Համարը 
ՀՕ-135
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
28.02.2001
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
19.03.2001
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
19.03.2001
Ուժը կորցնելու ամսաթիվը 
16.12.2006

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն ներկայացուցչական և օրենսդիր մարմինն է:

Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով, իսկ Ազգային ժողովի և նրա մարմինների գործունեության կարգը՝ Ազգային ժողովի կանոնակարգով:

Օրենքով նախատեսված դեպքերում, ինչպես նաև իր գործունեության կազմակերպման հարցերով Ազգային ժողովն ընդունում է որոշումներ, որոնք ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:

 

Հոդված 2. Ազգային ժողովը կազմված է երեսուներեք պատգամավորից, ընտրվում է հինգ տարի ժամկետով:

Ազգային ժողովի լիազորություններն ավարտվում են նորընտրիր Ազգային ժողովի առաջին նիստի բացմամբ:

 

Հոդված 3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը օրենքով սահմանված կարգով Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ խորհրդակցելուց հետո կարող է արձակել Ազգային ժողովը և նշանակել արտահերթ ընտրություն:

Ազգային ժողովը չի կարող արձակվել.

- ընտրությունից հետո վեց ամսվա ընթացքում.

- պատերազմական գործողության ժամանակ.

- Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հարց հարուցելու դեպքում.

- Հանրապետության Նախագահի պաշտոնավարության վերջին վեց ամիսների ընթացքում:

 

Հոդված 4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը, վարչապետը, փոխվարչապետը, կառավարության անդամները և նրանց տեղակալները, շրջանային վարչակազմերի ղեկավարները և նրանց տեղակալները, դատավորները, դատախազության, ազգային անվտանգության, ներքին գործերի մարմինների և զինված ուժերի ծառայողները, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ անձինք միաժամանակ չեն կարող լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր:

Ազգային ժողովում մշտական հիմունքներով աշխատող պատգամավորը չի կարող զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

Պատգամավորի գործունեության երաշխիքները, վարձատրությունը սահմանվում են օրենքով:

 

Հոդված 5. Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտին նախորդող վաթսուն օրվա ընթացքում:

Ազգային ժողովի ընտրության կարգը սահմանվում է օրենքով:

Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը գումարվում է գործող Ազգային ժողովի նախագահի կողմից պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ընտրությունից հետո, ոչ ուշ, քան ընտրություններից մեկ ամիս հետո:

Առաջին նիստը բացում և մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրությունը այն վարում է ամենատարեց պատգամավորը:

 

Հոդված 6. Ազգային ժողովի հերթական նստաշրջանները գումարվում են տարին երկու անգամ՝ սեպտեմբեր-դեկտեմբեր և փետրվար-հունիս ամիսներին՝ ըստ Ազգային ժողովի կանոնակարգի:

Ազգային ժողովի նիստերը դռնբաց են: Դռնփակ նիստ կարող է գումարվել Ազգային ժողովի որոշմամբ:

 

Հոդված 7. Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան հրավիրում է Հանրապետության Նախագահը՝ իր նախաձեռնությամբ, Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ կառավարության առաջարկությամբ:

Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարում է Ազգային ժողովի նախագահը՝ կառավարության կամ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ:

Արտահերթ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում:

Հանրապետության Նախագահը կարող է հրավիրել Ազգային ժողովի հատուկ նիստ:

 

Հոդված 8. Օրենքները և Ազգային ժողովի որոշումներն ընդունվում են Ազգային ժողովի նիստերում՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելիս, նրա հրաժարականն ընդունելիս, Հանրապետության Նախագահի կողմից իր լիազորությունների կատարման անհնարինության մասին որոշում կայացնելիս Ազգային ժողովը որոշում է ընդունում պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

 

Հոդված 9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը՝

1. ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքները և դրանց մեջ կատարում փոփոխություններ.

2. իրականացնում է ազգային անվտանգության ապահովման, սեփականության հարաբերությունների, տնտեսության, սոցիալ-մշակութային ոլորտի կառավարման կազմակերպման, ֆինանսաբյուջետային համակարգի, աշխատանքի վարձատրության, գնագոյացման և հարկման, շրջակա միջավայրի պահպանության և բնական պաշարների օգտագործման, քաղաքացիների սահմանադրական իրավունքների, ազատությունների ու պարտականությունների իրացման, այլ հարաբերությունների օրենսդրական կարգավորումը.

3. օրենսդրորեն սահմանում է պետական իշխանության, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և դատական իշխանության մարմինների իրավասությունները և գործունեության կարգը.

4. հաստատում է տնտեսական և սոցիալական զարգացման հանրապետական ծրագրերը, ընդունում հանրապետության պետական բյուջեն, վերահսկողություն է իրականացնում ծրագրերի և պետական բյուջեի կատարման ընթացքի նկատմամբ, հաստատում է դրանց կատարման մասին հաշվետվությունները, դրանցում կատարում փոփոխություններ.

5. որոշում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը, սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային կառուցվածքին վերաբերող հարցերի լուծման կարգը, որոշում և փոխում է վարչատարածքային միավորների սահմանները, որոշում նրանց կարգավիճակը, կատարում է շրջանների և բնակավայրերի վերանվանում.

6. որոշում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների և իր որոշումների կիրարկման կարգը, տալիս օրենքների մեկնաբանություն, իր մարմինների միջոցով իրականացնում է ընդունված օրենքների և որոշումների կատարման վերահսկողությունը.

7. Հանրապետության Նախագահի առաջարկությամբ վավերացնում կամ չեղյալ է հայտարարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերը, վերահսկողություն է իրականացնում օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման նկատմամբ: Ազգային ժողովի վավերացմանն ենթակա միջազգային պայմանագրերի շրջանակը սահմանվում է օրենքով.

8. որոշում է ընդունում հանրաքվե անցկացնելու մասին.

9. նշանակում է Հանրապետության Նախագահի ընտրությունը.

10. օրենքով սահմանված կարգով նշանակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին.

11. պատգամավորների թվից փակ գաղտնի քվեարկությամբ ընտրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, փոխնախագահ, մշտական հանձնաժողովների նախագահներ, բաց քվեարկությամբ ընտրում է մշտական հանձնաժողովների անդամներ.

12. լսում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի ուղերձը.

13. լսում է իր կողմից հաստատվող, նշանակվող կամ ընտրվող պաշտոնատար անձանց հաշվետվությունները կամ հաղորդումները:

Օրենքով սահմանված կարգով լուծում է նշված պաշտոնատար անձանց հետկանչի կամ զբաղեցրած պաշտոններից ազատման հարցը.

14. անվստահություն է հայտնում կառավարությանը.

15. Հանրապետության Նախագահի առաջարկությամբ հայտարարում է պատերազմ.

16. հաստատում է զինված ուժերի օգտագործման, ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի որոշումները՝ դրանք ստանալուց հետո 24 ժամվա ընթացքում.

17. համաձայնություն է տալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահին՝ ռազմական կամ արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու համար.

18. որոշում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում այլ պետությունների զորքերի տեղաբաշխման հարցը և դրանց կարգավիճակը.

19. Հանրապետության Նախագահի առաջարկությամբ հայտարարում է համաներում.

20. օրենքով սահմանված կարգով լուծում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների պատասխանատվության և նրանց լիազորությունների վաղակետ դադարեցման հարցը.

21. լուծում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հանրապետության գլխավոր դատախազի միջնորդության հարցը.

22. օրենքով սահմանված կարգով լուծում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի կողմից իր լիազորությունները շարունակելու անհնարինության հարցը.

23. օրենքով սահմանված կարգով հարց է հարուցում և որոշում կայացնում Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին.

24. դիմում է գերագույն դատարանի սահմանադրական ատյանին՝ Հանրապետության Նախագահի հրամանագրերը և կարգադրությունները, պետական կառավարման մարմինների որոշումները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին համապատասխանելու մասին եզրակացություններ ներկայացնելու առաջարկությամբ.

25. հիմնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևներ, սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինվորական կոչումներ, դիվանագիտական աստիճաններ, որակավորման դասեր, դասային և այլ պատվավոր ու հատուկ կոչումներ:

 

Հոդված 10. Ազգային ժողովի ընդունած օրենքը ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահին, որը մեկամսյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը կամ առաջարկություններով և առարկություններով վերադարձնում է այն Ազգային ժողով՝ նոր քննարկման:

Հանրապետության Նախագահի առաջարկությունները և առարկությունները չընդունելու դեպքում, Ազգային ժողովը վերադարձված օրենքը վերստին ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով և ներկայացնում Հանրապետության Նախագահին, որը երկշաբաթյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը:

 

Հոդված 11. Կառավարությունը նորընտիր Ազգային ժողովի կամ իր կազմավորումից հետո մեկամսյա ժամկետում Ազգային ժողովի հավանությանն է ներկայացնում իր գործունեության ծրագիրը՝ Ազգային ժողովի նիստում դնելով իր վստահության հարցը:

Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը կարող է ներկայացվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կողմից՝ վստահության հարցը դնելուց քսանչորս ժամվա ընթացքում:

Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց հետո ոչ շուտ, քան քառասունութ և ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ չներկայացվելու կամ նման որոշում չընդունվելու դեպքում նրա գործունեության ծրագիրը համարվում է հավանության արժանացած:

Անվստահություն հայտնելու մասին որոշում ընդունվելու դեպքում վարչապետը Հանրապետության Նախագահին դիմում է ներկայացնում կառավարության հրաժարականի մասին:

Կառավարությանն անվստահություն չի հայտնվում պատերազմական գործողության ժամանակ:

 

Հոդված 12. Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնության իրավունքը պատկանում է պատգամավորներին, Հանրապետության Նախագահին, կառավարությանը, գերագույն դատարանի նախագահին և գլխավոր դատախազին:

Կառավարությունը սահմանում է իր ներկայացրած օրենքների նախագծերի քննարկման հաջորդականությունը և կարող է պահանջել, որ դրանք քվեարկության դրվեն միայն իր համար ընդունելի ուղղումներով:

Կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծը Ազգային ժողովը քննարկում և քվեարկում է մեկամսյա ժամկետում:

Պետության եկամուտները նվազեցնող կամ ծախսերն ավելացնող օրենքների նախագծերը Ազգային ժողովը քննարկում է միայն կառավարության եզրակացությամբ:

Կառավարությունն իր ներկայացրած օրենքի նախագծի ընդունման առնչությամբ կարող է դնել իր վստահության հարցը: Եթե Ազգային ժողովը սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով որոշում չի ընդունում կառավարությանն անվստահություն հայտնելու մասին, վերջինիս ներկայացրած օրենքի նախագիծը համարվում է ընդունված:

Կառավարությունն իր ներկայացրած օրենքի նախագծի առնչությամբ վստահության հարցը նույն նստաշրջանի ընթացքում կարող է դնել ոչ ավելի, քան երկու անգամ:

 

Հոդված 13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը՝

1. ղեկավարում է Ազգային ժողովի նիստերը.

2. համակարգում է Ազգային ժողովի և նրա մարմինների աշխատանքը, հաշվետու է Ազգային ժողովին, տնօրինում է Ազգային ժողովի նյութական և ֆինանսական միջոցները, ապահովում նրա բնականոն գործունեությունը.

3. Ազգային ժողովին ներկայացնում է թեկնածուներ՝ Ազգային ժողովի փոխնախագահ և վերահսկիչ պալատի նախագահ ընտրելու համար.

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, կարող է կատարել Հանրապետության Նախագահի պարտականությունները.

5. ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի որոշումները և այլ ակտեր.

6. արձակում է կարգադրություններ.

7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ հրավիրում է հատուկ նիստ.

8. ղեկավարում է Ազգային ժողովի նախագահության աշխատանքները.

9. հրավիրում է Ազգային ժողովի նիստեր.

10. ստեղծում է աշխատանքային խմբեր (հանձնաժողովներ).

11. կազմավորում է պատգամավորական պատվիրակություններ՝ խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահության հետ.

12. իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 14. Ազգային ժողովի փոխնախագահը նախապատրաստում է Ազգային ժողովի նիստերը, աջակցում Ազգային ժողովի պատգամավորներին՝ նրանց կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս:

Ազգային ժողովի փոխնախագահը, Ազգային ժողովի նախագահի հանձնարարությամբ, իրականացնում է այլ լիազորություններ:

Ազգային ժողովի նախագահի կողմից իր պարտականությունների կատարման անհնարինության դեպքում՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնում է Ազգային ժողովի փոխնախագահը:

 

Հոդված 15. Ազգային ժողովում ստեղծվում են մշտական հանձնաժողովներ, նախագահություն: Ազգային ժողովը ձևավորում է վերահսկիչ պալատ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ստեղծում ժամանակավոր հանձնաժողովներ:

Մշտական հանձնաժողովներն ստեղծվում են օրենքների նախագծերի և այլ առաջարկությունների նախնական քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ տալու համար:

Ազգային ժողովի նախագահությունը խորհրդակցական աշխատանքային մարմին է, որի գործունեությունը սահմանվում է Ազգային ժողովի կանոնակարգով:

Ազգային ժողովի վերահսկիչ պալատի լիազորությունները, ձևավորման և գործունեության սկզբունքները սահմանվում են օրենքով:

Ժամանակավոր հանձնաժողովները ստեղծվում են առանձին օրենքների նախագծերի նախնական քննարկման կամ որոշակի իրադարձությունների և փաստերի մասին Ազգային ժողովին եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար:

 

Հոդված 16. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, Ազգային ժողովի փոխնախագահը, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահներն ընտրվում և հետ են կանչվում Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ՝ գաղտնի քվեարկությամբ:

 

Հոդված 17. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի իրավունքները և պարտականությունները սահմանվում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:

 

Հոդված 18. Պատգամավորներն իրավունք ունեն հարցերով դիմել կառավարությանը: Յուրաքանչյուր նստաշրջանի առնվազն երկու նիստում վարչապետը և կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին:

Պատգամավորների հարցերի կապակցությամբ Ազգային ժողովը որոշումներ չի ընդունում:

 

Հոդված 19. Պետական մարմինները և պաշտոնատար անձինք պարտավոր են կատարել Ազգային ժողովի մարմինների՝ նրանց իրավասության սահմաններում ներկայացված պահանջները, տրամադրել անհրաժեշտ նյութեր և փաստաթղթեր: Ազգային ժողովի հանձնաժողովների՝ նրանց իրավասության սահմաններում ներկայացված հանձնարարականները ենթակա են պարտադիր քննարկման պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից: Քննարկման արդյունքների և ձեռնարկված միջոցների մասին օրենքով սահմանված ժամկետում հաղորդվում է պահանջ ներկայացրած մարմնին:

 

Հոդված 20. Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով:

 

Հոդված 21. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հոդված 22. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած համարել 1994թ. դեկտեմբերի 22-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի մասին» օրենքը՝ հետագա փոփոխություններով և լրացումներով:

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 23. Սույն օրենքին հակասող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքները ենթարկել համապատասխան փոփոխությունների:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

19 մարտի 2001թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-135