Համարը 
N 472-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2010.07.31/14(148)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.07.2010
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.07.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.08.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«27» հուլիսի 2010թ.

N 472-Ն

ք.Ստեփանակերտ

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ և 11-րդ հոդվածներով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի ՆՀ-40 հրամանագրով սահմանված կարգի 7-րդ և 11-րդ կետերով և հիմք ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 12-րդ կետը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. Հաստատել`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության կանոնադրությունը` համաձայն թիվ 1 հավելվածի.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն թիվ 2 հավելվածի։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

«27» հուլիսի 2010թ.

թիվ 472-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչությունը (այuուհետ` վարչություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ավիացիայի բնագավառում պետական քաղաքականությունը, ավիացիոն ծառայությունների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող ավիացիոն ենթակառուցվածքների կառավարումն ու վերահuկողությունը: Վարչությունը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ավիացիայի (բացառությամբ ռազմական ավիացիայի) բնագավառի պետական կառավարումն իրականացնող լիազորված մարմին:

2. Վարչությունը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով։

3. Վարչության լիազորությունները սահմանվում են «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Վարչությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Վարչությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

6. Վարչությունը կազմված է վարչության պետից և վարչության աշխատակազմից: Վարչության համակարգում ընդգրկվում են վարչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններն ու հիմնարկները: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ վարչությանը կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման (կառավարման) իրավասություն:

 

II. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

7. Վարչության նպատակներն ու խնդիրներն են`

1) քաղաքացիական ավիացիայի բնագավառում, իր իրավասության սահմաններում, թռիչքային անվտանգության և արդյունավետության, օդային տարածքի օգտագործման պետական քաղաքականության հիմնադրույթների, միջազգային օդային հաղորդակցություններին վերաբերող միջազգային համաձայնագրերի նախապատրաստումը, քննարկումը և սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնելը, քաղաքացիական ավիացիայի բնագավառի միջազգային կազմակերպություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացնելը.

2) քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական կառավարման իրականացումը, քաղաքացիական ավիացիայի և ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության, օդային երթևեկության սպասարկման, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգումը և վերահuկողությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին նրանց համապատասխանությունն ապահովելու համար և օդանավակայանների շահագործման, օդային երթևեկության կառավարման, օդերևութաբանական, աերոնավիգացիոն տեղեկատվական, տեխնիկական և այլ վերգետնյա ծառայություններ մատուցող մարմինների նշանակումն ու դրանց գործունեության վերահսկումը` քաղաքացիական ավիացիայում թռիչքային անվտանգության ապահովման համար.

3) խաղաղ ժամանակ օդային երթևեկության սպասարկման, ինչպես նաև «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով քաղաքացիական ավիացիայի աերոնավիգացիոն հեռահաղորդակցության ծառայությունների և աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայությունների կանոնակարգումը.

4) քաղաքացիական ավիացիայում մանրամասն ու համապարփակ կանոնակարգերի հաստատումն ու ներդրումը, ընթացակարգերի կանոնակարգումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդային տարածքի օգտագործման սահմանափակումների ու արգելքների սահմանումը` ռազմական ավիացիային առնչվող մասով` դրանք համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ.

5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնելու համար համապատասխան սերտիֆիկատներ, լիցենզիաներ, վկայականներ և թույլտվություններ տալը, օդանավերի թռիչքային պիտանիության, աերոնավիգացիոն միջոցների ու այլ ավիացիոն սարքավորումների, թռիչքային անձնակազմերի, օդային երթևեկության կարգավարների և օդանավերի տեխնիկական սպասարկման անձնակազմերի վկայականների տալն ու վավերացումը, անհրաժեշտության դեպքում` համապատասխան փորձագետների և մասնագետների ներգրավմամբ.

6) քաղաքացիական ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնող բոլոր շահագործողների, կազմակերպությունների ու ընկերությունների շարունակական վերահսկողությունը և դրանց կողմից կատարվող աշխատանքների ու մատուցվող ծառայությունների որակի վերահսկողության տեսչական ստուգումների անցկացումը` միջազգային չափանիշներին և կանոնակարգերին համապատասխանության ապահովման նպատակով.

7) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում պատահարների և միջադեպերի մասնագիտական քննությունը (պատահարների և միջադեպերի քննություն), այլ պետությունում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահագործողի կողմից շահագործվող օդանավի հետ կապված նման քննությանը մասնակցությունը, ապահովության հարցերում առկա միտումների վերլուծությունը և ավիացիոն գործունեություն իրականացնողներին հետագա վթարների կանխարգելման նպատակով համապատասխան տեղեկատվության մատուցումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք թռիչքներ իրականացնող այլ պետությունների օդանավերի տեսչական ստուգումների անցկացումը.

8) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի ներդրումը և վարումը.

9) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի բնագավառում որոնողական-փրկարարական աշխատանքների համակարգումը.

10) «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքից բխող շահագործողական չափանիշների և կանոնակարգերի մշակումը, հրապարակումն ու արդիականացումը.

11) քաղաքացիական ավիացիայի բնագավառում միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակված միջազգային ստանդարտների և առաջարկվող գործելաձևերի կիրառումը.

12) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օդանավերի պետական ռեգիստրների վարումը.

13) քաղաքացիական ավիացիայի բնագավառում գործունեություն իրականացնողներից ֆինանսական և արտադրական գործունեությանը վերաբերող վիճակագրական բնույթի տվյալների հավաքագրումն ու գնահատումը, հավաքագրված տվյալների և տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարումը.

14) առևտրային նպատակներով իրականացվող օդային փոխադրումների թույլտվություններ տալը, թռիչքային անվտանգության ապահովման նպատակով նման փոխադրումների նկատմամբ տեխնիկական, ֆինանսական և այլ պահանջների ու պայմանների սահմանումը, թռիչքների շահագործման և քաղաքացիական ավիացիայի բնագավառի գործունեության դադարեցումը և (կամ) կասեցումը և (կամ) փոփոխումը, եթե նման շահագործումը կամ գործունեությունը վտանգում է թռիչքային անվտանգությունը կամ չի համապատասխանում միջազգային չափանիշներին և կանոնակարգերին.

15) տրված թույլտվության` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով (համաձայնագրերով) իրականացվող օդային հաղորդակցությունների, պայմանների սահմանումը, ինչպես նաև կիրառվող սակագների ու չվերթերի ծրագրերի հաստատումը` համաձայնագրերով կամ տրված թույլտվությամբ նախատեսված ծավալով.

16) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ խնդիրների իրականացումը:

8. Վարչությունն իր խնդիրների և նպատակների իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերը ներկայացնելը.

2) քաղաքացիական օդանավերի պետական ռեգիստրների վարումը.

3) օդանավերի թռիչքային պիտանիության սերտիֆիկատներ տալու (ճանաչելու), սերտիֆիկատների գործողության ժամկետները երկարաձգելու, կասեցնելու կամ դադարեցնելու նպատակով օդանավի թռիչքատեխնիկական և ռեսուրսային վիճակի ուսումնասիրումը` դրանց պիտանիությունը որոշելու համար.

4) օդանավերի, դրանց սարքավորումների ու արտադրատեսակների տեխնիկական սպասարկման, վերանորոգման, ձևափոխման և այլ աշխատանքներ կատարող ընկերությունների ու կազմակերպությունների uերտիֆիկացումը, ինչպես նաև ինժեներատեխնիկական մասնագետների որակավորումը.

5) օդանավերի թռիչքային պիտանիության և տեխնիկական սպասարկման ու վերանորոգման սերտիֆիկատների վավերականության ժամանակահատվածում դրանց համապատասխանության ստուգումների և վերահսկողության իրականացումը.

6) թռիչքատեխնիկական ուսումնասիրությունների և փորձարկումների կատարումը` օդանավին հատուկ թռիչքի թույլտվություն տալու նպատակով, երբ օդանավին թռիչքային պիտանիության սերտիֆիկատ չի կարող տրվել.

7) օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով քաղաքացիական ավիացիայի համակարգում պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պաշտպանության իրականացումը և դրանց համապատասխան գործավարության կազմակերպումը.

8) օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով քաղաքացիական ավիացիայի համակարգում զորահավաքային ու քաղաքացիական պաշտպանության աշխատանքների իրականացմանը մասնակցությունը և դրանց համապատասխան գործավարության կազմակերպումը.

9) օդանավ շահագործողի սերտիֆիկատ հատկացնելու համար նախատեսված պահանջների սահմանումը և կանոնակարգումը.

10) օդանավ շահագործողի սերտիֆիկատ ունեցող անձանց ավիացիոն տեսչական ստուգումների և վերահսկողության իրականացումը.

11) օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով օդային փոխադրումների թույլտվությունների հատկացումը, կիրառվող սակագների և չվերթերի ծրագրերի հաստատումը.

12) դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ոչ կանոնավոր օդային փոխադրումների իրականացման համար թույլտվություններ տալու կարգի սահմանումը և դրանց նկատմամբ վերահսկողությունը.

13) օդանավակայանների և օդանավ շահագործող ընկերությունների ավիացիոն անվտանգության ծրագրերի հաստատումը.

14) քաղաքացիական օդանավերով վտանգավոր բեռների փոխադրման կարգի հաստատումը.

15) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով ու համաձայնագրերով սահմանված կարգով դեպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից օդային փոխադրումների կարգավորումը և այդ նպատակով օրենքներով կամ այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորության սահմաններում համապատասխան իրավական ակտերի հաստատումը և ներդրումը.

16) ավիացիոն մասնագետներին (օդանավերի հրամանատարների և օդաչուական, ինժեներատեխնիկական, օդային երթևեկության կարգավարների, բորտուղեկցորդների և բորտօպերատորների կազմին) վկայականների հատկացումը, դրանց գործողության ժամկետների երկարաձգումը, կասեցումը և դադարեցումը, ինչպես նաև իրավունքների ու պարտականությունների սահմանումը` ըստ շնորհված որակավորման կարգի.

17) ավիացիոն մասնագետների (օդանավերի հրամանատարների և օդաչուական, ինժեներատեխնիկական, օդային երթևեկության կարգավարների, բորտուղեկցորդների ու բորտօպերատորների կազմի) պատրաստման և որակավորման կարգերի շնորհման նորմատիվների սահմանումն ու համապատասխան կարգերի շնորհումը.

18) քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը, ինչպես նաև նրանց չափորոշիչների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը համակարգի ընկերություններում և կազմակերպություններում.

19) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ կանոնավոր օդային հաղորդակցության լիցենզիաներ տալու գործընթացի կազմակերպումը և լիցենզիաների հատկացումը.

20) իր իրավասության սահմաններում օդային տարածքի օգտագործման պետական կարգավորման իրականացումը.

21) օդային փոխադրումների շուկայի ուսումնասիրումը` դրա օգտագործման արդյունավետության բարձրացման նպատակով.

22) օրենքներով, այլ իրավական ակտերով և միջազգային պայմանագրերով սահմանված պահանջներին անհամապատասխանության փաստերի հայտնաբերման դեպքում օդանավերին, օդանավակայաններին, օդային հաղորդակցությունների երթուղիներ (ուղիներ) շահագործող ընկերություններին, թռիչքների ապահովման հետ կապված ծառայություններին, օդային երթևեկության կառավարման մարմիններին տրված սերտիֆիկատների և (կամ) լիցենզիաների և (կամ) վկայականների և (կամ) թույլտվությունների գործողության դադարեցումը.

23) աղետալի իրավիճակում հայտնված օդանավերի և ավիացիոն պատահարից հետո ողջ մնացածների որոնման և փրկարարական աշխատանքների վերաբերյալ կանոնակարգերի մշակումը.

24) բոլոր քաղաքացիական ավիացիոն պատահարների և միջադեպերի հաշվառումը.

25) իր իրավասության սահմաններում օդանավակայանների շրջակայքում կառուցվելիք շենքերի ու կառույցների նկատմամբ անհրաժեշտ հսկողություն իրականացնելու նպատակով դրանց շինարարական նախագծերի ուսումնասիրումը և համաձայնություն տալը.

26) հսկողություն իրականացնելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործող ընկերությունների թռիչքներին վարչության համապատասխան մասնագետների և ներկայացուցիչների մասնակցության ապահովումը.

27) օրենքներով, այլ իրավական ակտերով և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով թույլատրումը (արգելումը) քաղաքացիական օդանավերի մուտքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդային տարածք, ինչպես նաև դրանց վայրէջքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդանավակայաններում.

28) թռիչքաբժշկական փորձագիտական, ինչպես նաև բարձրագույն որակավորման հանձնաժողովների կանոնակարգերի և կազմի հաստատումը, վերջիններիս կողմից ընդունված որոշումների նկատմամբ բողոքարկումների քննարկման կազմակերպումը.

29) միջազգային պայմանագրերով, օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իր առջև դրված խնդիրների իրականացման համար քաղաքացիական ավիացիայի բնագավառում գործող ընկերություններից ու կազմակերպություններից օրենքով սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկությունների ստացումը.

30) քաղաքացիական ավիացիայի բնագավառում գործող կազմակերպությունների համար պարտադիր կիրառման ենթակա հաղորդագրությունների ձևերի ու ցանկի, ինչպես նաև դրանց կիրառման կարգի սահմանումը.

31) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդանավակայաններում չվերթերի իրականացման կանոնավորության վերահսկումը.

32) ստուգումներ (վերահսկողություններ) իրականացնելիս գործող նորմատիվների պահանջների խախտումների հայտնաբերման դեպքում, ըստ անհրաժեշտության, կասեցնում կամ դադարեցնում է տվյալ գործողության հետագա իրականացումը, տալիս խախտումների վերացման մասին համապատասխան հանձնարարականներ և պահանջում դրանց կատարումը.

33) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված նպատակների և խնդիրների կատարման համար իրականացնում է այլ գործառույթներ:

 

III. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Վարչությունը կառավարում է վարչության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը:

Վարչության պետն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով վարչության պետի հետ:

Վարչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

10. Վարչության պետն իրականացնում է վարչությանը վերապահված խնդիրներն ու գործառույթներն ու պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

11. Վարչության պետը հաշվետու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին:

12. Վարչության պետը`

1) իր իրավասության սահմաններում ընդունում և օրենքով սահմանված կարգով հրապարակում է գերատեսչական իրավական ակտեր.

2) ղեկավարում է վարչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է վարչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

3) իր իրավասության սահմաններում առաջարկություններ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին.

4) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ վարչության անունից, տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ վարչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչության աշխատողներին, վարչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու հիմնարկների ու 100 տոկոս պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների տնօրեններին (գլխավոր տնօրեն, գործադիր տնօրեն) և վերջիններիս տեղակալներին, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

6) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին.

7) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է վարչության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.

8) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

9) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում վարչության աշխատակազմի ղեկավարի, ինչպես նաև վարչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու հիմնարկների, 100 տոկոս պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների ղեկավարների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

10) լսում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում վարչության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում վարչության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

11) վերահսկողություն է իրականացնում վարչության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.

12) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում վարչության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

13) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում վարչության աշխատողների թիվը.

14) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ և դասային կոչումներ.

15) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

16) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ.

17) հիմնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի մեդալներ, հուշամեդալներ, կրծքանշաններ, պատվոգիր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի աշխատողներին կամ քաղաքացիական ավիացիայի ոլորտում նշանակալի ավանդ ունեցող անձանց պարգևատրում կամ շնորհում է դրանք:

13. Վարչության պետի բացակայության դեպքում, վերջինիս հանձնարարությամբ, նրա պարտականությունները կատարում է տեղակալներից մեկը:

14. Վարչության պետի տեղակալը`

1) համակարգում է վարչության համակարգի աշխատանքները` վարչությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառներում.

2) իր լիազորության սահմաններում համակարգում է վարչության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` վարչության կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով` տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

3) վարչության նպատակներին և խնդիրներին համապատասխան` իրեն հանձնարարված բնագավառներում` վարչության համակարգի մարմիններին տալիս է որոշակի հանձնարարականներ և առաջադրանքներ, դրանց կատարման նկատմամբ իրականացնում վերահսկողություն.

4) վարչության պետի հանձնարարությամբ իրականացնում է վարչության պետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

5) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում վարչության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

6) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

7) իրեն հանձնարարված բնագավառում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

8) պարբերաբար վարչության պետին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.

9) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում վարչության պետի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում վարչության պետին.

10) վարչության պետին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերաբերող հարցերի մասին.

11) վարչության պետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

15. Վարչության պետը կարող է ունենալ խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև կատարում է պարտականությունների բաշխում:

16. Վարչության ֆինանսավորումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Վարչությունն ունի արտաբյուջետային հաշիվ, որում միջոցները գոյանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

IV. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

17. Վարչության աշխատակազմի նպատակը և խնդիրը օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վարչությանը (այդ թվում` նաև նրա կազմում գործող տեսչությանը) վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումն է, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին վարչության մասնակցության ապահովումը:

18. Վարչության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

19. Վարչության աշխատակազմը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

20. Վարչության աշխատակազմն իր իրավասության սահմաններում կարող է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

21. Վարչության աշխատակազմն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

22. Վարչության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

23. Վարչության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Վարչության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:

24. Վարչության աշխատակազմն իր ֆինանսական գործառույթներն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով:

25. Վարչության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև վարչության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

26. Վարչության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

27. Վարչության աշխատակազմի անվանումն է` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ։

28. Վարչության աշխատակազմի գտնվելու վայրն է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Փետրվարի 20-ի փողոց:

 

V. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

29. Վարչության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից վարչության աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:

30. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու վարչության աշխատակազմի գույքը:

31. Վարչության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:

 

VI. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

32. Վարչության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են կառուցվածքային ստորաբաժանումներ (վարչություններ, բաժիններ):

33. Վարչության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է վարչության պետը:

 

VII. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

34. Վարչության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը և վարչության պետը` օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:

Վարչության աշխատակազմը ղեկավարում է վարչության աշխատակազմի ղեկավարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը։

35. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը`

1) վերակազմակերպում և դադարեցնում է վարչության աշխատակազմի գործունեությունը.

2) հաստատում է վարչության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

3) որոշում է վարչության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

4) հաստատում է վարչության աշխատակազմի կառուցվածքը.

5) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

36. Վարչության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, վարչության պետի հրամաններով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորության սահմաններում ղեկավարում է վարչության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների, վարչության պետի հրամանների ու սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

37. Վարչության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Վարչության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

38. Վարչության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, վարչության պետի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանները և հրահանգները:

39. Վարչության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում աշխատակազմի ղեկավարի պարտականությունների կատարման հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան:

40. Վարչության աշխատակազմի ղեկավարը`

1) առանց լիազորագրի իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.

2) օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի և սույն կանոնադրություններով սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) իր իրավասության սահմաններում տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է վարչության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

5) օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

6) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորության սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

7) վարչության պետի հաստատմանն է ներկայացնում վարչության աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է վարչության աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելն ու ներկայացնելը, վարչության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

8) վարչության պետին ներկայացնում է առաջարկություններ վարչության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

9) կազմակերպում է վարչության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

10) կազմակերպում է վարչությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

11) վերահսկում է վարչության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

12) վարչության պետի ստորագրությանն է ներկայացնում վարչության պետի հրամանները.

13) ապահովում է համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

14) կազմակերպում է վարչությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

15) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ.

16) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը:

41. Վարչության աշխատակազմի ֆինանսիստը ղեկավարում է վարչության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է վարչության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:

42. Վարչության աշխատակազմի ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, վարչության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

43. Վարչության աշխատակազմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ ու հայտարարագրեր:

44. Վարչության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

IX. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

45. Վարչության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարեցման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

«27» հուլիսի 2010թ.

թիվ 472-Ն որոշման

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Ավիացիոն անվտանգության ծառայություն

2. Թռիչքային անվտանգության և ավիացիոն ինժեներական սպասարկման ծառայություն

3. Օդային երթևեկության սպասարկման ծառայություն

4. Լիցենզավորման, սերտիֆիկացման և օդային փոխադրումների կարգավորման ծառայություն

5. Կապիտալ շինարարության և վերգետնյա սպասարկման ծառայություն

6. Ռադիոտեխնիկական սպասարկման և ավիացիոն կապի ծառայություն

7. Իրավապայմանագրային բաժին

8. Անձնակազմի կառավարման և ընդհանուր բաժին

9. Ֆինանսատնտեսական բաժին

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ