջ տարածքում կիրարկման մեջ դնել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը, բացառությամբ այն դրույթների, որոնց համար սույն օրենքով սահմանված են կիրարկման մեջ դնելու այլ ժամկետներ և կարգ, այն վերանվանելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգիրք» (այսուհետ` օրենսգիրք):
Հոդված 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կիրարկման մեջ դրված 1961 թվականի մարտի 7-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի գործողությունը դադարեցնել` օրենսգրքի կիրարկման պահից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող այլ օրենքներն ու նորմատիվ իրավական ակտերը ենթակա են համապատասխանեցման օրենսգրքին:
Հոդված 3. 2003 թվականի օգոստոսի 1-ից հիմնական կամ լրացուցիչ պատժից ազատել 1961 թվականի մարտի 7-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ն այն արարքների համար դատապարտված անձանց, որոնք, օրենսգրքի համաձայն, հանցագործություններ չեն համարվում:
1961 թվականի մարտի 7-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին համապատասխան դատապարտված և պատիժ չկրած անձանց նկատմամբ կիրառվող պատժի չափերը համապատասխանեցնել օրենսգրքին այն դեպքերում, երբ դատապարտյալի նկատմամբ նշանակված պատիժն ավելի խիստ է օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի առավելագույն չափից:
Եթե օրենգիրքն այլ կերպ բարելավում է հանցանք կատարած, այդ թվում՝ պատիժ կրող կամ պատիժ կրած, սակայն դատվածություն ունեցող անձանց վիճակը, դատարանների դատավճիռները և քրեաիրավական ներգործության այլ միջոցներ կիրառելու վերաբերյալ դատական ակտերը ենթակա են վերանայման՝ դատավճիռը կայացրած դատարանի կամ դատապարտյալի կողմից պատիժը կրելու վայրի դատարանի կողմից:
Մահապատժի վերացման վերաբերյալ օրենսգրքի դրույթները չեն տարածվում այն անձանց վրա, ովքեր մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կատարել են ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն, տեռորիստական ակտ, մանկահասակ աղջկա բռնաբարություն:
Պատժից ազատելը, պատիժը մեղմացնելը, հանցանք կատարած անձանց վիճակը բարելավելը, սույն հոդվածի առաջին, երկրորդ և երրորդ մասերով նախատեսված դեպքերում իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 437-րդ և 438-րդ հոդվածներով նախատեսված կարգով:
Դատվածություն չունեցող համարել սույն հոդվածի առաջին և երրորդ մասերին համապատասխան պատժից ազատվող անձանց, ինչպես նաև նախկինում պատիժ կրած կամ պայմանական վաղաժամկետ ազատված անձանց, եթե նրանք դատապարտված են եղել այնպիսի արարքների համար, որոնք օրենսգրքի համաձայն, հանցագործություն չեն համարվում:
2003 թվականի օգոստոսի 1-ից կարճել դատարանների, նախաքննության և հետաքննության մարմինների վարույթում գտնվող քրեական գործերը և դադարեցնել քրեական հետապնդումն այն արարքների վերաբերյալ, որոնք, օրենսգրքի համաձայն, հանցագործություն չեն համարվում, ինչպես նաև այն քրեական գործերը, որոնցով քրեական պատասխանատվության ենթարկելու՝ օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված վաղեմության ժամկետները լրացել են:
1961 թվականի մարտի 7-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելվածը՝ դատապարտյալի և նրա խնամքի տակ գտնվող անձանց համար անհրաժեշտ այն առարկաների ցուցակը, որոնք չեն կարող բռնագրավվել դատարանի դատավճռով, կիրառվում է մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությամբ նախատեսված նոր ցանկի հաստատումը՝ օրենսգրքի 55-րդ հոդվածին համապատասխան:
Հոդված 4. Կալանքի ձևով պատիժների վերաբերյալ օրենսգրքի դրույթները կիրարկման մեջ են դրվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեակատարողական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո:
Հոդված 5. 1961 թվականի մարտի 7-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով՝ պաշտոնանկության (21-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետ), պատճառված վնասը հարթելու պարտականություն դնելու (21-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետ), հասարակական պարսավանքի (21-րդ հոդվածի առաջին մասի 9-րդ կետ) ձևով պատիժների դատապարտված անձինք ազատվում են պատիժը կրելուց՝ դատավճիռը կայացրած դատարանի կողմից` դատվածությունը հանելով:
Հոդված 6. Մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ը 1961 թվականի մարտի 7-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածով մահապատժի դատապարտված անձանց նկատմամբ նշանակված պատիժը դատավճիռը կայացրած դատարանի կամ դատապարտյալի կողմից պատիժը կրելու վայրի դատարանի կողմից փոխարինվում է ցմահ ազատազրկմամբ, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքերի:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
7 հուլիսի 2003թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-54 |
|