ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«05» օգոստոսի 2008թ. |
N 541-Ն |
ք.Ստեփանակերտ
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ԲՆԱԿՏՈՐՆԵՐԻ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ԼԻՆԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Թանկարժեք մետաղների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի բնակտորների հազվագյուտ լինելու չափանիշները, գնահատման և վճարման պայմաններն ու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«05» օգոստոսի 2008թ.
թիվ 541-Ն որոշման |
ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ԲՆԱԿՏՈՐՆԵՐԻ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ԼԻՆԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ
1. Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի բնակտորների հազվագյուտ լինելու չափանիշներով, գնահատման և վճարման պայմաններով ու կարգով (այսուհետ` կարգ) սահմանվում են թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի` հազվագյուտներին վերագրելու չափանիշները, և կարգավորվում են դրանց գնահատման ու վճարման պայմանների հետ կապված հարցերը:
2. Թանկարժեք մետաղների բնակտորներ են արմատական և ցրոնային հանքավայրերում բնածին թանկարժեք մետաղների տարանջատումները, որոնք իրենց չափսերով խիստ տարբերվում են թանկարժեք մետաղների գերակշռող մասնիկներից և ունեն 0,1 գրամից ոչ պակաս զանգված: Հազվագյուտ են համարվում բնության մեջ հազվադեպ հանդիպող թանկարժեք մետաղների բնակտորները, որոնք ունեն հատուկ հանքաբանական, կազմաբանական, չափաքանակային բնութագիր կամ դրանց համատեղությունը:
3. Թանկարժեք մետաղների հազվագյուտ բնակտորներ են`
1) Ոսկու բնակտորներ.
ա. արմատական հանքավայրերից`
- բյուրեղներ, դենդրիտներ և դրանց կցաճումներ` 1 գրամ և ավելի զանգվածով,
- անկանոն ձևի կուտակումներ` 5 գրամ և ավելի զանգվածով.
բ. ցրոնային հանքավայրերից`
- բյուրեղներ, դենդրիտներ և դրանց կցաճումներ` 5 գրամ և ավելի զանգվածով, որոնք ունեն հարթեցվածության և ողորկության ցածր աստիճան,
- 50 գրամ և ավելի զանգվածով անկանոն ձևի գոյացություններ, որոնք ունեն հարթեցվածության և ողորկության ցածր աստիճան,
-1000 գրամ և ավելի զանգվածով անկանոն ձևի գոյացություններ` անկախ հարթեցվածության և ողորկության աստիճանից:
2) Արծաթի բնակտորներ` արմատական և ցրոնային հանքավայրերից`
- բյուրեղներ, դենդրիտներ և դրանց կցաճումներ` 0,5 գրամ և ավելի զանգվածով,
- անկանոն ձևի գոյացություններ` 5 գրամ և ավելի զանգվածով:
3) Պլատինի և պլատինի խմբի մետաղների բնակտորներ.
ա. արմատական հանքավայրերից`
- բյուրեղներ և դրանց կցաճումներ` 1 գրամ և ավելի զանգվածով,
- անկանոն ձևի գոյացություններ` 5 գրամ և ավելի զանգվածով.
բ. ցրոնային հանքավայրերից`
- բյուրեղներ և դրանց կցաճումներ` 5 գրամ և ավելի զանգվածով, որոնք ունեն հարթեցվածության և ողորկության ցածր աստիճան,
- անկանոն ձևի գոյացություններ` 20 գրամ և ավելի զանգվածով, որոնք ունեն հարթեցվածության և ողորկության ցածր աստիճան,
- անկանոն ձևի գոյացություններ` 200 գրամ և ավելի զանգվածով` անկախ հարթեցվածության և ողորկության աստիճանից:
4) Բնակտորներ, որոնք կապված են որևէ պատմական իրադարձության կամ հանրահայտ անձի հետ, որոնք մեծ դեր են ունեցել պատմության, գիտության և մշակույթի մեջ:
5) Բնակտորներ, որոնք կապված են երկրում թանկարժեք մետաղների արդյունահանման պատմության զարգացման հետ:
6) Բնակտորներ` հանրահայտ հավաքածուներից և թանգարաններից:
7) Բնակտորներ` արտասովոր ձևի:
4. Թանկարժեք քարերի հազվագյուտ խմբին դասվում են`
1) 50 կարատ և ավելի քաշով ալմաստներ:
2) Ալմաստներ, որոնք օժտված են հետևյալ մեկ կամ բոլոր բացառիկ բնութագրիչներով` ձևով, հազվագյուտ բացառիկ գույներով` բարձր մաքրության համադրությամբ, ներփակումների բնութագրերով և բյուրեղագրաֆիկական ուրվագծերով` անկախ ալմաստի քաշից (առնվազն մեկ կարատի համար` մեկ մլն հինգ հարյուր հազ. դրամ արժեքով):
3) 20 կարատ և ավելի քաշով ադամանդներ, ինչպես նաև ադամանդներ, որոնք բացառիկ են կառուցվածքով, գույներով և որակական բնութագրիչներով (առնվազն մեկ կարատի համար` հինգ մլն դրամ արժեքով):
4) Անմշակ զմրուխտներ (հանքակտորներ, բյուրեղներ կամ զմրուխտների բյուրեղների կցաճումներ) առաջին գույնի (մուգ կանաչ), 1-ին և 2-րդ տեսակների, որոնք հետաքրքրություն են ներկայացնում իրենց բյուրեղների կառուցվածքով և հանքային համակցությամբ, ինչպես նաև 10մմ և ավելի չափսի կոտրվածքները, առաջին գույնով (մուգ կանաչ), բարձր աստիճանի թափանցիկությամբ` ներքին փայլով (խումբը` էքստրա):
5) 10 կարատ և ավելի քաշով մշակված զմրուխտներ, որոնք բացառիկ են իրենց գույնով, կառուցվածքով և որակով, առաջին գույնով (մուգ կանաչ), 1-ին և 2-րդ խմբերի մաքրությամբ:
6) Անմշակ սուտակներ (ռուբին), շափյուղաներ (սապֆիր)` հագեցած գունային երանգներով, և ալեքսանդրիտներ` ուժեղ ալեքսանդրիտային էֆեկտով (հանքակտորներ, բյուրեղներ և բյուրեղների կցաճումներ), 1-ին և 2-րդ տեսակների, որոնք հետաքրքրություն են ներկայացնում իրենց բյուրեղների կառուցվածքով, հանքային համակցությամբ, որոնք ունեն լավ արտահայտված բնական կառուցվածքով բյուրեղներ:
7) 10 կարատ և ավելի քաշով մշակված սուտակներ, արնակարմիր գույնի` բիրմայական տիպի, 1-ին խմբի մաքրությամբ:
8) 10 կարատ և ավելի քաշով մշակված շափյուղաներ, բաց կապույտ գույնի` քաշմիրյան տիպի, 1-ին խմբի մաքրությամբ, ինչպես նաև հազվագյուտ գույների (դեղին, կանաչ, գազարագույն, մանուշակագույն):
9) 5 կարատ և ավելի քաշով մշակված ալեքսանդրիտներ` ուժեղ ալեքսանդրիտային էֆեկտով, 1-ին և 2-րդ խմբերի մաքրությամբ:
10) 5 կարատ և ավելի քաշով մարգարիտներ` սպիտակ, երկնագույն և սև գույների, որոնք ունեն լավ փայլ` սադափագույն նրբերանգով, տարբեր կառուցվածքի` ուղիղ, կոնաձև, ձվաձև, կաթիլաձև («բողբոջ») և անկանոն ձևի («բարոկկո»):
11) Թանկարժեք քարեր, որոնք կապված են որևէ պատմական իրադարձության կամ հանրահայտ մարդկանց հետ, որոնք մեծ դեր են ունեցել մշակույթի, պատմության և գիտության մեջ:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքից արդյունահանված թանկարժեք մետաղները և թանկարժեք քարերը, որոնք բավարարում են սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված պահանջներից որևէ մեկը, գնման նախապատվության իրավունք ունեցող` լիազոր մարմին ներկայացվելուց հետո ենթարկվում են փորձաքննության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստի արժեքների փորձաքննության փորձագիտական հանձնաժողովի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից ընտրված մասնագիտացված կառույցի կամ փորձագետի (այսուհետ` փորձաքննություն իրականացնող) կողմից:
Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի բնակտորները հազվագյուտ լինելու մասին որոշումն ընդունում է սույն կետում նշված փորձաքննություն իրականացնողը` անցկացված փորձաքննության արդյունքների հիման վրա:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքից արդյունահանված թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորների վերաբերյալ փորձաքննություն իրականացնողի կողմից կազմվում է փորձագիտական եզրակացություն, որը հաստատում է դրանց հազվագյուտ լինելու փաստը, և այդ բնակտորները ենթարկվում են հատուկ հաշվառման: Այդ արժեքների հաշվառման ձևը և կարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարը:
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքից արդյունահանված թանկարժեք մետաղները և թանկարժեք քարերը գնահատվում են փորձաքննություն իրականացնողի կողմից` հաշվի առնելով համաշխարհային շուկայի գները:
7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքից արդյունահանված թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորներն իրացվում են «Թանկարժեք մետաղների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի համաձայն:
8. Պետական պահուստի համալրման նպատակով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիազոր մարմնի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքից արդյունահանված թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորների գնման դեպքում վճարումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |