ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«25» հունվարի 2011թ. |
N 12-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 434 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի և 11-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «զ» և «ժգ» կետերի, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության վարչությունը վերակազմավորել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության` աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 19-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերակազմակերպելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 434 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 8-րդ կետի «ժա» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
2) որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի:
3. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կանոնադրությունը` համաձայն N 2 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«25» հունվարի 2011թ.
N 12-Ն որոշման |
| |
«Հավելված 2
ԼՂՀ կառավարության
19 հոկտեմբերի 2007թ.
թիվ 434 որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
Բյուջետային գործընթացի կառավարման և մեթոդաբանության ու պետական կառավարման մարմինների բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժին
Բյուջետային կապիտալ ծախսերի, արտաբյուջետային ֆինանսական հոսքերի կառավարման և համայնքային բյուջեների քաղաքականության բաժին
Սոցիալական ոլորտում ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժին
Սոցիալական ոլորտի ֆինանսավորման բաժին
Արտադրական ոլորտի և համայնքների ֆինանսավորման բաժին
Գործառնական բաժին
Մակրոտնտեսական և հարկային քաղաքականության բաժին
Հաշվապահական հաշվառման և աուդիտի մեթոդաբանության բաժին
Գնումների գործընթացի կարգավորման բաժին
Ֆինանսական դիտարկումների բաժին
Իրավաբանական բաժին
Հաշվապահության բաժին
Համակարգչային ծառայության սպասարկման բաժին
Ընդհանուր բաժին
Ասկերանի տեղական գանձապետական բաժին
Մարտունու տեղական գանձապետական բաժին
Մարտակերտի տեղական գանձապետական բաժին
Հադրութի տեղական գանձապետական բաժին
Շուշիի տեղական գանձապետական բաժին
Քաշաթաղի տեղական գանձապետական բաժին
II. ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ
Ֆինանսական վերահսկողության տեսչություն»:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«25» հունվարի 2011թ.
N 12-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչությունը (այսուհետ` տեսչություն) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրականացնում է վերահսկողական գործառույթներ` նախարարությանը վերապահված լիազորությունների շրջանակում և արդյունքների հիման վրա առաջարկություններ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարին (այսուհետ` նախարար) հայտնաբերված խախտումների վերացման ու ռիսկերի կանխարգելման ուղղությամբ` հանդես գալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:
2. Տեսչությունն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը, նախարարի ներկայացմամբ, հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
3. Տեսչության լիազորությունները սահմանվում են օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Տեսչությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Տեսչությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Տեսչության նպատակները և խնդիրները պետական մարմինների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հսկողության իրականացումը և ստուգումների միջոցով պետական կառավարչական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված միջոցների հաշվին համայնքների կողմից իրականացված գործունեության նկատմամբ ֆինանսական վերահսկողության կազմակերպումն ու իրականացումն են, ինչպես նաև նախաքննության մարմինների ու դատարանի որոշումներով համապատասխան վերստուգումների կատարումը:
III. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Տեսչությունն իր նպատակի և խնդրի իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) պետական կառավարչական հիմնարկների, ինչպես նաև 50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության ուղղությամբ հսկողության իրականացումը.
2) բյուջետային եկամուտներ հավաքագրող կամ բյուջետային եկամուտների գանձման նկատմամբ հսկողություն իրականացնող պետական մարմինների ու լիազորված իրավաբանական անձանց կողմից բյուջետային եկամուտների հավաքագրման և Լեռնային Ղարաբաղի օրենսդրության պահանջների ապահովման նկատմամբ հսկողության իրականացումը` բացառելով դրա շրջանակներում հարկեր, տուրքեր, պարտադիր այլ վճարներ, վարձակալական վճարներ, տոկոսներ ու վարչական տուգանքներ վճարողների և հարկային գործակալների մոտ ստուգումները.
3) պետական և տարածքային կառավարման մարմինների ու համայնքների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողության իրականացումը.
4) պետական մարմինների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից, ինչպես նաև հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններին (անկախ կազմակերպական-իրավական ձևից) տրամադրվող հատկացումների, փոխառությունների և նվիրատվությունների արդյունավետ և նպատակային օգտագործման ուղղությամբ հսկողության իրականացումը, ինչպես նաև պետական կառավարչական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսական գործունեության նկատմամբ վերստուգումների (աուդիտ) կամ ստուգումների իրականացումը.
5) պետական կառավարչական հիմնարկների արտաբյուջետային միջոցների գոյացման և օգտագործման վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողության իրականացումը.
6) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրված ապրանքային վարկերի և դրամաշնորհների (գրանտների) դրամայնացման հաշվառման և դրա հետ կապված գործառույթների ճշտության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
7) ծրագրի իրականացման գրասենյակների ֆինանսատնտեսական գործունեության ստուգումների իրականացումը, ծախսերի նախահաշվի, գնումների պլանի պահպանման, ինչպես նաև ծրագրի իրականացման ընթացքում պետական միջոցների նպատակային օգտագործման ու հաշվառման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
8) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան նախաքննության կամ հետաքննության մարմնի կամ դատախազի կողմից կայացված որոշումներով կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքին համապատասխան դատարանի որոշումներով նշանակված ստուգումների (վերստուգումների) կատարումը.
9) օրենքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը վերապահված լիազորությունների շրջանակներում` համայնքներում ֆինանսական ստուգումների իրականացումը, տեղական ինքնակառավարման մարմիններին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից տրամադրվող հատկացումների հաշվարկման համար ներկայացվող տվյալների արժանահավատության պարզումը.
10) պետական սեփականություն հանդիսացող` բաժնեմաս ունեցող ընկերություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսին համապատասխանող շահութաբաժինների ճիշտ հաշվարկման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե վճարման գործընթացի նկատմամբ վերասկողության իրականացումը.
11) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների լուծարման դեպքերում համապատասխան լիազոր մարմնի պահանջով ֆինանսական ստուգումների իրականացումը.
12) բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական ու դրամական արժեքներն օգտագործելու և դրանք հանձնելու, հաշվառելու և ոչնչացնելու աշխատանքների նկատմամբ վերահսկողության իրականացումը.
13) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներքին աուդիտի ստորաբաժանումների նկատմամբ գնահատման միջոցով հսկողության իրականացումը.
14) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի և նախարարի հանձնարարականների, ինչպես նաև քաղաքացիների, կազմակերպությունների և հիմնարկների նամակների, առաջարկների, դիմումների և գանգատների հիման վրա ստուգումների, վերստուգումների և ուսումնասիրությունների իրականացումը.
15) ստուգումների և վերստուգումների արդյունքների ամփոփման և վերլուծության, թույլ տրված խախտումների բնույթին համապատասխան դասակարգման, խախտումներ ծնող պատճառների ուսումնասիրության հիման վրա համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.
16) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 27-ի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի կատարման հսկողության կարգը սահմանելու մասին թիվ 160 որոշմամբ սահմանված կարգով հսկողության տարեկան ծրագրի մշակումը, ստուգման նյութերի ամփոփումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացվող հաշվետվությունները կազմելն ու ներկայացնելը նախարարին.
17) տեսչության գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցների մշակման գործընթացին մասնակցությունը:
IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Տեսչությունը կառավարում է նախարարը: Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչության պետը, որը պաշտոնի է նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն:
10. Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, նախարարության և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
11. Տեսչության պետը պատասխանատու է նախարարության լիազորությունների շրջանակում վերահսկողական գործառույթների իրականացման և դրանց արդյունքների հիման վրա հայտնաբերված խախտումների վերացման ու ռիսկերի կանխարգելման ուղղությամբ նախարարին ներկայացվող առաջարկությունների, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
12. Տեսչության պետը հաշվետու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին, նախարարին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:
13. Տեսչության պետը`
1) ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախարարին.
3) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ ու հանձնարարագրեր, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և տեսչության անունից, ինչպես նաև տալիս է տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
5) նախարարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
6) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
7) նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
8) լսում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
9) վերահսկողություն է իրականացնում տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
10) նախարարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև տեսչության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.
11) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
12) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
14. Տեսչության պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինելու հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
V. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
15. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
16. Տեսչության աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
17. Տեսչության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |