ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը սահմանում է մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի իրականացումն ապահովող բժշկական օգնության և սպասարկման կազմակերպական, իրավական, տնտեսական և ֆինանսական հիմունքները:
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
|
Հոդված 1. |
Հիմնական հասկացություններ |
1. Բժշկական օգնություն և սպասարկում՝ բնակչությանը կանխարգելիչ, բուժական, դեղորայքային օգնության ցուցաբերում, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, բժշկական փորձաքննության անցկացում, հարբժշկական և ոչ բուժական բնույթի այլ ծառայությունների մատուցում:
2. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտոնագրված, բնակչությանը բժշկական օգնության և սպասարկման որոշակի տեսակներ ցուցաբերող ֆիզիկական և իրավաբանական անձ, անհատ ձեռներեց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն՝ անկախ կազմակերպական-իրավական տեսակից և սեփականության ձևից:
3. Առողջապահական պետական նպատակային ծրագրեր՝ ամենամյա ծրագրեր, որոնք ուղղված են բնակչության առողջության պահպանմանը և որոնց ֆինանսավորումն արտահայտված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեում:
Առողջապահության պետական նպատակային ամենամյա ծրագրի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի նախագիծը պետական բյուջեի նախագծի հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ներկայացնում է Ազգային ժողով: Պետությունը բյուջետային նպատակային ֆինանսավորման միջոցով ապահովում է առողջապահության բնագավառի պահպանումը և զարգացումը, որի ծավալները որոշվում են առողջապահության պետական նպատակային ծրագրերին համապատասխան:
(1-ին հոդվածը խմբ. 12.04.2001 ՀՕ-139)
|
Հոդված 2. |
Բժշկական օգնության և սպասարկման հիմնական տեսակները |
Բժշկական օգնության և սպասարկման հիմնական տեսակներն են՝
ա/ առաջնային բժշկական օգնությունը՝ որպես յուրաքանչյուր մարդու համար անվճար, առավել մատչելի մեթոդների և տեխնոլոգիաների վրա հիմնված բժշկական օգնության և սպասարկման տեսակ, որը երաշխավորվում է պետության կողմից.
բ/ մասնագիտացված բժշկական օգնությունը՝ որպես ախտորոշման և բժշկական առանձնահատուկ մեթոդների ու բարդ բժշկական տեխնոլոգիաների վրա հիմնված բժշկական օգնության և սպասարկման տեսակ:
Բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը և կառուցվածքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
|
Հոդված 3. |
Բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ձևերը |
Բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում են՝
ա) հիվանդանոցային ձևով, երբ անհրաժեշտ է բժշկական միջոցառումների համալիր կիրառում՝ ախտորոշում, բուժում, տևական հսկողություն և հատուկ խնամք.
բ) արտահիվանդանոցային ձևով, երբ դրա իրականացման համար չեն պահանջվում հիվանդանոցային պայմաններ:
Գ Լ ՈՒ Խ 2
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ
ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
|
Հոդված 4. |
Բժշկական օգնություն և սպասարկում ստանալու մարդու իրավունքը |
Յուրաքանչյուր ոք, անկախ քաղաքացիությունից, ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, տարիքից, առողջական վիճակից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ունի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք:
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի բժշկական օգնություն և սպասարկում ստանալ անվճար՝ պետության կողմից երաշխավորված առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում:
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի այդ ծրագրերի շրջանակներից դուրս բժշկական օգնություն և սպասարկում ստանալ բժշկական ապահովագրական հատուցումների, անձնական վճարումների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ աղբյուրների հաշվին:
Այլ պետություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է տվյալ պետության օրենսդրության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն:
|
Հոդված 5. |
Մարդու իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս՝ |
Բժշկական օգնության դիմելիս, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս յուրաքանչյուր ոք իրավունք ունի՝
- ընտրել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին.
- ստանալ բժշկական օգնություն և սպասարկում՝ հիգիենայի պահանջներին համապատասխանող պայմաններում.
- պահանջել բժշկի օգնությանը դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիության ապահովում, բացի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերից.
- իրազեկ լինել իր հիվանդության մասին և համաձայնություն տալ բժշկական միջամտության համար.
- հրաժարվել բժշկական միջամտությունից, բացի սույն օրենքով նախատեսված դեպքերից.
-արժանանալ հարգալից վերաբերմունքի՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից:
|
Հոդված 6. |
Բժշկական օգնության և սպասարկման ընթացքում հասցված վնասի փոխհատուցում ստանալու մարդու իրավունքը |
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման ընթացքում իր առողջությանը հասցված վնասի դիմաց ստանալ փոխհատուցում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
|
Հոդված 7. |
Առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու մարդու իրավունքը |
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մատչելի ձևով ստանալ տեղեկություն իր առողջական վիճակի, հետազոտությունների արդյունքների, հիվանդության ախտորոշման և բուժման մեթոդների, դրանց հետ կապված ռիսկի, բժշկական միջամտության հնարավոր տարբերակների, հետևանքների և բուժման արդյունքների մասին:
Մարդու առողջական վիճակի մասին տեղեկությունը նրա կամքին հակառակ չի կարող հաղորդվել նրան կամ այլ անձանց, բացի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերից:
18 տարին չլրացած կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված հիվանդների առողջական վիճակի մասին տեղեկությունները տրվում են նրանց օրինական ներկայացուցիչներին:
|
Հոդված 8. |
Համաձայնությունը բժշկական միջատմության համար |
Մարդու համաձայնությունը բժշկական միջամտության համար անհրաժեշտ պայման է, բացի սույն օրենքով նախատեսված դեպքերից:
Բուժողի կամ բուժվողի պահանջով համաձայնությունը կարող է լինել նաև գրավոր:
18 տարին չլրացած կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված հիվանդին, ինչպես նաև այն դեպքերում, երբ հիվանդի վիճակը թույլ չի տալիս արտահայտել իր կամքը, բժշկական միջամտության համար համաձայնությունը տրվում է նրա օրինական ներկայացուցչի կողմից:
Օրինական ներկայացուցչի բացակայության դեպքում, եթե բժշկական միջամտությունը հետաձգման ենթակա չէ. բժշկական միջամտության վերաբերյալ որոշումը, ելնելով հիվանդի շահերից, կայացվում է բժշկական խորհրդակցության /կոնսիլիումի/, իսկ դրա անհնարինության դեպքում՝ բժշկի կողմից:
|
Հոդված 9. |
Մարդու վերարտադրողական իրավունքը |
Յուրաքանչյուր զույգ կամ յուրաքանչյուր ոք իրավունք ունի՝
ա/ որոշել իր երեխաների թիվը.
բ/ անցանկալի հղիությունից և հղիության արհեստական ընդհատումից խուսափելու նպատակով օգտվել ընտանիքի պլանավորման արդյունավետ և անվնաս միջոցներից ու մեթոդներից, դրանց վերաբերյալ ստանալ անհրաժեշտ տեղեկություններ.
գ) հղիության ընթացքում ստանալ հղիության և ծննդաբերության հետ կապված բժշկական օգնություն և սպասարկում՝ պետության կողմից երաշխավորված ամենամյա առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում:
Հղիության արհեստական ընդհատումը և բժշկական ամլացումն իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Յուրաքանչյուր ոք, ներառյալ դեռահասը, իրավունք ունի տեղեկություններ ստանալ իր սեռական առողջության պահպանման հարցերի, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, դրանց բարդությունների և հետևանքների մասին:
(9-րդ հոդվածը լրաց. 12.04.2001 ՀՕ-139)
|
Հոդված 10. |
Բժշկական օգնություն և սպասարկում ստանալու երեխայի իրավունքը |
Պետությունը և նրա համապատասխան մարմիններն ապահովում են առողջապահական ծառայություններից յուրաքանչյուր երեխայի անվճար բուժօգնություն և սպասարկում ստանալու հնարավորությունը, իրականացնում են երեխայի առողջության պահպանմանն ուղղված պետական նպատակային ծրագրերը:
|
Հոդված 11. |
Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ տառապող մարդու իրավունքը |
Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ տառապող մարդն իրավունք ունի անվճար ստանալ՝ պետության կողմից երաշխավորված կարգով բժշկական օգնություն և սպասարկում և բուժվել այդ նպատակի համար նախատեսված հատուկ մասնագիտացված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում:
Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
|
Հոդված 12. |
Ձերբակալված, կալանավորված և ազատազրկման վայրերում պատիժ կրող անձանց բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքները |
Ձերբակալված, կալանավորված և ազատազրկման վայրերում պատիժ կրող անձինք իրավունք ունեն ստանալ բժշկական օգնություն և սպասարկում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
|
Հոդված 13. |
Զինծառայողների և զորակոչիկների բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքները |
Զինծառայողները և զորակոչիկներն իրավունք ունեն ստանալ բժշկական օգնություն և սպասարկում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
|
Հոդված 14. |
Արտակարգ իրավիճակներում տուժած մարդկանց բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքները |
Արտակարգ իրավիճակներում տուժած մարդիկ բժշկական օգնություն և սպասարկում են ստանում անվճար՝ պետության կողմից երաշխավորված կարգով:
|
Հոդված 15. |
Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքները |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք ունեն ստանալ բժշկական օգնություն և սպասարկում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն:
|
Հոդված 16. |
Բժշկական օգնության և սպասարկման իրականացումը առանց մարդու համաձայնության |
Առանց մարդու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության թույլատրվում է իրականացնել բժշկական օգնություն և սպասարկում մարդու կյանքին սպառնացող վտանգի, ինչպես նաև շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքերում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
|
Հոդված 17. |
Բժշկական միջամտությունից հրաժարվելը |
Յուրաքանչյուր ոք կամ նրա օրինական ներկայացուցիչն իրավունք ունի հրաժարվել բժշկական միջամտությունից կամ պահանջել ընդհատել այն, բացի սույն օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված դեպքերից:
Բժշկական միջամտությունից հրաժարվելու փաստը՝ հնարավոր հետևանքների նշումով, գրանցվում է բժշկական փաստաթղթերում և հավաստվում հիվանդի կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից:
Գ Լ ՈՒԽ 3
ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԸ ԵՎ
ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
|
Հոդված 18. |
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները և նրանց իրավունքները |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներն իրավունք ունեն ցուցաբերել համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում ընտրված տեսակների շրջանակներում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտոնագիր ստանալու դեպքում:
Բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեն համապատասխան կրթություն, մասնագիտացում ստացած, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու արտոնագիր ստացած անձինք:
Այլ պետություններում բժշկական կրթություն ստացած անձանց թույլատրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացնել բժշկական գործունեություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն:
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն՝
ա/ միավորվել մասնագիտական միություններում և դրանց միջոցով մասնակցել առողջապահական պետական նպատակային և ապահովագրական ծրագրերի մշակմանը, բժշկական գործունեության արտոնագրմանը, իրենց իրավունքների պաշտպանությանը և միության կանոնադրությամբ նախատեսված խնդիրների իրականացմանը.
բ/ պաշտպանել իրենց մասնագիտական պատիվը և արժանապատվությունը.
գ/ ապահովագրել իրենց մասնագիտական գործունեությունը:
|
Հոդված 19. |
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների պարտականությունները և պատասխանատվությունը |
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները պարտավոր են՝
ա/ յուրաքանչյուր մարդու ցուցաբերել անհետաձգելի առաջին բժշկական օգնություն՝ անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի և այլ հանգամանքների առկայությունից.
բ/ ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման քանակական ու որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին.
գ/ յուրաքանչյուրին տեղյակ պահել նրան տրամադրվելիք բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի, մեթոդների, ծավալների, տրամադրման կարգի և պայմանների մասին.
դ/ յուրաքանչյուր մարդու կամ բժշկական օգնության համար այլ վճարողների պահանջով տրամադրել անհրաժեշտ տվյալներ հիվանդին ցուցաբերած բժշկական օգնության և սպասարկման քանակական ու որակական բնութագրիչների և այդ նպատակով կատարված ծախսերի մասին.
ե/ ապահովել մարդու բժշկի օգնությանը դիմելու փաստի, նրա առողջական վիճակի մասին հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիությունը, բացի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերից.
զ/ ներկայացնել վիճակագրական և այլ տեղեկություններ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
է/ հոգատար և հարգալից վերաբերմունք ցուցաբերել հիվանդների նկատմամբ:
Իրենց մեղքով մարդու առողջությանը հասցրած վնասի համար, ինչպես նաև մարդու առողջական վիճակի մասին տեղեկություններ հայտնելու դեպքում, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները, ապօրինի բժշկական գործունեությամբ զբաղվող անձինք պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 4
ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱԿԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՁԵՎԵՐԸ
|
Հոդված 20. |
Գործունեության առանձնակի տեսակներով զբաղվող մարդկանց պարտադիր բժշկական հետազոտումը |
Առանձին մասնագիտությունների, ինչպես նաև առանձին ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների աշխատողները մարդկանց առողջության պահպանման, վարակիչ և մասնագիտական հիվանդությունների կանխարգելման նպատակով, նախքան նրանց աշխատանքի ընդունվելը և աշխատելու ընթացքում պարտավոր են պարբերաբար ենթարկվել բժշկական հետազոտման՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գործատուները պարտավոր են հատուցել իրենց աշխատողների պարտադիր բժշկական հետազոտությունների անցկացման ծախսերը:
|
Հոդված 21. |
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս նոր դեղերի, մեթոդների, ձևերի, միջոցների կիրառումը և կենսաբժշկական հետազոտությունների անցկացումը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս թույլատրվում է նոր դեղերի, մեթոդների, ձևերի, միջոցների կիրառում և կենսաբժշկական հետազոտությունների անցկացում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Մարդկանց բուժման նպատակով նոր դեղերի, մեթոդների, ձևերի, միջոցների կիրառումը, ցանկացած կենսաբժշկական հետազոտություն կարող է իրականացվել միայն նրանց իրազեկված գրավոր համաձայնության դեպքում:
Մարդը իրավունք ունի հրաժարվել հետազոտությանը մասնակցելուց դրա ցանկացած փուլում:
|
Հոդված 22. |
Բժշկական փորձաքննությունը |
Մարդկանց առողջական վիճակի որոշման նպատակով հիվանդության, վնասվածքի, աշխատունակության կորստի և այլ դեպքերում կատարվում է բժշկական փորձաքննություն:
Բժշկական փորձաքննության ձևերն են՝
- ժամանակավոր անաշխատունակության,
- բժշկասոցիալական,
- ռազմաբժշկական,
- դատաբժշկական:
Ժամանակավոր անաշխատունակության փորձաքննությունը որոշում է մարդու աշխատանքից ժամանակավոր ազատման անհրաժեշտությունը և ժամկետները՝ պայմանավորված աշխատողի առողջական վիճակով, նրա ժամանակավոր կամ մշտապես այլ աշխատանքի փոխադրումը, ինչպես նաև մարդու բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրման հարցը:
Բժշկասոցիալական փորձաքննությունը որոշում է մարդու աշխատունակության կորստի աստիճանը, հաշմանդամության խումբը և պատճառը, սահմանում է նրա բժշկական, սոցիալական, աշխատանքային վերականգնման տեսակները, ծավալը և անցկացման ժամկետները, տալիս է երաշխավորություն աշխատանքի տեղավորման համար:
Ռազմաբժշկական փորձաքննությունը որոշում է զինվորական ծառայության անցնելու ենթակա քաղաքացիների, զինծառայողների, պահեստազորի զինծառայողների առողջական վիճակով պայմանավորված զինծառայության պիտանիությունը, հաստատում է զինծառայողների և զինծառայությունից արձակվածների հիվանդությունների, վնասվածքների պատճառահետևանքային կապը զինծառայության հետ, սահմանում է բժշկական, սոցիալական, աշխատանքային վերականգնման իրականացման տեսակները, ծավալը և ժամկետները:
Դատաբժշկական փորձաքննություն իրականացվում է իրավասու մարմինների կողմից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրեսնսդությամբ նախատեսված դեպքերում:
Բժշկական փորձաքննության իրականացման, վիճելի դեպքերում կրկնական, լրացուցիչ, ինչպես նաև անկախ բժշկական փորձաքննության անցկացման, բժշկական փորձաքննության եզրակացության դատական կարգով գանգատարկման կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:
(22-րդ հոդվածը փոփ. 12.04.2001 ՀՕ-139)
|
Հոդված 23. |
Էվթանազիայի արգելումը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արգելվում է էվթանազիան՝ հիվանդի խնդրանքով նրա մահվան արագացումը որևէ գործողությամբ և միջոցներով:
Այն անձինք, ովքեր հիվանդին գիտակցաբար դրդում են էվթանազիայի կամ իրականացնում են այն, կրում են պատասխանատվություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
|
Հոդված 24. |
Ախտաբանաանատոմիական հերձումները |
Ախտաբանաանատոմիական հերձումներն անցկացվում են մահվան պատճառի որոշման և ախտորոշիչ նպատակներով:
Ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Գ Լ ՈՒ Խ 5
ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
|
Հոդված 25. |
Բժշկական օգնության և սպասարկման իրականացման ֆինանսավորման աղբյուրները |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բժշկական օգնության և սպասարկման իրականացման ֆինանսավորման աղբյուրներն են՝
ա/ հատկացումները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից.
բ/ ապահովագրական հատուցումները.
գ/ մարդկանց անմիջական վճարումները.
դ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը պետական բյուջեով նախատեսված հատկացումներով իրականացնում է առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման երաշխավորված ֆինանսավորում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներին՝ անկախ դրանց կազմակերպական-իրավական տեսակից և սեփականության ձևից:
Բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորումն ապահովագրական հատուցումներով իրականացվում է կնքված ապահովագրական պայմանագրերի համաձայն:
Մարդկանց կողմից անմիջական վճարումներ կատարվում են, եթե մատուցվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների ու ծավալների ֆինանսավորումն ամբողջությամբ կամ մասամբ չի իրականացվում սույն հոդվածի առաջին մասի «ա», «բ», «դ» կետերում նշված աղբյուրներից:
Գ Լ ՈՒ Խ 6
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹ
|
Հոդված 26. |
Անցումային դրույթ |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը՝
մշակել և ընդունել սույն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտեր:
Գ Լ ՈՒ Խ 7
ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
|
Հոդված 27. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
12 դեկտեմբերի 1998թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-35 |
|