ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«08» նոյեմբերի 2010թ. |
N 709-Ն |
ք.Ստեփանակերտ
ԳԻՇԱՏԻՉՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի դրույթներով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Սահմանել գիշատիչների (գայլերի, շնագայլերի) թվաքանակի կարգավորման և միջոցառումների անցկացման կարգը` համաձայն հավելվածի:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«08» նոյեմբերի 2010թ.
թիվ 709-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԳԻՇԱՏԻՉՆԵՐԻ (ԳԱՅԼԵՐԻ, ՇՆԱԳԱՅԼԵՐԻ) ԹՎԱՔԱՆԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կանոնակարգվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գիշատիչների (գայլերի, շնագայլերի) թվաքանակի կարգավորման և միջոցառումների անցկացման հետ կապված հարաբերությունները:
2. Գիշատիչների (գայլերի, շնագայլերի) թվաքանակի կարգավորման հետ կապված միջոցառումները (որսը) կարող են իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ունեն`
1) որսորդական վկայական.
2) հրազենով որս իրականացնելու դեպքում` որսորդական զենք կրելու վկայական:
3. Գիշատիչների (գայլերի, շնագայլերի) որսն իրականացվում է`
1) որսորդական ողորկափող հրազենով.
2) ակոսափող հրազենով.
3) ինքնաորս գործիքներով` թակարդներով:
4. Բացառիկ դեպքերում գիշատիչների (գայլերի, շնագայլերի) ոչնչացումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կարող են իրականացնել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիները առանց սույն կարգի 2-րդ կետում նշված պայմանների, եթե գիշատիչները իրենց կենսակերպով և վարքով հասցնում են կամ կարող են վնաս հասցնել մարդու գործունեությանը կամ կյանքին: Տվյալ դեպքում գիշատիչների ոչնչացման համար քաղաքացիների կողմից կարող են օգտագործվել նաև սույն կարգի 3-րդ կետում չնշված գործիքներ և այլ հարմարանքներ:
5. Սույն կարգի 4-րդ կետում նշված դեպքերում տվյալ վարչական տարածքի տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի հաստատմամբ համապատասխան փաստաթուղթ (ակտ, արձանագրություն՝ գիշատիչի (գայլի, շնագայլի) ոչնչացման վերաբերյալ) է կազմվում:
6. Շնագայլերի որսն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք գրանցվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունում (այսուհետ՝ լիազորված մարմին), որսն իրականացնելու դեպքում կնքում են համապատասխան պայմանագիր լիազորված մարմնի համապատասխան ստորաբաժանման հետ, բացառությամբ սույն կարգի 4-րդ կետում նշված պայմանների:
7. Շնագայլերի որսն իրականացնելու համար պայմանագրի ձևը հաստատում է լիազորված մարմնի ղեկավարը:
8. Որսած գիշատիչների (գայլերի, շնագայլերի) դիմաց սահմանված պարգևատրման գումարները որսորդներին տրամադրվում են սույն կարգում նշված պայմանների համաձայն, ինչպես նաև որսած գիշատիչի (գայլի, շնագայլի) մորթին զննության համար լիազորված մարմնի առանձնացված ստորաբաժանում ներկայացնելու դեպքում:
9. Սույն կարգի 4-րդ կետում նշված դեպքերում ոչնչացված գիշատիչների (գայլերի, շնագայլերի) դիմաց սահմանված պարգևատրման գումարները քաղաքացիներին տրամադրվում է տվյալ վարչական տարածքի տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված փաստաթղթի և ոչնչացված գիշատիչի (գայլի, շնագայլի) մորթին լիազորված մարմնի առանձնացված ստորաբաժանում ներկայացնելու դեպքում:
10. Պարգևատրման գումարները որսորդներին, առանձին դեպքերում քաղաքացիներին լիազորված մարմնի կողմից տրամադրվում է համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում և որսված գիշատիչի մորթին գրանցելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ժամկետում:
11. Գիշատիչների (գայլերի, շնագայլերի) որսն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք, ինչպես նաև սույն կարգի 4-րդ կետում նշված անձինք որսած կամ ոչնչացված գիշատիչի մորթին (գայլի, շնագայլի) ներկայացնում են լիազորված մարմնի առանձնացված ստորաբաժանում` կատարված գործողության պահից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում:
12. Իրավաբանական և ֆիզիկական անձինք գիշատիչների որսի իրականացման ժամանակ պետք է առաջնորդվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի և հաստատված որսի կանոնների դրույթներով:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |