Համարը 
ՀՕ-124
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
30.11.2000
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
05.01.2001
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.01.2001
Ուժը կորցնելու ամսաթիվը 
08.02.2002

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զինապարտության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 3 հոդվածի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Նախազորակոչիկների զինվորական հաշվառումը համարվում է կցագրում:

Կցագրումը կատարում են զինվորական կոմիսարիատների հանձնաժողովները յուրաքանչյուր տարվա հունվար-ապրիլ ամիսներին: Կցագրման ենթակա են արական սեռի այն քաղաքացիները, որոնց 16 տարին լրանում է կցագրման տարում»:

 

Հոդված 2. Օրենքի 20 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 20. Իսկական զինվորական ծառայությունից ազատվում է՝

1. հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացին՝ հանվելով զինվորական հաշվառումից.

2. այն քաղաքացին, ում հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը) զոհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության, զինված ուժերում ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ, և նա այդ ընտանիքի միակ արու զավակն է»:

 

Հոդված 3. Օրենքի 21 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 21. Իսկական զինվորական ծառայությունից հետաձգում տրամադրվում է այն զորակոչիկներին, ովքեր ունեն՝

1. կենսաթոշակային տարիքի ծնողներ.

2. հաշմանդամ հայր և մայր՝ անկախ տարիքից.

3. առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կին.

4. միայնակ աշխատունակ մայր մինչև 16 տարեկան երկու և ավելի երեխայի հետ, որը չունի իր հետ ապրող ուրիշ աշխատունակ երեխաներ.

5. առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ հարազատ եղբայր կամ քույր, եթե չկա նրանց խնամող անձ.

6. այն անձինք, որոնք գտնվում են ազատազրկման վայրերում:

Իսկական զինվորական ծառայությունից հետաձգումը կարող է տրամադրվել մինչև զորակոչիկի 27 տարեկան դառնալը: Եթե զորակոչիկները չեն կորցնում հետաձգման իրավունքը, ապա խաղաղ ժամանակ նրանք ազատվում են իսկական զինվորական ծառայությունից և հաշվվում են պահեստային:

 

Հոդված 4. Օրենքի 22 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 22. Իսկական զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար հետաձգում տրվում է՝

1. պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ստացիոնար ուսուցման ուսանողներին՝ մինչև առաջին կուրսն ավարտելը.

2. միջնակարգ հանրակրթական դպրոցի սովորողներին՝ մինչև ուսումն ավարտելը կամ նրանց 20 տարեկան դառնալը»:

 

Հոդված 5. Օրենքի 24 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 24. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի նպատակային ծրագրի շրջանակներում իսկական զինվորական ծառայությունից հետաձգում տրամադրել:

Զորակոչից հետաձգման ենթակա անձանց ցուցակը ներկայացնում է կառավարության լիազորած մարմինը՝ Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի հանձնաժողովի համաձայնությամբ»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

5 հունվարի 2001թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-124