ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
ք.Ստեփանակերտ
г.Степанакерт
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բժշկական և դեղագործական գործունեության պետական մասնագիտական լիցենզավորման ու դրա իրականացման կարգի հաստատման մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բժշկական և դեղագործական գործունեության բարելավման և կանոնակարգման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բժշկական և դեղագործական գործունեությունը ենթակա է պետական մասնագիտական լիցենզավորման:
Պետական մասնագիտական լիցենզավորումը բժշկական և դեղագործական գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու իրավունքի հաստատումն է, որն ամրագրվում է տրված լիցենզիայով:
2. Պետական մասնագիտական լիցենզավորման ենթակա են բժշկական և դեղագործական գործունեություն իրականացնող ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները (անկախ սեփականության ձևից, կազմակերպական-իրավական տեսակից, գերատեսչական ենթակայությունից), ինչպես նաև ֆիզիկական անձինք` բժիշկները, պրովիզորները, միջին բուժաշխատողները և դեղագործները:
3. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բժշկական և դեղագործական գործունեության պետական մասնագիտական լիցենզավորման կարգը (կցվում է)
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բժշկական և դեղագործական գործունեության պետական մասնագիտական լիցենզավորումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը` ԼՂՀ կառավարության կողմից սահմանված կարգով:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության համակարգում ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի որոշումները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարը:
Լիցենզավորման ենթակա բժշկական և դեղագործական գործունեության տեսակները և ծավալները, լիցենզավորման չափանիշները, կարգն ու պայմանները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը (կցվում է):
5. Սահմանել, որ լիցենզիան տրվում է մինչև 5-տարի ժամկետով` կախված մասնագիտական ստաժից:
Լիցենզիայի գործունեության ժամկետը լրանալու, լիցենզիայի գործունեությունը կասեցնելու կամ անվավեր ճանաչելու դեպքերում սահմանված կարգով տրվում է նոր լիցենզիա:
6. Իրավաբանական և ֆիզիկական անձի կողմից իրականացվող լիցենզավորվող գործունեության տեսակների քանակը չի սահմանափակվում:
7. Իրավաբանական և ֆիզիկական անձինք իրավունք ունեն իրականացնելու բժշկական և դեղագործական գործունեություն միայն տրված լիցենզիայով սահմանված շրջանակներում:
8. Լիցենզիայի տրման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու չափով գանձվում է վճար և մուծվում պետական բյուջե:
9. Լիցենզիայի տրման մերժումը, ինչպես նաև դրա գործունեության կասեցումը կամ անվավեր ճանաչումը կարող է գանգատարկվել դատական կարգով:
10. Լիցենզիայի տրման անհիմն մերժման կամ դրա տրման սահմանված ժամկետի խախտման հետևանքով իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասը ենթակա է հատուցման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:
11. Իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից առանց համապատասխան լիցենզիայի կամ լիցենզիայով չսահմանված բժշկական և դեղագործական գործունեությամբ զբաղվելն առաջացնում է պատասխանատվություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
12. Մինչև սույն որոշման կիրարկումը սահմանված կարգով բժշկական ու դեղագործական գործունեություն իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձինք ենթակա են լիցենզավորման մինչև 1999թ. հունվարի 1-ը:
13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությանը`
ա) եռամսյա ժամկետում ընդունել սույն որոշման 3-րդ կետի կիրարկումն ապահովող համապատասխան ակտեր.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության վարչության հետ համատեղ եռամսյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել սույն որոշման 10-րդ կետից բխող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործող օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առաջարկություն:
14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|
ԼՂՀ վարչապետ |
ԼԵՈՆԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1998թ. մարտի 26-ի
թիվ «41» որոշմամբ |
ԿԱՐԳ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բժշկական և դեղագործական գործունեության պետական մասնագիտական լիցենզավորման
1. Սույնով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բժշկական և դեղագործական գործունեության պետական մասնագիտական լիցենզավորման կարգը:
2. Սույն կարգը պարտադիր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բժշկական և դեղագործական գործունեություն իրականացնող բոլոր ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից, կազմակերպական-իրավական տեսակից, գերատեսչական ենթակայությունից) և ֆիզիկական անձանց` բժիշկների, պրովիզորների, միջին բուժաշխատողների և դեղագործների համար:
3. Բժիշկները, պրովիզորները, միջին բուժաշխատողները և դեղագործները (այսուհետ և լիցենզավորվող անձինք), ովքեր ունեն համապատասխան կրթություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգով մասնագիտական գիտելիքների և ունակությունների գնահատման հիման վրա ստանում են մասնագիտական գործունեության լիցենզիա` անկախ նրանց աշխատանքի վայրից:
4. Լիցենզավորվող անձինք, ովքեր իրականացնում են բժշկական և դեղագործական գործունեություն, որպես անհատ ձեռներեցներ, տվյալ մասնագիտական գործունեության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված պայմանների ապահովման դեպքում ստանում են նաև անհատ ձեռներեցի բժշկական կամ դեղագործական գործունեության լիցենզիա:
5. Ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները (այսուհետ և լիցենզավորվող հիմնարկներ), բժշկական և դեղագործական մասնագիտական որոշակի գործունեության համար անհրաժեշտ սանիտարա-տեխնիկական պայմանների և սարքավորումների ու բուժ. գործիքներով ապահովության առկայության դեպքում ստանում են լիցենզիա:
6. Լիցենզավորվող անձանց, հիմնարկների և անհատ ձեռներեցների (այսուհետ և լիցենզավորվող սուբյեկտներ) պետական մասնագիտական լիցենզավորումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը` լիցենզավորող հանձնաժողովի (ԼՀ) միջոցով:
Լիցենզավորման հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը:
7. Լիցենզավորող հանձնաժողովը իրականացնում է լիցենզավորման աշխատանքների համակարգումը, համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը և լիցենզավորվող անձանց մասնագիտական գիտելիքների ստուգումը համակարգչային տեստավորման ձևով:
8. Լիցենզիա տալը կարող է մերժվել սույն կարգին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված լիցենզավորման պահանջներին և լիցենզավորման չափանիշներին լիցենզավորվող սուբյեկտի անհամապատասխանության դեպքում:
Լիցենզիա տալու մերժման որոշումը կարող է գանգատարկվել դատական կարգով:
9. Լիցենզավորման գործընթացն սկսվում է լիցենզավորվող սուբյեկտի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված լիցենզավորման պահանջվող փաստաթղթերի (համաձայն սույն կարգի NN1,2,3 հավելվածների) ԼՀ-ին ներկայացմամբ:
Փաստաթղթերի ընդունումից հետո լիցենզավորվող անձինք անցնում են մասնագիտական գիտելիքների ստուգում` համակարգչային տեստավորման ձևով:
ԼՀ-ին կողմից ներկայացրած տեստավորման արդյունքներով և մասնագիտական եզրակացությունով որոշվում է տալ լիցենզիա կամ մերժել լիցենզիա տալը:
ԼՀ-ի որոշումներն իրավաբանական ուժ են ստանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատվելուց հետո:
10. Լիցենզավորման վերաբերյալ որոշումն ընդունվում է ԼՂ համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո մեկ ամսյա ժամկետում, իսկ մասնագիտական ուսումնասիրության անհրաժեշտության դեպքում` մինչև 2 ամսյա ժամկետում:
11. Այլ պետություններում բժշկական կամ դեղագործական կրթություն ստացած և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մասնագիտական գործունեություն իրականացնող անձինք ենթակա են լիցենզավորման սույն կարգի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն:
Միջպետական, միջկառավարական և միջտեսչական պայմանագրերով իրականացվող մասնագիտական ծրագրերի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հրավիրված օտարերկրյա մասնագետները նշված ծրագրերով բժշկական և դեղագործական գործունեություն իրականացնելու համար ենթակա չեն լիցենզավորման:
12. Լիցենզավորված սուբյեկտների մասնագիտական գործունեության համապատասխանությունը լիցենզիայի պահանջներին վերահսկում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
13. Լիցենզիայի գործունեությունը կարող է կասեցվել լիցենզավորված սուբյեկտի կողմից լիցենզիայի պահանջները խախտելու դեպքում:
Լիցենզիայի գործունեության կասեցման որոշումն ընդունվում է ԼՀ` սահմանելով ժամկետ թույլ տրված խախտումները վերացնելու համար:
Սահմանված ժամկետում խախտումները չվերացնելու դեպքում լիցենզիան ճանաչվում է անվավեր` սույն կարգի համաձայն:
14. Լիցենզիան անվավեր է ճանաչվում լիցենզիայի պահանջներին և մասնագիտական որակավորման չափանիշներին լիցենզավորվող սուբյեկտի անհամապատասխանության դեպքում:
Լիցենզիան անվավեր ճանաչելու միջնորդությամբ կարող են հանդես գալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը, պետական կառավարման տարածքային մարմինները, բժշկական և դեղագործական ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` այլ մարմիններ:
Լիցենզիան անվավեր ճանաչելու որոշումը սահմանված կարգով մեկամսյա ժամկետում կայացնում է ԼՀ-ը, որը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարը:
Լիցենզիան անվավեր ճանաչելու որոշումը կարող է գանգատարկվել դատական կարգով:
15. Լիցենզավորվող սուբյեկտն իրավունք ունի`
ստանալ անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր լիցենզավորման կարգի և ժամկետների մասին.
անցնել մասնագիտական գիտելիքների կրկնական ստուգում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության սահմանած կարգով և ժամկետներում.
մինչև գործող լիցենզիայի ժամկետի լրանալը դիմել լիցենզավորման` թույլատրված գործունեության տեսակների և ծավալների ընդլայնման նպատակով:
16. Լիցենզավորվող սուբյեկտը պարտավոր է.
ներկայացնել լիցենզավորման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը.
հնարավորություն ընձեռել տեղում մասնագիտական ուսումնասիրություն անցկացնելու համար.
լիցենզիա ստանալու համար մուծել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարը:
17. Մինչև սույն կարգի հաստատումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված լիցենզիաները պահպանում են գործունեության ուժը` նրանցում սահմանված ժամկետներում: Այդ ժամկետը լրանալուց հետո լիցենզավորված սուբյեկտը ենթակա է լիցենզավորման` սույն կարգի համաձայն:
18. Նախկինում սահմնաված կարգով բժշկական և դեղագործական գործունեություն իրականացնող այն անձինք, ովքեր ունեն մասնագիտական որակավորման կարգ, համարվում են լիցենզավորված տվյալ մասնագիտությամբ` մինչև որակավորման կարգի գործունեության ժամկետի ավարտը և որակավորման կարգի շնորհման մասին հրամանի հիմնա վրա իրականացնում են մասնագիտական գործունեություն: Այդ ժամկետը լրանալուց հետո նշված անձինք ենթակա են լիցենզավորման` սույն կարգի համաձայն:
Այն անձանց համար, որոնց մասնագիտական որակավորման կարգի սահմանված ժամկետը լրանում է մինչև 1999թ. ապրիլի 1-ը, վերոհիշյալ ժամկետը երկարացվում է մեկ տարով:
19. Նախկինում սահմանված կարգով բժշկական և դեղագործական գործունեություն իրականացնող այն բժիշկները և պրովիզորները, ովքեր չունեն մասնագիտական որակավորման կարգ, լիցենզավորվում են սույն կարգի համաձայն և նրանց տրվում է լիցենզիա` հետևյալ ժամկետով.
մինչև 5 տարի մասնագիտական աշխատանքի ստաժ ունեցող անձանց` 3 տարի ժամկետով,
5-ից մինչև 10 տարի մասնագիտական աշխատանքի ստաժ ունեցող անձանց` 4 տարի ժամկետով,
10 տարուց ավելի մասնագիտական աշխատանքի ստաժ ունեցող անձանց` 5 տարի ժամկետով:
20. Նախկինում սահմանված կարգով պետական առողջապահական համակարգում մասնագիտական գործունեություն իրականացնող այն միջին բուժաշխատողները, ովքեր չունեն մասնագիտական որակավորման կարգ, համարվում են լիցենզավորված ըստ իրենց ստացած մասնագիտության, հետևյալ ժամկետով.
մինչև 5 տարի մասնագիտական աշխատանքի ստաժ ունեցող անձինք` 2 տարի ժամկետով:
5-ից մինչև 7 տարի մասնագիտական աշխատանքի ստաժ ունեցող անձինք` 3 տարի ժամկետով:
7-ից մինչև 10 տարի մասնագիտական աշխատանքի ստաժ ունեցող անձինք` 4 տարի ժամկետով:
10 տարուց ավելի մասնագիտական աշխատանքի ստաժ ունեցող անձնաց` 5 տարի ժամկետով:
Նշված ժամկետները լրանալուց հետո վերոհիշյալ անձինք ենթակա են լիցենզավորման` սույն կարգի համաձայն:
21. Այն մասնագիտությունների գծով, որոնց համար դեռևս չկան համակարգչային տեստավորման ծրագրերը, մինչև վերջիններիս ստեղծումը մասնագիտական գիտելիքների ստուգումն իրականացնում է ՊԼԿ-ի կողմից սահմանված քննության ձևով:
22. Մինչև մասնագիտական գործունեության նոր որակավորման բնութագրերի և չափանիշների ստեղծումը, լիցենզավորման համար որպես գնահատման չափանիշներ ընդունվում են գործող համապատասխան նորմատիվային ակտերում սահմանված պահանջները:
| |
Հավելված թիվ 1
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում
բժշկական և դեղագործական գործունեության
պետական մասնագիտական լիցենզավորման կարգի |
ՑԱՆԿ
Մասնագիտական գործունեության լիցենզավորման համար լիցենզավորվող անձի կողմից ներկայացվող փաստաթղթերի
Առաջին անգամ լիցենզավորվող անձը ներկայացնում է.
|
1. |
Դիմում
|
|
2. |
ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված ձևի հաշվառման թերթիկ` մեկ լուսանկարով
|
|
3. |
Սահմանված կարգով բժշկական կրթություն իրականացնելու իրավունք ունեցող ուսումնական հաստատության կողմից տրված ավարտական վկայականի (դիպլոմի) պատճենը
|
|
4. |
Սահմանված կարգով հետդիպլոմային մասնագիտացում իրականացնելու իրավունք ունեցող հաստատության կողմից տրված մասնագիտացման վկայականի պատճենը
|
|
5. |
Հետդիպլոմային կրթության այլ ձևերի վկայականների պատճենները
|
|
6. |
Մասնագիտական գործունեության այլ լիցենզիաների պատճենները
|
|
7. |
Աշխատանքային գրքույկի պատճենը
|
|
|
Երկրորդ և ավելի անգամ լիցենզավորվող անձը, ի լրումն վերը նշված փաստաթղթերի (բացառությամբ 5-րդ կետում նշվածի) ներկայացնում է նաև
|
|
1. |
Նախորդ լիցենզիայի պատճենը (բնօրինակը ներկայացնում է հանձնաժողովի նիստում` անձամբ)
|
|
2. |
Նախորդ լիցենզիայի գործունեության ժամանակահատվածում հետդիպլոմային կրթության (վերապատրաստման և կատարելագործման դասընթացներ, դասախոսություններ, սեմինարներ) մասին վկայականների և տեղեկանքների պատճենը
|
|
3. |
Հաշվետվություն նախորդ լիցենզիայի գործունեության ժամանակահատվածում մասնագիտական գործունեության մասին` հաստատված հիմնարկի ղեկավարի կողմից
|
|
4. |
Հիմնարկի ղեկավարի կողմից տրված բնութագիր
|
|
5. |
Գիտական աստիճանի վկայականի պատճենը |
| |
Հավելված թիվ 2
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում
բժշկական և դեղագործական գործունեության
պետական մասնագիտական լիցենզավորման կարգի |
ՑԱՆԿ
Լիցենզավորման համար լիցենզավորվող հիմնարկի կողմից ներկայացվող փաստաթղթերի
Առաջին անգամ լիցենզավորվող հիմնարկի ղեկավարը ներկայացնում է.
|
1. |
Դիմում
|
|
2. |
ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված ձևի հաշվառման թերթիկը
|
|
3. |
Հիմնարկի իրավական-կազմակերպական կարգավիճակի մասին փաստաթղթերի (հրաման, որոշում, պետական ռեգիստրի ժամանակավոր գրանցման վկայական, կանոնադրություն, պայմանագիր վարձակալության մասին, ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված այլ հիմնադիր փաստաթղթեր) պատճենները
|
|
4. |
Հիմնադիր տարածքի հաստատված հատակագիծը
|
|
5. |
Տեղեկանք բժշկական սարքավորումներով և բուժգործիքներով հիմնարկի ապահովվածության մասին
|
|
6. |
Տեղեկանք հիմնարկի կառուցվածքի, գործառնական ստորաբաժանումների և հզորությունների մասին
|
|
7. |
Տեղեկանք պետական հիգիենիկ-հակահամաճարակային ծառայության կողմից
|
|
8. |
Տեղեկանք հիմնարկում իրականացվող մասնագիտական գործունեության տեսակների մասին
|
|
9. |
Հիմնարկի ունեցած մասնագիտական գործունեության այլ լիցենզիաների պատճենը
|
| |
Երկրորդ և ավելի անգամ լիցենզավորվող հիմնարկի ղեկավարը, ի լրումն վերը նշված փաստաթղթերի, ներկայացնում է նաև
|
|
1. |
Նախորդ լիցենզիայի պատճենը (բնօրինակը ներկայացվում է հանձնաժողովի նիստում)
|
|
2. |
Հաշվետվություն նախորդ լիցենզիայի գործունեության ժամանակահատվածում հիմնարկի մասնագիտական գործունեության մասին |
| |
Հավելված թիվ 3
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում
բժշկական և դեղագործական գործունեության
պետական մասնագիտական լիցենզավորման կարգի |
ՑԱՆԿ
Անհատ ձեռներեցի լիցենզավորման համար ներկայացվող փաստաթղթերի
Առաջին անգամ լիցենզավորվող անհատ ձեռներեցը ներկայացնում է.
|
1. |
Դիմում
|
|
2. |
ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված ձևի հաշվառման թերթիկը
|
|
3. |
Պետական ռեգիստրում ժամանակավոր գրանցման վկայականի պատճենը
|
|
4. |
Մասնագիտական գործունեության լիցենզիայի (լիցենզիաների) պատճենը
|
|
5. |
Անհատ ձեռներեցի գործունեության տարածքի հաստատված հատակագիծը
|
|
6. |
Տեղեկանք անհատ ձեռներեցի մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և բուժգործիքներով ապահովվածության մասին
|
|
7. |
Տեղեկանք պետական հիգիենիկ-հակահամաճարակային ծառայության կողմից
|
|
|
Երկրորդ և ավելի անգամ լիցենզավորվող անհատ ձեռներեցը, ի լրումն վերը նշված փաստաթղթերի, ներկայացնում է նաև`
|
|
1. |
Անհատ ձեռներեցի նախորդ լիցենզիայի պատճենը (բնօրինակը ներկայացնում է հանձնաժողովի նիստում)
|
|
2. |
Հաշվետվություն նախորդ լիցենզիայի գործունեության ժամանակահատվածում անհատ ձեռներեցի մասնագիտական գործունեության մասին: |