ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2001 թվականի
դեկտեմբերի 27-ին
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«Քաղաքացին չի կարող հարկադիր կատարող նշանակվել, եթե՝
ա) դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
բ) դատապարտվել է հանցագործության համար և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.
գ) օրենսդրության համաձայն չի կարող զբաղեցնել պետական պաշտոն կամ նշանակվել հարկադիր կատարող:»:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«Հոդված 5. |
Դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչության պետի լիազորությունները |
Դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչության պետը՝
ա/ կազմակերպում և վերահսկում է վարչության աշխատանքները.
բ/ կազմակերպում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության պետի հրամանների, հրահանգների և կարգադրությունների կատարման ընթացքի վերահսկողությունը տարածքային հարկադիր կատարողների կողմից և համակարգում նրանց աշխատանքները.
գ/ միջնորդություն է ներկայացնում հարկադիր կատարողների խրախուսման և նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
դ/ լուծում է հարկադիր կատարողի ինքնաբացարկի և նրան հայտնված բացարկի հարցը.
ե/ քննում է հարկադիր կատարողների գործողությունների դեմ բերված բողոքները.
զ/ տնօրինում է հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշիվը.
է/ պատասխանատվություն է կրում հարկադիր կատարման ծառայության խնդիրների իրականացման համար.
ը/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության պետի կարգադրությունների, հրամանների, հրահանգների հիման վրա իրականացնում է դատական ակտերի հարկադիր կատարման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ.
թ/ իր իրավասության սահմաններում տալիս է տարածքային հարկադիր կատարողների համար պարտադիր կատարման ենթակա ցուցումներ՝ իրազեկ պահելով արդարադատության պետական վարչության պետին:»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի՝
ա/ 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հարկադիր կատարման ծառայության աշխատողների համար սահմանվում են հետևյալ՝
դասային կոչումները՝
արդարադատության առաջին դասի խորհրդական.
արդարադատության երկրորդ դասի խորհրդական.
արդարադատության երրորդ դասի խորհրդական.
առաջին դասի իրավաբան.
երկրորդ դասի իրավաբան.
երրորդ դասի իրավաբան.
հատուկ կոչումները՝
արդարադատության գնդապետ.
արդարադատության փոխգնդապետ.
արդարադատության մայոր.
արդարադատության կապիտան.
արդարադատության ավագ լեյտենանտ.
արդարադատության լեյտենանտ:
3.1. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնատար անձանց հատուկ և դասային կոչումները շնորհվում են հաջորդական կարգով՝ պաշտոնատար անձանց որակավորմանը, զբաղեցրած պաշտոնին և աշխատանքային ստաժին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով նախկին աշխատանքի կամ ծառայության վայրում շնորհված հատուկ և զինվորական կոչումները՝ հարկադիր կատարման ծառայությունում աշխատանքի անցնելուց երեք ամիս անց, բացառությամբ 3.4 կետում նշված դեպքերի:
3.2. Յուրաքանչյուր հատուկ և դասային կոչում կրելու համար հարկադիր կատարման ծառայությունում աշխատանքի անցնելուց հետո սահմանվում են հետևյալ ժամկետները.
ա/ երրորդ դասի իրավաբան և արդարադատության լեյտենանտ հատուկ կոչումների համար՝ վեց ամիս.
բ/ երկրորդ դասի իրավաբան, առաջին դասի իրավաբան և արդարադատության ավագ լեյտենանտ, արդարադատության կապիտան հատուկ կոչումների համար՝ երեք տարի.
գ/ արդարադատության երրորդ դասի խորհրդական, արդարադատության երկրորդ դասի խորհրդական, արդարադատության առաջին դասի խորհրդական և արդարադատության մայոր, արդարադատության փոխգնդապետ, արդարադատության գնդապետ հատուկ կոչումների համար՝ չորս տարի:
3.3. Առանց հաջորդականության պահպանման հատուկ և դասային կոչումների շնորհումը թույլատրվում է միայն հարկադիր կատարման ծառայության աշխատողներին ավելի բարձր պաշտոնում նշանակելու դեպքում և աշխատանքում ցուցաբերած առանձնահատուկ ծառայությունների համար՝ անկախ զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված կոչումից և կոչումը կրելու ժամկետից, սակայն յուրաքանչյուր հատուկ ու դասային կոչում կրելու համար սահմանված ժամկետներում, ոչ ավելի, քան մեկ անգամ և ոչ ավելի, քան երկու կոչումից բարձր:
Առանց սույն կետի պահանջները պահպանելու՝ հատուկ և դասային կոչումներ կարող են շնորհվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության համաձայնությամբ:
3.4. Արդարադատության առաջին դասի խորհրդականի և արդարադատության գնդապետի հատուկ կոչումները շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության պետի ներկայացմամբ:
Մյուս դասային և հատուկ կոչումները շնորհվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վաչության պետի կողմից:
3.5. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնատար անձանց հատուկ և դասային կոչումներ շնորհելու համար համապատասխան դրամական հավելավճարներ տալու կարգը և հարկադիր կատարման ծառայության պաշտոնատար անձանց՝ ըստ զբաղեցրած պաշտոնի հասանելիք (առավելագույն) հատուկ և դասային կոչումները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
3.6. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնատար անձանց հատուկ և դասային կոչումները շնորհվում են ցմահ:
3.7. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնատար անձինք հատուկ և դասային կոչումներից կարող են զրկվել աշխատանքից հեռացվելու դեպքում:
3.8. Ծառայողական պարտականությունները կոպիտ խախտելու, պարբերաբար չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև արատավոր արարքներ թույլ տալու համար, որպես կարգապահական տույժ, հատուկ և դասային կոչումը կարող է իջեցվել, բայց երկու աստիճանից ոչ ավելի:».
բ/ 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հարկադիր կատարողներին տրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության պետի հաստատած միասնական նմուշի վկայականներ, ինչպես նաև նրանց անվամբ՝ պետական վարչությունում գրանցված և համարակալված անձնական կնիքներ:»:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«Հոդված 9. |
Հարկադիր կատարողի իրավունքները և պարտականությունները |
1. Դատական ակտերի հարկադիր կատարման ընթացքում հարկադիր կատարողը՝
ա/ միջոցներ է ձեռնարկում կատարողական թերթի ժամանակին, լրիվ և ճիշտ կատարման համար.
բ/ կատարողական վարույթի կողմերին /այսուհետ՝ կողմեր/ և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալ կատարողական վարույթի նյութերին, դրանցից քաղվածքներ անել ու ստանալ պատճեններ.
գ/ քննում է կատարողական վարույթի կապակցությամբ կողմերի դիմումները և միջնորդությունները, կայացնում համապատասխան որոշումներ, պարզաբանում դրանց բողոքարկման ժամկետներն ու կարգը.
դ/ օրենքով սահմանված դեպքերում տուգանում է իր որոշումները չկատարած քաղաքացիներին և պաշտոնատար անձանց.
ե/ իր անաչառությանը կասկած հարուցող հանգամանքների առկայության դեպքում կարող է հայտնել ինքնաբացարկ:
2. Դատական ակտերի հարկադիր կատարման ընթացքում հարկադիր կատարողն իրավունք ունի՝
ա/ կատարողական գործողություններ իրականացնելիս ստանալ անհրաժեշտ տեղեկություններ, բացատրություններ և այլ նյութեր.
բ/ գործատուների մոտ ստուգել նրանց մոտ աշխատող պարտապանների կողմից իրենց կատարողական թերթի կատարումը.
գ/ իրավաբանական անձանց /այսուհետ՝ կազմակերպություններ/ և քաղաքացիներին հանձնարարություններ տալ կոնկրետ կատարողական գործողություններ իրականացնելու նպատակով.
դ/ ընթերակաների ներկայությամբ սահմանված կարգով մուտք գործել պարտապանի շենքը /բնակարանը, պահեստը և այլ շինություններ/, այնտեղ կատարել զննումներ.
ե/ արգելանք դնել գույքի վրա, առգրավել դա, հանձնել պահատվության և իրացնել օրենքով սահմանված կարգով.
զ/ կատարողական թերթում նշված չափով արգելանք դնել պարտապանի հաշիվներում, ավանդներում կամ բանկերում և այլ վարկային կազմակերպություններում պահպանվող դրամական միջոցների և այլ արժեքների վրա.
է/ գույքի փոխադրման համար օգտագործել պահանջատիրոջ կամ պարտապանի տրանսպորտը՝ ծախսերը դասելով պարտապանի, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև պահանջատիրոջ հաշվին.
ը/ կատարողական թերթում նշված պահանջները պարզ չլինելու դեպքում դիմել կատարողական թերթ տված դատարանին՝ պարզաբանելու դրա կատարման կարգը.
թ/ օրենքով սահմանված կարգով հայտարարել պարտապանի և /կամ/ նրա գույքի հետախուզում՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով ներքին գործերի մարմինների հետ.
ժ/ կատարողական գործողությունների ընթացքում հրավիրել քաղաքացիներին և պաշտոնատար անձանց.
ժա/ կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված այլ գործողություններ:»:
Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետը «հարկադրանքի» բառից հետո լրացնել «՝ հրազենի գործադրման, ֆիզիկական ուժի և հատուկ» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
22 հունվարի 2002թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-177 |
|