ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«22» դեկտեմբերի 2009թ. |
N 822-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 211 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ և 9-րդ հոդվածներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 26-ի «Որևէ հարկային պարտավորությունից ավելի վճարված գումարների (գերավճարներ) հաշվանցման և վերադարձի դեպքերում և հսկիչ գնումների իրականացման դեպքում հարկային մարմնի կողմից ուսումնասիրությունների իրականացման կարգերը հաստատելու մասին» թիվ 49 որոշման 1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 26-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգը և շահագործման կանոնները հաստատելու մասին» թիվ 211 որոշմամբ հաստատված հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 201-րդ կետով.
«201. Հարկային մարմնի կողմից իրականացվող հսկիչ գնման (գնումների) արդյունքում, հսկիչ գնում իրականացրած հարկային մարմնի պաշտոնատար անձի կողմից հանձնարարագիրը ներկայացվելուց և արձանագրությունը կազմվելուց հետո, բայց ոչ ուշ, քան հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների վերադարձման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետները, տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողին են վերադարձվում հսկիչ գնմամբ (գնումներով) ձեռք բերված ապրանքը (ապրանքները), եթե չեն փոփոխվել դրա (դրանց) գնման պահին առկա ապրանքային հատկանիշները:
Հսկիչ-դրամարկղային մեքենայի գնման չեկի (կտրոնի) հիման վրա երկու օրինակից կազմվում է վաճառված ապրանքի հետընդունման ակտ` համաձայն N 8 ձևի: Կազմակերպության պատասխանատու անձը ընդունում է վերադարձման ենթակա ապրանքը (ապրանքները), վերադարձնում է ստացված գումարը, հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով տպում է վերադարձի չեկ (կտրոն): Այն դեպքում, երբ վաճառված ապրանքները հետ են ընդունվում օրվա (հերթափոխի) հաշվետվության դուրսբերումից հետո, լրացվում է վաճառված ապրանքների հետընդունման ակտը, իսկ վերադարձի չեկ (կտրոն) չի տպվում:
Վաճառված ապրանքի հետընդունման ակտն ստորագրում են հսկիչ գնում կատարած անձը (անձինք) և տնտեսավարող սուբյեկտի անունից ապրանքներ վաճառող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողը: Հետընդունման ակտի մեկ օրինակը հսկիչ գնման արձանագրության մեկ օրինակի հետ հանձնվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, որն առարկություններ ունենալու դեպքում դրանք ներկայացնում է գրավոր: Հսկիչ գնման ժամանակ տպված հսկիչ-դրամարկղային մեքենայի չեկի (կտրոնի) վրա հսկիչ գնում իրականացրած հարկային մարմնի պաշտոնատար անձը կատարում է «Վերադարձ» նշումը, լրացնում ամսաթիվը, ամիսն ու տարեթիվը և ստորագրում:
Եթե վերադարձվում է հսկիչ-դրամարկղային մեքենայի չեկով (կտրոնով) վաճառված ապրանքների մի մասը, ապա կատարվում է բոլոր ապրանքների և գումարի հետվերադարձ, այնուհետև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հետընդունման ոչ ենթակա ապրանքների համար հսկիչ գնում կատարողի կողմից կատարվում է վճարում, որի համար հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով տպվում և տրամադրվում է հսկիչ-դրամարկղային մեքենայի նոր չեկ (կտրոն):
Սույն կետով նախատեսված դեպքերում հետընդունման ակտում նշված վերադարձի գումարները չեն ներառվում կազմակերպության իրացումից հասույթի մեջ` անկախ սույն կանոնների 20-րդ կետի «է» ենթակետում նշված տեղեկանքում (N 10 ձևում) ներառվելու կամ տեղեկանքը հարկային մարմին ներկայացնելու հանգամանքից: Հսկիչ գնման ժամանակ տպված և վերադարձի չեկերը (կտրոնները) հետընդունման ակտերի մեկական օրինակների հետ պահպանվում են կազմակերպությունում տպման (լրացման) օրվանից սկսած 3 տարի:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |