Համարը 
ՀՕ-24-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.07.01/11(256)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
26.06.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.06.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.07.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 
07.09.2017

Ծանուցում
ՏԵ´Ս 21-ՐԴ ՀՈԴՎԱԾԸ:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԼՂՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2014 թվականի

հունիսի 26-ին

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 17-ի դատական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 48-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

«2.1) տեղեկություններ` մասնագիտական պատրաստման ընթացքում նրա առաջադիմության և դատարաններում փորձաշրջանի ընթացքի վերաբերյալ.»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 72-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Արդարադատության խորհրդի իրավաբան անդամի լիազորությունները դադարեցվելու դեպքերում Գերագույն դատարանի նախագահը մեկշաբաթյա ժամկետում դիմում է համապատասխանաբար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին կամ Ազգային ժողով՝ Արդարադատության խորհրդի նոր անդամ նշանակելու համար:»։

 

Հոդված 3. Օրենսգրքի 73-րդ հոդվածում՝

1) 2-րդ և 3-րդ մասերը «դեպքում» բառից հետո լրացնել «նոր անդամի նշանակմամբ» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-7-րդ մասեր.

«4. Գերագույն դատարանի նախագահը, համապատասխանաբար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրվան կամ նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրվան հաջորդող մեկշաբաթյա ժամկետում, դիմում է նշանակող մարմնին` Արդարադատության խորհրդի նոր անդամ նշանակելու համար։

5. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում Արդարադատության խորհրդի իրավաբան նոր անդամը նշանակվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետում։

6. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում Արդարադատության խորհրդի իրավաբան նոր անդամը նշանակվում է նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրվան հաջորդող հնգամսյա ժամկետում։

7. Մինչև համապատասխանաբար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի կողմից Արդարադատության խորհրդի իրավաբան նոր անդամների նշանակումը նախկին անդամները շարունակում են պաշտոնավարել։»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 74-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Արդարադատության խորհրդի դատավոր անդամը չի մասնակցում այն որոշումների կայացմանը, որոնք վերաբերում են`

1) Արդարադատության խորհրդի կողմից նրա կամ նրա մերձավոր ազգականի` որպես դատավորի լիազորությունները դադարեցնելուն, նրան կամ նրա մերձավոր ազգական հանդիսացող դատավորին կալանավորելուն, որպես մեղադրյալ ներգրավելու կամ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու համաձայնություն տալու մասին Հանրապետության Նախագահին եզրակացություն ներկայացնելուն.

2) նրան կամ նրա մերձավոր ազգական հանդիսացող դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելուն.

3) որպես դատարանի նախագահ, այլ դատարանի դատավոր առաջարկելու նպատակով իր կամ իր մերձավոր ազգականի թեկնածության քննարկմանը.

4) իր ամուսնուն կամ իր հետ արյունակցական՝ մինչև 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձանց դատավորի թեկնածուների կամ առաջխաղացման ցուցակում ներառելուն:».

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Արդարադատության խորհրդի իրավաբան անդամը չի մասնակցում այն որոշումների կայացմանը, որոնք վերաբերում են իրեն կամ իր մերձավոր ազգականին, իր ամուսնուն կամ իր հետ արյունակցական՝ մինչև 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձանց դատավորի թեկնածուների կամ առաջխաղացման ցուցակում ներառելուն, ինչպես նաև իրեն կամ իր մերձավոր ազգականին դատավոր նշանակելու վերաբերյալ առաջարկություն տալուն: Արդարադատության խորհրդի իրավաբան անդամը չի մասնակցում նաև իր մերձավոր ազգական հանդիսացող դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման կայացմանը:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 77-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Արդարադատության խորհրդի նիստերի ժամանակ նիստը վարողն իրավունք չունի կարգապահական վարույթին ըստ էության վերաբերող հարցեր տալու զեկուցողներին:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 85-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 85.

Որակավորման ստուգումը

 

1. Դատարանների նախագահների խորհուրդը մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը հաշվարկում է դատավորների թեկնածուների ցուցակի համալրման համար անհրաժեշտ տեղերի քանակը և դրա հիման վրա որոշում է կայացնում դատավորների թեկնածուների ցուցակի համալրման կամ դրա անհրաժեշտության բացակայության մասին:

2. Անհրաժեշտության դեպքում Դատարանների նախագահների խորհուրդը կարող է որոշում ընդունել դատավորների թեկնածուների ցուցակի արտահերթ համալրման մասին:

3. Դատավորների թեկնածուների ցուցակի արտահերթ կարգով համալրումը կատարվում է հերթական համալրման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով արտահերթ համալրման մասին որոշումը կայացնելուն հաջորդող գործողություններում՝ պահպանելով սույն օրենսգրքով հերթական համալրման համար նախատեսված ժամկետների համամասնությունը:

4. Դատական դեպարտամենտը ոչ ուշ, քան մինչև սեպտեմբերի 10-ը առնվազն 500 տպաքանակ ունեցող մամուլում և դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքում հրապարակում է հայտարարություն` դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին՝ նշելով դիմումների ընդունման ժամկետները, վայրը, որակավորման գրավոր քննության օրը, համալրման ենթակա տեղերի քանակը:

5. Որակավորման ստուգումը կատարվում է մրցութային կարգով` գրավոր քննությունների արդյունքներով:

6. Արդարադատության խորհուրդը ոչ ուշ, քան մինչև սեպտեմբերի 30-ը սահմանում և հրապարակում է որակավորման ստուգման գրավոր քննությունների ձևը, քննական հարցերի կառուցվածքի և բովանդակության նվազագույն պահանջները, քննությունների և Արդարադատության խորհրդում հարցազրույցի կազմակերպման և անցկացման կարգը, այդ թվում՝ քննական նյութերի բաշխման, քննության ընթացքի, իրավական կամ այլ փաստաթղթերից կամ տեխնիկական միջոցներից օգտվելու, քննական աշխատանքների ստուգման և միավորների հաշվարկման կարգը, որակավորման ստուգման գնահատման չափորոշիչները, գրավոր քննության արդյունքներով նվազագույն անցողիկ միավորը:

7. Քննական հարցերի մշակման համար Արդարադատության խորհուրդն ընտրում է համապատասխան մասնագետ (մասնագետներ) կամ մասնագիտացված կազմակերպություն: Քննական հարցերը մշակողը պատասխանատվություն է կրում մինչև որակավորման ստուգման անցկացումը հարցերի գաղտնիության պահպանման համար: Որակավորման ստուգման քննական հարցերի մշակումը չի կարող հանձնարարվել Արդարադատության խորհրդի անդամներին: Համապատասխան որակավորման ստուգման քննական հարցերը մշակած անձինք չեն կարող ընդգրկվել այդ հարցերի հիման վրա որակավորման ստուգման գնահատման հանձնաժողովներում:

8. Որակավորման ստուգման անցկացման հետ կապված կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է Դատական դեպարտամենտը:

9. Որակավորման ստուգմանը կարող են մասնակցել 25-ից 60 տարեկան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստացել են բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան են ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որոնց ճանաչումն ու համարժեքության հաստատումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով, ունեն իրավաբանի առնվազն երեք տարվա մասնագիտական ստաժ, տիրապետում են հայերենին և համապատասխանում են սույն օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին:

10. Հայտերը ներկայացվում են Դատական դեպարտամենտ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված որոշման հրապարակման օրվան հաջորդող օրվանից մեկամսյա ժամկետում:

11. Հայտերի հետ հավակնորդները ներկայացնում են համաձայնություն` իրենց մասին պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից անհրաժեշտ տեղեկություններ, այդ թվում` բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ ստանալու վերաբերյալ:

12. Հավակնորդը պարտավոր է ներկայացնել նաև`

1) անձը հաստատող փաստաթուղթ.

2) հավակնորդի մոտ բարձրագույն իրավաբանական կրթության առկայությունը հավաստող փաստաթուղթ.

3) հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ` իր կողմից իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ` կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում՝ պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները).

4) պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (եթե արական սեռի հավակնորդներ են).

5) դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ:

13. Հավակնորդն իրավունք ունի ներկայացնելու նաև Արդարադատության խորհրդի սահմանած ձևի երաշխավորագիր-նամակներ:

14. Դատական դեպարտամենտը կարող է ստուգել ներկայացված փաստաթղթերի հավաստիությունը: Դատական դեպարտամենտը համապատասխան հարցումների միջոցով ճշտում է հավակնորդի դատվածության առկայությունը կամ բացակայությունը:

15. Հայտերը ներկայացնելու համար սահմանված ժամկետի խախտմամբ կամ օրենքով նախատեսված պահանջները չբավարարող հայտերի ընդունումը մերժվում է, և դրանք Դատական դեպարտամենտի կողմից ենթակա են վերադարձման երեք աշխատանքային օրվա ընթացքում: Դատական դեպարտամենտը կարող է հարգելի համարել դիմումը ներկայացնելու ժամկետի բացթողումը, եթե ուշացումը պայմանավորված է եղել անձի կամքից անկախ հանգամանքներով, և եթե դիմումը ներկայացնելու պահից մինչև որակավորման քննության սկիզբը մնացել է ոչ պակաս, քան մեկ շաբաթ: Դատական դեպարտամենտի կողմից հայտի ընդունումը մերժվելու մասին որոշումը հայտատուն կարող է դատական կարգով բողոքարկել դատարան մերժումը ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում: Դատարանը գործը քննում և լուծում է այն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

16. Դատական դեպարտամենտի կողմից հայտի ընդունման մերժումը դատական կարգով բողոքարկելը չի կասեցնում հայտերի ընդունման և որակավորման ստուգումների` սույն օրենսգրքով նախատեսված ընթացակարգը:

17. Դատական դեպարտամենտի` հայտի ընդունման մերժումը դատարանի կողմից անօրինական ճանաչվելու դեպքում հավակնորդն իրավունք ունի անցնելու որակավորման ստուգումը, իսկ եթե որակավորման ստուգման անցկացումն սկսվել է, ապա հայտատուն իրավունք ունի առանց նոր հայտ ներկայացնելու՝ մասնակցելու հաջորդ որակավորման ստուգմանը:

18. Որակավորման քննությանը մասնակցելու համար հավակնորդից գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 85.1-85.3-րդ հոդվածներով.

 

«Հոդված 85.1.

Որակավորման քննությունների թափանցիկության ապահովումը

 

1. Որակավորման քննությունն անցկացվում է հայերենով:

2. Գրավոր քննությունների, ինչպես նաև Արդարադատության խորհրդում հարցազրույցի ողջ ընթացքը, բացառությամբ Խորհրդի անդամների միջև հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկման, տեսաձայնագրվում է Դատական դեպարտամենտի կողմից:

3. Հավակնորդն իրավունք ունի ստանալու գրավոր քննության ողջ ընթացքի, Արդարադատության խորհրդում հարցազրույցի՝ իրեն վերաբերող մասի տեսաձայնագրության կրկնօրինակը, ինչպես նաև սույն օրենսգրքի 85.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված գրավոր քննության ստուգված ցանկացած աշխատանքի պատճենները՝ «Տեղեկատվության ազատության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահը և արդարադատության նախարարը կարող են ցանկացած ժամանակ դիմել և եռօրյա ժամկետում ստանալ գրավոր քննության ընթացքի, Արդարադատության խորհրդում հարցազրույցի տեսաձայնագրության կրկնօրինակը կամ գրավոր քննության ստուգված աշխատանքների պատճենները:

5. Որակավորման գրավոր քննություններին և Արդարադատության խորհրդում հարցազրույցին (բացառությամբ խորհրդի անդամների միջև հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկման) ներկա կարող են լինել և դրանց ընթացքին հետևել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի մեկ ներկայացուցիչ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի նշանակած մեկ ներկայացուցիչ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստաբանների պալատի նշանակած մինչև երեք փաստաբան և որակավորման ստուգման անցկացումից առնվազն երեք աշխատանքային օր առաջ Արդարադատության խորհուրդ համապատասխան հայտ ներկայացրած` իրավունքի բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների մինչև հինգ ներկայացուցիչ՝ ըստ դիմումների ներկայացման առաջնահերթության: Դատական դեպարտամենտը նշված անձանց պարտավոր է ապահովել քննությունների և հարցազրույցի ընթացքին հետևելու համար անհրաժեշտ պայմաններով՝ այնպես, որ չխաթարվի դրանց բնականոն ընթացքը:

6. Որակավորման գրավոր քննությունների յուրաքանչյուր փուլի արդյունքներով հավակնորդների ստացած միավորներն արդյունքների ամփոփումից հետո անհապաղ հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում:

7. Որակավորման գրավոր քննության և Արդարադատության խորհրդում հարցազրույցի անցկացման ժամի և վայրի մասին հայտարարությունը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում՝ որակավորման գրավոր քննության կամ հարցազրույցի օրվանից առնվազն 10 օր առաջ:

 

Հոդված 85.2.

Որակավորման գրավոր քննությունները և դրանց անցկացման կարգը

 

1. Որակավորման գրավոր քննություններն անցկացվում են հետևյալ՝ երկու փուլերով.

1) թեստ՝ ուղղված քաղաքացիական, վարչական, քրեական իրավունքի և դատավարության հիմնարար սկզբունքների և ինստիտուտների բնագավառում հավակնորդի տեսական իրավաբանական գիտելիքների ստուգմանը.

2) քրեական, քաղաքացիական կամ վարչական ոլորտում հիպոթետիկ դատական գործի հիման վրա գործն ըստ էության լուծող դատական ակտի (ակտերի) կազմում (առանց դատական ակտին ներկայացվող ձևական պահանջների պահպանման պահանջի)՝ ուղղված, բացի ակադեմիական գիտելիքներից, նաև հավակնորդի վերլուծական կարողությունների, բարդ տեքստերի համակարգված, արագ ըմբռնման կարողությունների ստուգմանը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված թեստը պարունակում է բազմակի ընտրության հարցեր կամ իրավական խնդիրներ՝ առաջադրված փաստական հանգամանքների նկատմամբ իրավունքի նորմերը կիրառելու և վերլուծելու պահանջով: Այս դեպքում խնդրում ներկայացված յուրաքանչյուր փաստական հանգամանք վեր հանելու, վերլուծելու և գնահատելու համար նախատեսվում է համապատասխան միավոր՝ կախված բարդությունից: Որակավորման գրավոր ստուգման այս փուլում հավակնորդը չի կարող օգտվել իրավական ակտերից:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված թեստի ժամանակ հարցերն ընտրվում են պատահականության սկզբունքով: Թեստի անցկացման համար նախատեսված հարցերի ընդհանուր քանակը, որի միջից կատարվում է հարցերի ընտրությունը, պետք է առնվազն կրկնակի գերազանցի մեկ թեստի համար նախատեսված հարցերի քանակը:

4. Արդարադատության խորհուրդը սահմանում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված թեստի անցկացման համար մշակման ենթակա հարցերի նվազագույն քանակը և դրանց հրապարակման կարգը, եթե Արդարադատության խորհրդի որոշմամբ դրանք ենթակա են հրապարակման:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված գրավոր քննության ժամանակ հավակնորդին կարող են տրամադրվել գործի փաստական հանգամանքների վերաբերյալ նյութեր, ինչպես նաև գործի լուծման համար անհրաժեշտ տեսական գրականություն և իրավական ակտեր:

6. Հավակնորդին թույլատրվում է մասնակցել գրավոր քննության` սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված երկրորդ փուլին, եթե սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված գրավոր քննության արդյունքներով ստացել է Արդարադատության խորհրդի սահմանած նվազագույն անցողիկ միավորը, որը չի կարող պակաս լինել այդ փուլի համար սահմանված առավելագույն միավորի 60 տոկոսից և ավելի՝ 80 տոկոսից։

7. Որակավորման գրավոր քննության օրվանից առնվազն 10 օր առաջ Դատական դեպարտամենտը դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որակավորման գրավոր քննության առաջադրանքների առնվազն մեկ նմուշօրինակ:

 

Հոդված 85.3.

Որակավորման գրավոր քննության արդյունքների ամփոփումը

 

1. Սույն օրենսգրքի 85.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որակավորման գրավոր քննության յուրաքանչյուր փուլի աշխատանքների ստուգման և գնահատման նպատակով ձևավորվում է համապատասխան գնահատման հանձնաժողով, իսկ քննության համապատասխան փուլի արդյունքների բողոքարկման հետ կապված հարցեր լուծելու նպատակով՝ բողոքարկման հանձնաժողով:

2. Գնահատման հանձնաժողովի կազմի մեջ են մտնում երեք դատավոր և երկու իրավաբան:

3. Բողոքարկման հանձնաժողովի կազմի մեջ են մտնում երկու դատավոր և մեկ իրավաբան:

4. Գնահատման և բողոքարկման հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար որակավորման գրավոր քննության համապատասխան փուլի անցկացումից ոչ շուտ, քան չորս օր առաջ Դատարանների նախագահների խորհուրդը առաջարկում է հինգ դատավորի թեկնածություն՝ վերջիններիս համաձայնությամբ, իսկ արդարադատության նախարարը՝ երեք իրավաբանի թեկնածություն: Որակավորման գրավոր քննության անցկացման օրը` քննությունների ավարտից անմիջապես հետո, նշված դատավորներից և իրավաբաններից վիճակահանությամբ ընտրվում են գնահատման հանձնաժողովի անդամներ: Նույն անձը չի կարող միաժամանակ լինել և բողոքարկման, և գնահատման հանձնաժողովի անդամ:

5. Գնահատման և բողոքարկման հանձնաժողովների աշխատանքն իրականացվում է գաղտնի և դռնփակ ընթացակարգով: Գնահատման և բողոքարկման հանձնաժողովի անդամների անունները ենթակա չեն հրապարակման համապատասխանաբար մինչև քննությունների կամ բողոքարկման արդյունքների հրապարակումը:

6. Գնահատման և բողոքարկման հանձնաժողովների կազմում չեն կարող ընդգրկվել Արդարադատության խորհրդի անդամները և դատարանների նախագահները:

7. Գնահատման և բողոքարկման հանձնաժողովների անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են համապատասխանաբար իր թեկնածությունն առաջադրած Դատարանների նախագահների խորհրդի կամ արդարադատության նախարարի կողմից`

1) դատավորի պաշտոնում իր լիազորությունները դադարելու դեպքում.

2) եթե որակավորման ստուգմանը մասնակցում է իր ամուսինը կամ իր հետ արյունակցական՝ մինչև 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձը.

3) եթե համապատասխանաբար Դատարանների նախագահների խորհուրդը կամ արդարադատության նախարարը, քննարկելով սույն հոդվածի 8-րդ մասին համապատասխան ներկայացված փաստերը կամ հանգամանքները, կարծում է, որ դրանք կարող են ողջամիտ կասկած հարուցել որակավորման ստուգմանը անձի մասնակցության անկողմնակալության մեջ:

8. Գնահատման և բողոքարկման հանձնաժողովների անդամը պարտավոր է համապատասխանաբար իր թեկնածությունն առաջադրած Դատարանների նախագահների խորհրդին կամ արդարադատության նախարարին, ինչպես նաև Արդարադատության խորհրդին անհապաղ գրավոր հայտնել, եթե տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների մասին, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել որակավորման ստուգմանը նրա մասնակցության անկողմնակալության մեջ:

9. Գնահատման և բողոքարկման հանձնաժողովների անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում նոր անդամը նշանակվում է հանձնաժողովի համապատասխան անդամի նշանակման համար սույն հոդվածով սահմանված կարգով:

10. Գնահատման և բողոքարկման հանձնաժողովները ղեկավարում են հանձնաժողովների կազմից անդամների ձայների ընդհանուր մեծամասնությամբ ընտրված անձինք:

11. Գնահատման և բողոքարկման հանձնաժողովները լուծարվում են որակավորման գրավոր քննությունների արդյունքների ամփոփման և բողոքարկման ժամկետը լրանալուց հետո:

12. Սույն օրենսգրքի 85.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված գրավոր աշխատանքների ստուգումն իրականացնում են գնահատման հանձնաժողովի կազմից վիճակահանությամբ ընտրված երկու ստուգողներ, որոնցից մեկը պետք է լինի դատավոր, իսկ մյուսը՝ իրավաբան:

13. Եթե սույն հոդվածի 12-րդ մասին համապատասխան` ստուգման արդյունքներով ստուգողների նշանակած միավորներում առկա է քսան տոկոսից ավելի շեղում, նշանակվում է լրացուցիչ ստուգում, որին մասնակցում են գնահատման հանձնաժողովի կազմից վիճակահանությամբ ընտրված համապատասխանաբար մեկ այլ դատավոր և մյուս իրավաբանը:

14. Որակավորման գրավոր քննության աշխատանքների ստուգումը և գնահատումը գնահատման հանձնաժողովն իրականացնում է անանուն:

15. Գրավոր աշխատանքների ստուգման և գնահատման համար գնահատման հանձնաժողովը պետք է հնարավորինս ապահովված լինի աշխատանքների ստուգումն ուղղորդող տիպային պատասխաններով:

16. Արդարադատության խորհուրդը սահմանում է սույն օրենսգրքի 85.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված գրավոր աշխատանքները գնահատելու չափորոշիչները և դրանց հիման վրա՝ գրավոր քննության արդյունքների ստուգաթերթի ձևը: Գրավոր աշխատանքի ստուգումն իրականացրած գնահատման հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատման ենթակա չափորոշիչներից յուրաքանչյուրի վերաբերյալ կատարում է վերջնական գնահատականը հիմնավորող նշումներ գրավոր քննության արդյունքների ստուգաթերթում:

17. Ստուգված գրավոր աշխատանքը պետք է պարունակի դրանցում առկա թերությունների վերաբերյալ ստուգողների կատարած համապատասխան նշումներ, որոնք հնարավորություն կտան եզրահանգումներ անելու գնահատման հիմքում ընկած հանգամանքների մասին:

18. Գնահատման հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի ծանոթանալու ստուգված գրավոր աշխատանքին և ներկայացնելու իր նկատառումները:

19. Որակավորման գրավոր քննության աշխատանքների ստուգման արդյունքներով վերջնական գնահատականը որոշում է գնահատման հանձնաժողովը՝ առնվազն երեք ձայնով ընդունված որոշմամբ: Գնահատման հանձնաժողովի որոշման մեջ նշվում են նաև սույն հոդվածի 12-րդ և 13-րդ մասերով նախատեսված ստուգողների գնահատականները:

20. Եթե գնահատման հանձնաժողովը անհրաժեշտ ձայներով որոշում չի կայացնում վերջնական գնահատականի վերաբերյալ, ապա այն որոշվում է համապատասխանաբար երկու, իսկ լրացուցիչ ստուգում նշանակված լինելու դեպքում՝ չորս ստուգողների նշանակած գնահատականների միջինով:

21. Արդյունքների հրապարակումից հետո հավակնորդի պահանջով անհապաղ, բայց ոչ ուշ, քան մինչև դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող օրը, տրամադրվում է իր գնահատված գրավոր աշխատանքի պատճենը:

22. Հավակնորդն իրավունք ունի դիմելու և գնահատման հանձնաժողովի անդամներից ստանալու իր գնահատականի վերաբերյալ լրացուցիչ բանավոր պարզաբանումներ:

23. Յուրաքանչյուր հավակնորդ գնահատման հանձնաժողովի որոշման հրապարակման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում կարող է դիմել բողոքարկման հանձնաժողով, եթե համարում է, որ խախտվել է քննությունների անցկացման ընթացակարգը, կամ վիճարկում է քննության գնահատականը:

24. Քննության ընթացակարգը կամ գնահատականը բողոքարկելիս հավակնորդը հստակ նշում է բողոքի հիմքում ընկած հանգամանքները և իր հիմնավորումները:

25. Գրավոր քննության արդյունքների հրապարակումից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված Դատարանների նախագահների խորհրդի և արդարադատության նախարարի առաջարկած թեկնածուներից ձևավորվում է երկու դատավոր և մեկ իրավաբան անդամներից կազմված բողոքարկման հանձնաժողով:

26. Հավակնորդի գրավոր աշխատանքը և բողոքը բողոքարկման հանձնաժողովին տրամադրվում են անանուն:

27. Որակավորման գրավոր քննության արդյունքների հետ կապված հարցեր քննարկելիս բողոքարկման հանձնաժողովի անդամները, ըստ անհրաժեշտության, կարող են հրավիրել և լսել գնահատման հանձնաժողովի անդամներին, այլ իրավաբանների կամ հավակնորդին:

28. Որակավորման գրավոր քննության արդյունքների հետ կապված հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են հավակնորդի բողոքը ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

29. Բողոքարկման արդյունքներով կայացված որոշումները պատճառաբանվում են: Դրանք անհապաղ հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում:

30. Որակավորման գրավոր քննության արդյունքների հետ կապված բողոքարկման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել դատարան միայն գրավոր քննությունների անցկացման ընթացակարգի, գրավոր աշխատանքների ստուգման, գնահատման և բողոքարկման ընթացակարգային նորմերի խախտման հիմքով:

31. Որակավորման ստուգումը և արդյունքների ամփոփումը, այդ թվում` որակավորման արդյունքների բողոքարկումը, պետք է իրականացվեն սույն օրենսգրքի 85-րդ հոդվածին համապատասխան հայտերի ընդունման ժամկետի ավարտին հաջորդող մեկամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան մինչև նոյեմբերի 25-ը:

32. Որակավորման ստուգումը պետք է կազմակերպվի այն հաշվով, որ սույն օրենսգրքի 85.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված գրավոր քննության երկրորդ փուլի արդյունքների հրապարակումից հետո երաշխավորվի առնվազն ութ աշխատանքային օր ժամանակ բողոքարկման համար:

33. Մինչև բողոքարկման հանձնաժողովի կողմից որոշման կայացումը հավակնորդն իրավունք ունի մասնակցելու որակավորման ստուգման հաջորդ փուլին, եթե այն արդեն սկսվել է:»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 86-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 86.

Արդարադատության խորհրդում հարցազրույցի համար նյութերի նախապատրաստումը

 

1. Սույն օրենսգրքի 85.3-րդ հոդվածի 23-րդ մասով նախատեսված ժամկետի ավարտման օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում Դատական դեպարտամենտը սույն օրենսգրքի 85.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որակավորման գրավոր քննությունների հանրագումարային արդյունքներով դատավորների թեկնածուների ցուցակի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների թվաքանակը 50 տոկոսով, բայց ոչ պակաս, քան 2-ով գերազանցող թվաքանակի (բացառությամբ այն դեպքի, երբ համապատասխան թվաքանակի հավակնորդ չի հավաքել անհրաժեշտ միավորները) ամենաբարձր հանրագումարային միավորներ հավաքած հավակնորդների ցուցակը ներկայացնում է Արդարադատության խորհուրդ` հարցազրույց անցնելու նպատակով։ Հավասար անցողիկ միավոր ունեցող հավակնորդների առկայության դեպքում բոլոր այդ հավակնորդներն ընդգրկվում են ցուցակում:

2. Դատական դեպարտամենտը Արդարադատության խորհուրդ ներկայացված հավակնորդների ցուցակը միաժամանակ հրապարակում է դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում: Հավակնորդների ցուցակի հետ հրապարակվում են նաև յուրաքանչյուր հավակնորդի կրթության, հետբուհական աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկություններ:

3. Պետական մարմինները և պաշտոնատար անձինք, որոնք տիրապետում են տվյալ դատավորի թեկնածուի վերաբերյալ այնպիսի տեղեկատվության, որը կասկած է հարուցում տվյալ անձի հեղինակության և նրա` դատավորի լիազորությունները պատշաճ իրականացնելու վերաբերյալ, պարտավոր են հավակնորդների ցուցակի հրապարակման օրվան հաջորդող երկու շաբաթվա ընթացքում այդ մասին հայտնել Արդարադատության խորհրդին:

4. Հավակնորդները ցուցակի հրապարակման օրվան հաջորդող երկու շաբաթվա ընթացքում իրավունք ունեն Արդարադատության խորհուրդ ներկայացնելու ցանկացած այլ փաստաթուղթ, որը կարող է հավաստել իրենց մասնագիտական փորձառությունը և նպաստել դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ որակների և արժանիքների գնահատմանը Արդարադատության խորհրդում հարցազրույցի ժամանակ:

5. Դատական դեպարտամենտն իրավունք ունի գրավոր և բանավոր հարցումներ կատարելու երաշխավորագիր-նամակներ տված անձանցից, հավակնորդի աշխատավայրից, բարձրագույն ուսումնական հաստատություններից և հավակնորդի հետ առնչվող այլ հաստատություններից՝ հավակնորդի մասնագիտական որակների և անձնական հատկանիշների վերաբերյալ:

6. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ցուցակը Արդարադատության խորհուրդ ուղարկելու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում Դատական դեպարտամենտը Արդարադատության խորհուրդ է ներկայացնում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված յուրաքանչյուր հավակնորդի անձնական գործը, որում պետք է ներառվեն սույն օրենսգրքի 85-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, որակավորման գրավոր քննությունների արդյունքում ստացած միավորները և սույն հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով սահմանված կարգով ստացված տեղեկությունները:

7. Դատական դեպարտամենտը ապահովում է, որ հավակնորդների անձնական գործին ծանոթանան Արդարադատության խորհրդի բոլոր անդամները:»:

 

Հոդված 9. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 86.1-ին հոդվածով.

 

«Հոդված 86.1.

Արդարադատության խորհրդում հարցազրույցի անցկացումը

 

1. Արդարադատության խորհրդում հարցազրույցի նպատակը դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ որակների և արժանիքների վերհանումն է՝ հավակնորդի մասնագիտական փորձառության, դատավոր դառնալու մոտիվացիայի, դատավորի կարգավիճակին վերաբերող հիմնարար իրավական ակտերի պահանջներին տեղեկացվածության, նրա անձնական հատկանիշների (մասնավորապես ինքնատիրապետում, վարվեցողություն, հեղինակության (ազդեցության) չափավոր կիրառում, ունկնդրելու կարողություն, հաղորդակցման հմտություններ, արդարամտություն, վերլուծական կարողություններ և այլն) գնահատման միջոցով:

2. Արդարադատության խորհրդում հարցազրույցը կազմված է երեք մասից.

1) յուրաքանչյուր հավակնորդի անձնական գործի և անցած մասնագիտական ուղու ուսումնասիրություն, որը ներկայացնելու համար Արդարադատության խորհրդի անդամներից մեկը խորհրդում հանդես է գալիս որպես զեկուցող: Հավակնորդն իրավունք ունի պարզաբանումներ տալու իր անձնական գործում պարունակվող տեղեկությունների վերաբերյալ: Խորհրդի անդամները կարող են հարցեր տալ հավակնորդին՝ նրա մասնագիտական փորձառությունը, գիտական հետաքրքրությունները, դատավորի պաշտոնում նրա ակնկալիքները և մոտիվացիան, դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ այլ անձնական որակները և արժանիքները գնահատելու համար.

2) դատավորի վարքագծի կանոններին վերաբերող հիպոթետիկ խնդրի վերաբերյալ հավակնորդի կողմից իրականացվող վերլուծություն և դիրքորոշման ներկայացում՝ դատավորի վարքագծի հիմնարար կանոնների, դատավորին ներկայացվող պահանջների և որպես դատավոր գործելու համար կարևոր այլ անձնական հատկանիշները գնահատելու համար.

3) մեկ հակիրճ իրավական հարցի վերաբերյալ (օրենքի կամ այլ իրավական ակտի, այդ թվում՝ հիպոթետիկ իրավական նորմ, դատական ակտում արտահայտված դիրքորոշում, տեսության մեջ արտահայտված իրավական կարծիքներ և այլն) հավակնորդի կողմից իրականացվող վերլուծություն ու դիրքորոշման ներկայացում՝ կարճ ժամանակահատվածում հանպատրաստից կողմնորոշվելու, ինքնատիրապետման, վարվեցողության, հաղորդակցման հմտությունները, վերլուծական կարողությունները և դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ որակները և արժանիքները գնահատելու համար: Թեկնածուին տրվող հարցերը չպետք է ունենան նրա նեղ մասնագիտական իրավաբանական գիտելիքները ստուգելու նպատակ:

3. Արդարադատության խորհրդում հարցազրույցի ժամանակ սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հարցերի ընտրությունը կատարվում է վիճակահանությամբ, որից հետո ելույթին պատրաստվելու համար հավակնորդին տրամադրվում է մինչև քսան րոպե ժամանակ:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հարցերի շուրջ հավակնորդի բանավոր ելույթը յուրաքանչյուրի հարցի վերաբերյալ տևում է առավելագույնը 10 րոպե: Հավակնորդի ելույթին հետևում է Արդարադատության խորհրդի անդամների հետ քննարկումը` յուրաքանչյուր հարցի շուրջ ոչ ավելի, քան քսան րոպե տևողությամբ:

5. Արդարադատության խորհրդում յուրաքանչյուր հավակնորդի հետ հարցազրույցի առավելագույն տևողությունը մեկուկես ժամ է:

6. Արդարադատության խորհրդում հարցազրույցի ժամանակ խորհրդի անդամներին տրամադրվում է հարցաթերթ, որտեղ նշվում են Արդարադատության խորհրդի որոշմամբ սահմանված գնահատման ենթակա այն հատկանիշները, որոնք անհրաժեշտ են և կարևոր դատավոր դառնալու համար: Խորհրդի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ գնահատում է յուրաքանչյուր հավակնորդի՝ նշելով իր նկատառումները գնահատվող հատկանիշների վերաբերյալ:

7. Բոլոր հավակնորդների հարցազրույցների ավարտից հետո Արդարադատության խորհրդի անդամների միջև տեղի է ունենում հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկում:»:

 

Հոդված 10. Օրենսգրքի 87-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 87.

Դատավորների թեկնածուների ցուցակի կազմումը և հաստատումը

 

1. Արդարադատության խորհրդում հարցազրույցի և արդյունքների վերաբերյալ ամփոփիչ քննարկման ավարտից հետո յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ անցկացվում է բաց քվեարկություն, որի ժամանակ Արդարադատության խորհրդի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ «կողմ» կամ «դեմ» է քվեարկում յուրաքանչյուր հավակնորդի:

2. Արդարադատության խորհրդում քվեարկության արդյունքներով կազմվում է թեկնածուների ցուցակի համալրման համար անհրաժեշտ տեղերի թվաքանակին հավասար թվաքանակի առավելագույն ձայներ ստացած թեկնածուների ցուցակ: Ձայների հավասարության դեպքում նախապատվություն է տրվում այն հավակնորդին, որը որակավորման գրավոր քննությունների արդյունքներով ունի առավել բարձր հանրագումարային միավորներ: Եթե արդյունքում առկա են հավասար միավորներ ունեցող անձինք, ապա բոլոր նշված անձինք ընդգրկվում են ցուցակում:

3. Ցուցակը կազմելու ընթացքում հաշվի է առնվում սեռային հավասարակշռությունը: Եթե որևէ սեռի դատավորների թիվը պակասի դատավորների ընդհանուր թվի քսանհինգ տոկոսից, ապա այդ սեռի թեկնածուներին ցուցակում կերաշխավորվի առնվազն մեկ տեղ:

4. Արդարադատության խորհրդում քվեարկության արդյունքների ամփոփումից հետո հարցազրույցին մասնակցած յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ խորհուրդը կազմում է զեկույց, որում խորհրդի անդամների կողմից լրացված հարցաթերթերի և ամփոփիչ քննարկման ժամանակ արտահայտված կարծիքների հիման վրա՝ ընտրված հավակնորդների պարագայում մանրամասն ներկայացվում են այն հանգամանքները, որոնք պայմանավորել են հավակնորդի ընտրությունը, իսկ հարցազրույցի արդյունքում չընտրված հավակնորդների մասով՝ ներկայացվում են նրանց ընտրությունը մերժելու պատճառները:

5. Արդարադատության խորհրդում հարցազրույցին մասնակցած անձինք իրավունք ունեն դիմելու և Արդարադատության խորհրդում քվեարկության արդյունքների ամփոփումից հետո` մեկշաբաթյա ժամկետում, ստանալու սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան իրենց վերաբերյալ կազմված զեկույցը:

6. Արդարադատության խորհուրդը դատավորների թեկնածուների ցուցակը Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացնում սույն օրենսգրքի 86-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված փաստաթղթերը Արդարադատության խորհրդի կողմից ստանալու օրվանից քսանհինգօրյա ժամկետում՝ բայց ոչ ուշ, քան մինչև հունվարի 20-ը:

7. Դատավորների թեկնածուների ցուցակի հետ Հանրապետության Նախագահին են ուղարկվում հարցազրույցին մասնակցած բոլոր հավակնորդների անձնական գործերը և նրանց վերաբերյալ սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան կազմված զեկույցները:

8. Հանրապետության Նախագահը ցուցակը ստանալու օրվանից հետո` տասնօրյա ժամկետում, հաստատում է Արդարադատության խորհրդի կազմած ցուցակը` իր համար ընդունելի թեկնածուներով:»:

 

Հոդված 11. Օրենսգրքի 88-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 88.

Դատավորների թեկնածուների և ծառայողական առաջխաղացման ցուցակներում նախկին դատավորների ընդգրկման կարգը

 

1. Դատավոր աշխատած այն անձինք, որոնց լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են կամ պաշտոնավարումը դադարել է սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ կամ 5-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով սահմանված հիմքով (այսուհետ` նախկին դատավորներ), և որոնք վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երկու տարի աշխատել են որպես դատավոր, կարող են ընդգրկվել դատավորների թեկնածուների և ծառայողական առաջխաղացման ցուցակներում սույն հոդվածով սահմանված կարգով: Այն դատավորները, որոնց լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են կամ պաշտոնավարումը դադարել է սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կամ 5-րդ մասի 3-րդ կետերով նախատեսված հիմքով, կարող են դատավորների թեկնածուների և առաջխաղացման ցուցակներում ընդգրկվելու նպատակով դիմել այն դեպքում, եթե վերացել են լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու կամ պաշտոնավարումը դադարելու հիմք ծառայած հանգամանքները:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձինք տարին մեկ անգամ` ոչ ուշ, քան մինչև հուլիսի 1-ը, կարող են դիմում ներկայացնել Արդարադատության խորհրդին` կցելով սույն օրենսգրքի 85-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված փաստաթղթերը:

3. Արդարադատության խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է թեկնածությունը, անհրաժեշտության դեպքում թեկնածուին հրավիրում զրույցի:

4. Դատավորների թեկնածուների ցուցակի լրացման նպատակով Արդարադատության խորհուրդը անցկացնում է քվեաթերթիկներով գաղտնի քվեարկություն: Քվեաթերթիկում թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» և «դեմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունիներում: Քվեարկության մասնակիցը թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարում «կողմ եմ», իսկ դեմ քվեարկելիս` «դեմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ: Եթե թեկնածուն ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին, ապա նա ներկայացվում է Հանրապետության Նախագահին: Եթե Հանրապետության Նախագահը առաջարկությունը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, չի լրացնում դատավորների թեկնածուների ցուցակը, ապա այդ թեկնածությունը համարվում է մերժված:

5. Արդարադատության խորհրդի կողմից թեկնածությունը չառաջարկվելու կամ Հանրապետության Նախագահի կողմից թեկնածությունը մերժվելու դեպքերում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձինք զրկվում են մերժման պահից երեք տարվա ընթացքում սույն հոդվածով սահմանված կարգով դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար կրկին դիմելու հնարավորությունից:

6. Եթե անձը նախկինում դատավոր է աշխատել վերաքննիչ դատարանում կամ Գերագույն դատարանում կամ ընդգրկված է եղել դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում կամ աշխատել է որպես դատավոր և բավարարում է սույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված պահանջները, ապա իր ցանկության դեպքում թեկնածուների ցուցակում ընդգրկելու հետ մեկտեղ առանձին քվեաթերթիկով նույն կարգով քվեարկության է դրվում և Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացվում նաև դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում նրա ընդգրկվելու հարցը:»:

 

Հոդված 12. Օրենսգրքի 90-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 90.

Դատավորների թեկնածուների ցուցակից թեկնածուին հանելու հիմքերը

 

1. Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձը հանվում է ցուցակից, եթե՝

1) նա նշանակվել է դատավորի պաշտոնում.

2) նա դիմում է այդ մասին.

3) լրացել է նրա 65 տարին.

4) դատարանի` օրինական ուժի մեջ մտած ակտով ապացուցված է, որ նա ընդգրկվել է ցուցակում օրենքի պահանջների խախտմամբ.

5) նա առանց հարգելի պատճառի չի անցել տարեկան վերապատրաստման ծրագիրը.

6) նա չի համաձայնվում նշանակվել իրեն առաջարկված դատավորի պաշտոնում.

7) նա դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ հայտարարվել է մահացած.

8) նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.

9) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.

10) նա կորցրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիությունը.

11) ի հայտ է եկել դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն.

12) մասնագիտական պատրաստումն ավարտելուց հետո ավելի քան չորս ամիս անընդմեջ չի զբաղվում իրավաբանի մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքով և չի դիմել Դատական դեպարտամենտում աշխատանքի անցնելու համար.

13) դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու պահից երկու տարվա ընթացքում չի անցել մասնագիտական պատրաստումը.

14) մասնագիտական պատրաստման ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 20 տոկոսից.

15) մասնագիտական պատրաստման ընթացքում ժամանակավոր անաշխատունակության հետևանքով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 50 տոկոսից, բացառությամբ տարկետում տրամադրելու դեպքերի.

16) մասնագիտական պատրաստման ընթացքում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքում ստացած քննական միավորը պակաս է կուրսը հանձնված համարելու համար սահմանված նվազագույն միավորից, կամ նա չի անցել օրենքով նախատեսված փորձաշրջանը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-13-րդ կետերով սահմանված հիմքերն ի հայտ գալուց հետո` եռօրյա ժամկետում, Գերագույն դատարանի նախագահը, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 14-16-րդ կետերով նախատեսված դեպքերում` համապատասխան ուսումնական հաստատության լիազոր մարմինը դատավորների թեկնածուների ցուցակից անձին հանելու միջնորդությամբ դիմում են Արդարադատության խորհուրդ:

3. Արդարադատության խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է Գերագույն դատարանի նախագահի կամ համապատասխան ուսումնական հաստատության լիազոր մարմնի միջնորդությունը: Եթե բաց քվեարկության արդյունքներով Արդարադատության խորհուրդը համարում է, որ միջնորդությունը համապատասխանում է սույն հոդվածի պահանջներին, ապա դիմում է Հանրապետության Նախագահին՝ անձին ցուցակից հանելու առաջարկությամբ:

4. Եթե խախտված չեն սույն օրենսգրքով սահմանված ընթացակարգերը, ապա Հանրապետության Նախագահը տասնօրյա ժամկետում համապատասխան անձին հանում է դատավորների թեկնածուների ցուցակից:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքով անձին դատավորների թեկնածուների ցուցակից հանելու միջնորդությունը ներկայացվում է սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգին համապատասխան:»:

 

Հոդված 13. Օրենսգրքի 92-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի առաջին պարբերության «և դատավորների թեկնածուների ցուցակից» բառերը փոխարինել «, դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված նախկին դատավորներից և այն անձանց թվից, ովքեր անցել են մասնագիտական պատրաստում» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մաս.

«5. Եթե դատավորների թեկնածուների ցուցակում գտնվող առաջին ատյանի դատարանի դատավորի թեկնածությունը սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում համարվել է մերժված, ապա Հանրապետության Նախագահը տասնօրյա ժամկետում համապատասխան անձին հանում է դատավորների թեկնածուների ցուցակից:»:

 

Հոդված 14. Օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետ.

«4) վերջին ութ տարվա ընթացքում առնվազն երեք տարի դատարանի նախագահ, վերաքննիչ դատարանի դատավոր, Գերագույն դատարանի դատավոր աշխատած նախկին դատավորը:»:

 

Հոդված 15. Օրենսգրքի 98-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Եթե դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում գտնվող վերաքննիչ դատարանի դատավորի թեկնածությունը սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում համարվել է մերժված, ապա Հանրապետության Նախագահը տասնօրյա ժամկետում համապատասխան անձին հանում է դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակից:»:

 

Հոդված 16. Օրենսգրքի 100-րդ հոդվածի 1-ին մասի «, դատախազ, փաստաբան կամ քննիչ» բառերը հանել:

 

Հոդված 17. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին գլխով.

 

«ԳԼՈՒԽ 12.1

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ: ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

Հոդված 100.1.

Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը

 

1. Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց, բացառությամբ նախկին դատավորների, մասնագիտական պատրաստումն իրականացվում է Դատարանների նախագահների խորհրդի կողմից սահմանված կարգով և ժամկետներում:

2. Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումն անց է կացնում Դատարանների նախագահների խորհրդի կողմից ընտրված հաստատությունը:

3. Մասնագիտական պատրաստումն ավարտելուց հետո դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք պարտավոր են դիմել Դատական դեպարտամենտ իրավաբանի որակավորում պահանջող աշխատանքի անցնելու համար, եթե նրանք ավելի քան չորս ամիս անընդմեջ չեն զբաղվում իրավաբանի մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքով:

 

Հոդված 100.2.

Դատավորների և դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց վերապատրաստումը

 

1. Դատավորները և դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված ու մասնագիտական պատրաստում անցած անձինք պարտավոր են անցնել Դատարանների նախագահների խորհրդի սահմանած կարգով և ժամաքանակով վերապատրաստման դասընթացներ:

2. Դատավորների և դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց վերապատրաստումը անց է կացնում Դատարանների նախագահների խորհրդի կողմից ընտրված հաստատությունը:

3. Վերապատրաստման ընթացքում դատավորները և դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք ազատվում են իրենց պաշտոնեական պարտականությունների կատարումից` վարձատրության իրավունքի պահպանմամբ:»:

 

Հոդված 18. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասը «ավարտվելուց հետո» բառերից հետո լրացնել «, բացառությամբ խորհրդի անդամի կողմից արտահայտված դիրքորոշման շրջանակներում սույն օրենսգրքի 111-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան` խորհրդի անդամի կողմից ներկայացված հատուկ կարծիքի դեպքի» բառերով:

 

Հոդված 19. Օրենսգրքի 111-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Գործի քննությունը ավարտված հայտարարելուց հետո Արդարադատության խորհուրդն անցնում է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու համար: Սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված որոշումը հրապարակվում է գործի քննության ավարտման օրը: Սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված որոշման հրապարակման հետ մեկտեղ Արդարադատության խորհուրդը հայտարարում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին սույն օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշման հրապարակման վայրը և ժամանակը: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը հրապարակվում է սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված որոշման հրապարակման օրվանից հետո` 15 օրվա ընթացքում:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մաս.

«2.1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում կայացնելիս Արդարադատության խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք, որը Արդարադատության խորհրդի որոշման հետ հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»:»:

 

Հոդված 20. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 114.1-ին հոդվածով.

 

«Հոդված 114.1.

Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց կարգապահական պատասխանատվությունը

 

1. Դատարանների նախագահների խորհուրդը դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձի կողմից սույն օրենսգրքի 57-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարքագծի կանոնների խախտում կատարելու մասին հաղորդում ստանալով կամ նման փաստի հանդիպելով` իր իրավասության շրջանակում որևէ այլ հարց քննելիս կազմակերպում է քննարկում՝ մասնակից դարձնելով խախտում կատարած անձին:

2. Եթե քննարկումից հետո Դատարանների նախագահների խորհուրդը գտնում է, որ այդ խախտումները կոպիտ չեն և չեն կրում պարբերական բնույթ, ապա նա կարող է սահմանափակվել հարցի քննարկմամբ: Հակառակ դեպքում Դատարանների նախագահների խորհուրդը կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմում է Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին:

3. Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց կարգապահական պատասխանատվության հարցը քննելուց հետո Արդարադատության խորհուրդը նրանց նկատմամբ կարող է կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը.

1) նախազգուշացում.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն.

4) դատավորների թեկնածուների ցուցակից անձին հանելու միջնորդությամբ Հանրապետության Նախագահին դիմելը:

4. Եթե Հանրապետության Նախագահը Արդարադատության խորհրդի՝ անձին դատավորների թեկնածուների ցուցակից հանելու վերաբերյալ միջնորդությունը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, անձին չի հանում ցուցակից, ապա միջնորդությունը համարվում է մերժված: Այդ դեպքում օրենքի ուժով դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձը համարվում է սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված համապատասխան կարգապահական տույժի ենթարկված:

5. Դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց կարգապահական պատասխանատվության ընթացակարգի վրա տարածվում են սույն գլխի նորմերը այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց նկատմամբ:»:

 

Հոդված 21.

Եզրափակիչ և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին կետն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք պարտավոր են երկու տարվա ընթացքում անցնել մասնագիտական պատրաստում: Նշված ժամկետում մասնագիտական պատրաստում չանցած դատավորների թեկնածուներն օրենքով սահմանված կարգով հանվում են դատավորների թեկնածուների ցուցակից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

2014թ. հունիսի 30

Ստեփանակերտ

ՀՕ-24-Ն