Համարը 
N 135
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
11.07.2000
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
11.07.2000
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.07.2000
Ուժը կորցնելու ամսաթիվը 
30.07.2004

Ծանուցում
Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ նախարարների խորհրդի 1992թ. հուլիսի 7-ի ‹‹ԼՂՀ ներքին գործերի նախարարության կանոնադրությունը, կառուցվածքը և կոլեգիայի կազմը հաստատելու մասին›› թիվ 65 որոշումը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"11" հուլիսի 2000թ.

N 135

ք.Ստեփանակերտ

 

ԼՂՀ ներքին գործերի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության կանոնադրությունը (կցվում է)

2. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ նախարարների խորհրդի 1992թ. հուլիսի 7-ի ‹‹ԼՂՀ ներքին գործերի նախարարության կանոնադրությունը, կառուցվածքը և կոլեգիայի կազմը հաստատելու մասին›› թիվ 65 որոշումը:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2000թ. հուլիսի 11-ի

թիվ 135 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հանրապետական գործադիր մարմին է, որն իրականացնում է ներքին գործերի մարմինների կառավարումը:

Նախարարությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ԼՂՀ օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

Նախարարության գործունեության ընդհանուր ղեկավարումն իրականացնում են ԼՂՀ նախագահը և ԼՂՀ կառավարությունը:

Նախարարությունը պատասխանատվություն է կրում հանրապետության ներքին գործերին` իր իրավասությանը վերապահված խնդիրների լուծման համար, որոշում է նախարարության համակարգի մարմինների գործունեության առաջնային ուղղությունները, մշակում և իրագործում դրանց աշխատանքի կատարելագործման համալիր ծրագրերը:

Նախարարությունն իրավաբանական անձ է, ունի ԼՂՀ զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:

Նախարարությունը միասնական կենտրոնացված մարմին է, որի համակարգի մեջ մտնում են ներքին գործերի կենտրոնական մարմինները և ՆԳ քաղաքային շրջանային բաժինները, ներքին գործերի մարմինների առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման նպատակով ստեղծված հիմնարկները.

 

2. Նախարարության հիմնական խնդիրներն ու գործառնական պարտականությունները

 

5. Նախարարության հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանադրական կարգի, քաղաքացիների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի, հասարակական կարգի պաշտպանության ապահովումը, հանրապետության պաշտպանունակության ամրապնդումը.

բ) օրենսդիր, գործադիր և դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության անվտանգության ապահովումը.

գ) պետական այլ մարմինների հետ համատեղ` հասարակական-քաղաքական, կրոնական և զանգվածային այլ միջոցառումների ԼՂ հանրապետության օրենսդրության կիրառման պրակտիկայի ընդհանրացումը, դրա կատարելագործման վերաբերյալ սահմանված կարգով առաջարկություններ ներկայացնելը, մասնակցությունը համապատասխան նորմատիվ ակտերի նախագծերի նախապատրաստմանը, իրենց գործունեության իրավական ապահովումը կազմակերպելիս ներքին գործերի մարմինների մեթոդական ղեկավարման իրականացումը.

դ) սահմանված կարգով ԼՂ հանրապետության ներքին գործերի մարմիններում իսկական և պայմանական անվանումների կիրառման և շնորհման կարգի սահմանումը.

ե) ԼՂ հանրապետության օրենսդրությանը համապատասխան նախարարության մարմիններում գործավարության և արխիվային գործի կազմակերպման նպատակով միասնական պահանջների սահմանումն ու կատարումը.

զ) Ներքին գործերի մարմինների շարքային և ղեկավար կազմի և նրանց ընտանիքների անդամների, քաղաքացիական անձնակազմի, նախարարության համակարգից զորացրված աշխատողների բժշկական օգնության և սպասարկման ապահովման կարգի սահմանումն ու դրա իրականացումը.

է) պետական պատվերի ձևավորումն ու տեղադրումը, ներքին գործերի մարմինների կենտրոնացված ֆինանսավորման, նյութատեխնիկական պահանջների բավարարման ապահովումը (այդ թվում` հատուկ տեխնիկայով և սպառազինությամբ).

ը) Մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով ներքին գործերի մարմինների գործունեությանը վերաբերող հրապարակումների, հեռուստատեսային և ռադիոհաղորդումների քննարկումների կազմակերպումը.

թ) ԼՂ հանրապետության օրենսդրությանը համապատասխան այլ խնդիրների ու գործառույթների իրականացումը:

6. Ներքին գործերի բնագավառում նախարարության հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`

ա) հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխմանը, հանցագործությունների բացահայտմանն ուղղված միջոցառումների իրականացումը.

բ) քրեական պատիժների իրականացման ապահովումը.

գ) ներքին գործերի մարմինների գործունեության կազմակերպումն ու կատարելագործումը.

դ) հանրապետության տարածքում հանցագործություն կատարած, հետաքննության, նախաքննության և դատական մարմիններից թաքնվող, քրեական պատիժը կրելուց խուսափող, անհայտ կորած անձանց և, ԼՂ հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` այլ անձանց, ինչպես նաև հափշտակված գույքի հետախուզման կազմակերպումը.

ե) պետավտոտեսչության աշխատանքների ղեկավարումը, ԼՂ հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների ու տրանսպորտային կազմակերպությունների կողմից ավտոտրանսպորտային վթարները կանխելու ուղղությամբ իրականացվող միջոցառումների վերահսկումը, հանրապետության ավտոճանապարհներին և բնակավայրի փողոցներում ճանապարհային երթևեկության կազմակերպման ապահովումը.

զ) նախնական կալանքի տակ գտնվող անձանց, դատապարտյալների պահումը, փոխադրումը և ուղեկցումը, ուղղիչ-աշխատանքային հիմնարկի ղեկավարումը.

է) անհրաժեշտության դեպքում հանրապետության համար նախատեսված հատուկ, զինվորական և այլ փոխադրումների ապահովումը.

ը) աջակցությունը ԼՂ հանրապետության պաշտպանության նախարարության մարմիններին` ժամկետային զինվորական ծառայության զորակոչն իրականացնելու և զինվորական հաշվառման կանոնների պահպանումն ապահովելու բնագավառում:

 

3. Նախարարության աշխատանքի կազմակերպումը

 

7. Նախարարությունը`

ա) ԼՂ հանրապետության օրենսդրության և սույն կանոնադրության հիման վրա և ի կատարումն դրանց, իր իրավասության սահմաններում, արձակում է հրամաններ, հրահանգներ ու տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է ներքին գործերի մարմինների, հիմնարկների, ինչպես նաև քաղաքացիների համար.

բ) անհրաժեշտության դեպքում մյուս նախարարությունների հետ համատեղ արձակում է հրամաններ և հրահանգներ.

գ) իր իրավասության սահմաններում սահմանված կարգով մասնակցում է ԼՂ հանրապետության միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը:

8. Նախարարությունը գլխավորում է նախարարը, որին ԼՂ հանրապետության վարչապետի առաջարկությամբ պաշտոնի է նշանակում և ազատում նախագահը: Նախարարի պաշտոնը համապատասխանում է գեներալ-լեյտենանտի հատուկ կոչմանը:

Նախարարն ունի առաջին տեղակալ և երեք տեղակալներ: Նրանք պաշտոնի նշանակվում և ազատվում են ԼՂՀ կառավարության որոշմամբ ՆԳ նախարարի առաջարկությամբ:

9. Նախարարը`

ա) կազմակերպում և ղեկավարում է նախարարության գործունեությունը.

բ) պատասխանատվություն է կրում նախարարության և դրա համակարգի մարմինների առջև դրված խնդիրների կատարման համար.

գ) սահմանում է նախարարի տեղակալների, նախարարության բաժինների, բաժանմունքների և նախարարության համակարգի մյուս մարմինների ղեկավարների պատասխանատվության աստիճանը.

դ) սահմանում է նախարարի տեղակալների միջև պարտականությունների բաշխում.

ե) հաստատում է նախարարության կենտրոնական մարմինների, ինչպես նաև հիմնարկությունների կանոնադրությունները.

զ) ներկայացնում է նախարարությունը ԼՂ հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում ու միջազգային կազմակերպություններում.

է) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է ներքին գործերի ամբողջ համակարգի համար, կազմակերպում է դրանց կատարման ստուգումը.

ը) կասեցնում է նախարարության կենտրոնական մարմինների, ՆԳ քաղշրջանային բաժինների, նախարարության համակարգի հիմնարկների ղեկավարների` ԼՂ հանրապետության օրենսդրությանը հակասող իրավական ակտերը.

թ) ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատողներին պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ.

ժ) նախարարության աշխատողներին պարգևատրելու համար հիմնում է կրծքանշաններ, հաստատում կրծքանշանների և դրանց նկարագրության վերաբերյալ կանոնադրությունը.

ժա) իր իրավասության սահմաններում պաշտոնի է նշանակում և ազատում ներքին գործերի մարմինների ղեկավար կազմին, ինչպես նաև ներքին գործերի մարմինների շարքային, միջին և ղեկավար կազմին.

ժբ) ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատում է ներքին գործերի մարմինների հաստիքացուցակը.

ժգ) ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծում է ներքին գործերի մարմինների գործունեության ապահովման համար անհրաժեշտ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ստեղծման, վերակազմավորման և լուծարման հարցերը.

ժդ) ներքին գործերի մարմինների աշխատողների կարգապահական կանոնադրությանը համապատասխան խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկում ներքին գործերի մարմինների շարքային, միջին ու ղեկավար կազմին.

ժե) ԼՂՀ օրենսդրությանը համապատասխան որոշում է ներքին գործերի մարմինների շարքային և ղեկավար կազմի, ինչպես նաև քաղաքացիական անձնակազմի համատեղությամբ աշխատանքի պայմանները.

ժզ) ներքին գործերի նախարարությանը, ներքին գործերի մարմինների շարքային և ղեկավար կազմին, քաղաքացիական անձնակազմին թույլատրում է սահմանված կարգով դուրս գալ ԼՂՀ սահմաններից.

ժէ) հանդիսանում է նախարարությանը հատկացված բյուջետային միջոցների (այդ թվում` արտարժութային) կարգադրիչը.

ժը) ԼՂՀ քաղաքացիներին սահմանված կարգով ծառայության է ընդունում ներքին գործերի մարմիններում, ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում է ընդունում նրանց աշխատանքային ստաժը երակարամյա ծառայության մեջ հաշվարկելու վերաբերյալ, ինչպես նաև ՆԳ մարմիններում ժամկետային և պայմանագրային ծառայության է ընդունում զինապարտներին ու պահեստազորի մեջ չգտնվող 20-35 տարեկան կանանց.

ժթ) սահմանված կարգով շնորհում է հատուկ կոչումներ մինչև միլիցիայի փոխգնդապետի, ներքին ծառայության փոխգնդապետի կոչումը ներառյալ, միջնորդություն է հարուցում նախարարության ղեկավար աշխատողներին միլիցիայի և ներքին ծառայության բարձրագույն կոչումներ շնորհելու վերաբերյալ.

ի) նախարարության ղեկավար կազմի բարձր որակավորում ունեցող ծառայողների համար սահմանում է անհատական պաշտոնային դրույքաչափեր.

իա) հրավիրում և վարում է նախարարության կոլեգիայի նիստերը.

իբ) հաստատում է նախարարության գիտատեխնիկական կազմն ու խորհրդի կանոնադրությունը.

իգ) ԼՂՀ օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան իրականացնում է այլ լիազորություններ:

12. Նախարարի բացակայության ժամանակ, նրա հրամանով, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` տեղակալներից մեկը:

13. Նախարարության համակարգում կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպվում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա` աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի և որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանումով:

14. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են նախարարը (կոլեգիայի նախագահ), նրա տեղակալները` ի պաշտոնե, շտաբի, քրեական հետախուզության և 1-ին բաժնի պետերը:

Նախարարության կառուցվածքը և կոլեգիայի կազմը հաստատում է ԼՂՀ վարչապետը, վավերացնում` ԼՂՀ նախագահը:

Կոլեգիայի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ:

15. Նախարարության կոլեգիան իր նիստերում քննության է առնում նախարարության գործունեությանը վերաբերվող կարևորագույն, ինչպես նաև ղեկավար կազմի (բաժնի պետ և բարձր) պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման հարցերը, նախարարության համակարգի մարմինների կանոնադրությունների, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, լսում կենտրոնական աշխատակազմի մարմինների և ՆԳ քաղշրջբաժինների ղեկավարների հաշվետվությունները:

Կոլեգիայի որոշումները կենսագործվում են նախարարի հրամաններով:

Նախարարի և կոլեգիայի անդամների միջև տարաձայնությունների առկայության դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը` ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով ԼՂՀ նախագահին և ԼՂՀ վարչապետին:

16. Նախարարության ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի և հատուկ միջոցների հաշվին:

 

4. Նախարարության կադրերը

 

17. Նախարարության հիմնական կադրերն են նրա շարքային և ղեկավար կազմը: Բացառիկ դեպքերում նախարարությունում պայմանագրային հիմունքներով կարող են աշխատանքի ընդունվել ծառայողներ և բանվորներ (քաղաքացիական անձնակազմ):

18. ՆԳ նախարարության կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող շարքային, միջին և ղեկավար կազմի աշխատակիցներին կենսաթոշակ նշանակվում է ‹‹Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին›› կամ ‹‹ԼՂՀ քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովման մասին›› ԼՂՀ օրենքներին համապատասխան:

19. Ներքին գործերի մարմինների շարքային և ղեկավար աշխատողները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք (բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, եթե այն չի խոչընդոտում ծառայողական պարտականությունների կատարմանը) բացառությամբ ծառայողական անհրաժեշտության հետ կապված դեպքերի:

20. Նախարարության քաղաքացիական անձնակազմի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են ԼՂՀ աշխատանքային օրենսդրությամբ և նախարարության գերատեսչական նորմատիվ ակտերով:

21. Նախարարության աշխատողներին թույլատրվում է սահմանված կարգով պահել, կրել, գործադրել հաշվեցուցակային զենք և հատուկ միջոցներ:

22. Նախարարության համար կադրերի նախապատրաստումը, վերապատրաստումը և որակավորման բարձրացումն իրականացվում է ԼՂՀ օրենսդրությանը համապատասխան: