Համարը 
ՀՕ-36
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
26.02.2003
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
31.03.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
31.03.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2003 թվականի

փետրվարի 26-ին

 

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 111-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հոդված 111. Հարկման նպատակով փոխկապակցված անձինք ֆիզիկական և իրավաբանական անձինք են, որոնք կարող են ազդեցություն ունենալ ֆիզիկական և իրավաբանական անձանց ձեռնարկատիրական գործունեության վրա:

Իրավաբանական անձի փոխկապակցված անձինք են՝

- կառավարման մարմնի անդամը, ինչպես նաև միանձնյա գործադիր մարմնի իրավասություններն իրականացնող անձը,

- անձը, որը պատկանում է անձանց խմբին, որին պատկանում է տվյալ իրավաբանական անձը,

- անձինք, որոնք իրավունք ունեն տնօրինել տվյալ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի կամ քվեարկող փայաբաժնի 20 տոկոսից ավելին,

- իրավաբանական անձը, որի մեջ տվյալ իրավաբանական անձն իավունք ունի տնօրինել նրա կանոնադրական կապիտալի կամ քվեարկող փայաբաժնի 20 տոկոսից ավելին,

- իրավաբանական անձը, որի քվեարկող փայաբաժնի 20 տոկոսից ավելին տնօրինող անձը կամ անձանց խումբը միաժամանակ տնօրինում է տվյալ իրավաբանական անձի քվեարկող փայաբաժնի 20 տոկոսից ավելին:

Անհատ ձեռնարկատիրոջ փոխկապակցված անձինք են՝

- անձը, որն ընդգրկված է անձանց խմբի մեջ, որին պատկանում է տվյալ անհատ ձեռնարկատերը,

- իրավաբանական անձը, որի մեջ անհատ ձեռնարկատերն իրավունք ունի տնօրինել տվյալ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի կամ քվեարկող փայաբաժնի 20 տոկոսից ավելին:

Սույն հոդվածի կիրառման իմաստով անձանց խումբ է համարվում իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձանց խումբը, որը բավարարում է հետևյալ պայմաններից որևէ մեկը.

- անձը կամ մի քանի անձինք պայմանագրի (համաձայնեցված գործողությունների) արդյունքում օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տնօրինել (այդ թվում՝ առուվաճառքի, լիազորագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրերի, հանձնարարականի կամ այլ գործարքների միջոցով) իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի կամ քվեարկող փայաբաժնի 50 տոկոսից ավելին,

- անձը կամ մի քանի անձինք պայմանագրի հիման վրա կամ այլ ձևով հնարավորություն են ստանում կանխորոշել այլ անձի կամ անձանց կողմից ընդունվող որոշումները (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները) կամ իրականացնել գործադիր մարմնի իրավասությունները,

- անձն իրավունք ունի նշանակել միանձնյա գործադիր մարմին և (կամ) իրավաբանական անձի կոլեկտիվ գործադիր մարմնի կազմի կեսից ավելին, և (կամ) նրա առաջարկությամբ ընտրվել է իրավաբանական անձի կառավարման մարմնի կազմի կեսից ավելին,

- ֆիզիկական անձն իրականացնում է իրավաբանական անձի գործադիր մարմնի իրավասությունները,

- նույն իրավաբանական անձի առաջարկությամբ ընտրված ֆիզիկական անձինք, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը և (կամ) այլ անձինք կազմում են երկու կամ ավելի իրավաբանական անձանց կառավարման մարմնի կազմի կեսից ավելին կամ նույն իրավաբանական անձի առաջակությամբ ընտրված են մեկից ավելի իրավաբանական անձանց կառավարման մարմնի կազմի կեսից ավելին,

- նույն ֆիզիկական անձինք, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը և (կամ) իրավաբանական անձինք իրավունք են ստանում տնօրինել մեկից ավելի իրավաբանական անձանց քվեարկող փայաբաժնի կեսից ավելին,

- ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձինք իրավունք ունեն ինքնուրույն կամ իրենց ներկայացուցիչների միջոցով գումարային տնօրինել մեկ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի քվեարկող փայաբաժնի կեսից ավելին, և միաժամանակ նույն ֆիզիկական անձինք, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը և (կամ) նույն իրավաբանական անձի կողմից առաջարկված անձինք կազմում են իրավաբանական անձի կառավարման մարմնի կազմի կեսից ավելին,

- ֆիզիկական անձինք ամուսիններ են, ծնողներ, երեխաներ, եղբայրներ կամ քույրեր:»:

 

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր մասով՝

«Օրենքով կարող են սահմանվել վերոհիշյալ հարկատեսակներից մեկին կամ խմբին փոխարինող հաստատագրված վճարներ կամ առևտրի հարկ:»:

 

Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված կամ հարկային մարմիններում օրենսդրությամբ սահմանված կարգով չհաշվառված կամ առանց լիցենզիայի կամ տվյալ գործունեությամբ զբաղվելու համար օրենսդրությամբ թույլատրված վայրերից դուրս այդ գործունեությամբ զբաղվող անձանց կողմից ձեռնարկատիրական կամ լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու դեպքում (ապօրինի գործունեություն)` գանձվում է տուգանք` այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 50 տոկոսի չափով, վերոհիշյալ տուգանքը նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սույն հոդվածի առաջին մասում նշված խախտումը կրկնելու դեպքում` իրացման շրջանառության (համախառն եկամտի) 100 տոկոսի չափով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ արգելված գործունեությամբ զբաղվող անձանցից, բացի օրենքով սահմանված պատասխանատվության այլ միջոցների կիրառումից, գանձվում է նաև տուգանք՝ այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ («Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով) սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի)100 տոկոսի չափով:»:

 

Հոդված 4. Օրենքի 28-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝

«Գնորդի պահանջով մատակարարվող ապրանքների, մատուցվող ծառայությունների, կատարվող աշխատանքների գործարքների համար հաշվարկային փաստաթուղթ (այդ թվում՝ եկամուտները, ծախսերը հիմնավորող կամ հարկային հաշիվ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դուրս չգրելու դեպքում կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից գանձվում է տուգանք՝ այդ գործարքների լրիվ արժեքով հատուցման գումարի 25 տոկոսի չափով:»:

 

Հոդված 5. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով՝

«Առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ կամ հաշվարկային այլ փաստաթղթեր դուրս գրող անձանց ցանկի հրապարակման՝ հաջորդ օրվանից այդ անձանց դուրս գրած բոլոր հարկային հաշիվները կամ հաշվարկային փաստաթղթերը հարկերի հաշվարկման և (կամ) հաշվանցումների համար չեն կարող հիմք հանդիսանալ: Սույն հոդվածով նախատեսված ցանկը հրապարակում է հարկային մարմնի ղեկավարը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

 

Հոդված 6. Օրենքի 34-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝

«Ուղղակի հարկերի (շահութահարկ, եկամտահարկ) գծով տարեկան կանխավճարային մուծումների, ինչպես նաև օրենքով սահմանված եկամտահարկի նվազագույն չափի և վերջնական հարկային պարտավորության միջև առաջացող բացասական տարբերությունը հաշվանցվում (պակասեցվում) է սույն հոդվածով սահմանված կարգով, եթե այդ հարկատեսակների մասին օրենքներով այլ բան նախատեսված չէ:»:

 

Հոդված 7. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հարկային մարմնի պաշտոնատար անձանց գործողությունները 30 օրվա ընթացքում կարող են գանգատարկվել այն հարկային մարմին, որին անմիջականորեն ենթակա են նրանք: Գանգատները հարկային մարմնի կողմից քննության են առնվում և դրանց մասին որոշումներ են ընդունվում ոչ ուշ, քան գանգատը ստացվելու օրվանից 30 օրվա ընթացքում: Ընդունված որոշումները կարող են գանգատարկվել հարկային մարմնի վերադաս մարմին կամ դատարան` գանգատարակողի կողմից որոշման կրկնօրինակը ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:»:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

31 մարտի 2003թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-36