ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«13» օգոստոսի 2008թ. |
N 569 |
ք.Ստեփանակերտ
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ և 11-րդ հոդվածներով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի ՆՀ-40 հրամանագրով սահմանված կարգի 11-րդ կետով և հիմք ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ կետը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր կապիտալ շինարարության վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
2. Հաստատել`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր կապիտալ շինարարության վարչության կանոնադրությունը` համաձայն թիվ 1 հավելվածի.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր կապիտալ շինարարության վարչության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն թիվ 2 հավելվածի:
3. «Կապիտալ շինարարություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր կապիտալ շինարարության վարչությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով իրականացնել «Կապիտալ շինարարություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը պարտավորության հիման վրա պատկանող իրավունքների փոխանցում (պահանջի զիջում) և պարտքի փոխանցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր կապիտալ շինարարության վարչությանը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«13» օգոստոսի 2008թ.
թիվ 569 որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր կապիտալ շինարարության վարչությունը (այսուհետ՝ վարչություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է կապիտալ շինարարության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ծրագրերը:
2. Վարչությունը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:
3. Վարչության լիազորությունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Վարչությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և իրավական այլ ակտերին համապատասխան:
5. Վարչությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և վարչության հայերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
6. Վարչությունը կազմված է վարչության պետից և վարչության աշխատակազմից: Վարչության համակարգում ընդգրկվում են վարչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկները:
7. Վարչության նպատակները և խնդիրներն են՝
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կապիտալ շինարարության բնագավառում պատվիրատուի պարտականությունների իրականացում և կապալային եղանակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կապիտալ շինարարության կազմակերպում,
2) սահմանված կարգով կապիտալ շինարարության տեխնիկական հսկողության իրականացում:
II. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Վարչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1) կապալառու կազմակերպության ֆինանսավորման աշխատանքների կազմակերպումը,
2) շինարարության կատարողականի, այլ առաջնային փաստաթղթերի և հաշվետվությունների կազմումը, շինությունների շահագործման և հանձնման աշխատանքների իրականացումը.
3) կապալառուի մասնակցությամբ՝ կատարված շինարարական աշխատանքների ստուգումը և ընդունումը,
4) կատարված շինարարական աշխատանքների մասին կանոնավոր հաշվետվությունների կազմումը և ներկայացումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն,
5) իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարեկան պետական բյուջեի նախագծի մշակմանը մասնակցություն և ոլորտին հատկացված բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման ապահովումը և վերահսկումը,
6) իր իրավասության սահմաններում հանրապետության սոցիալ-տնտեսական ամենամյա ծրագրերի մշակմանը մասնակցություն:
III. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Վարչությունը կառավարում է վարչության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը: Վարչության պետն ունի տեղակալ (տեղակալներ), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը` վարչության պետի ներկայացմամբ:
Իր գործունեության ընթացքում վարչության պետն առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
10. Վարչության պետը կազմակերպում և վերահսկում է վարչությանը վերապահված խնդիրների լուծմանն ուղղված գործառույթների իրականացումը:
11. Վարչության պետը հաշվետու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին:
12. Վարչության պետը կապիտալ շինարարության պետական ծրագրերի իրականացման շրջանակներում պարբերաբար ամենամսյա հաշվետվություն է ներկայացնում քաղաքաշինության բնագավառում քաղաքականություն իրականացնող պետական լիազոր մարմնին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը:
13. Վարչության պետը `
1) իր իրավասության սահմաններում օրենքով սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր,
2) ղեկավարում է վարչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է վարչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար,
3) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին,
4) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ վարչության անունից, ինչպես նաև տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ վարչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր,
5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում վարչության քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ,
6) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին,
7) օրենքին և սույն կանոնադրությունը համապատասխան սահմանում է վարչության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները,
8) սահմանում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև,
9) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում վարչության աշխատակազմի ղեկավարի, վարչության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև վարչության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները,
10) լսում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում վարչության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում վարչության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները,
11) վերահսկողություն է իրականացնում վարչության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ,
12) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում վարչության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը,
13) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում վարչության աշխատողների թիվը,
14) օրենքով սահմանված կարգով վարչության աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ,
15) ստեղծում է խորհրդակցական մարմիններ,
16) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
14. Վարչության պետի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, պետի պարտականությունները կատարում է վարչության պետի տեղակալը (տեղակալներից մեկը):
15. Վարչության պետն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:
16. Վարչության պետի տեղակալը՝
1) համակարգում է վարչության համակարգի աշխատանքները՝ իրեն հանձնարարված բնագավառում,
2) իր լիազորության սահմաններում համակարգում է վարչության՝ իրեն հանձնարարված ոլորտներում անհրաժեշտ աշխատանքների իրականացումը՝ վարչության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով՝ տալով ցուցումներ ու հանձնարարականներ,
3) վարչության նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է իրեն հանձնարարված ոլորտների՝ վարչության համակարգի մարմիններին տրվող որոշակի հանձնարարականների ու առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն,
4) վարչության պետի հանձնարարությամբ իրականացնում է պետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները,
5) համակարգում է իրեն հանձնարարված ոլորտներում վարչության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը,
6) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ,
7) պարբերաբար պետին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված ոլորտներում տիրող իրավիճակի մասին,
8) ապահովում է իրեն հանձնարարված ոլորտներում պետի հրամանների և ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում պետին,
9) վարչության պետին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերաբերող հարցերի մասին,
10) վարչության պետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
IV. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
17. Վարչության աշխատակազմի նպատակը և խնդիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վարչությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև՝ քաղաքացիական իրավահարաբերություններին վարչության մասնակցության ապահովումն է:
18. Վարչության աշխատակազմը իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
19. Վարչության աշխատակազմը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
20. Վարչության աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
21. Վարչության աշխատակազմն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
22. Վարչության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
23. Վարչության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Վարչության աշխատակազմի կատարած գործառույթների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:
24. Վարչության աշխատակազմն իր ֆինանսական գործառույթներն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Վարչության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև վարչության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
25. Վարչության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
26. Վարչության աշխատակազմի անվանումն է՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր կապիտալ շինարարության վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
27. Վարչության աշխատակազմի գտնվելու վայրն է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ք. Ստեփանակերտ, Նաբերեժնայա փող. 3-րդ նրբանցք:
V. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
28. Վարչության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ՝ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ վարչության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
29. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու վարչության աշխատակազմի գույքը:
30. Վարչության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:
VI. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
31. Վարչության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն):
32. Վարչության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է վարչության պետը:
VII. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
33. Վարչության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը և վարչության պետը՝ օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:
Վարչության աշխատակազմը ղեկավարում է վարչության աշխատակազմի ղեկավարը, որին օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը:
34. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝
1) վերակազմակերպում և դադարեցնում է վարչության աշխատակազմի գործունեությունը,
2) հաստատում է վարչության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները,
3) որոշում է վարչության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը,
4) հաստատում է վարչության աշխատակազմի կառուցվածքը,
5) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված այլ լիազորություններ:
35. Վարչության աշխատակազմի ղեկավարն օրենքով, իրավական այլ ակտերով, վարչության պետի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է վարչության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, իրավական այլ ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և վարչության պետի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
36. Վարչության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Վարչության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
37. Վարչության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, վարչության պետի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:
38. Վարչության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը կամ այլ աշխատող՝ պետի հրամանով:
39. Վարչության աշխատակազմի ղեկավարը՝
1) առանց լիազորագրի՝ իր իրավասության սահմաններում, հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար,
1) օրենքով, իրավական այլ ակտերով, հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով, տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները,
3) իր իրավասության սահմաններում տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր,
4) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է վարչության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ,
5) օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ,
6) օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ,
7) վարչության պետի հաստատմանն է ներկայացնում վարչության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է վարչության աշխատակազմի հաշվապահական հաշվառման վարումը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, վարչության պետի հաստատմանն է ներկայացնում վարչության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար,
8) վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում վարչության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ,
9) կազմակերպում է վարչության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը,
10) կազմակերպում է վարչությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը,
11) վերահսկում է վարչության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը,
12) վարչության պետի ստորագրությանն է ներկայացնում պետի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները,
13) ապահովում է համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ,
14) կազմակերպում է վարչությունում գործավարության, տեխնիկական սպասարկման աշխատանքները,
15) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
40. Վարչության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է վարչության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում վարչության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:
41. Վարչության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, վարչության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
42. Վարչության աշխատակազմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններին է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների մասին հաշվետվություններ, ինչպես նաև վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
43. Վարչության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
IX. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
44. Վարչության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«13» օգոստոսի 2008թ.
թիվ 569 որոշման |
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
1. Ֆինանսատնտեսագիտական և պայմանագրային բաժին
2. Համաշինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության բաժին
3. Ճանապարհաշինության և ինժեներական ցանցերի տեխնիկական հսկողության բաժին
4. Անձնակազմի կառավարման և տնտեսական բաժին
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |