ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«04» օգոստոսի 2010թ. |
N 490-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի ԹԻՎ 480 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 31-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմը և չափը հաստատելու մասին» թիվ 480 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության կանոնադրության I բաժնի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«7. Նախարարության խնդիրներն են`
1) գործարարության, ներդրումների և արտահանման խթանումը, գործարարության համար բարենպաստ և միջազգային մակարդակով մրցունակ միջավայրի ապահովումը, արժեթղթերի շուկայի, բարձրարժեք ծառայություն մատուցող ոլորտների զարգացմանն աջակցելը.
2) մրցակցային տնտեսության զարգացման պայմանների ապահովումը, սպառողների շահերի պաշտպանության համակարգի զարգացումը.
3) գիտելիքի տնտեսության ձևավորումը և նորարարության խթանումը.
4) տարածքային զարգացման անհամաչափությունների նվազեցումը.
5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական անվտանգության ապահովմանը նպաստումը.
6) արդյունաբերության գլոբալ մրցունակության բարձրացումը, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը.
7) տեղեկատվական հասարակության ձևավորումը.
8) պետական գույքի կառավարման և տնօրինման արդյունավետության բարձրացումը.
9) ընդերքի տնտեսական ներուժի բացահայտումը, հետազոտված ընդերքի պաշարների ողջամիտ, արդյունավետ և համալիր օգտագործման ապահովումը:».
2) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության կանոնադրության II բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Նախարարությունը նշված խնդիրների իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ըստ ոլորտների, իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) տնտեսական քաղաքականության և ռազմավարության ոլորտում`
ա. համակարգում է պետության սոցիալ-տնտեսական քաղաքականության շրջանակը և տնտեսական աճի երկարաժամկետ քաղաքականության մշակման աշխատանքները, իր իրավասության սահմաններում ապահովում դրա իրականացումը,
բ. համակարգում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրի մշակման և հավանության արժանացած ծրագրի իրականացման աշխատանքները,
գ. մշակում և իրականացնում է միկրոտնտեսական և մակրոտնտեսական քաղաքականությունը,
դ. հետազոտում և վերլուծում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսությունը, բացահայտում և նախանշում է տնտեսության զարգացման հիմնական ոլորտները և ուղղությունները,
ե. մշակում է տնտեսության մրցունակության բարձրացման քաղաքականությունը, համակարգում դրա իրականացումը,
զ. գնահատում է տնտեսական քաղաքականության իրականացման արդյունքները և ազդեցությունը տնտեսության և հասարակության վրա, նախապատրաստում տնտեսության վիճակի մասին հաշվետվությունները,
է. ապահովում է տնտեսության զարգացման պետական և մասնավոր երկարաժամկետ ներդրումային ծրագրերի, ըստ անհրաժեշտության, փորձաքննությունը, այդ ծրագրերի կատարման ընթացքի դիտանցումը և արդյունքների գնահատումը,
ը. մասնակցում է հարկային և ոչ հարկային եկամուտների քաղաքականության մշակմանը` գործարար միջավայրի բարելավման և երկարաժամկետ տնտեսական աճի մարտահրավերների տեսակետից,
թ. մասնակցում է սոցիալական, ֆինանսական, բյուջետային և սակագնային քաղաքականության մշակմանը,
ժ. մշակում է արտաքին տնտեսական քաղաքականությունը և իր իրավասության սահմաններում համակարգում դրա իրականացման աշխատանքները,
ժա. ապահովում է օտարերկրյա պետությունների և միջազգային կառույցների հետ տնտեսական համագործակցությունը,
ժբ. մշակում է «պետական-մասնավոր» համագործակցության շրջանակը և քաղաքականությունը, իր իրավասության սահմաններում ապահովում համագործակցության իրականացումը,
ժգ. մշակում է կորպորատիվ կառավարման իրավական դաշտը և կանոնները, աջակցում կորպորատիվ կառավարման մշակույթի ձևավորմանը և ներդրմանը,
ժդ. իր իրավասությունների սահմաններում ապահովում է արտակարգ իրավիճակներում հանրապետության կենսագործունեությանն առնչվող ռազմավարական նշանակության կազմակերպությունների գործունեությունը,
ժե. ռազմական դրության պայմաններում մշակում է տնտեսության կառավարման հիմունքները, զորահավաքային նախապատրաստության կազմակերպական ու մեթոդական հիմքերը և համակարգում դրա իրականացումը,
ժզ. իրականացնում է տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացումների վերլուծություն և ներկայացնում առաջարկություններ տնտեսությունում լավագույն փորձի ներդրման մասին,
ժէ. իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացվելիք ծրագրերի հետ կապված միջազգային փորձի վերլուծություն և բացահայտում այդ ծրագրերի իրականացման լավագույն փորձի ներդրման հնարավորությունները.
2) տնտեսության համաչափ զարգացման ոլորտում`
ա. մշակում է գլոբալ մարտահրավերներին համապատասխան երկարաժամկետ ոլորտային զարգացման ծրագրերը,
բ. նպաստում է արդյունավետ կառուցվածքային տեղաշարժերի և տնտեսական աճի որակական փոխակերպման կառավարելի համակարգի ձևավորմանը,
գ. աջակցում է արդյունաբերական և ծառայությունների համախմբերի (կլաստերների) ձևավորմանը,
դ. մշակում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման քաղաքականությունը և համակարգում դրա իրականացումը,
ե. մշակում է տնտեսության ոլորտներում բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանն ու աշխատանքի արտադրողականության բարձրացմանն ուղղված քաղաքականությունը և համակարգում դրա իրականացումը,
զ. մասնակցում է տարածքային տնտեսական քաղաքականության մշակմանը և իրականացմանը, նախաձեռնում և իրականացնում է տարածքային տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրեր,
է. աջակցում է շրջաններում հանրային ծառայությունների տեղայնացման աստիճանի բարձրացմանն ուղղված միջոցառումների մշակմանը և իրականացմանը.
3) գիտելիքի տնտեսության և նորամուծության ոլորտում`
ա. իրականացնում է գիտելիքի տնտեսության ենթակառուցվածքների ձևավորման քաղաքականությունը և նպաստում դրանց զարգացմանը,
բ. մշակում է նորամուծության խթանման քաղաքականությունը և ապահովում դրա իրականացումը,
գ. աջակցում է տնտեսական աճին նպաստող գիտահետազոտական ծրագրերի իրականացմանը,
դ. մշակում և իրականացնում է մտավոր սեփականության պաշտպանության քաղաքականությունը.
4) արդյունավետ շուկաների ոլորտում`
ա. ուսումնասիրում է ներքին շուկաները, բացահայտում առկա խոչընդոտները, մշակում և իրականացնում է ներքին շուկայի պաշտպանության և հակագնագցման միջոցների կիրառման քաղաքականությունը,
բ. մշակում և ներդնում է սպառողների անվտանգության ապահովման գործուն մեխանիզմներ, կատարելագործում սպառողների շահերի պաշտպանության պետական վերահսկողության համակարգը, իրականացնում սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության միջոցառումների վերաբերյալ հանրությանն իրազեկման ծրագրերը,
գ. ներդնում է որակի արդյունավետ համակարգ (ստանդարտացում, չափագիտություն, սերտիֆիկացում և հավատարմագրում), մշակում և իրականացնում է տվյալ ոլորտի քաղաքականությունը,
դ. ուսումնասիրում և վերլուծում է արտաքին շուկաները, ներկայացնում առաջարկություններ տեղական արտադրողների համար արտաքին շուկաների հասանելիության, ինչպես նաև արտահանման խթանման վերաբերյալ,
ե. մշակում է տնտեսական մրցակցության պաշտպանության քաղաքականությունը.
5) գործարար միջավայրի բարելավման և տեղեկատվական հասարակության ոլորտում`
ա. մշակում և իրականացնում է գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քաղաքականությունը,
բ. ձևավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` որպես գործարարության իրականացման համար բարենպաստ երկրի նկարագիրը և ապահովում դրա գովազդումը,
գ. մշակում և իրականացնում է ներդրումների և ներդրողների պաշտպանության քաղաքականությունը,
դ. բացահայտում է գործարար միջավայրի խոչընդոտները և առաջարկություններ ներկայացնում դրանց վերացման ուղղությամբ, ձևավորում կազմակերպությունների, մասնավորապես փոքր ձեռնարկատիրության սուբյեկտների, ստեղծմանը և զարգացմանը նպաստող գործարար միջավայր,
ե. նպաստում է մտավոր բիզնեսի` տեղեկատվական, խորհրդատվական, ապահովագրական, աուդիտորական և այլ ծառայությունների զարգացմանը,
զ. մշակում է տեղեկատվական հասարակության ձևավորման և զարգացման պետական քաղաքականությունը, առաջնորդում և համակարգում տեղեկատվական հասարակության ձևավորման գործընթացը,
է. իր իրավասության սահմաններում իրականացնում է շարժական գույքի հաշվառումը,
ը. իրականացնում է վերլուծություններ երկրի ներդրումային գրավչության բացահայտման նպատակով,
թ. իրականացնում է գործարար և ներդրումային ծրագրերի (մի շարք գործարար ծրագրերից բաղկացած միասնական արժեշղթա) վերլուծություն ու արդյունավետության գնահատում և համակարգում դրանց իրագործումը.
6) պետական գույքի կառավարման ոլորտում`
ա. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կառավարում է պետական գույքը` պետությանը, որպես գույքի սեփականատեր, դարձնելով շուկայական հարաբերությունների լիարժեք մասնակից` առաջնորդվելով արդյունավետության սկզբունքով,
բ. մշակում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն է ներկայացնում պետական գույքի կառավարման, ներառյալ մասնավորեցման վերաբերյալ առաջարկություններ,
գ. իր իրավասության սահմաններում լուծում է պետական գույքի կառավարմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն է ներկայացնում պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների, տարածքների արդյունավետ օգտագործման և սպասարկման վերաբերյալ առաջարկություններ,
դ. իր իրավասության սահմաններում իրականացնում է պետական բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները, ինչպես նաև իր ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու պետական կառավարչական հիմնարկների կառավարումը,
ե. իրականացնում է լուծարված առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններից պետական բաժնեմասի դիմաց ստացվող մնացորդային գույքի կազմում ընդգրկված գույքային իրավունքների կառավարումը,
զ. կատարում է հօգուտ պետությանը բռնագրավված, տիրազուրկ, նվիրատվությամբ և ժառանգության իրավունքով պետությանն անցած գույքի տնօրինման, ինչպես նաև հարկային և ոչ հարկային պարտավորությունների դիմաց բռնագանձված գույքի իրացման աշխատանքները,
է. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն առաջարկություններ է ներկայացնում պետական հիմնարկների գույքի պահպանման կամ օգտագործման վիճակի բարելավման վերաբերյալ,
ը. իր իրավասության սահմաններում վերահսկողություն է իրականացնում պետական և այլ իրավասու մարմինների մասնակցությամբ պետական գույքի օգտագործման նկատմամբ,
թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն է ներկայացնում պետական գույքի օգտագործումից ու մասնավորեցումից ստացվելիք միջոցների վերաբերյալ կանխատեսումները և իրականացնում դրանց ապահովման համար միջոցառումները,
ժ. իր իրավասության սահմաններում պետական գույքը տիրապետող կամ օգտագործող սուբյեկտներից օրենքով կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ընդունում է տեղեկատվություն պետական գույքը տիրապետողի, օգտագործողի, ինչպես նաև այդ գույքի կազմի ու որակի փոփոխությունների մասին,
ժա. պետական գույքի գույքագրման աշխատանքներում համագործակցում է պետական մարմինների հետ, ընդունում գույքագրման վերաբերյալ հաշվետվություններ, իսկ հատուկ լիազորության դեպքում կազմակերպում է գույքագրման աշխատանքները,
ժբ. իր իրավասության սահմաններում նպաստում է պետական մասնակցությամբ առևտրային կազակերպությունների ներդրումային գրավչության բարձրացմանը,
ժգ. իր իրավասության սահմաններում մասնակցում է պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսական առողջացման ծրագրերի մշակմանն ու իրագործմանը, այդ կազմակերպությունների լուծարման, վարձակալված պետական գույքի կառավարման քաղաքականության մշակմանն ու իրականացմանը,
ժդ. մշակում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն է ներկայացնում պետական գույքի մասնավորեցման և մասնավորեցման գործընթացը կանոնակարգող իրավական ակտերի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը,
ժե. իրականացնում է գույքի գնահատում, մասնավորեցում, մշակում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն է ներկայացնում իրավաբանական անձանց լուծարումը կարգավորող նորմատիվ ակտերի նախագծերը,
ժզ. մշակում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն է ներկայացնում պետական գույքի մասնավորեցման ծրագրերի, ինչպես նաև այդ ծրագրերում առաջարկվող լրացումների և փոփոխությունների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների նախագծերը,
ժէ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է պետական մասնակցությամբ առևտրային կազակերպությունների բաժնետոմսերի, «փոքր» ու անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցման, ինչպես նաև այդ առնչությամբ պետական մասնակցությամբ կազմակերպությունների վերակազմակերպման աշխատանքները,
ժը. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով նշանակում է կառավարիչ և վարձում փորձագետներ,
ժթ. մասնավորեցման ծրագրին համապատասխան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում և ընթացքավորում է մասնավորեցման հայտերը,
ի. իրականացնում է մասնավորեցվող և օտարվող պետական գույքի գնահատում, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ,
իա. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կնքում է մասնավորեցման գործարքներ,
իբ. վերահսկողություն է իրականացնում իր կողմից կնքված պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման նկատմամբ և եզրակացություն տալիս պարտավորությունների կատարման մասին,
իգ. մասնավորեցվող առևտրային կազմակերպություններում կատարում է վերլուծություններ,
իդ. իրականացնում է պետական գույքի մասնավորեցման, տնօրինման, ինչպես նաև հաշվառման գործընթացների վերլուծությունը և ընդհանրացնում դրանց վերաբերյալ առաջարկությունները,
իե. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն առաջարկություններ է ներկայացնում մասնավորեցման ծրագրի պահանջներից ելնելով՝ օրենքով սահմանված դեպքերում մասնավորեցման մասնակիցների և մասնավորեցման օբյեկտների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ,
իզ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն է ներկայացնում մասնավորեցման ընթացիկ ծրագրի կատարման վերաբերյալ հաշվետվությունների նախագծերը,
իէ. ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը,
իը. կազմակերպում է մասնավորեցման ենթակա պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների և անավարտ շինարարության օբյեկտների մասին տեղեկությունների ու ազդագրերի հրապարակումը,
իթ. պետական գույքի հավանական գնորդներին տրամադրում է մասնավորեցման գործընթացին վերաբերող տեղեկություններ,
լ. իր իրավասության սահմաններում աջակցում է պետական սեփականություն հանդիսացող հողի, անտառների, ջրային և այլ բնական ռեսուրսների տնօրինման ու օգտագործման պետական քաղաքականության հիմնադրույթների մշակմանը.
7) ընդերքի պաշարների կառավարման ոլորտում`
ա. մշակում ու ներդնում է ընդերքի պաշարների օգտագործման և վերարտադրության տնտեսական մեխանիզմները,
բ. ապահովում է ընդերքի պաշարների տնտեսական գնահատումն ու հաստատումը,
գ. կառավարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի պաշարների միասնական ֆոնդերը (ընդերքի և ընդերքի պաշարների մասին երկրաբանական և այլ տեղեկատվության կուտակում, պահպանում, օգտագործման տրամադրում և վերլուծություն),
դ. իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի երկրաբանական ուսումնասիրության և երկրաբանահետախուզական աշխատանքների պետական երկրաբանական փորձաքննություն, երկրաբանատնտեսագիտական գնահատում, ընդերքի պաշարների հաստատման մեխանիզմների մշակում և դրանց ապահովում,
ե. վարում է ընդերքի պաշարների միասնական հանրապետական ֆոնդերը` հաշվեկշիռները, կադաստրներն ու ռեգիստրները,
զ. ապահովում է ընդերքի պաշարների, ընդերքօգտագործման պետական երկրաբանամարկշեյդերական և, իր իրավասության սահմաններում, օրենքով նախատեսված այլ վերահսկողությունը` բացառությամբ ջրային պաշարների,
է. օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված օգտագործման է տրամադրում, հաշվառում ընդերքը և ապահովում դրա պետական կառավարումը,
ը. իր իրավասության սահմաններում իրականացնում է պետական նշանակության երկրաբանական համալիր ուսումնասիրությունների` երկրաբանական, ինժեներաերկրաբանական, երկրաքիմիական, երկրաֆիզիկական, տեկտոնական հանույթների, դրանց ուղեկցող ընդհանուր որոնումների, ինչպես նաև օգտակար հանածոների հայտնաբերման նպատակ չհետապնդող այլ երկրաբանահետախուզական աշխատանքների համակարգումը, մեթոդական ապահովումը, համապատասխան քարտեզների կազմումը, հաստատումն ու հրատարակման ապահովումը,
թ. կազմում է օգտակար հանածոների պաշարների հաշվեկշիռը, վարում և հաշվառում է օգտակար հանածոների երևակումների պետական կադաստրը,
ժ. ապահովում է երկրաբանական ուսումնասիրության և երկրաբանահետախուզական աշխատանքների ծավալների ավելացումը, պետական գրանցումը, տրամադրում է լեռնային աշխատանքների կատարման թույլտվություններ,
ժա. կուտակում, պահպանում և օգտագործման է տրամադրում ընդերքի մասին երկրաբանական տեղեկատվությունը,
ժբ. սահմանված կարգով տրամադրում, ուժը կորցրած է ճանաչում և չեղյալ հայտարարում ուսումնասիրության (հատուկ), հանքարդյունահանման (հատուկ) լիցենզիաները, թույլտվությունները, տեղեկանքները,
ժգ. իր իրավասության սահմաններում կազմակերպում և կատարում է ընդերքօգտագործման և լեռնահարստացուցիչ համակարգերի ուսումնասիրության, շահագործման և լուծարման նախագծերի պետական փորձաքննություն, տրամադրում համապատասխան եզրակացություններ,
ժդ. կնքում է ընդերքօգտագործման ուսումնասիրության և շահագործման լիցենզային, կայունացման, կոնցեսիոն, արտադրանքի բաժանման և այլ պայմանագրեր,
ժե. տրամադրում է լեռնահատկացման և երկրաբանական հատկացման ակտեր,
ժզ. հանքային իրավունքը հավաստող փաստաթղթերում (լիցենզիա, նախագիծ, պայմանագիր, լեռնահատկացում, երկրաբանական հատկացում) կատարում է լրացումներ, փոփոխություններ և ընդլայնում, հանքային իրավունքի (լրիվ և մասամբ) փոխանցում, տրամադրում հրաժարման հավաստագրեր և իրականացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ գործառույթներ,
ժէ. ձևավորում է ռազմավարական նշանակության օգտակար հանածոների հանքավայրերի, տեղամասերի, երևակումների ընդերքօգտագործման տրամադրման նպատակով աճուրդների կազմակերպման մեխանիզմները և ապահովում աճուրդների անցկացումը,
ժը. իր իրավասության սահմաններում վերահսկողություն է իրականացնում ընդերքի պաշարների օգտագործման, օգտակար հանածոների պաշարների շարժի, լեռնաերկրաբանական գործընթացների, կորուստների և աղքատացման նկատմամբ,
ժթ. իր իրավասության սահմաններում վերահսկողություն է իրականացնում ընդերքի պաշարների օգտագործման և պահպանության` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ,
ի. համակարգում է նավթի ու գազի, երկրաջերմային պաշարների որոնողահետախուզական աշխատանքների, այդ աշխատանքներում միջազգային կազմակերպությունների մասնակցության հետ կապված հարցերը,
իա. իրականացնում է ընդերքօգտագործողի հետ համատեղ ընդերքօգտագործման պայմանագրի դրույթները խախտելու արդյունքում հասցված վնասի չափի գնահատում` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության.
8) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթներ:».
3) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության կանոնադրության III բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16.1. կետով.
«16.1. Նախարարության առջև դրված խնդիրներն ու գործառույթներն արդյունավետ իրականացնելու նպատակով ստեղծվում է նախարարության խորհուրդ, որի կազմն ու գործունեության կարգը հաստատում է նախարարը: Նախարարության խորհուրդը`
1) օժանդակում է նախարարության գործունեության ռազմավարական պլանավորման, քաղաքական որոշումների ընդունման, միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին.
2) նպաստում է ռազմավարական ծրագրերի իրականացմանը, գնահատմանը և այդ գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը.
3) մշակում և ներկայացնում է նախարարության կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ.
4) նախարարության իրավասությունների շրջանակներում քննարկում է այլ հարցեր և ընդունում խորհրդատվական բնույթի որոշումներ:».
4) որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության կանոնադրության VI բաժնի 31-րդ և 32-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքը ներառում է նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները (գործակալություն և տեսչություն):
32. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը:
Նախարարության աշխատակազմի վարչությունները չեն ներառում բաժիններ: Սույն և վարչության կանոնադրությամբ սահմանված` նախարարության աշխատակազմի վարչության իրավասությունները վերապահվում են վարչության աշխատողներին:».
5) որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի կառուցվածքը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«04» օգոստոսի 2010թ.
թիվ 490-Ն որոշման |
| |
«Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«31» հոկտեմբերի 2007թ.
թիվ 480 որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Տնտեսական քաղաքականության վարչություն
2. Գործարարության խթանման վարչություն
3. Պետական գույքի կառավարման վարչություն
4. Իրավաբանական բաժին
5. Ֆինանսատնտեսական բաժին
6. Քարտուղարություն
II. Առանձնացված ստորաբաժանումներ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության պետական տեսչություն
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության պետական գործակալություն»
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |