ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
”26” փետրվարի 2002թ. |
N 47 |
ք.Ստեփանակերտ
Ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը հաստատելու մասին
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը /կցվում է/:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությանը` 3-ամսյա ժամկետում հաստատել տնային մահերի դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների կողմից քաղաքացիների մահվան փաստը հավաստող վկայական տալու մասին կարգը, դիահերձման մասին արձանագրության ձևն ու լրացման կարգը, հերձումն ընդհատելու մասին արձանագրության և մահվան էպիկրիզի ձևերը, ինչպես նաև սույն որոշման կիրարկումն ապահովող այլ գերատեսչական նորմատիվ ակտերը:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
2002թ. փետրվարի 26-ի
թիվ 47 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
Ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգը սահմանում է ախտաբանաանատոմիական հերձումների կատարման կարգը:
2. Ախտաբանաանատոմիական հերձումները կատարվում են լիցենզավորված բուժհաստատությունների ախտաբանաանատոմիական ստորաբաժանումներում, ինչպես նաև դատաբժշկական փորձաքննության հիմնարկներում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգին համապատասխան:
II. Ախտաբանաանատոմիական հերձումների իրականացման կարգը և պայմանները
3. Ստացիոնար բուժհաստատություններում մահացած հիվանդների դիակները ենթակա են պարտադիր դիահերձման, բացառությամբ այն դեպքերի, երբ մահացածի ընտանիքի անդամները գրավոր հրաժարվում են հերձումից կամ էլ դա մահացողի կամքն է կենդանության օրոք /գրավոր ձևակերպված/:
4. Հերձումից հրաժարվելու դեպքում բուժհաստատության ղեկավարը, իսկ նրա բացակայության դեպքում` համապատասխան պատասխանատու անձը /այդ թվում` հերթապահ բժիշկը/, կատարում է համապատասխան գրառում հիվանդության պատմության նկարագրում` նշելով դիահերձում չկատարելու պատճառը:
5. Դիահերձումից հրաժարվելն արգելվում է`
ա/ երբ պարտադիր են ախտաբանաանատոմիական հերձումները`
երբ հիվանդը մահացել է բուժհաստատություն ընդունվելուց հետո` առաջին 24 ժամվա ընթացքում.
վարակիչ հիվանդությունների կամ դրանց առկայության կասկածի դեպքում.
չարորակ նորագոյացություններից մահվան դեպքերում, երբ բացակայում է ախտորոշման հյուսվածքաբանական հաստատումը /վերիֆիկացիան/.
շուրջծննդյան /պերինատալ/ մահացության դեպքում.
հղիների, ծննդկանների և ծննդաբերների մահվան /մայրական մահացության/ դեպքերում:
բ/ երբ անհրաժեշտ է դատաբժշկական փորձաքննությունը կատարել հերձման միջոցով`
հանկարծամահության դեպքում /անկախ տարիքից և մահը վրա հասնելու պայմաններից/.
երբ մահացածի անձը ճանաչված չէ.
երբ ախտորոշումը` հայտնի չէ /անկախ տարիքից և բուժհաստատությունում գտնվելու տևողությունից/.
երբ բուժանձնակազմի նկատմամբ բողոք է ներկայացված իրավապահ մարմիններ.
բռնի մահվան դեպքում` սպանություն, ինքնասպանություն, դժբախտ պատահար /մեխանիկական վնասվածքներ, մեխանիկական շնչահեղձություն, թունավորումներ, էլեկտրահարություն, ծայրահեղ բարձր ջերմաստիճանի, ճառագայթային էներգիայի ազդեցություն/.
բռնի մահվան կասկածի դեպքում /անկախ պայմաններից և մահը վրա հասնելու պահից/.
մանկասպանության կասկածի դեպքում.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ` հղիության արհեստական ընդհատման /աբորտի/ դեպքում:
6. Եթե մահը հաջորդել է սույն կարգի 5-րդ կետի «բ» ենթակետում նշված դեպքերին, կամ եթե ցուցումներ կան նշված պատճառներից որևէ մեկի հնարավորության մասին, ապա բուժհաստատության ղեկավարը, իսկ նրա բացակայության դեպքում` պատասխանատու անձը /այդ թվում` հերթապահ բժիշկը/, պարտավոր է յուրաքանչյուր նման դեպքի մասին անհապաղ տեղեկություն ներկայացնել իրավապահ մարմիններ`կատարելով համապատասխան գրանցում:
7. Եթե մահը տեղի է ունեցել շտապ օգնության մեքենայում, ապա հերձումը կատարվում է ստացիոնար բուժհաստատության համար սահմանված կարգին համապատասխան:
8. Եթե մահը տեղի է ունեցել տանը, ապա տարածքային ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունը պարտավոր է արձանագրել մահվան փաստը և շտապ օգնության բրիգադի միջոցով կազմակերպել դիակի տեղափոխումն ու դիահերձումը` սույն կարգին համապատասխան:
9. Ախտաբանաանատոմիական հերձումը կազմակերպվում է մահվանը հաջորդող 24 ժամվա, իսկ շուրջծննդյան /պերենիտալ/ մահացության դեպքում` 12 ժամվա ընթացքում, բնական լուսավորության պայմաններում:
10. Ախտաբանաանատոմիական հերձում կատարելու համար բուժհաստատության ղեկավարը, իսկ նրա բացակայության դեպքում` համապատասխան պատասխանատու անձը /այդ թվում` հերթապահ բժիշկը/, պետք է դիակը հիվանդության /ծննդաբերության/ պատմության նկարագրի հետ միասին ուղարկի ախտաբանաանատոմիական բաժանմունք ոչ շուտ, քան կենսաբանական մահը գրանցելուց 2 ժամ հետո` բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերի:
11. Հիվանդության /ծննդաբերության/ պատմության նկարագիրը պետք է վերջնականապես ձևակերպված ու ստորագրված լինի համապատասխան բաժնի վարիչի և բուժող բժշկի, իսկ նրանց բացակայության դեպքում` հերթապահ բժշկի կողմից:
Շապիկի վրա պետք է գրանցված լինեն բոլոր ախտորոշումները /հիմնական հիվանդությունը, ուղեկցվող հիվանդությունները/ և տեղեկություններ կատարված միջամտությունների մասին:
12. Հիվանդության /ծննդաբերության/ պատմության նկարագրում պետք է արտացոլված լինի մահվան էպիկրիզը, ինչպես նաև կցվի բուժհաստատության ղեկավարի որոշումը` ախտաբանաանատոմիական հերձում կատարելու մասին:
13. Դիահերձման ժամանակ արգելվում են մարմնի բաց մասերի խեղումները /այլանդակումները/:
14. Հերձման տվյալները պարտադիր գրանցվում են հիվանդների հաշվառման հատուկ քարտուղարանում` ըստ օրգանների և հիվանդագիտական /նոզոլոգիական/ ձևերի:
15. Ախտաբանաանատոմիական հերձմանը մասնակցում են հիվանդի բուժող բժիշկը, բաժնի վարիչը, դեպքին առնչվող այլ մասնագետներ:
16. Մահացածի հարազատներն իրավունք ունեն ծանոթանալու ախտաբանաանատոմիական հերձման եզրակացությանը:
III. Հերձող ախտաբանաանատոմի իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը
17. Ախտաբանաանատոմն իրավունք ունի`
ա/ հերձումն իրականացնելու համար պահանջելու անհրաժեշտ պայմաններ /տարածք, գործիքային սարքավորումներ, արտահագուստ և այլն/.
բ/ բուժող բժիշկների հետ համատեղ քննարկելու հերձման և հյուսվածքաբանական /հիստոլոգիական/ հետազոտության արդյունքները.
գ/ մեթոդական խորհրդակցությամբ օգնելու բուժող բժիշկներին:
18. Ախտաբանաանատոմը պարտավոր է`
ա/ հերձումից հետո կազմել արձանագրություն` նշելով մահացածի ազգանունը, անունը, հայրանունը, սեռը, տարիքը, մասնագիտությունը, բուժհաստատություն ընդունվելու, մահվան և հերձման տարեթիվը, ամսաթիվն ու ժամը, կլինիկական ախտորոշումը, օպերատիվ միջամտության անվանումը, դրա տարեթիվն ու ամսաթիվը, հիմնական կլինիկական ախտանիշները, բուժման հիմնական միջոցները, գործիքային ու լաբորատոր հետազոտությունների, ինչպես նաև դիակի հյուսվածքաբանական, մանրէաբանական և մյուս քննությունների արդյունքները.
բ/ ձևակերպել վերջնական ախտաբանաանատոմիական ախտորոշումը, որում պետք է արտացոլվեն հիմնական հիվանդությունը, հիվանդության բարդությունները, ուղեկցող հիվանդությունները և ախտաբանական վիճակները.
գ/ կազմել ախտաբանաանատոմիական եզրակացություն` սահմանելով մահվան հիմնական և նպաստող պատճառները.
դ/ ընդհատել հերձումը, եթե ախտաբանաանատոմիական հերձման ընթացքում առաջանում է բռնի մահվան կասկած, և կազմել արձանագրություն` հիմնավորելով դատաբժշկական փորձաքննության անհրաժեշտությունը.
ե/ ձեռնարկել համապատասխան միջոցներ մահացածի մարմինն ու օրգաններն անփոփոխ պահելու և հետագա դատաբժշկական փորձաքննությանը տրամադրելու համար.
զ/ ընդհատված հերձման մասին հայտնել բուժհաստատության ղեկավարին` իրավապահ մարմիններին անհապաղ տեղեկացնելու համար:
19. Ախտաբանաանատոմիական հերձումից հետո ախտորոշումը և եզրակացությունը գրանցվում են հիվանդության /ծննդաբերության/ պատմության նկարագրում:
20. Հերձման մասին արձանագրությունը ստորագրում է ախտաբանաանատոմը:
21. Մահվան դեպքում բուժհաստատության /ախտաբանաանատոմի/ կողմից տրվում է մահվան փաստը հավաստող վկայական:
22. Ախտաբանաանատոմի կողմից սույն կարգի խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: