ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«26» հունվարի 2009թ. |
N 21-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ԹԻՎ 84 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» թիվ 84 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կանոնադրությունը (թիվ 1 հավելվածը) շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն թիվ 1 հավելվածի.
2) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմի կառուցվածքը (թիվ 2 հավելվածը) շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն թիվ 2 հավելվածի:
2. Սահմանել, որ մինչև օրենսդրությամբ սահմանված ժամկետներում քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալության քաղաքացիական ծառայության պաշտոնների սահմանումը և դրան համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության նոր հաստիքացուցակի հաստատումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի աշխատողների աշխատանքի վարձատրությունն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմի 2009 թվականի պահպանման ծախսերից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 2008 թվականի հաստիքացուցակին համապատասխան:
3. Սույն որոշման 1-ին կետն ուժի մեջ է մտնում 2009 թվականի փետրվարի 2-ից, իսկ 2-րդ կետի գործողությունը տարածվում է 2009 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«26» հունվարի 2009թ.
թիվ 21-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իր իրավասությանը վերապահված բնագավառներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:
3. Նախարարության լիազորությունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Նախարարությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
6. Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության աշխատակազմից: Նախարարության համակարգում ընդգրկվում են նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկները:
Նախարարության համակարգում ոչ կառավարչական հիմնարկի կարգավիճակով գործում են նախարարության բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնը և բնակարանային ծրագրերի համակարգման կենտրոնը:
7. Նախարարության նպատակները և խնդիրներն են՝
1) սոցիալական պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության հիմնական և գերակա ուղղությունների մշակումն ու իրականացումը.
2) ժողովրդագրական պետական քաղաքականության մշակումը.
3) աշխատանքի պետական կարգավորման և աշխատանքի վարձատրության քաղաքականության մշակումն ու դրա իրականացումը.
4) բնակչության զբաղվածության քաղաքականության մշակումն ու դրա իրականացումը.
5) պարտադիր սոցիալական ապահովագրության քաղաքականության մշակումն ու դրա իրականացումը.
6) սոցիալական ապահովության քարտերի համակարգի վրա հիմնված սոցիալական ապահովագրության միասնական սկզբունքների մշակումը և դրանց իրագործման կազմակերպումը.
7) պետական կենսաթոշակային ապահովության, պարտադիր և կամավոր կենսաթոշակային ապահովագրության քաղաքականության մշակումն ու դրա իրականացումը.
8) սոցիալական աջակցության քաղաքականության մշակումն ու դրա իրականացումը.
9) հաշմանդամների և տարեցների սոցիալական պաշտպանության քաղաքականության մշակումն ու դրա իրականացումը.
10) ծնելիության և բազմազավակության խթանման պետական քաղաքականության մշակումն ու դրա իրականացումը.
11) ընտանիքի և երեխաների սոցիալական պաշտպանության քաղաքականության մշակումն ու դրա իրականացումը.
12) սոցիալական ապահովության ոլորտի պետական նպատակային ծրագրերի մշակումը և դրանց իրականացման աշխատանքների համակարգումը.
13) աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության կիրառման նկատմամբ պետական վերահսկողության ապահովումը.
14) միգրացիոն պետական քաղաքականության մշակումն ու դրա իրականացման աշխատանքների համակարգումը.
15) բնակարանային ծրագրերի մոնիթորինգի իրականացումը և բնակարանային ոլորտում պետական աջակցության ծրագրերի համակարգման կազմակերպումը.
16) միջազգային կազմակերպությունների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող ոչ առևտրային կազմակերպությունների հետ համագործակցությունը:
2. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Նախարարությունն իր նպատակների իրականացման և խնդիրների լուծման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1) աշխատանքի և զբաղվածության բնագավառում`
ա. աշխատանքային օրենսդրության կատարելագործման, աշխատանքային հարաբերություններում սոցիալական գործընկերության զարգացման նպատակով առաջարկությունների մշակում, դրանց ներդրման կազմակերպում և կատարման նկատմամբ մոնիթորինգ.
բ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության իրականացում.
գ. աշխատանքի խթանման, արդյունավետության բարձրացման ու վարձատրության վերաբերյալ առաջարկությունների մշակում, դրանց ներդրման կազմակերպում և կատարման նկատմամբ մոնիթորինգ.
դ. աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների քննման ու հաշվառման սահմանված կարգի պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում.
ե. բնակչության զբաղվածության բնագավառը կարգավորող օրենսդրության կատարելագործման նպատակով առաջարկությունների մշակում, զբաղվածության բնագավառը կարգավորող օրենսդրության կիրառման ապահովում.
զ. բնակչության զբաղվածության կարգավորման նպատակով, աշխատաշուկայի ձևավորված պահանջներին համապատասխան, զբաղվածության պետական ծրագրերի մշակում և դրանց կատարման նկատմամբ մոնիթորինգ.
է. աշխատուժի ներքին և արտաքին տեղաշարժի քաղաքականության մշակում.
2) սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության բնագավառում`
ա. սոցիալական ապահովագրության, կենսաթոշակային ապահովության պետական քաղաքականության մշակում և իրականացում, այդ բնագավառներին վերաբերող օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
բ. սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության բնագավառներում անհատական հաշվառման և անհատականացված հաշվետվությունների համակարգերի ներդրման ապահովում, անհատական հաշվառման ու անհատականացված հաշվետվությունների համակարգերի կիրառման ուսումնասիրություն և վերլուծություն.
գ. պարտադիր սոցիալական ապահովագրության առանձին պետական ծրագրերի կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների մշակում, դրանց ներդրման աշխատանքների կազմակերպում և կատարման նկատմամբ մոնիթորինգ.
դ. սոցիալական ապահովության քարտերի համակարգի ներդրման ապահովում, սոցիալական քարտերի կիրառման կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում.
ե. կենսաթոշակների և նպաստների նշանակման, վերահաշվարկման և վճարման մեթոդական ղեկավարում.
զ. պետական կենսաթոշակների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակման, վերահաշվարկման, վճարման, կասեցման, դադարեցման նկատմամբ վերահսկողության իրականացում.
է. ապահովագրական նպաստների, հատուցումների, պատվովճարի, դրամական օգնության նշանակման և վճարման օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում.
ը. պարտադիր սոցիալական ապահովագրության ծրագրերի իրականացմանը վերաբերող ֆինանսական և վիճակագրական տվյալների (տեղեկությունների) վերլուծություն և հավաստիության ստուգում.
3) ընտանիքի և երեխաների հիմնահարցերի բնագավառում`
ա. ընտանիքի և երեխաների հիմնահարցերի ուսումնասիրում, դրանք կարգավորող օրենսդրության կատարելագործման նպատակով առաջարկությունների նախապատրաստում, ներդրման կազմակերպում և կատարման նկատմամբ մոնիթորինգ.
բ. ծնելիության և բազմազավակության խթանմանն ուղղված միջոցառումների արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկությունների մշակում ու ներդրման կազմակերպում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում.
գ. պետական նպաստների նշանակման, վերահաշվարկման, կասեցման, դադարեցման, վճարման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում.
դ. կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների սոցիալական պաշտպանությանն ուղղված պետական ծրագրերի մշակում և դրանց իրականացման ապահովում, ինչպես նաև տարածքային կառավարման մարմինների հետ տեղերում այդպիսի ծրագրերի համագործակցված կատարում.
ե. երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և սոցիալապես անապահով երեխաների տեղավորման, ինչպես նաև նրանց խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական նվազագույն սոցիալական չափորոշիչների ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացում.
զ. որդեգրման ենթակա և որդեգրված երեխաների ու որդեգրողների թեկնածությունների կենտրոնացված հաշվառման իրականացում.
է. խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության նկատմամբ բարձրագույն մասնագիտական հսկողության իրականացում.
4) քաղաքացիների բժշկասոցիալական փորձաքննության կազմակերպում.
5) սոցիալական աջակցության բնագավառում`
ա. սոցիալական աջակցության բնագավառին վերաբերող օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում, օրենսդրության կատարելագործման նպատակով առաջարկությունների նախապատրաստում, դրանց ներդրման կազմակերպում.
բ. սոցիալական աջակցության բնագավառին վերաբերող օրենսդրության կատարելագործման նպատակով իրավական ակտերի նախագծերի մշակում և ընդունված իրավական ակտերի կատարման նկատմամբ մոնիթորինգ.
գ. սոցիալապես անապահով ընտանիքների, առանձին սոցիալական խմբերի սոցիալական պաշտպանությանն ու հասցեական օգնության իրականացմանն ուղղված պետական ծրագրերի մշակում, իրականացում և համակարգում.
դ. հաշմանդամների բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնողական ծրագրերի մշակում ու իրականացում.
ե. հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով և կյանքը թեթևացնող միջոցներով ապահովման գործընթացի կազմակերպում.
զ. բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում ու տնային պայմաններում միայնակ տարեց ու հաշմանդամ քաղաքացիների խնամքի կազմակերպման գործընթացի կազմակերպում.
է. անօթևան, մուրացկան և թափառաշրջիկ անձանց, այդ թվում՝ երեխաների համար սոցիալական օգնության պետական ծրագրերի մշակում ու իրականացում.
6) բարեգործական ծրագրերի համակարգման բնագավառում`
ա. բարեգործական ծրագրերի համակարգման աշխատանքների կազմակերպում.
բ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հասցեով ստացված մարդասիրական օգնության նկատմամբ մաքսային ձևակերպումների իրականացում, տեղափոխման և պահպանման կազմակերպում, ինչպես նաև բաշխման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին առաջարկություններ ներկայացնելը.
7) ժողովրդագրական քաղաքականության բնագավառում`
ա. ժողովրդագրական իրավիճակի վերլուծություն և գնահատում.
բ. նորմատիվ իրավական ակտերի նախագծերի, ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միտումների տեսանկյունով, ժողովրդագրական փորձաքննության կազմակերպում.
8) միգրացիոն քաղաքականության բնագավառում`
ա. միգրացիոն իրավիճակի վերլուծության և գնահատման, փոփոխման միտւմների բացահայտման հիման վրա միգրացիոն քաղաքականության հայեցակարգի մշակում.
բ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-տնտեսական ծրագրերի նախագծերի վերաբերյալ միգրացիոն հետևանքների տեսանկյունից առաջարկություններ ներկայացնելը.
գ. փախստականներին և բռնի տեղահանվածներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` իրավական, սոցիալական և այլ բնույթի օժանդակության տրամադրում.
դ. հանրապետության տարածքում բնակչության ներքին տեղաշարժերի հետևանքով ստեղծված միգրացիոն իրավիճակի գնահատում, զարգացման հիմնական միտումների վերլուծություն.
ե. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան նախարարությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից արտագաղթած բնակչության ռեէմիգրացիայի (հետդարձի) ծրագրերի մշակում և իրականացում.
զ. պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համապատասխան մարմինների հետ վերաբնակեցման, ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրերի մշակում և իրականացում.
է. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմիններից միգրացիոն գործընթացների վերաբերյալ տեղեկությունների ստացում, դրա համակարգում և տեղեկատվական բանկի ստեղծում
9) բնակարանային քաղաքականության բնագավառում`
ա. բնակչության սոցիալական առանձին խմբերի, այդ թվում` վերաբնակիչների և փախստականների, բնակարանային պայմանների բարելավման ուղղությամբ բնակարանային ծրագրերի մոնիթորինգի իրականացում.
բ. բնակարանային ոլորտի միջնաժամկետ և երկարաժամկետ քաղաքականության ուղղություններին առնչվող հարցերի, ծրագրային մոտեցումների և դրանցում կատարվող փոփոխությունների վերաբերյալ համապատասխան մարմինների կողմից ներկայացված առաջարկությունների կապակցությամբ փորձաքննության անցկացում և դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
10) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրների իրականացման բնագավառում`
ա. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան և հեռանկարային ծրագրերի մշակման աշխատանքներին մասնակցություն.
բ. սոցիալական ապահովության համակարգում տեղեկատվական հոսքերի ձևավորման և դրանց կառավարման իրականացում.
գ. սոցիալական ապահովության բնագավառում սոցիալական մոնիթորինգի կազմակերպում, անցկացում և ստացված տվյալների հիման վրա համալիր վերլուծության իրականացում.
դ. պարզաբանումների տրամադրում և խորհրդատվական օգնության կազմակերպում` ըստ սոցիալական ապահովության բնագավառների.
ե. քաղաքացիների ընդունելության կազմակերպում, քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկում.
զ. զանգվածային լրատվության և հանրային իրազեկման այլ միջոցներով աշխատանքի և սոցիալական պաշտպանության բնագավառում վարվող քաղաքականության լուսաբանում.
է. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող ոչ առևտրային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում, համատեղ ծրագրերի և միջոցառումների իրականացում` ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներին, ըստ անհրաժեշտության, ներգրավելով քաղաքականության, ռազմավարությունների մշակման գործընթացում.
ը. համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթերի, տեղեկանքների և այլն) ներդրում և դրանց միջոցով հավաքագրված տվյալների և տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.
թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացում:
3. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Նախարարությունը կառավարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարը (այսուհետ` նախարար), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:
Նախարարն ունի տեղակալ (տեղակալներ), որին (որոնց) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը՝ խորհրդակցելով նախարարի հետ:
Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
10. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:
11. Նախարարը հաշվետու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին:
12. Նախարարը՝
1) իր իրավասության սահմաններում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.
2) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների լուծման ու նախարարությանը վերապահված գործառույթների իրականացման համար.
3) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան` առաջարկություններ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն.
4) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
5) օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
6) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին.
7) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները.
8) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.
9) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների և ոչ կառավարչական հիմնարկների ղեկավարների Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.
10) լսում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.
11) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության և օտարման նկատմամբ.
12) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.
13) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.
14) օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
15) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.
16) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
13. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալը (տեղակալներից մեկը):
14. Նախարարի տեղակալը՝
1) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները՝ նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման՝ իրեն հանձնարարված բնագավառներում.
2) իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը՝ նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով տալով ցուցումներ ու հանձնարարականներ.
3) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների՝ նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
4) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
5) համակարգում է իրեն հանձնարարված աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
6) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
7) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
8) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.
9) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
10) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանն առնչվող հարցերի վերաբերյալ.
11) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
15. Նախարարն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:
4. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
16. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարությանը, այդ թվում՝ նրա կազմում գործող գործակալությանն ու տեսչությանը՝ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:
17. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող մարմնի կողմից:
18. Նախարարության աշխատակազմը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության համաձայն:
19. Նախարարության աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
20. Նախարարության աշխատակազմն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
21. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
22. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառույթների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:
23. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
24. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
25. Նախարարության աշխատակազմի անվանումն է՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
26. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Ազատամարտիկների 54:
5. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
27. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ` գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
28. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:
29. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իր գույքը:
6. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
30. Նախարարության աշխատակազմի կառուցվածքը ներառում է նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ) և առանձնացված ստորաբաժանումները (գործակալություն, տեսչություն):
31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը:
32. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ նախարարի ներկայացմամբ:
33. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում՝ նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայություններ մատուցող և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:
34. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթներ կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:
35. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
7. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
37. Նախարարության աշխատակազմի կառավարումը, օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում, իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը և նախարարը, իսկ ղեկավարումը` նախարարության աշխատակազմի ղեկավարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
38. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝
1) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.
2) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարում փոփոխություններ.
3) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
4) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.
5) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
39. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների ու նախարարի որոշումների և սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
40. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
41. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները և հրահանգները:
42. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում աշխատակազմի ղեկավարի պարտականությունների կատարման հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան:
43. Նախարարության աշխատակազմի ղեկավարը՝
1) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու համար.
2) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
3) իր իրավասության սահմաններում տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) օրենքով նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.
5) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ.
6) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
7) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
8) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
9) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը .
10) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
11) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները և կարգադրությունները.
12) ապահովում է համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
13) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
14) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
44. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը գործում է նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:
45. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
8. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
46. Նախարարության աշխատակազմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
47. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
9.ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
48. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«26» հունվարի 2009թ.
թիվ 21-Ն որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Վարչություններ
Ընտանիքի և երեխաների հիմնահարցերի վարչություն
Սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության վարչություն
Միգրացիայի վարչություն
Ֆինանսատնտեսագիտական վարչություն
2. Բաժիններ
Ժողովրդագրական քաղաքականության բաժին
Հասարակայնության հետ կապերի բաժին
Աշխատանքի և զբաղվածության բաժին
Սոցիալական աջակցության բաժին
Բարեգործական ծրագրերի համակարգման բաժին
Վերահսկողության և սոցիալական մոնիթորինգի բաժին
Տեղեկատվական ծրագրերի և համակարգչային ծառայության սպասարկման բաժին
Ընդհանուր բաժին
II. Առանձնացված ստորաբաժանումներ
«Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալություն
Աշխատանքի պետական տեսչություն
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |