ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
Շահումով խաղեր և խաղատներ կազմակերպելու մասին
Ելնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շահումով խաղերի կազմակերպման նկատմամբ պետական պատշաճ հսկողություն իրականացնելու անհրաժեշտությունից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել շահումով խաղեր և խաղատներ կազմակերպելու գործունեության կարգավորման, լիցենզավորման և վերահսկողության կանոնակարգը (կցվում է):
2. Սահմանել, որ շահումով խաղերի և խաղատների (կազինոների) կազմակերպման գործունեությունը լիցենզավորող պետական կառավարման մարմին է հանդիսանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998թ. դեկտեմբերի 29-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելու կարգի հաստատման մասին» թիվ 294 որոշման թիվ 3 ցանկում կատարել հետևյալ փոփոխությունը. շահումով խաղերի և խաղատների կազմակերպման լիցենզիայի գործունեության ժամկետի համար սահմանված «3 տարի» բառերը փոխարինել «1 տարի» բառերով:
(3-րդ կետի գործողությունը դադարեցվել է 25.06.2002 N 128)
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
1999թ. մայիսի 18-ի
թիվ 92 որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
շահումով խաղեր և խաղատներ կազմակերպելու գործունեության կարգավորման, լիցենզավորման և վերահսկողության
ԲԱԺԻՆ I
Ընդհանուր դրույթներ
1. Սույն կանոնակարգը կարգավորում է շահումով խաղեր և խաղատներ կազմակերպելու գործունեության կարգավորման, լիցենզավորման և դրանց նկատմամբ պետական վերահսկողության իրականացման կապակցությամբ առաջացող վարչական հարաբերությունները:
2. Սույն կանոնակարգով սահմանված կարգով ստացված համապատասխան լիցենզիայի հիման վրա շահումով խաղեր կամ խաղատներ կազմակերպելու իրավունք ունեն միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք և օտարերկրյա իրավաբանական անձանց` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված մասնաճյուղերը (այսուհետև` անձ):
Առանց սույն կանոնակարգով սահմանված կարգով ստացված լիցենզիայի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շահումով խաղեր կամ խաղատներ կազմակերպելն արգելվում է:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շահումով խաղեր և խաղատներ կազմակերպելու գործունեության լիցենզավորումն իրականացնում է լիազոր մարմինը` սույն կանոնակարգով սահմանված կարգով:
4. Սույն կանոնակարգով օգտագործվող հասկացություններն են`
ա) լիազոր մարմին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում շահումով խաղերի և խաղատների (կազինոների) կազմակերպման գործունեությունը լիցենզավորող պետական կառավարման մարմին.
բ) խաղացող` շահումով խաղին մասնակցող ֆիզիկական անձ` բացի կազմակերպչի ներկայացուցչից (խաղարկողից).
գ) խաղարկող` ֆիզիկական անձ, որը խաղացողի հետ հավասար պայմաններում կազմակերպչի անունից փաստացի մասնակցում է խաղին կամ իրականացնում դրա խաղարկությունը` խաղն անցկացնելու կամ դրա ելքը որոշելու համար.
դ) խաղասրահ` շինության ներսում տարածք, որտեղ կազմակերպվում են շահումով խաղերը: Ընդ որում` անմիջականորեն խաղերի անցկացման վայր չհանդիսացող առանձնացված տարածքները խաղասրահ չեն համարվում (վարչական կառավարման կամ սպասարկող անձնակազմի օգտագործման համար նախատեսված տարածք, միջանցքեր, պատշգամբներ և այլն).
ե) խաղային ավտոմատ` ավտոմատացված և (կամ) համակարգչային խաղ, որին մասնակցում է (են) միայն խաղացողը (խաղացողները).
զ) կազմակերպիչ` շահումով խաղեր և (կամ) խաղատուն կազմակերպելու լիցենզիա ստացած անձ.
է) քննարկում` խախտումները քննարկելու, լիցենզիա տալու, լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հարցերի լուծման նպատակով լիազոր մարմնի կողմից հրավիրվող նիստ` դիմողի (կազմակերպչի) մասնակցության հնարավորությամբ:
ԲԱԺԻՆ II
Շահումով խաղերը և դրանց տեսակները
5. Շահումով խաղ է համարվում ցանկացած մեքենայացված, սեղանի և (կամ) կենդանի խաղ, որին խաղացողը մասնակցում է անմիջականորեն` հաջողության դեպքում որոշակի շահումի ակնկալիքով: Ընդ որում` սույն կանոնակարգի իմաստով շահումով խաղերի թվին չեն դասվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վիճակախաղ համարվող խաղերն ու խաղարկությունները:
6. Կենդանի խաղ է համարվում ցանկացած խաղ, որին, բացի մեկ կամ մի քանի խաղացողից, մասնակցում է (են) նաև խաղարկողը (խաղարկողները):
7. Մեքենայացված խաղ է համարվում ծրագրավորված մեքենայի, համակարգչի, խաղային ավտոմատի կամ նման այլ սարքավորման միջոցով իրականացվող խաղը, որին մասնակցում է (են) միայն խաղացողը (խաղացողները):
8. Սեղանի խաղ է համարվում հարմարեցված սեղանի (այսուհետև` նաև խաղասեղան) վրա իրականացվող կենդանի կամ ոչ կենդանի խաղը: Եթե խաղի տվյալ տեսակը սեղանի հատուկ հարմարեցում չի պահանջում, ապա տվյալ խաղի համար փաստացի օգտագործվող սեղանը սույն կետի իմաստով հարմարվում է հարմարեցված:
9. Ըստ նախատեսվող շահումների ձևերի` շահումով խաղերը դասակարգվում են իրայինի, դրամականի և դրամաիրայինի:
Բ Ա Ժ Ի Ն III
Շահումով խաղերը կամ խաղատուն կազմակերպելը
10. Շահումով խաղի կազմակերպում է համարվում խաղի իրականացման միջոցով եկամուտ (շահույթ) կամ օգտակար այլ արդյունք ստանալու նպատակով շահումով խաղի սարքավորումների տեղադրումն ու շահագործումը կամ շահումով խաղին խաղացողների մասնակցության համար այլ կերպ հնարավորության ստեղծումը:
11. Խաղատուն կազմակերպել է համարվում սույն կետում նշված խաղասրահում շահումով խաղերի անցկացումը:
Խաղատուն է համարվում այն խաղասրահը`
ա) որի ներքին կամ արտաքին կողմից ցուցադրվում է «խաղատուն» կամ «կազինո» բառը կամ դրանց օգտագործմամբ բառակապակցությունները` պարտադիր հայերենով կամ զուգակցված օտար լեզուներով, կամ`
բ) որտեղ շահագործվում է թեկուզ մեկ խաղասեղան կամ տասը և ավելի խաղային ավտոմատ, կամ երկուսը միասին` անկախ դրանցից յուրաքանչյուրի քանակից:
12. Սույն կանոնակարգի իմաստով խաղասեղանը կամ խաղային ավտոմատը համարվում է շահագործվող, եթե այն տեղադրված է խաղասրահում շահագործման համար պատրաստի վիճակում` անկախ դրա փաստացի շահագործման հանգամանքից:
Բ Ա Ժ Ի Ն IV
Շահումով խաղերի և խաղատների կազմակերպմանը ներկայացվող պահանջները
13. Շահումով խաղերը և խաղատները կարող են կազմակերպվել միայն շինություններում կամ փակ այլ վայրերում գտնվող խաղասրահներում:
Խաղատուն կարող է կազմակերպվել միայն այն խաղասրահում, որը`
ա) չի գտնվում նախադպրոցական, միջնակարգ, միջնակարգ մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատության տարածքում և`
բ) ուղիղ գծով առնվազն 100 մետր հեռու է որևէ նախադպրոցական, միջնակարգ, միջնակարգ մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատության տարածքից, և`
գ) ունի առնվազն 60 քառ. մետր մակերես և`
դ) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վարձակալության կամ մշտական օգտագործման է հատկացվել հատկապես խաղատուն կազմակերպելու նպատակով (սույն պայմանը չի տարածվում քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող տարածքների վրա):
Անկախ սույն կետի սահմանափակումներից` խաղատուն կարող է կազմակերպվել հյուրանոցային համալիրներում, մոթելներում:
Լիազոր մարմնի կողմից սահմանված դեպքերում սույն կետի սահմանափակումները կարող են տարածվել նաև խաղատուն չհանդիսացող խաղասրահների վրա:
14. Խաղասրահի տարածքը պետք է պաշտպանված լինի պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգերով:
15. Կազմակերպիչը խաղասրահի տարածքը պաշտպանելու նպատակով պարտավոր է ունենալ կամ վարձել անվտանգության ծառայություն: Անվտանգության ծառայության աշխատողները պետք է ակնհայտորեն տարբերվեն իրենց միասնական նմուշի համազգեստով:
16. Խաղասրահներում կարող են տեղադրվել և շահագործվել միայն այն սարքավորումները և խաղասեղանները (բացառությամբ սույն կանոնակարգի 8-րդ կետում նշված հարմարեցում չպահանջող սեղանների), որոնք ունեն արտադրողի, արտադրողի երկրի (վայրի) առևտրաարդյունաբերական պալատի կամ իրավասու այլ կազմակերպության կողմից տրված ծագման սերտիֆիկատ և տեխնիկական անձնագիր:
17. Առանց խաղացողներին նախապես տեղեկացնելու և բացատրելու` արգելվում է այնպիսի խաղերի կազմակերպումը, որոնց դեպքում շահումը պատահականությամբ չի պայմանավորված:
18. Կազմակերպիչը պարտավոր է խաղացողներին տրամադրել կամ մատչելի դարձնել խաղի կանոններն ու պայմանները, ինչպես նաև ապահովել խաղի հրապարակայնությունը: Խաղասրահում տեսանելի տեղում պետք է փակցված լինեն համապատասխան լիցենզիայի և դրա հավելվածի պատճենները:
19. Խաղատան կազմակերպիչը պարտավոր է խաղացողների համար խաղասրահում ապահովել բրոշյուրի կամ գրավոր այլ ձևով տրված նախազգուշացում խաղատուն հաճախելու բացասական հետևանքների մասին (ընտանեկան անախորժություններ, ընտանեկան բյուջեի նվազում, պարտքերի առաջացում և այլն)` լիազոր մարմնի սահմանած տեքստին համապատասխան:
20. Խաղերը պետք է կազմակերպվեն լիազոր մարմնում գրանցված շահումով խաղի կազմակերպման կանոններին համապատասխան:
21. Կազմակերպվող յուրաքանչյուր առանձին տեսակի խաղի համար կազմակերպիչը պետք է սույն ակտով սահմանված կարգով ընդունի և լիազոր մարմնում գրանցի տվյալ տեսակի շահումով խաղի կազմակերպման կանոնները: Լիազոր մարմինը պետք է ապահովի, որ միանուն խաղերի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործեն միևնույն կանոնները, ընդ որում` կազմակերպիչն ազատ է քայլերի մեծության և շահումների չափի ընտրության հարցերում:
22. Խաղատան մուտքը պետք է հսկվի պահպանության ծառայության կողմից:
23. Խաղատան կազմակերպիչը պարտավոր է միջոցներ ձեռնարկել` բացառելու քսանմեկ տարին չլրացած ֆիզիկական անձանց մուտքը խաղտուն, ինչպես նաև վերջիններիս մասնակցությունը որևէ խաղի:
24. Խաղատանը խաղանիշերը (ժետոն) կարող են վաճառվել կանխիկ դրամով (հայկական դրամ) կամ վարկային քարտով: Արգելվում է խաղանիշերի տրամադրումը ապառիկ կամ բացասական մնացորդային (պարտք) կարգով:
25. Լիցենզիան ստանալու պահին խաղատան կազմակերպչի կանոնադրական հիմնադրամի փաստացի համալրված մասը պետք է կազմի առնվազն 10 մլն հայկական դրամ, իսկ շահումով խաղի կազմակերպչինը` առնվազն 1 մլն հայկական դրամ:
Բ Ա Ժ Ի Ն V
Լիցենզիայի վավերապայմանները
26. Լիցենզիան պատրաստվում է տպագրական եղանակով` լիազոր մարմնի սահմանած միասնական ձևին համապատասխան:
27. Լիցենզիան պարունակում է հետևյալ տեղեկությունները.
ա) լիցենզիայի տեսակը (շահումով խաղեր կամ խաղատուն կազմակերպելու).
բ) լիցենզիայի համարը.
գ) կազմակերպչի լրիվ ֆիրմային անվանումը.
դ) կազմակերպչի գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն).
ե) խաղասրահի հասցեն.
զ) լիցենզիա տալու ամսաթիվը և լիցենզիայի գործողության դադարեցման ամսաթիվը և`
է) լիազոր մարմնի սահմանած հատուկ պահանջները:
28. Լիցենզիային կից տրվում է լիազոր մարմնի կողմից հաստատված հավելված, որտեղ նշվում են`
ա) կազմակերպչի անվանումը և գտնվելու վայրը.
բ) խաղասրահի հասցեն.
գ) խաղասրահի մակերեսը (քառ. մետրով).
դ) իրականացվող խաղերի տեսակները (մեքենայացված, սեղանի և (կամ) կենդանի).
ե) նախատեսված շահումների ձևերը (դրամական, իրային, դրամաիրային).
զ) լիազոր մարմնում գրանցված` շահումով խաղի կոնկրետ տեսակները.
է) խաղային սարքավորումների և խաղասեղանների թիվը, տեսակները, սերիան, դրանց ծագման հավաստագրի (սերտիֆիկատի) ու տեխնիկական անձնագրի համարները:
29. Լիցենզիայի գործողության ժամկետը մեկ տարի է:
30. Լիցենզիան անձին իրավունք է տալիս շահումով խաղեր կամ խաղատուն կազմակերպել միայն մեկ` լիցենզիայում նշված հասցեում (վայրում): Ընդ որում`
ա) շահումով խաղեր կազմակերպելու լիցենզիան իրավունք չի տալիս խաղատուն կազմակերպել.
բ) խաղատան լիցենզիան իրավունք է տալիս նույն խաղասրահում սույն կանոնակարգի պահանջների պահպանմամբ կազմակերպել շահումով ցանկացած խաղ:
31. Մի քանի հասցեներում խաղասրահներ շահագործելու համար միևնույն անձը պարտավոր է սույն կանոնակարգով սահմանված կարգով դիմել և ստանալ մեկից ավելի լիցենզիա:
32. Լիցենզիան չի կարող օտարվել երրորդ անձի կամ գրավադրվել:
Բ Ա Ժ Ի Ն VI
Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը
33. Լիցենզիա ստանալու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությունում գրանցված դիմողը լիազոր մարմին է ներկայացնում`
ա) դիմում` երկու օրինակից, որում, ի թիվս լիազոր մարմնի կողմից սահմանված տեղեկությունների, նշվում են`
- դիմողի անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը և գտնվելու վայրը,
- պետական գրանցման վկայականի տվյալները,
- տեղեկանք ընթացիկ գրանցման ընթացակարգի մասին,
- խաղասրահի հասցեն,
- խաղասրահի մակերեսը (քառ. մետրով),
- իրականացվող խաղերի տեսակները (մեքենայացված, սեղանի և (կամ) կենդանի),
- նախատեսված շահումների ձևերը (դրամական, իրային, դրամաիրային),
- խաղային սարքավորումների և խաղասեղանների թիվը, տեսակները, սերիան, դրանց ծագման հավաստագրի (սերտիֆիկատի) ու տեխնիկական անձնագրի համարները,
- հայցվող լիցենզիայի տեսակը (խաղատան կամ շահումով խաղի),
- հայտարարություն սեփական պահպանության ծառայություն ունենալու կամ այն վարձելու մասին,
- դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը,
բ) դիմողի հիմնադիր փաստաթղթերի պատճենները (պատճենը).
գ) խաղասրահի տարածքի սեփականության կամ վարձակալության (օգտագործման) իրավունքի վկայականի պատճենը.
դ) շահագործման համար նախատեսված խաղային սարքավորումների, խաղասեղանների ծագման հաստատագրերի (սերտիֆիկատների) և տեխնիկական անձնագրերի պատճենները.
ե) իրային շահումների դեպքում` մատակարարի հետ կնքված պայմանագիրը կամ իրային շահումների առկայության վերաբերյալ տեղեկանքը` ըստ քանակի, տեսակի և արժեքի.
զ) անվտանգության ծառայություն վարձելու դեպքում` համապատասխան պայմանագրի բնօրինակը, իսկ սեփական ծառայություն կազմակերպելու դեպքում` տեղեկանք ԼՂՀ ներքին գործերի նախարարությունում գրանցման մասին.
է) պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգի տեխնիկական անձնագիրը և այն տեղադրելու համար պատասխանատու անձի տեղեկանքը խաղասրահի տարածքում համակարգը դրա տեխնիկական պահանջներին համապատասխան տեղադրելու մասին.
ը) հայտարարություն կանոնադրական հիմնադրամի փաստացի համալրված մեծության վերաբերյալ.
թ) շահումով խաղի կազմակերպման կանոնները` հաստատված դիմողի կառավարման բարձրագույն մարմնի կողմից, որը պետք է բովանդակի`
- շահումով խաղի 1 տոմսի (ժետոնի) գինը,
- խաղի անցկացման կարգը,
- շահումներ տալու վայրը և ժամկետը,
- շահումների տեսակները,
- խաղացողի իրավունքներն ու պարտականությունները,
- վեճերի լուծման կարգը:
34. Լիցենզիա ստանալու համար նոր ստեղծվող ձեռնարկությունը լիազոր մարմին է ներկայացնում`
ա) դիմում` երկու օրինակից, որում, ի թիվս լիազոր մարմնի կողմից սահմանված տեղեկությունների, նշվում են`
- դիմողի անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը և գտնվելու վայրը (նախատեսվող իրավաբանական հասցեն),
- հայցվող լիցենզիայի տեսակը (խաղատան կամ շահումով խաղի),
- խաղասրահի հասցեն,
- խաղասրահի մակերեսը (քառ. մետրով),
- իրականացվող խաղերի տեսակները (մեքենայացված, սեղանի և (կամ) կենդանի),
- նախատեսված շահումների ձևերը (դրամական, իրային, դրամաիրային),
- խաղային սարքավորումների, խաղասեղանների նախատեսվող թիվը, տեսակները,
- հայտարարություն սեփական պահպանության ծառայություն ստեղծելու կամ այն վարձելու մտադրության մասին,
- դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը,
բ) տեղեկանք սկզբնական գրանցման ընթացակարգի մասին.
գ) հիմնադիրների կողմից հաստատված հիմնադիր փաստաթղթերի պատճենները.
դ) տարածքի սեփականատիրոջ կամ վարձակալի համաձայնությունը տվյալ տարածքը վարձակալությամբ կամ ենթավարձակալությամբ դիմողին տալու վերաբերյալ` կցելով տվյալ տարածքի նկատմամբ իր իրավունքը հաստատող համապատասխան վկայականը,
ե) շահումով խաղի կազմակերպման կանոնները` հաստատված դիմողի կառավարման բարձրագույն մարմնի կողմից, որը պետք է բովանդակի սույն ակտի 33-րդ կետի «թ» ենթակետում նշված տվյալները:
35. Դիմումն ու կից փաստաթղթերն առձեռն ստանալիս լիազոր մարմինը դիմումը ներկայացնող անձի ներկայությամբ ստուգում է փաստաթղթերի առկայությունը (ըստ դիմումին կից ցանկի), դիմումի երկու օրինակի վրա համապատասխան նշումներ կատարում և ընդունում այն: Ընդունված դիմումի մեկ օրինակը վերադարձվում է (փոստով առաքվում է) դիմողին:
36. Եթե դիմողը, սույն կանոնակարգի համաձայն, ստացել է լիցենզիա և դիմում է նոր հասցեով խաղասրահում շահումով խաղ կամ խաղատուն կազմակերպելու լիցենզիա ստանալու համար կամ ունի շահումով խաղի կազմակերպման լիցենզիա և դիմել է խաղատուն կազմակերպելու լիցենզիա ստանալու համար, ապա դիմումին կցվում են միայն այն փաստաթղթերը, որոնք բացակայել են գործող լիցենզիայի ստացման համար ներկայացված փաստաթղթերի թվում: Այս դեպքում դիմողը ներկայացնում է գրավոր հայտարարություն, որ նախկինում ներկայացված փաստաթղթերում որևէ փոփոխության անհրաժեշտություն չկա` հղում կատարելով նախկինում ներկայացված համապատասխան փաստաթղթերին:
Բ Ա Ժ Ի Ն VII
Լիցենզիա տալու պայմաններն ու կարգը
37. Դիմումն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում կիազոր մարմինը պարտավոր է նշանակել քննարկում` առնվազն 5 օր առաջ տեղեկացնելով դիմողին քննարկման վայրի (հասցեն), ամսաթվի ու ժամի մասին և վերջինիս հնարավորություն ընձեռել մասնակցելու քննարկմանը:
38. Քննարման մասին դիմողը կարող է տեղեկացվել գրավոր կամ հեռախոսով:
39. Լիազոր մարմինը հարցը քննում է սույն կանոնակարգի 37-րդ կետին համապատասխան դիմողին տեղեկացված օրն ու ժամին` անկախ դիմողի ներկայացուցչի ներկայությունից: Լիազոր մարմինը պարտավոր չէ ստուգել դիմողի անունից քննարկմանը ներկայացած անձի լիազորությունները:
40. Քննարկման արդյունքում լիազոր մարմինը պատշաճ հիմնավորմամբ մերժում է դիմումը, եթե`
ա) դիմումում կամ կից փաստաթղթերում ներկայացված տեղեկությունները լիարժեք չեն` նշելով բացակայող կամ ոչ լիարժեք տեղեկությունները.
բ) դիմումին կից ներկայացվող փաստաթղթերը հակասում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը.
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համաձայն` դիմողն իրավունք չունի իրականացնել շահումով խաղի կամ խաղատան կազմակերպչի գործունեություն:
41. Մերժումը ձևակերպվում է համապատասխան որոշմամբ, որի պատճենը 3 օրվա ընթացքում առաքվում է դիմողին կամ առձեռն տրամադրվում վերջինիս ներկայացուցչին:
42. Սույն ակտի 40-րդ կետով սահմանված մերժման հիմքերի բացակայության դեպքում լիազոր մարմինը բավարարում է դիմումը և այդ մասին համապատասխան որոշում կայացնելուց հետո տրամադրում է նախնական լիցենզիա` առանց տվյալ գործունեությամբ զբաղվելու իրավունքի:
43. Դիմումում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպումներ, ոչ իրավաբանական անճշտություններ և նման այլ բացթողումներ) առկայության դեպքում դիմումը լիազոր մարմնի որոշմամբ կարող է բավարարվել այն վերապահումով, որ լիցենզիան դիմողին կտրվի տվյալ թերությունների վերացման դեպքում:
44. Լիցենզիա տալու որոշման պատճենները 3 օրվա ընթացքում առաքվում են դիմողին կամ առձեռն տրվում վերջինիս ներկայացուցչին:
45. Դիմումը տալու պահին դիմողը պարտավոր է, սույն կանոնակարգի 44-րդ կետին համապատասխան, որոշման պատճենը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում լիազոր մարմին ներկայացնել պետական տուրքի վճարման անդորրագիրը, որից հետո լիազոր մարմինը 3-օրյա ժամկետում պարտավոր է դիմողին տրամադրել համապատասխան լիցենզիա (շահումով խաղի կամ խաղատան կազմակերպում): Եթե լիազոր մարմինը կայացրել է կանոնակարգի 43-րդ կետում նշված որոշումը, ապա դիմողը պարտավոր է այդ որոշման պատճենը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում լիազոր մարմին ներկայացնել համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը և ուղղված փաստաթղթերը, որից հետո լիազոր մարմինը 3-օրյա ժամկետում պարտավոր է դիմողին տրամադրել համապատասխան լիցենզիա (շահումով խաղի կամ խաղատան կազմակերպում):
46. Նոր ստեղծվող ձեռնարկությունը լիազոր մարմնի դրական որոշումն ստանալուց հետո 60 օրվա ընթացքում պարտավոր է լիազոր մարմին ներկայացնել սույն կանոնակարգի 33-րդ կետի «դ», «ե», «զ», «է», «ը» ենթակետերում նշված փաստաթղթերը: Լիազոր մարմինը պարտավոր է փաստաթղթերն ստանալուց օրվանից 15 օրվա ընթացքում սույն կանոնակարգի 39-րդ կետով սահմանված կարգով քննարկել փաստաթղթերը և կայացնել սույն կանոնակարգի 41-րդ կամ 42-րդ կետերով նախատեսված որոշումներից մեկը: Լիցենզավորման հետագա ընթացակարգն իրականացվում է սույն կանոնակարգի 46-րդ կետին համապատասխան:
47. Լիցենզիայի գործողության ժամկետի ավարտից հետո կազմակերպիչը պարտավոր է 5-օրյա ժամկետում լիցենզիայի բնօրինակը վերադարձնել լիազոր մարմնին:
Բ Ա Ժ Ի Ն VIII
Լիցենզիայի և հավելվածի հաշվառումը
48. Լիազոր մարմինը վարում է շահումով խաղերի և խաղատների կազմակերպիչներին տրված լիցենզիաների և հավելվածների առանձին գրանցամատյաններ, որտեղ գրառվում են`
ա) կազմակերպչի լրիվ ֆիրմային անվանումը,
բ) կազմակերպչի գտնվելու վայրը,
գ) կազմակերպչի կազմակերպական-իրավական տեսակը,
դ) կազմակերպչի պետական գրանցման վկայականի համարը,
ե) լիցենզիայի (լիցենզիաների) հերթական համարը (համարները),
զ) լիցենզիա տալու ամսաթիվը,
է) խաղասրահի հասցեն,
ը) խաղերի տեսակները:
49. Լիցենզիաների գրանցամատյանի բոլոր էջերը համարակալվում և կնքվում են լիազոր մարմնի կողմից:
Բ Ա Ժ Ի Ն IX
Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու հիմքերն ու կարգը
50. Լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում, եթե`
ա) կազմակերպիչը գործել է սույն կանոնակարգի կամ շահումով խաղի կազմակերպական կանոնների պահանջների խախտմամբ և լիազոր մարմնի նախազգուշացմամբ տրված ժամկետում չի վերացրել դրանք, կամ`
բ) լիցենզիա ստանալու համար դիմումը ներկայացնելիս կամ դրանից հետո մինչև լիցենզիան ստանալու պահը կազմակերպիչը խեղաթյուրել է պահանջվող տեղեկությունները կամ ներկայացրել ոչ լիարժեք տեղեկություններ, եթե դրանց ճիշտ կամ լիարժեք ներկայացման դեպքում դիմողը լիցենզիա չեր ստանա, կամ`
գ) կազմակերպիչը դիմել է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջնորդությամբ:
51. Լիազոր մարմինը լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու իր մտադրության մասին կազմակերպչին գրավոր տեղեկացնում է քննարկումից առնվազն 20 օր առաջ, գրության մեջ նշելով`
ա) լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու իրավական հիմքերն ու հետևանքները.
բ) լիազոր մարմնին հայտնի այն փաստերն ու փաստաթղթերը, որոնք հիմք են ծառայում լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու համար (կցելով այդ փաստաթղթերի պատճենները).
գ) քննարկման վայրը (հասցեն), սենյակի համարը, ամսաթիվը և ժամը.
դ) այն պաշտոնատար անձի անունն ու պաշտոնը, որին կարող են դիմումներ և միջնորդություններ ներկայացվել:
52. Սույն կանոնակարգի 51-րդ կետով նախատեսված գրության մեջ նշված օրը, ժամին և վայրում լիազոր մարմինը քննարկում է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը` անկախ տվյալ կազմակերպչի ներկայությունից:
53. Քննարկման ընթացքում կազմակերպչի ներկայացուցիչն իրավունք ունի առարկություններ և ապացույցներ ներկայացնել:
54. Լիազոր մարմինը, հիմնավորված անհրաժեշտության դեպքում, իր կամ կազմակերպչի ներկայացուցչի միջնորդությամբ կարող է մինչև մեկ ամիս ժամկետով հետաձգել կամ ընդհատել հարցի քննարկումը` այդ մասին տեղեկացնելով կազմակերպչին:
55. Լիազոր մարմինը քննարկմանը մասնակցող անձի փաստարկները լսելուց և ներկայացված փաստաթղթերն ու այլ ապացույցներ ուսումնասիրելուց հետո կայացնում է մանրամասն հիմնավորված որոշում` հիմք ընդունելով հաստատված փաստերն ու սույն կանոնակարգի դրույթները:
56. Եթե լիազոր մարմինը քննարկման արդյունքում որոշում է տվյալ կազմակերպչի լիցենզիան ուժը կորցրած ճանաչել, ապա պարտավոր է հանձնարարել կազմակերպչին անմիջապես դադարեցնել տվյալ գործունեությունը: Տվյալ որոշումը պարտադիր է կատարման համար և անմիջապես ուղարկվում է տվյալ կազմակերպչին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչություն և հրապարակվում է առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլում կամ հեռուստատեսությամբ:
57. Կազմակերպիչը պարտավոր է սույն կանոնակարգի 56-րդ կետում նշված որոշումն ստանալուց հետո անմիջապես`
ա) դադարեցնել սույն կանոնակարգով լիցենզավորված գործունեությունը.
բ) միջոցներ ձեռնարկել լիազոր մարմնի հետ համաձայնեցված ժամկետներում իր անվանումից հանելու սույն կանոնակարգի 11-րդ կետի «ա» ենթակետում նշված «խաղատուն» կամ «կազինո» բառերը և իր տարածքից հեռացնելու տվյալ բառերը պարունակող բոլոր ցուցանակներն ու նշանները.
գ) 5-օրյա ժամկետում լիազոր մարմնին վերադարձնել կազմակերպչի լիցենզիայի բնօրինակը:
58. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով: Բողոքարկումը չի կասեցնում որոշման կատարումը, քանի դեռ տվյալ որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ չկա դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ:
Բ Ա Ժ Ի Ն X
Շահումով խաղերի և խաղատների կազմակերպման ու գործունեության վերահսկողությունը
59. Կազմակերպչի` սույն կանոնակարգին համապատասխան լիցենզավորված գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը` տեղում ստուգումներ անցկացնելու միջոցով:
60. Կազմակերպչի գործունեության նկատմամբ ստուգումներն իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 18-ի թիվ 163 որոշմամբ հաստատված` ԼՂՀ տարածքում գործող իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, անհատ ձեռներեց հանդիսացող տնտեսվարող սուբյեկտների ստուգումների կազմակերպման և անցկացման կանոնակարգին և սույն կանոնակարգին համապատասխան:
61. Լիազոր մարմինն իրավունք ունի հերթական (ծրագրային) ստուգումը կամ ուսումնասիրությունն իրականացնելու տարեկան մեկ անգամ, ընդ որում` ստուգումների միջև ընկած ժամանակահատվածը 300 օրից պակաս լինել չի կարող:
62. Խաղացողների շահերի պաշտպանության նպատակով լիազոր մարմինն իրավունք ունի ցանկացած ժամանակ իրականացնելու կազմակերպչի գործունեության արտահերթ (կրկնակի) ստուգում` կազմակերպչի կողմից սույն կանոնակարգի պահանջների կամ խաղի կանոնների էական խախտումների (մեկ կամ ավելի) մասին քաղաքացուց կամ պետական մարմնից ստացած տեղեկությունների առկայության դեպքում:
63. Ստուգումների արդյունքներով` լիազոր մարմինը կարող է կազմակերպչին տալ նախազգուշացում` որոշակի ժամկետում խախտումները վերացնելու հանձնարարականով: Ստուգման արդյունքները քննարկվում են սույն կանոնակարգով քննարկման համար սահմանված ընդհանուր կարգով:
64. Փաստաթղթային վերահսկողությունն իրականացվում է լիազոր մարմնի կողմից սահմանված հաշվետվությունների և տեղեկանքների միջոցով` կազմակերպչի ֆինանսական վիճակի վատթարացումը ժամանակին հայտնաբերելու և խաղացողների շահերը պաշտպանելու նպատակով:
65. Կազմակերպիչը պարտավոր է յուրաքանչյուր եռամսյակի ֆինանսական հաշվետվությունները մինչև տվյալ (հաշվետու) ժամանակաշրջանին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը, իսկ տարեկան ֆինանսական հաշվետվությունը` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը ներկայացնել լիազոր մարմին: Սույն կետի իմաստով ֆինանսական հաշվետվությունները ներառում են կազմակերպչի`
ա) հաշվապահական հաշվեկշիռը,
բ) եկամուտների և ծախսերի մասին հաշվետվությունը,
գ) դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը:
66. Լիազոր մարմինը սույն կանոնակարգի պահանջների պահպանման, շահումների վճարման երաշխավորությունը պարզելու և խաղացողների իրավունքները պաշտպանելու նպատակով կարող է սահմանել այլ հաշվետվություններ ու տեղեկանքներ և դրանց ձևերն ու ներկայացման ժամկետները:
67. Սույն կանոնակարգի կրճատ անվանումն է «Շահումով խաղերի և խաղատների կանոնակարգ»: