Համարը 
ՀՕ-36-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.10.29/16(261)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
09.10.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.10.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.10.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 
26.10.2017

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2014 թվականի

հոկտեմբերի 9-ին

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 4-ի ՀՕ-23 օրենքի (այսուհետ` Օրենք) 46-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Հանրապետության Նախագահի առաջադրած օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթին կից ներկայացվում են՝

ա) իրավական ակտի ընդունման հիմնավորումը, ներառյալ՝ տեղեկատվություն այն իրավական ակտերի, ինչպես նաև նախագիծ մշակող մարմնի հայեցողությամբ՝ նյութերի վերաբերյալ, որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով՝ մշակվել են նորմատիվ իրավական ակտի նախագիծը, նախագիծը մշակողների անունները.

բ) տեղեկանք՝ օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին, ինչպես նաև այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին:»:

 

Հոդված 2. Օրենքի 49-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը առաջադրելու մասին Հանրապետության Նախագահի նախաձեռնությունը ներառում է՝

ա) սույն օրենքի 46-րդ հոդվածում նշված փաստաթղթերը.

բ) որպես հիմնական զեկուցող հանդես եկող Հանրապետության Նախագահի լիազոր ներկայացուցչի անունը, ազգանունը:

Հանրապետության Նախագահի առաջադրած օրենքի նախագծի տեքստը Ազգային ժողով է ներկայացվում նաև էլեկտրոնային կրիչի վրա կամ էլեկտրոնային փոստի միջոցով:»:

 

Հոդված 3. Օրենքի 50-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ա» կետի «(եթե հեղինակը պատգամավոր է)» բառերը փոխարինել «(օրենքի նախագիծը Հանրապետության Նախագահի կամ պատգամավորի կողմից առաջադրված լինելու դեպքում)» բառերով.

2) 4-րդ մասի «պատգամավորի առաջադրած» բառերը փոխարինել «Հանրապետության Նախագահի կամ պատգամավորի առաջադրած» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Եթե օրենքի նախագծի հեղինակը Հանրապետության Նախագահն է, Կառավարությունը կամ նոր գումարման Ազգային ժողովում վերընտրված պատգամավոր, ապա հեղինակի կողմից առաջին նիստի ավարտից հետո 60-օրյա ժամկետում ներկայացվելու դեպքում տվյալ օրենքի նախագիծը, սույն օրենքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով, ընդգրկվում է հերթական նիստի օրակարգում՝ երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար:»:

 

Հոդված 5. Օրենքի 53-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Հանրապետության Նախագահի առաջադրած օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը հերթական նիստի օրակարգի նախագծում ընդգրկվում է գլխադասային հանձնաժողովի (հանձնաժողովների) եզրակացությամբ:»:

 

Հոդված 6. Օրենքի 88-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 88.

Միջազգային պայմանագրերի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքների ընդունման կարգը

 

1. Միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացվում, եթե դա կամ դրանում ամրագրված պարտավորությունները Գերագույն դատարանի որոշմամբ չեն հակասում Սահմանադրությանը:

2. Ազգային ժողովի վավերացմանը ենթակա միջազգային պայմանագրերի շրջանակը սահմանվում է օրենքով:

3. Եթե վավերացման ներկայացված միջազգային պայմանագրի կիրառումը նախատեսում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում, ապա Կառավարությունը պայմանագրին կից ներկայացնում է տեղեկանք այդ մասին:

Եթե վավերացման ներկայացված միջազգային պայմանագիրը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին հակասող նորմեր, ապա Կառավարությունը պայմանագրին կից ներկայացնում է տեղեկանք` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության կամ աննպատակահարմարության մասին:

4. Ազգային ժողովում միջազգային պայմանագրերի վավերացման, կասեցման մասին օրենքի նախագիծը քննարկվում է սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով: Հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս Հանրապետության Նախագահի ներկայացուցիչը:

5. Միջազգային պայմանագիրը կարող է վավերացման ներկայացվել նաև հիմնական զեկուցողի կողմից սահմանված վերապահումներով:

6. Սույն հոդվածով սահմանված կարգը տարածվում է նաև միջազգային պայմանագրերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միանալու մասին օրենք ընդունելու վրա:

7. Եթե օրենք է ընդունվում միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին և, համաձայն Կառավարության տեղեկանքի (տեղեկանքների), համապատասխան պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք, կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին նախագիծը (նախագծերը):

8. Ազգային ժողովի վավերացրած միջազգային պայմանագիրը կամ այն միջազգային պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին օրենքի նախագիծը, որին միանալու օրենքն ընդունել է Ազգային ժողովը, Կառավարության կողմից Ազգային ժողով է ներկայացվում չեղյալ հայտարարելը հիմնավորող տեղեկանքով:

Միջազգային պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին օրենքի նախագծի ներկայացման և քննարկման նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի 4-րդ կետի կանոնները:

9. Միջազգային պայմանագրերի վավերացման, կասեցման կամ չեղյալ հայտարարելու մասին օրենքների նախագծերը, հեղինակի (հիմնական զեկուցողի) կամ գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ, Ազգային ժողովի որոշմամբ, կարող են քննարկվել մեկ ընթերցմամբ:»:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

2014թ. հոկտեմբերի 16

Ստեփանակերտ

ՀՕ-36-Ն