ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
|
,,21,, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1995թ. |
N 277 |
ք.Ստեփանակերտ
г.Степанакерт
Միայնակ մայրերին ամենամսյա պետական նպաստի նշանակման ու վճարման կարգի մասին կանոնադրությունը և մինչև 2 տարեկան երեխա ունեցող անձանց` երեխաների խնամքի համար ամենամսյա պետական նպաստի նշանակման ու վճարման կարգի մասին կանոնադրությունը հաստատելու մասին
Միայնակ մայրերին և մինչև 2 տարեկան երեխա ունեցող անձանց երեխաների խնամքի համար ամենամսյա պետական նպաստի նշանակման և վճարման հարցերը կանոնակարգելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել`
ա/ միայնակ մայրերին ամենամսյա պետական նպաստի նշանակման ու վճարման կարգի մասին կանոնադրությունը /կցվում է/.
բ/ մինչև 2 տարեկան երեխա ունեցող անձանց` երեխաների խնամքի համար ամենամսյա պետական նպաստի նշանակման ու վճարման կարգի մասին կանոնադրությունը /կցվում է/:
2. Սույն որոշումը կիրարկել 1995 թվականի հուլիսի 1-ից:
| ԼՂՀ վարչապետ |
Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆ |
|
ԼՂՀ կառավարության
գործերի կառավարիչ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1995թ. նոյեմբերի 21-ի
հ. 277 որոշմամբ |
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Միայնակ մայրերին ամենամսյա պետական նպաստի նշանակման ու վճարման կարգի մասին
1. Ընդհանուր դրույթներ
1. Միայնակ մայրերին /ամուսնության մեջ չգտնվող/ պետական նպաստներ /հետագայում` նպաստ/ նշանակվում ու վճարվում է երեխաներին կերակրելու և դաստիարակելու համար, եթե երեխայի ծննդյան վկայականում բացակայում է երեխայի հոր մասին գրանցումը, կամ եթե երեխայի հոր մասին գրանցումը կատարվել է սահմանված կարգով` մոր ցուցումով:
2. Նպաստ ստանալու իրավունք ունեցող միայնակ մայրերը նպաստի նշանակման համար կարող են դիմել այդ իրավունքը ծագելուց հետո ցանկացած ժամանակ, առանց ժամկետի սահմանափակման:
3. Անկախ երեխաների թվից, միայնակ մորը վճարվում է նպաստ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափով:
Միայնակ մայրերին նպաստ վճարվում է մինչև 17 տարեկան երեխաների /պետպատվերով սովորող և կրթաթոշակ չստացողներին` մինչև 18 տարեկան, բացի ուսման 10 ամսից ավելի տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներից/ համար:
4. Նախկինում ամուսնության մեջ եղած կանանց նպաստ նշանակվում է այն երեխաների համար, ովքեր ծնվել են ամուսնալուծությունից, ամուսնու մահվանից կամ նրա անհայտ կորելուց առաջ, կամ հետո` այլ անձանցից, եթե երեխայի ծննդյան վկայականում բացակայում է հոր մասին գրանցումը, կամ եթե երեխայի հոր մասին գրանցումը կատարվել է սահմանված կարգով` մոր ցուցումով:
5. Միայնակ մոր ամուսնանալու դեպքում նրան իրավունք է վերապահվում ստանալու նշանակված նպաստը:
6. Նպաստ չի նշանակվում և նախկինում նշանակված նպաստի վճարումը դադարեցվում է այն դեպքում, երբ մայրը երեխայի համար կերակրողին կորցնելու գծով կենսաթոշակ կամ ալիմենտ է ստանում, ինչպես նաև` այն դեպքում, եթե այն անձը, որից մայրը նախկինում երեխա է ունեցել, սահմանված կարգով իրեն ճանաչել է երեխայի հայր, կամ եթե երեխան որդեգրված է, կամ եթե երեխան գտնվում է պետության լրիվ ապահովության տակ:
7. Կինը, որը երեխաներ ունի այն անձից, որի հետ եղել և մնում է չգրանցված ամուսնության մեջ, բայց ապրում է նրա հետ համատեղ, վարում է ընդհանուր տնտեսության և համատեղ դաստիարակում երեխաներին, միայնակ մոր համար սահմանված պետական նպաստի իրավունք չունի:
8. Միայնակ մոր երեխաներին սահմանված կարգով խնամակալի դաստիարակությանը հանձնելու դեպքում /մոր մահվան, նրա հիվանդության և այլ պատճառներով/ հասանելիք պետական նպաստը նշանակվում և վճարվում է խնամակալին` անկախ մոր մահվան համար երեխաներին կենսաթոշակ նշանակելուց:
9. Եթե ամուսնական հարաբերությունների մեջ չգտնվող կինը որդեգրման ակտի ծնողների գրանցման սյունակում գրանցվել է որպես իր կողմից որդեգրվող երեխայի մայր և եթե որդեգրման ակտի ծնողների գրանցման սյունակում հոր անունը բացակայում է, կամ լրացված է մոր ցուցումով, ապա նրան, որպես միայնակ մոր, նպաստ նշանակվում է ընդհանուր հիմունքներով, բայց` ոչ շուտ այն ամսվանից, երբ նա գրանցվել է որպես մայր:
2. Նպաստի նշանակման կարգը
10. Նպաստի նշանակման համար գրավոր դիմումները ներկայացվում են ըստ բնակության հաշվառման (գրանցման) վայրի` շրջանային /քաղաքային/ վարչակազմերի սոցիալական ապահովության բաժիններին:
11. Նպաստի նշանակման համար դիմումին կցվում են`
ա/ երեխայի ծննդյան վկայականի պատճենը, որը վավերացված է նոտարական կարգով կամ սոցիալական ապահովության բաժնի կողմից.
բ/ տեղեկանք բնակության վայրի և ընտանիքի կազմի մասին` տրված բնակշահագործման մարմինների կողմից.
գ/ քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի /բյուրոյի/ տեղեկանքը` երեխայի ծննդյան վկայականում հոր մասին տեղեկություններ մտցնելու հիմքի վերաբերյալ.
դ/ քաղվածք անձնագրից:
12. Նպաստը նշանակվում է շրջանային /քաղաքային/ վարչակազմերի սոցիալական ապահովության բաժինը:
13. Նպաստի նշանակման համար դիմումը քննության է առնվում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ստացման օրվանից` 10-օրյա ժամկետում:
14. Նպաստի նշանակումը մերժելու մասին համապատասխան որոշում ընդունելուց հետո սոցիալական ապահովության բաժինը ոչ ուշ` որոշման ընդունման օրվանից սկսած 5-օրյա ժամկետում դիմողին գրավոր կամ բանավոր տեղյակ է պահում մերժման մասին` նշելով պատճառներն ու գանգատարկման կարգը, միևնույն ժամանակ դիմողին վերադարձնելով բոլոր փաստաթղթերը: Նպաստի նշանակման համար դիմումը և մերժման արձանագրությունը պահվում են սոցիալական ապահովության բաժնում:
15. Նպաստի նշանակման կամ մերժման մասին ընդունված որոշումը կարող է գանգատարկվել երկշաբաթյա ժամկետում` վերադասության կամ դատական կարգով: Նպաստի գործերը պահվում են մոր բնակության վայրի սոցիալական ապահովության բաժնում:
16. Սոցիալական ապահովության բաժինը նպաստի նշանակման օրվանից երկշաբաթյա ժամկետում միայնակ մորը տալիս է գրքույկ, որի ձևը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության պետական վարչությունը:
17. Նպաստը նշանակվում է դիմելու ամսվանից, սույն կանոնադրության 11-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերի ներկայացման դեպքում:
Փաստաթղթերը ոչ լրիվ ներկայացնելու դեպքում դիմողին գրավոր տեղյակ է պահվում լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու մասին, դրանք 3-ամսյա ժամկետում ներկայացնելու դեպքում նպաստ նշանակվում է դիմելու ամսվանից, իսկ նշված ժամկետն անցնելուց հետո` վերջին փաստաթղթերը ներկայացնելու ամսվանից:
Երեխա ծնվելու դեպքում նպաստը նշանակվում է երեխայի ծննդյան հաջորդ ամսվանից, եթե նպաստի նշանակման համար դիմում են երեխայի ծնվելուց հետո 3-ամսյա ժամկետում:
18. Այլ պետություններից մշտական բնակության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վերաբնակված քաղաքացիներին միայնակ մայրերի համար սահմանված նպաստը նշանակվում է սույն կանոնադրությամբ նախատեսված կարգով, բայց ոչ շուտ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ժամանելու օրվանից:
3. Նպաստի վճարման կարգը
19. Նպաստի սահմանված չափով վճարումը կատարում են սոցիալական ապահովության մարմինները:
20. Միայնակ մայրերին ամենամսյա նպաստը վճարվում է ընթացիկ ամսվա համար:
21. Միայնակ մոր` այլ բնակավայր մշտական բնակության համար տեղափոխվելու դեպքում նրա նախկին բնակության վայրից պահանջվում է նպաստի գործը, և նոր բնակության վայրում շարունակվում է նպաստի վճարումը` դրա դադարեցման պահից:
22. Նշանակված նպաստի գումարը մոր կողմից ժամանակին չպահանջվելու դեպքում, դիմումը ներկայացնելու, անցած ժամանակի համար վճարվում է ոչ ավելի, քան երեք տարվա համար: Նպաստներ նշանակող և վճարող մարմնի մեղքով ժամանակին չվճարված նպաստի գումարը վճարվում է անցած ժամանակի համար առանց որևէ ժամկետի սահմանափակման:
Այդ դեպքում նպաստի գումարը վճարվում է միանվագ:
23. Նպաստի վճարումը դադարեցնելու կամ վերականգնելու հանգամանքների առաջացման դեպքում /երեխայի` պետության լրիվ ապահովության տակ գտնվելու, մանկական հիմնարկներից հետ վերցնելու, երեխային որդեգրելու, հայրությունը ճանաչելու, երեխայի մահանալու և այլ դեպքերում/ նպաստի վճարումը դադարեցվում կամ վերականգնվում է նշված հանգամանքների առաջացմանը հաջորդող ամսվանից:
24. Նպաստ ստացող միայնակ մայրերը պարտավոր են սոցիալական ապահովության բաժնին տեղյակ պահել ընտանիքի կազմում տեղի ունեցած այն բոլոր փոփոխությունների մասին, որոնք ազդում են նպաստի վճարման վրա:
Միայնակ մոր երեխայի հայրությունը ճանաչելու և հորը վերաբերող տվյալները երեխայի ծննդյան մասին գրանցման ակտ մտցնելու դեպքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինը /բյուրոն/ երեխայի մոր բնակության վայրի սոցիալական ապահովության բաժնին հայտնում է երեխայի ծննդյան գրանցման ակտում փոփոխություն մտցնելու մասին:
25. Միայնակ մայրերի կողմից ակնհայտ ոչ ճիշտ տվյալներով փաստաթղթեր ներկայացվելու, նպաստի վճարման վրա ազդող հանգամանքները թաքցվելու հետևանքով նպաստի ավելի վճարված գումարները գանձվում են նպաստ նշանակող սոցիալական ապահովության բաժնի կամ դատարանի որոշմամբ` յուրաքանչյուր ամիս նպաստի 20 տոկոսի չափով կամ նպաստ ստացողի գրավոր համաձայնությամբ` ավելի չափով, մինչև նպաստի ավելի վճարված գումարի մարումը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նպաստի ավելի վճարված գումարները կարող են հետ պահվել նաև մոր վաստակից, կրթաթոշակից կամ կենսաթոշակից:
26. Միայնակ մայրերին նպաստի վճարումը հերթական օրացուցային տարվա համար կատարվում է ընտանիքի կազմի մասին տեղեկանքի համաձայն:
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1995թ. նոյեմբերի 21-ի թիվ
277 որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Մինչև 2 տարեկան երեխա ունեցող անձանց` երեխաների խնամքի համար ամենամսյա պետական նպաստի նշանակման ու վճարման կարգի մասին
1. Ընդհանուր դրույթներ
1. Մինչև 2 տարեկան երեխա ունեցող անձանց` երեխաներին խնամելու համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվելու դեպքում ամենամսյա պետական նպաստ /հետագայում` նպաստ/ ստանալու իրավունք ունեցող մայրերը նպաստի նշանակման համար կարող են դիմել մինչև երեխայի 2 տարին լրանալը:
2. Որդեգրված երեխայի խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է նրա որդեգրողին:
3. Նպաստի իրավունք ունեն նաև առանց մոր երեխաներ դաստիարակող հայրերը /մոր մահվան, ծնողական իրավունքներից զրկելու, երեխաների նկատմամբ մոր խնամքի բացակայության և այլ դեպքերում/, ինչպես նաև` երեխայի խնամակալը:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, որն ունի մինչև 2 տարեկան երեխա, խնամքի նպաստի իրավունք ունի, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված:
2. Նպաստի նշանակման կարգը
5. Նպաստի նշանակման համար դիմումը ներկայացվում է ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության /անկախ սեփականության ձևից/, ուսման վայրի վարչակազմին (ադմինիստրացիային), զորամասի հրամանատարությանը:
6. Նպաստի նշանակման համար դիմումին կցվում են`
ա/ մինչև 2 տարեկան երեխաների ծննդյան վկայականների պատճենները` վավերացված նոտարական կարգով կամ ձեռնարկության կողմից.
բ/ մինչև 2 տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվելու մասին հրամանի քաղվածքը:
3. Նպաստ ստանալու իրավունք ունեցող անձինք
7. Նպաստ ստանալու իրավունք ունեն`
ա/ ձեռնարկություններում, հիմնարկներում ու կազմակերպություններում /անկախ սեփականության ձևից/ աշխատող անձինք.
բ/ պետական ուսումնական հաստատությունների ցերեկային բաժանմունքներում սովորող անձինք.
գ/ զինծառայության մեջ գտնվող անձինք:
8. Նպաստ նշանակվում է այդ իրավունքը ծագելու օրվանից, բայց ոչ շուտ հղիության և ծննդաբերության արձակուրդը վերջանալուց հետո:
Մինչև երեխայի 2 տարեկան լրանալը նրան խնամելու համար արձակուրդի ժամանակաշրջանում ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության լուծարման հետևանքով աշխատանքից ազատված անձանց` երեխայի խնամքի համար նպաստի վճարումը դադարեցվում է:
Գուրծազուրկի կարգավիճակ ստանալու դեպքում նպաստի վճարումը շարունակվում է նրա համար նախատեսված կարգով:
9. Նպաստ վճարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափով:
4. Նպաստի վճարումը
10. Նպաստի վճարումը կատարում են ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, զորամասերը, ուսումնական հաստատությունները:
11. Նշանակված նպաստի գումարը նպաստառուի կողմից ժամանակին չպահանջվելու դեպքում, դիմումը ներկայացնելիս, անցած ժամանակի համար վճարվում է ոչ ավելի քան մեկ տարվա համար:
Նպաստ նշանակող և վճարող մարմնի մեղքով ժամանակին չվճարված գումարը վճարվում է անցած ժամանակի համար, առանց ժամկետի սահմանափակման: Այդ դեպքում նպաստի գումարը վճարվում է միանվագ:
12. Նպաստի վճարումը դադարեցնելու կամ վերականգնելու հանգամանքների առաջացման դեպքում /երեխայի` պետության լրիվ ապահովության տակ գտնվելու, այլ անձի կողմից երեխայի որդեգրման, երեխայի 2 տարին լրանալու, երեխայի մահանալու և այլ դեպքերում/ նպաստի վճարումը դադարեցվում կամ վերականգնվում է այդպիսի հանգամանքների առաջացմանը հաջորդող օրվանից:
13. Նպաստի վճարումը սկսելու կամ դադարեցնելու հանգամանքների առաջացման դեպքում դրա չափը որոշվում է` այդպիսի հանգամանքներ առաջանալու ամսվա օրացուցային օրերի թվից ելնելով:
14. Նպաստ ստացողները նպաստի վճարման վրա ազդող բոլոր փոփոխությունների մասին պարտավոր են հայտնել այն նշանակող մարմնին:
15. Հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակաշրջանի օրերի ընթացքում դադարեցվում է նպաստի վճարումը:
16. Նպաստ ստացողների կողմից ակնհայտ ոչ ճիշտ տվյալներով փաստաթղթեր ներկայացվելու, նպաստի վճարման վրա ազդող հանգամանքները թաքցվելու հետևանքով նպաստի ավելի վճարված գումարները գանձվում են նպաստ նշանակող մարմնի կամ դատարանի որոշմամբ` յուրաքանչյուր ամիս նպաստի 20 տոկոսի չափով, կամ նպաստ ստացողի գրավոր համաձայնությամբ` ավելի չափով, մինչև ավելի վճարված նպաստի գումարի մարումը:
Նպաստի ավելի վճարված գումարները կարող են հետ պահվել նաև մոր վաստակից, կրթաթոշակից կամ կենսաթոշակից: