ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«22» մարտի 2011թ. |
N 147-Ն |
ք.Ստեփանակերտ
ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԴԻՊԼՈՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«22» մարտի 2011թ.
N 147-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԴԻՊԼՈՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից տրված բարձրագույն կրթական ծրագրերի ուսուցման լիցենզիա ունեցող (ունեցած) ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների (այսուհետ` շրջանավարտ) պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննություններ հանձնելու ընդհանուր պայմանները:
2. Շրջանավարտների` ըստ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի (բակալավր և դիպլոմավորված մասնագետ) և մասնագիտությունների ամփոփիչ ատեստավորման քննությունների հանձնումը կազմակերպվում է 2011 թվականից մինչև 2012/2013 ուսումնական տարվա ավարտը:
3. Շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման ու անցկացման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարը ստեղծում է ընդունող հանձնաժողով և հաստատում քննությունների կազմակերպման ընթացակարգը:
4. Ամփոփիչ ատեստավորման քննություններ հանձնելու նպատակով շրջանավարտները մինչև տվյալ տարվա ապրիլի 30-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն (այսուհետ՝ նախարարություն) են ներկայացնում`
1) քննությունների մասնակցության մասին դիմում-հայտ, որը նշված ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չէ.
2) ավարտական փաստաթղթի (դիպլոմի) ու ներդիրի (միջուկի) բնօրինակը և պատճենը.
3) անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, փախստականի վկայական, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը և պատճենը.
4) 2 լուսանկար (3 X 4 չափսի):
5. Շրջանավարտն ամփոփիչ ատեստավորման քննությունները` ըստ մասնագիտությունների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության սահմանած մասնագիտական-առարկայական ծրագրերի, տվյալ տարվա ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման ժամանակահատվածում հանձնում է պետական կամ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում, որոնց ցանկը հաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով:
6. Սույն կարգի 5-րդ կետում նշված բարձրագույն ուսումնական հաստատությունները քննությունները կազմակերպելու և անցկացնելու նպատակով շրջանավարտից (բացառությամբ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաների, ժամկետային զինվորական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիների` համաձայն Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքի հիման վրա) կարող են գանձել ծառայության վճար:
7. Տվյալ բուհի համապատասխան մասնագիտության գծով ձևավորվում է մեկ միասնական ամփոփիչ ատեստավորման հանձնաժողով: Հանձնաժողովները յուրաքանչյուր տարի կազմվում են ըստ կրթական ծրագրերի և մասնագիտությունների` ոչ ուշ, քան դրանց աշխատանքներն սկսվելուց երկու շաբաթ առաջ և գործում են միայն տվյալ ուսումնական տարվա համար նախատեսվող քննաշրջանի ժամկետներում:
8. Յուրաքանչյուր մասնագիտության գծով ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահին (ոչ տվյալ բուհի աշխատող) և անդամներին նշանակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարը` գիտական կազմակերպությունների, պետական և ոչ պետական հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտական աստիճան և կոչում ունեցող` տվյալ բուհի հաստիքային աշխատողների կազմից:
9. Ամփոփիչ ատեստավորման քննություններն անցկացվում են բանավոր (համապատասխան հարցման թերթում շրջանավարտը պարտադիր գրի է առնում իր պատասխանը):
10. Յուրաքանչյուր առարկայից ամփոփիչ ատեստավորման քննության, ինչպես նաև ավարտական թեզի (դիպլոմային նախագծի) պաշտպանության տևողությունը չպետք է գերազանցի 45 րոպեն: Քննությունների արդյունքները գնահատվում (գերազանց, լավ, բավարար, անբավարար) և հայտարարվում են նույն օրը` ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նիստի արձանագրության կազմումից հետո:
11. Ամփոփիչ ատեստավորման քննություններից դրական գնահատական ստացած (ավարտական թեզը պաշտպանած) շրջանավարտին ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի որոշմամբ շնորհվում է ստացած մասնագիտությանը համապատասխան որակավորում: Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո հանձնաժողովի նախագահը մեկ շաբաթվա ընթացքում հաշվետվություն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն` վերջինիս կողմից տվյալների ամփոփման և համապատասխան բուհերի պետական նմուշի դիպլոմի շնորհման համար (պահպանելով նախկին դիպլոմի ներդիրի ընթացիկ գնահատականները):
12. Ամփոփիչ ատեստավորման քննություններից անբավարար գնահատական ստացած շրջանավարտին նույն ուսումնական տարվա ընթացքում քննությունների վերահանձնում չի թույլատրվում:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |