Համարը 
N 28-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2010.02.08/03(137)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.01.2010
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.01.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.02.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.09.2014

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«26» հունվարի 2010թ.

N 28-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2009-2010 ուսումնական տարվա` միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունելությունից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«26» հունվարի 2010 թվականի

թիվ 28-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՏԱԼՈՒ

 

I. ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

1. Ուսանողական նպաստը փոխհատուցում է (լրիվ կամ մասնակիորեն) ուսանողի ուսման վճարը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում նախատեսված միջոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին:

2. Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցում տրամադրում է՝

1) մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանողներին՝ մրցութային կարգով.

2) օրենքով նախատեսված հետևյալ սոցիալական խմբերին՝

ա. առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին և նրանց թվին պատկանող անձանց՝ համաձայն «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի,

բ. 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց՝ համաձայն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի,

գ. զոհված զինծառայողների երեխա-ուսանողներին, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած ուսանողներին՝ համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի.

3) պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին:

3. Առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին և նրանց թվին պատկանող անձանց, զոհված զինծառայողների երեխա-ուսանողներին ուսանողական նպաստներ տրամադրվում են 1-ին կուրսից մինչև ծրագրի ավարտը, իսկ 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած ուսանողներին ուսանողական նպաստները համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում տրվում են 1-ին կուրսի սկզբում և վերանայվում յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար նախատեսված միջոցների սահմաններում, ըստ միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների, սահմանում է պետության կողմից տրվող ուսանողական նպաստ ստացող ուսանողների թիվը, որը պահպանվում է այդ ուսանողների ամբողջ ուսումնառության ընթացքում:

5. Առաջին կուրսում ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցում տրամադրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ընդունելության կանոններով` սահմանված կարգով միջին մասնագիտական ուսումնական հաստատություն ընդունված ուսանողներին:

6. Հաջորդ կուրսերում ուսանողական նպաստ տրվում է մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին՝ մրցութային հիմունքներով:

7. Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը կարող է վճարովի հիմունքներով սովորող ուսանողական համակազմի մինչև 10%-ին՝ ուսանողի սոցիալական վիճակի և բարձր առաջադիմության արդյունքների հաշվառմամբ, իր միջոցների հաշվին մասնակիորեն փոխհատուցել ուսման վճարը`

1) սոցիալապես անապահով ուսանողներին,

2) միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին,

3) երեք և ավելի անչափահաս կամ երեք և ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին,

4) վճարովի ուսուցման համակարգում 2 և ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին,

5) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամ ծնողներ ունեցող ուսանողներին,

6) մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին,

7) ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատության հայեցողությամբ,

8) միջին մասնագիտական ուսումնական հաստատության հայեցողությամբ՝ այլ կարգավիճակ ունեցող ուսանողներին:

8. Ուսանողական նպաստներ տալու գործառույթներն իրականացնում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը:

9. Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստներ ստանալու մասին դիմումներն ընդունվում են յուրաքանչյուր տարվա օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում:

10. Պետության կողմից ուսանողական նպաստ տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող ուսումնական հաստատությունների ուսանողներին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից չֆինանսավորվող ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստներ հատկացնելու մասին որոշումն ընդունում է հիմնադիրը:

11. Հարգելի պատճառներով (ակադեմիական արձակուրդ՝ առողջական վիճակի կամ զինծառայության) միջին մասնագիտական ուսումնական հաստատությունից ազատված ուսանողը վերականգնվելիս` պահպանում է նախկինում ունեցած ուսանողական նպաստ ստանալու իրավունքը:

12. Նպաստառու ուսանողի սոցիալական վիճակի փոփոխության դեպքում միջին մասնագիտական ուսումնական հաստատության կողմից տրամադրվող ուսանողական նպաստը կարող է փոփոխվել:

13. Ուսանողական նպաստներ տալու գործընթացի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է պետական կառավարման լիազորված մարմինը:

 

II. ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

14. Պետական կրթաթոշակը պետական ֆինանսական խրախուսանք է, որը մրցութային կարգով ուսանողներին տրվում է գերազանց և լավ առաջադիմության, հասարակական ակտիվություն, պատշաճ վարքագիծ դրսևորելու համար (արվեստի բնագավառի միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ նաև մասնագիտական մրցույթ ստուգատեսների հաղթողներին): Ուսանողների հասարակական ակտիվությունը բնութագրող ցուցանիշներն են համարվում.

1) մասնակցությունն ուսումնական հաստատության ուսանողական, հասարակական աշխատանքներին,

2) զեկուցումները, ռեֆերատները, հրատարակված աշխատանքները (գիտական ամսագրերում և զանգվածային լրատվության միջոցներում),

3) մասնակցությունը միջքոլեջային, քաղաքային, հանրապետական և միջազգային մրցույթներին, օլիմպիադաներին, ուսանողական գիտական նստաշրջաններին, ուսանողական շինարարական ջոկատների աշխատանքներին,

4) այլ հասարակական և ստեղծագործական նախաձեռնություններ՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատության հայեցողությամբ:

15. Սույն կարգի իմաստով ուսանողների պատշաճ վարքագիծը միջին մասնագիտական ուսումնական հաստատության ներքին կանոնների պահպանումն է:

16. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, յուրաքանչյուր տարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության տվյալ տարվա պետական բյուջեով միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար նախատեսված միջոցների սահմաններում, ըստ միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների հաստատում է պետական կրթաթոշակների թիվը և չափը:

17. Պետության կողմից կրթաթոշակ տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության պետական բյուջեից ֆինանսավորվող ուսումնական հաստատությունների ուսանողներին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության պետական բյուջեից չֆինանսավորվող ուսումնական հաստատություններում կրթաթոշակի հատկացման մասին որոշումն ընդունում է հիմնադիրը:

18. Ուսանողի` պետական կրթաթոշակի տրամադրումը վերանայվում է յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին՝ համաձայն սույն կարգի 14-րդ կետով նախատեսված պայմանների: Նախատեսված պայմանները չապահովելու դեպքում ուսանողը զրկվում է պետական կրթաթոշակից: Պետական կրթաթոշակից զրկված ուսանողը կարող է ընդգրկվել ուսումնական նպաստառուների համակարգում՝ սույն կարգի 2-րդ կետի պահանջները բավարարելու դեպքում:

19. Պետական կրթաթոշակների չօգտագործված մասը հատկացվում է սույն կարգի 12-րդ կետի պահանջները բավարարող ուսանողներին` մրցութային կարգով:

20. Հարգելի պատճառներով (ակադեմիական արձակուրդ՝ առողջական վիճակի կամ զինծառայության) միջին մասնագիտական ուսումնական հաստատությունից ազատված ուսանողը վերականգնվելիս պահպանում է նախկինում ունեցած կրթաթոշակ ստանալու իրավունքը:

21. Պետական կրթաթոշակների ձևակերպման գործընթացն իրականացնում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը:

22. Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունը կարող է սեփական միջոցների հաշվին սահմանել ներքոլեջային կրթաթոշակներ:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ