Համարը 
ՀՕ-18
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
27.11.2002
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.12.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.12.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 
09.06.2009

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԱՐՎԵՍՏԻ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ԼՂՀ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի

նոյեմբերի 27-ին

 

ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԱՐՎԵՍՏԻ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան և նպատակը

 

Սույն օրենքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի կողմից գիտության, կրթության, ժուռնալիստիկայի, մշակույթի, արվեստի, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների ականավոր գործիչներին պատվավոր կոչումներ շնորհելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է պատվավոր կոչումներ շնորհելու կարգն ու պայմանները:

 

Հոդված 2.

Պատվավոր կոչումների մասին օրենսդրությունը

 

Պատվավոր կոչումների մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից:

 

Հոդված 3.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումները

 

Գիտության, կրթության, ժուռնալիստիկայի, մշակույթի, արվեստի, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների զարգացման գործում ակնառու գործունեության և բացառիկ վաստակի համար սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետևյալ պատվավոր կոչումները.

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ,

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր մանկավարժ,

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր ժուռնալիստ,

դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ,

ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ

զ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր արտիստ,

է) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական արտիստ,

ը) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր նկարիչ,

թ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդական նկարիչ,

ժ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ,

ժա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր բժիշկ,

ժբ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաստակավոր իրավաբան,

ժգ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ:

Նոր ծառայությունների համար «ժողովրդական» պատվավոր կոչում կարող է շնորհվել «վաստակավոր» պատվավոր կոչում շնորհելու օրվանից ոչ պակաս, քան հինգ տարի հետո:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումների /այսուհետ՝ պատվավոր կոչումներ/ արժանացած անձանց շնորհվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած համապատասխան ձևի պատվոգրեր, կրծքանշաններ, ինչպես նաև պատվավոր կոչումները հավաստող վկայականներ:

Մշակույթի և արվեստի բնագավառներում «ժողովրդական» պատվավոր կոչումների արժանացած անձանց տրվում է ամենամսյա լրավճար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած չափին և կարգին համապատասխան:

 

Հոդված 4.

Գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչումը

 

Գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվում գիտնականներին՝ գիտության, կրթության բնագավառների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, վաստակի և բացառիկ մասնագիտական կարողությունների դրսևորման ու գիտական գործունեության համար:

 

Հոդված 5.

Վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչումը

 

Վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում է շնորհվում մանուկների, պատանիների ու երիտասարդության ուսուցման և դաստիարակության բնագավառներում բացառիկ ավանդ ունեցող կրթության ականավոր գործիչներին, դպրոցի, նախադպրոցական ու արտադպրոցական ուսումնական և ուսումնադաստիարակչական հաստատությունների ուսուցիչներին, մանկավարժներին և աշխատակիցներին:

 

Հոդված 6.

Վաստակավոր ժուռնալիստի պատվավոր կոչումը

 

Վաստակավոր ժուռնալիստի պատվավոր կոչում է շնորհվում մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության բնագավառներում աշխատանքային երկարամյա փորձ ունեցող, մասնագիտական բարձր վարպետությամբ աչքի ընկած այն ժուռնալիստին, որն իր գործունեությամբ նպաստել է ոլորտի զարգացմանն ու կատարելագործմանը, ինչպես նաև ակտիվ կենսադիրքորոշման շնորհիվ օժանդակել է երկրի հասարակական-քաղաքական կյանքի առաջընթացին:

 

Հոդված 7.

Մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը

 

Մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվում գրականության, մշակույթի զարգացման ասպարեզում ակնառու վաստակ ունեցող գրողներին, կինեմատոգրաֆիայի, հեռուստատեսության և ռադիոհաղորդումների, մամուլի, հրատարակչությունների, ինչպես նաև մշակույթի բնագավառներում աշխատող անձանց, որոնք ունեն մասնագիտական բարձր որակավորում և մեծ վաստակ:

 

Հոդված 8.

Արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը

 

Արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվում կոմպոզիտորներին, դիրիժորներին, երաժշտական, խմբերգային, պարային և այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, ռեժիսորներին, նկարիչներին, քանդակագործներին և արվեստի մյուս գործիչներին` տվյալ բնագավառում ցուցաբերած վարպետության կամ ստեղծագործող սերնդի դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի, ինչպես նաև արվեստի ասպարեզում արժեքավոր գործեր ստեղծելու համար:

 

Հոդված 9.

Վաստակավոր արտիստի պատվավոր կոչումը

 

Վաստակավոր արտիստի պատվավոր կոչում է շնորհվում թատրոնի, երաժշտության, կինոյի, կրկեսի արտիստներին, ռեժիսորներին, դիրիժորներին, կոնցերտմայստերներին, բալետ-մայստերներին և ստեղծագործող մյուս աշխատողներին, երաժիշտ-կատարողներին՝ բարձր վարպետության և արվեստի զարգացմանը նպաստող գործունեության համար:

 

Հոդված 10.

Ժողովրդական արտիստի պատվավոր կոչումը

 

Ժողովրդական արտիստի պատվավոր կոչում է շնորհվում թատրոնի, երաժշտության, կինոյի, կրկեսի, հեռուստատեսության և ռադիոյի զարգացման, ստեղծագործող սերնդի դաստիարակության գործում բացառիկ վաստակ ունեցող արվեստի ականավոր գործիչներին:

 

Հոդված 11.

Վաստակավոր նկարչի պատվավոր կոչումը

 

Վաստակավոր նկարչի պատվավոր կոչում է շնորհվում կերպարվեստի, գեղանկարչության, քանդակագործության, գծանկարչության, դեկորատիվ-կիրառական, թատերադեկորացիոն արվեստի գործիչներին և գեղարվեստական արվեստագործության վարպետներին, որոնք ստեղծել են բարձրարժեք գեղարվեստական գործեր և իրենց գործունեությամբ նպաստում են արվեստի զարգացմանը:

 

Հոդված 12.

Ժողովրդական նկարչի պատվավոր կոչումը

 

Ժողովրդական նկարչի պատվավոր կոչում է շնորհվում կերպարվեստի, գեղանկարչության, քանդակագործության, ճարտարապետության, գծանկարչության, դիզայնի, դեկորատիվ-կիրառական, թատերադեկորացիոն արվեստի զարգացման, երիտասարդ նկարիչների սերնդի դաստիարակության գործում բացառիկ ավանդ ունեցող արվեստի առավել ականավոր գործիչներին:

 

Հոդված 13.

Վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչումը

 

Վաստակավոր ճարտարապետի պատվավոր կոչում է շնորհվում ճարտարապետության զարգացման գործում բացառիկ վաստակ ունեցող ճարտարապետներին՝ քաղաքաշինության բնագավառում ստեղծարար գործունեության, համաժողովրդական ճանաչում ստացած ճարտարապետական համալիրների, շենքերի և շինությունների ստեղծման համար:

 

Հոդված 14.

Վաստակավոր բժշկի պատվավոր կոչումը

 

Վաստակավոր բժշկի պատվավոր կոչում է շնորհվում առողջապահության զարգացման գործում մեծ ավանդ և ակնառու հաջողություններ ունեցող, բացառիկ մասնագիտական կարողություններ դրսևորած և անձնվիրությամբ օժտված բժիշկներին:

 

Հոդված 15.

Վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչումը

 

Վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում է շնորհվում իրավաբաններին՝ իրավագիտության և իրավաբանության զարգացման գործում, օրինականության և իրավակարգի ամրապնդման բնագավառներում ունեցած մեծ ավանդի և բացառիկ մասնագիտական կարողությունների դրսևորման համար:

 

Հոդված 16.

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը

 

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի առավել ականավոր կազմակերպիչներին, գործիչներին և մարզիչներին, մարզական կոլեկտիվների, սպորտային կառույցների և կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների այն աշխատողներին, որոնք մեծ վաստակ ունեն ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում:

 

Հոդված 17.

Պատվավոր կոչումների ներկայացնելու կարգը

 

Պատվավոր կոչումների ներկայացնելն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ լիազորված պետական մարմինների (գերատեսչությունների) առաջարկությունների հիման վրա՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին ուղղված գրավոր միջնորդագրերի միջոցով:

Սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգով, ինքնուրույն կերպով պատվավոր կոչումների ներկայացնելու իրավունք ունեն նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան ստեղծագործական միությունները և (կամ) հասարակական կազմակերպությունները:

Անձնական նախաձեռնությամբ պատվավոր կոչումներ կարող է շնորհել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը:

 

Հոդված 18.

Պատվավոր կոչումներ շնորհելու կարգը

 

Պատվավոր կոչումների շնորհումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը` հանդիսավոր արարողության և հրապարակայնության պայմաններում:

Պատվավոր կոչումները շնորհվում են ցմահ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

 

Հոդված 19.

Պատվավոր կոչումների արժանացած անձանց իրավական կարգավիճակը

 

Սույն օրենքով սահմանված պատվավոր կոչումների արժանացած անձինք օգտվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություններից:

Մինչև սույն օրենքի ընդունումը պատվավոր կոչումների արժանացած անձինք օգտվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություններից:

 

Հոդված 20.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

30 դեկտեմբերի 2002թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-18