ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«05» օգոստոսի 2008թ. |
N 538-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՈՒ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԾԱԽՍՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Թանկարժեք մետաղների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանկարժեք մետաղների ու թանկարժեք քարերի պետական պահուստի և դրա բաղկացուցիչ մաս կազմող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստի համալրման, պահպանության, օգտագործման, ծախսման, հաշվառման, ինչպես նաև դրանց տեղաբաշխման և գտնվելու վայրերը որոշելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«05» օգոստոսի 2008թ.
թիվ 538-Ն որոշման |
ԿԱՐԳ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՈՒ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԾԱԽՍՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԵՎ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանկարժեք մետաղների ու թանկարժեք քարերի պետական պահուստի և դրա բաղկացուցիչ մաս կազմող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստի համալրման, պահպանության, օգտագործման, ծախսման, հաշվառման, ինչպես նաև դրանց տեղաբաշխման և գտնվելու վայրերը որոշելու հետ կապված հարաբերությունները:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանկարժեք մետաղների ու թանկարժեք քարերի պետական պահուստը (այսուհետ` պետական պահուստ) և դրա բաղկացուցիչ մաս կազմող թանկարժեք մետաղների ու թանկարժեք քարերի ազգային պահուստը (այսուհետ` ազգային պահուստ) կարող են համալրվել «Թանկարժեք մետաղների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված միջոցների և աղբյուրների հաշվին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության միջոցով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ:
3. Պետական պահուստի և դրա բաղկացուցիչ մասը կազմող ազգային պահուստի արժեքները ենթակա են պարտադիր հաշվառման և կառավարման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանի (այսուհետ` գանձարան) կողմից:
4. Պետական մարմիններում, պետական հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշիռներում հաշվառված պետական պահուստի արժեքների հաշվառումն իրականացվում է տվյալ պետական մարմնի, հիմնարկի և կազմակերպության կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գույքագրման տվյալների հիման վրա` վարելով համապատասխան գրանցամատյան:
Պետական մարմինը, հիմնարկը և կազմակերպությունը գրանցամատյանում կատարվող փոփոխությունների մասին 15 օրվա ընթացքում տեղեկացնում են գանձարանին:
5. Պետական մարմիններում, պետական հիմնարկներում ու կազմակերպություններում գտնվող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի (այսուհետ` իրեր) հաշվառումն իրականացնում են համապատասխան պետական մարմինը, պետական հիմնարկը և կազմակերպությունը` խիստ հաշվառման ձևերով (հաշվառման քարտերի և գրքերի միջոցով), որոնց ձևը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունը: Գրքերը կարվում, էջակալվում են, վերջին էջում գրվում են էջերի թիվը, տալու օրը, ամիսը և ստորագրվում են համապատասխան մարմնի ղեկավարի կողմից:
6. Մուտքագրվող յուրաքանչյուր իրի համար նախատեսված քարտում և (կամ) գրքում յուրաքանչյուր իրի համար բացվում է անհատական համար: Քարտում և (կամ) գրքում նշվում են սույն կետի «1)», «2)», «3)» և «4)» ենթակետերով սահմանված` դրանք բնութագրող վավերապայմանները (ռեկվիզիտները) և մանրամասն նկարագրությունը, իսկ գանձարան մուտքագրվող իրի համար բնութագրող վավերապայմանները և մանրամասն նկարագրությունը լրացվում են ըստ փորձաքննության արդյունքների հիման վրա տրված մասնագիտական եզրակացության:
Իրերը գանձարան ընդունվում և մուտքագրվում են համապատասխան մասնագիտական եզրակացության հիման վրա, որի մեջ պետք է նշված լինեն`
1) թանկարժեք մետաղների համար` անվանումը, հարգը, քաշը, եթե թանկարժեք մետաղը լարի տեսքով է` նաև տրամագիծը, եթե թանկարժեք մետաղը թիթեղի տեսքով է` նաև հաստությունը.
2) թանկարժեք քարերի համար` անվանումը, քանակը, կշիռը (կարատ), որակը և նիստավորման ձևը.
3) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի համար` իրի նկարագիրը, մետաղի տեսակը, հարգը և կշիռը.
4) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վրա թանկարժեք քարերի առկայության դեպքում` քարերի անվանումը, քանակը, կշիռը (կարատ), որակը և նիստավորման ձևը, այլ քարերի դեպքում` դրանց նկարագրությունը (անվանումը, քանակը, չափերը և այլ որակական հատկանիշներ):
7. Յուրաքանչյուր իր գանձարան մուտքագրվելուց առաջ ենթարկվում է փորձաքննության:
Յուրաքանչյուր իր փորձաքննության արդյունքների հիման վրա պիտակավորվում և կապարակնքվում է: Պիտակի վրա մանրամասն նշվում են իրը բնութագրող վավերապայմանները (ռեկվիզիտները), մանրամասն նկարագրությունն ու մասնագիտական եզրակացության կայացման ամսաթիվը և համարը:
Թանկարժեք քարեր պարունակող իրերը գանձարան մուտքագրվում են փակ` կապարակնքված տուփերում: Տուփը պետք է պատրաստված լինի ցանկացած թափանցիկ նյութից` այնպես, որպեսզի հնարավոր չլինի այն բացել` առանց տուփը կամ կապարակնիքը վնասելու: Տուփի վրա փակցվում է սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված պիտակի կրկնօրինակը:
8. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված իրերի կապարակնիքների կամ թանկարժեք քարեր պարունակող իրերի տուփերի կամ կապարակնիքների վնասված չլինելու պարագայում իրերի կամ տուփերում պարունակվող թանկարժեք քարեր պարունակող իրերի պիտակների վրա նշված` իրը բնութագրող վավերապայմաններին անհամապատասխանության դեպքում փորձաքննություն իրականացնողն օրենքով սահմանված կարգով և չափով կրում է պատասխանատվություն:
9. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված իրերի կապարակնիքների կամ թանկարժեք քարեր պարունակող իրերի տուփերի կամ կապարակնիքների վնասված լինելու դեպքում` նյութական պատասխանատու անձն անմիջապես տեղյակ է պահում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարին, որից հետո 15-օրյա ժամկետում կազմակերպվում է իրերի փորձաքննություն:
10. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված իրերի կապարակնիքների կամ թանկարժեք քարեր պարունակող իրերի տուփերի կամ կապարակնիքների վնասված լինելու պարագայում իրերի կամ տուփերում պարունակվող` թանկարժեք քարեր պարունակող իրերի պիտակների վրա նշված` իրը բնութագրող վավերապայմաններին անհամապատասխանության դեպքում նյութական պատասխանատու անձն օրենքով և պայմանագրով սահմանված կարգով ու չափով կրում է գույքային պատասխանատվություն:
11. Հաշվառման քարտերում և գրքերում իրերի մուտքն ու ելքը գրանցվում են ձևակերպված փաստաթղթերի` մուտքագրման և ելքագրման ակտերի, պահանջագրերի, հանձնման-ընդունման ակտերի, սկզբնական փաստաթղթերի հիման վրա` ըստ իրերի տեսակի, որակական բնութագրերի, հարգի, քաշի, ձեռքբերման, գնահատման արժեքի, իսկ գանձարան մուտքագրվող և ելքագրվող իրերի համար` նաև փորձաքննության եզրակացության հիման վրա:
12. Թանկարժեք մետաղները գնահատվում են գանձարանի կողմից` տվյալ պահին միջազգային շուկայում գործող գներին համապատասխան, որն էլ ընդունվում է որպես տվյալ պահին այդ իրի գին, և սահմանված կարգով կատարվում է հաշվառում:
Թանկարժեք մետաղների գնահատման կարգը անհրաժեշտության դեպքում սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարը:
13. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերն ու թանկարժեք քարերը գնահատվում են թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստի արժեքների փորձաքննության փորձագիտական հանձնաժողովի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից ընտրված մասնագիտացված կառույցի կամ փորձագետի (այսուհետ` փորձաքննություն իրականացնող) կողմից` տվյալ պահին միջազգային շուկայում գործող գներին համապատասխան: Այդ գինն ընդունվում է որպես տվյալ պահին այդ իրի գին, և սահմանված կարգով կատարվում է հաշվառում:
14. Իրերի հանձնումն ու ընդունումը կատարվում են գանձարանի կողմից` համաձայն հանձնման-ընդունման ակտի:
15. Իրի փորձաքննության մասին եզրակացությունն ստորագրվելուց հետո մեկ օրվա ընթացքում կազմվում է հանձնման-ընդունման ակտ` երկու օրինակից, որոնք ստորագրվում են հանձնող (ընդունող) անձի (կազմակերպության) և գանձարանի կողմից: Հանձնման-ընդունման ակտի մեկ օրինակը մնում է գանձարանում, իսկ մյուս օրինակը տրվում է իրերը հանձնող (ընդունող) անձին (կազմակերպությանը): Հանձնման-ընդունման ակտին կցվում է իրի փորձաքննության մասին եզրակացությունը, որը հաստատում է յուրաքանչյուր իրի իսկությունը:
16. Հանձնման-ընդունման փաստաթղթերում նյութական պատասխանատու անձի կողմից պետք է կատարվի նշում` «Բոլոր թանկարժեք մետաղները և թանկարժեք քարերը, ինչպես նաև թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված իրերն ստուգված, պիտակավորված և կապարակնքված են, որոնք իմ կողմից ընդունվում են պատասխանատու պահպանության»: Նյութական պատասխանատու անձի ստորագրությունից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովի անդամներն իրենց ստորագրությամբ վավերացնում են նյութական պատասխանատու անձի կողմից իրերի ընդունումը, որից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարն իր ստորագրությամբ հաստատում է իրերի ընդունման փաստը:
Նյութական պատասխանատու անձ է համարվում գանձարանում իրերի պահպանության համար քաղաքացիական ծառայողի պաշտոնի անձնագրով պատասխանատու պաշտոնատար անձը, որի հետ կնքվում է լրիվ նյութական պատասխանատվության մասին պայմանագիր:
17. Իրերը հաշվառվում են ըստ մետաղների տեսակների, քարերի տեսակների, դրանց կշռի, քանակի, մետաղի դեպքում` հարգի, մաքուր և խառնուրդային (լիգատուրային) կշիռների, քարերի դեպքում` նաև ըստ որակական բնութագրերի: Իրերը հաշվառվում են նաև արժեքային արտահայտությամբ: Հաշվապահական սկզբնական փաստաթղթերը դրանց կազմվելուց հետո 5-օրյա ժամկետում ներկայացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառման ստորաբաժանում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի հաշվեկշռում արտացոլման համար:
18. Իրերի հանձնում-ընդունումը մի նյութական պատասխանատու անձից մյուսին կատարվում է դրանց պահպանման վայրում և ձևակերպվում հանձնման-ընդունման ակտով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովի մասնակցությամբ:
19. Գանձարանում, ինչպես նաև պատասխանատու պահպանություն իրականացնող կազմակերպություններում պահեստավորված իրերը պահպանվում են չհրկիզվող պահարաններում, մետաղյա արկղերում կամ համապատասխան պահուստներում, ընդ որում վերը նշված պահեստավորված իրերը պետք է նյութական պատասխանատու անձի կողմից զմռսակնքված կամ կապարակնքված լինեն:
Չհրկիզվող պահարանները, մետաղյա արկղերը կամ համապատասխան պահուստները բացվում և փակվում են գանձարանի ներկայացուցչի ներկայությամբ:
20. Պետական պահուստի և ազգային պահուստի արժեքները գույքագրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված կարգով:
21. Պետական պահուստի և ազգային պահուստի արժեքները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում մեկ վայրից մյուս վայր փոխադրվում են նյութական պատասխանատու անձի միջոցով` «Ինկասացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս իրերը տեղափոխվում են հատուկ կապի միջոցով` դրանց պարտադիր ապահովագրմամբ:
22. Պետական պահուստի և ազգային պահուստի արժեքների տեղաբաշխումը դրանց պատասխանատու պահպանումն իրականացնող կազմակերպություններում կատարում է գանձարանը:
23. Պատասխանատու պահպանման հանձնվող արժեքների անվանացանկը, ծավալը, քաշը, որակը, գինը, պահպանման ժամկետները և պատասխանատու պահպանման ծառայության դիմաց վճարման կարգը սահմանվում են պայմանագրով:
24. Պատասխանատու պահպանումն իրականացնող կազմակերպությունները`
1) իրավունք ունեն գանձարանից պահանջելու պատասխանատու պահպանման հանձնվող արժեքները բնութագրող փաստաթղթերի պատճենները.
2) իրավունք չունեն երրորդ անձի հետ ինքնուրույն կնքելու պատասխանատու պահպանման հանձնված արժեքների օտարման, փոխանակման կամ որևէ այլ գործարք.
3) պատասխանատվություն են կրում պատասխանատու պահպանման հանձնված արժեքների անձեռնմխելիության, դրանց քանակական և որակական պահպանության, հաշվառման և հաշվետվության կազմակերպման համար.
4) իրավունք ունեն ստանալու գանձարանի կողմից իրերին առնչվելու իրավունք ունեցող անձանց մասին տեղեկատվություն (անուն, ազգանուն, իրերի զննության կամ այլ գործողություն կատարելու իրավասությունը հավաստող` գանձարանի կողմից տրված լիազորագիր և համապատասխան պայմանագրով նախատեսված այլ տեղեկատվություն): Նշված անձանց ցանկը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարը.
5) ունեն թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի բնագավառը կարգավորող օրենսդրությանը չհակասող համապատասխան պայմանագրերով կնքված այլ իրավունքներ ու պարտականություններ:
25. Պետական պահուստի իրերը, որոնք գտնվում են գանձարանում, պետության արտադրական, ֆինանսական, գիտական, մշակութային, ներդրումային և այլ կարիքները հոգալու համար կարող են oտարվել գանձարանի կողմից:
26. Պետական պահուստի իրերը կարող են օգտագործվել պետության արտադրական, ֆինանսական, գիտական, մշակութային, ներդրումային և այլ կարիքները հոգալու համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներին համապատասխան:
Ազգային պահուստի արժեքները կարող են օգտագործվել միայն ցուցադրման կամ գիտական հետազոտությունների նպատակով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կամ նրա տարածքից դուրս` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ:
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |