ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի
սեպտեմբերի 14-ին
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը սահմանում է բնության հատուկ պահպանվող տարածքների կազմավորման ու պահպանության բնագավառում ծագող հարաբերությունները:
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
|
Հոդված 1. |
Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենսդրությունը |
Բնության հատուկ պահպանվող տարածքների կազմավորման, կազմակերպման, պահպանության և օգտագործման կարգը սահմանվում է սույն օրենքով և դրա հիման վրա ընդունվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:
|
Հոդված 2. |
Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենսդրության խնդիրները |
Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենսդրության խնդիրներն են.
- բնության չափանմուշների (էտալոնների), էկոհամակարգի պահպանությունն ու վերարտադրությունը.
- բնական հուշարձանների պահպանությունը.
- կենսաբանական բազմազանության պահպանումը.
- բնական երևույթների գիտական ուսումնասիրումը.
- բնական միջավայրի վիճակի հսկողությունը.
- էկոլոգիական կրթությունը և դաստիարակությունը, ինչպես նաև, օրենքով սահմանված դեպքերում, ռեկրեացիոն-ճանաչողական նպատակներով բնական օբյեկտների օգտագործումը:
|
Հոդված 3. |
Բնության հատուկ պահպանվող տարածքների կարգավիճակը |
Բնության հատուկ պահպանվող տարածքները մակերեսային ու ստորերկրյա ջրերի, ընդերքի, բուսական և կենդանական աշխարհի՝ օրենքով սահմանված կարգով առանձնացված այն տեղամասերն են, ինչպես նաև առանձին բնական օբյեկտները, որոնք հատուկ էկոլոգիական, գիտական, բուժական, մշակութային, գեղագիտական արժեք են ներկայացնում և լրիվ կամ մասամբ, ժամանակավորապես կամ մշտապես ենթակա չեն տնտեսական շահագործման:
Բնության հատուկ պահպանվող տարածքներն ունեն միջազգային, հանրապետական և տեղական նշանակություն:
Բնության հատուկ պահպանվող տարածքներին տրվում է պետական արգելոցների, ազգային պարկերի, պետական արգելավայրերի, բնության հուշարձանների կարգավիճակ:
Բնության հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական ներգործություն ունեցող տնտեսական գործունեությունը սահմանափակելու կամ արգելելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանվում են պահպանական գոտիներ:
Պահպանական գոտիների չափերն ու ռեժիմը սահմանվում են տվյալ տարածքի մասին կանոնադրությամբ:
Բնության հատուկ պահպանվող տարածքները հաշվի են առնվում տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրերի, հողաշինարարության և վարչական միավորների սահմանային սխեմաների կազմման ժամանակ: Բնության հատուկ պահպանվող տարածքների հողերի սեփականաշնորհումն արգելվում է:
|
Հոդված 4. |
Բնության հատուկ պահպանվող տարածքների պետական կադաստրը |
Բնության հատուկ պահպանվող տարածքների պետական կադաստրը դրանց իրավական վիճակի, քանակական և որակական բնութագրերի, էկոլոգիական, գիտական, մշակութային և ժողովրդատնտեսական այլ արժեքների, հողօգտագործման մասին տեղեկությունների և փաստաթղթերի համակարգ է:
Բնության հատուկ պահպանվող տարածքների պետական կադաստրը կազմվում է դրանց ծրագրավորումը և պահպանությունը ապահովելու, գիտական հետազոտությունների, համապատասխան ռեժիմների պահպանման նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի կազմման ու արտադրողական ուժերի բաշխման ժամանակ դրանց դերը հաշվի առնելու նպատակով:
Բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստրը կազմվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:
Բնության հատուկ պահպանվող տարածքների պետական կադաստրի վարման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
ԳԼՈՒԽ 2
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
|
Հոդված 5. |
Բնության հատուկ պահպանվող տարածքների կազմավորման կարգը |
Բնության հատուկ պահպանվող տարածքները կազմավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից:
Տարածքներին (ջրատարածքներին) և օբյեկտներին տեղական նշանակության արգելավայրերի կամ բնության հուշարձանի կարգավիճակ տալու մասին որոշումն ընդունվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից և ներկայացվում է կառավարության հաստատմանը:
|
Հոդված 6. |
Բնության հատուկ պահպանվող տարածքների կազմակերպման կարգը |
Բնության հատուկ պահպանվող տարածքների կազմակերպումը կատարվում է բնության պահպանության համակարգված հեռանկարային սխեմաների և հատուկ մշակված նախագծերի հիման վրա, որոնք կազմվում են համապատասխան գիտահետազոտական, գիտաարտադրական և նախագծային հաստատությունների և կազմակերպությունների կողմից՝ պետական բյուջեի միջոցների հաշվին:
|
Հոդված 7. |
Բնության հատուկ պահպանվող տարածքի նախնական կոնսերվացման կարգը |
Բնության հատուկ պահպանվող տարածքների կարգավիճակ տալու մասին միջնորդության քննարկման հետ միաժամանակ տեղական ինքնակառավարման մարմինները բնական համալիրի կամ օբյեկտի պահպանման նպատակով ընդունում են հատուկ պահպանման հողակտորի կոնսերվացման մասին որոշում և ձևակերպում համապատասխան ակտ, որով սահմանափակվում կամ անհրաժեշտության դեպքում դադարեցվում է հողօգտագործողների տնտեսական գործունեությունը տվյալ տարածքում:
Կոնսերվացման մասին ընդունված ակտին համապատասխան ճշտվում են տվյալ տեղամասի տնտեսական օգտագործման պետական ծրագրերը:
ԳԼՈՒԽ 3
ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑՆԵՐ
|
Հոդված 8. |
Պետական արգելոցների կարգավիճակը |
Պետական արգելոցն էկոլոգիական, գիտական, պատմամշակութային արժեք ներկայացնող առանձնահատուկ բնապահպանական, գեղագիտական հատկանիշներով օժտված տարածք է (ջրատարածք), որտեղ բնական միջավայրի զարգացման պրոցեսներն ընթանում են առանց մարդու անմիջական միջամտության:
Պետական արգելոցն ունի բնապահպանական, գիտահետազոտական հիմնարկի կարգավիճակ, օգտվում է իրավաբանական անձի իրավունքներից:
|
Հոդված 9. |
Պետական արգելոցների ռեժիմը |
Պետական արգելոցային տարածքներում (բնական արգելոցներում) արգելվում է բնական գործընթացների զարգացման խախտման հետ կապված որևէ գործունեություն:
Պետական արգելոցային տարածքներում արգելվում են.
- ջրային պաշարների շահագործումը և ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.
- տնտեսական, արդյունաբերական և բնակելի օբյեկտների շինարարությունն ու շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և հաղորդակցության այլ ուղիների շինարարությունը (բացառությամբ տվյալ հաստատության գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների շինարարության).
- որսորդությունը, ձկնորսությունը, կենդանիների ապրելու միջավայրի պայմանների խախտումը.
- կենդանիների և բույսերի նոր տեսակների ներմուծումը, ինչպես նաև առանձին տեսակների քանակի մեծացման նպատակով տարվող որևէ աշխատանք.
- հավաքածուների հավաքը, բացառությամբ արգելոցի տարածքի գիտական հետազոտությունների համար նախատեսված նյութերի.
- թունաքիմիկատների օգտագործումը պարարտացման և վնասատուների դեմ պայքարելու նպատակով.
- հետախուզական աշխատանքները, օգտակար հանածոների մշակումը, հողային ծածկույթի խախտումը, հանքաշերտերի, հանքելուստների և լեռնատեսակների ելքերի շահագործումը.
- անտառահատումները, բույսերի, ծաղիկների և սերմերի մթերումը, անասունների արածեցումը, խոտհունձը և բուսական ծածկույթի այլ խախտումներ.
- ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտի երթևեկությունը.
- մեքենայացված տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.
- ցանկացած այլ գործունեություն, որը խախտում է բնական համակարգերը և օբյեկտները կամ սպառնում է գիտական կամ մշակութային արժեք ներկայացնող օբյեկտների պահպանությանը:
ԳԼՈՒԽ 4
ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐ
|
Հոդված 10. |
Ազգային պարկերի կարգավիճակը |
Ազգային պարկը տարածք է (ջրատարածք), որն ընդգրկում է հատուկ էկոլոգիական, պատմամշակութային և գեղագիտական արժեք ներկայացնող բնական համալիրներ և օբյեկտներ, որոնք բնական ու մշակութային լանդշաֆտների բարենպաստ զուգորդման շնորհիվ կարող են օգտագործվել ռեկրեացիոն, պատմամշակութային ու գիտական նպատակներով:
Տվյալ տարածքը ազգային պարկին մշտական օգտագործման է տրվում օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ազգային պարկը, ըստ իր առանձին մասերի ֆունկցիոնալ նշանակության, պահպանության և օգտագործման ռեժիմի բնույթի բաժանվում է համապատասխան գոտիների, որոնցից արգելոցային գոտու տարածքները հանվում են տնտեսական շահագործումից:
Ազգային պարկն ունի բնապահպանական, գիտահետազոտական հիմնարկի կարգավիճակ, օգտվում է իրավաբանական անձի իրավունքներից:
|
Հոդված 11. |
Ազգային պարկերի ռեժիմը |
Ազգային պարկի տարածքում հաստատվում է նրա առանձին ստորաբաժանումների (արգելոցային հատված, հանգստյան գոտի և այլն) պահպանության և բնական համալիրների ու այլ օբյեկտների օգտագործման կարգը՝ հաշվի առնելով դրանց էկոլոգիական, ռեկրեացիոն, մշակութային և գեղագիտական արժեքը:
Ազգային պարկի տարածքում (բացառությամբ արգելոցային գոտու, որտեղ գործում է արգելոցների համար սահմանված ռեժիմը) արգելվում են.
- պարկի գործունեության հետ չառընչվող արդյունաբերական և այլ օբյեկտների շինարարությունն ու շահագործումը.
- հետախուզական աշխատանքները, օգտակար հանածոների մշակումը.
- անտառահատումները (բացառությամբ սանիտարականի).
- բույսերի և կենդանիների նոր տեսակների ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները.
- ցանկացած այլ գործունեություն, որը հակասում է ազգային պարկի նպատակներին և կանոնադրությանը:
ԳԼՈՒԽ 5
ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԵՐ
|
Հոդված 12. |
Պետական արգելավայրեր |
Պետական արգելավայրերը սահմանված կարգով մշտապես կամ ժամանակավորապես առանձնացված այն տարածքներն են, որոնց սահմաններում ապահովվում են էտալոնային, գիտական, պատմամշակութային, տնտեսական արժեք ներկայացնող բնական համալիրների և դրանց տարրերի տեսակների պահպանությունն ու վերարտադրությունը:
Պետական արգելավայրերի տարածքում արգելվում է ամեն մի գործունեություն, որը խախտում է արգելավայրերի էկոհամակարգերը կամ սպառնում է հատուկ գիտական կամ մշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:
|
Հոդված 13. |
Պետական արգելավայրերի ռեժիմը |
Պետական արգելավայրերի տարածքում սահմանափակվում կամ արգելվում է ցանկացած գործունեություն, որը հակասում է արգելավայրի նպատակին:
Պետական արգելավայրերի հիմնական խնդիրները և ռեժիմի առանձնահատկությունները որոշվում են դրանց կանոնադրությամբ:
ԳԼՈՒԽ 6
ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
|
Հոդված 14. |
Բնության հուշարձաններ |
Բնության հուշարձանները բացառիկ կամ տիպիկ, գիտական և պատմամշակութային հատուկ արժեք ներկայացնող բնական օբյեկտներ են, որոնց ցանկը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
|
Հոդված 15. |
Բնության հուշարձանների ռեժիմը |
Բնության հուշարձանների պահպանության կարգը հաստատում են պետական այն մարմինները, որոնք որոշում են ընդունում օբյեկտը բնության հուշարձան հայտարարելու մասին:
Նշված մարմինների կողմից ձևակերպվում է պահպանման վկայական և որոշվում է այն կազմակերպությունը, որը պատասխանատու է բնության հուշարձանի պահպանության ապահովման համար:
ԳԼՈՒԽ 7
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՌԵԺԻՄԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
|
Հոդված 16. |
Պատասխանատվությունը բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմի խախտման համար |
Բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմի խախտման մեջ մեղավոր անձինք պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 8
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ
|
Հոդված 17. |
Միջազգային պայմանագրեր |
Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ կանոններ, քան պարունակում է սույն օրենքը, ապա գործում են միջազգային պայմանագրերը:
ԳԼՈՒԽ 9
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
|
Հոդված 18. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
12 հոկտեմբերի 2001թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-164 |
|