ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«31» մայիսի 2011թ. |
N 336-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՏԵՂԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 151-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասին և 21-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և Հայաստանի Հանրապետության պետական բուհերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հատկացված տեղերի ընդունելության կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 31-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և Հայաստանի Հանրապետության պետական բուհերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հատկացված տեղերի ընդունելության կարգը հաստատելու մասին» N151-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«31» մայիսի 2011թ.
N 336-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱԲԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՏԵՂԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ (ԸՍՏ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ և Հայաստանի Հանրապետության պետական բուհերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հատկացված տեղերի (այսուհետ` բուհեր) ընդունելության գործընթացը, որը ներառում է բուհերի մասնագիտությունների հայտագրումը, ընդունելության քննությունների կազմակերպումը, անցկացումը, ընդունելության քննությունների արդյունքների բողոքարկումը, ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա բուհերի ընդունելության մրցույթի անցկացումը:
2. Բուհերն առկա ուսուցմամբ ընդունելությունը կատարում են տվյալ ուսումնական տարվա համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատած մասնագիտությունների ցանկի համաձայն:
3. Բուհեր կարող են ընդունվել միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք (այսուհետ` շրջանավարտ)` առանց տարիքի սահմանափակման:
4. Օտարերկրացիները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բուհեր կարող են ընդունվել համաձայն սույն կարգի (ընդհանուր հիմունքներով) կամ ըստ ուսումնական հաստատություններ օտարերկրացիների ընդունելության կանոնների:
5. Բուհեր ընդունվելու համար տվյալ ուսումնական տարվա և նախորդ տարիների շրջանավարտները (այսուհետ` դիմորդ) հանձնում են ընդունելության քննություններ: Ընդունելության քննություններն անցկացվում են քննական կենտրոններում: Քննական կենտրոններում պարտադիր է բժշկի ներկայությունը:
6. Ընդունելության քննությունները միասնական և ներբուհական քննություններն են: Միասնական քննությունները կազմակերպում և անցկացնում է «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` գնահատման և թեստավորման կենտրոն):
7. Միասնական քննություններն անցկացվում են գրավոր, թեստերի միջոցով: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքում դիմորդները յուրաքանչյուր առարկայի միասնական քննությունը հանձնում են միևնույն օրը: Դիմորդները միասնական քննությունները հանձնում են «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Ռուսաց լեզու», «Oտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն) առարկաներից:
8. Միասնական քննություններն անցկացվում են երկու փուլով` հիմնական և լրացուցիչ: Հիմնական փուլի միասնական քննությունները տվյալ տարվա փետրվարի 1-ից մինչև ապրիլի 1-ը ընկած ժամանակահատվածում դիմորդների կողմից հայտագրվող և տվյալ տարվա հունիսին դիմորդների կողմից հանձնվող միասնական քննություններն են: Լրացուցիչ փուլի միասնական քննությունները տվյալ տարվա հունիս ամսին դիմորդների կողմից հայտագրվող և տվյալ տարվա հուլիսին դիմորդների կողմից հանձնվող քննություններն են:
9. Միասնական քննությունների տևողությունն է`
1) «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն» առարկաների քննությունները`180 րոպե.
2) «Oտար լեզու» և «Ռուսաց լեզու» առարկաների քննությունները` 150 րոպե:
10. Բուհերի ընդունելության միասնական քննությունները կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված առարկայական ծրագրերով, հանրակրթական ուսումնական հաստատություններում պարտադիր օգտագործման երաշխավորված դասագրքերով և խնդրագրքերով: Քննական առաջադրանքները և գիտելիքների գնահատման չափանիշները սահմանում է գնահատման և թեստավորման կենտրոնը:
11. Ներբուհական են`
1) Արցախի պետական համալսարանի «Լրագրություն» մասնագիտության «Ստեղծագործական մրցույթ» գրավոր քննությունը, «Նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն» մասնագիտության «Նախնական զինվորական պատրաստություն» բանավոր և «Ընդհանուր ֆիզիկական պատրաստություն» քննությունները և «Կերպարվեստ և գծագրություն» մասնագիտության «Գծանկար» և «Գունանկար» քննությունները.
2) Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի «Դիզայն», «Ճարտարապետություն և դիզայն» մասնագիտությունների «Նկարչություն» և «Գծագրություն» առարկաների քննությունները:
12. Ներբուհական քննություններից՝
1) «Ստեղծագործական մրցույթ» քննության տևողությունը սահմանվում է 240 րոպե.
2) բանավոր քննության ժամանակ յուրաքանչյուր դիմորդին քննելու առավելագույն ժամանակը 30 րոպե է:
13. Ներբուհական քննություններն անցկացվում են սույն կարգի 11-րդ կետում նշված բուհերի կողմից մշակված և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված մասնագիտական ծրագրերով: Գիտելիքների գնահատման չափանիշները սահմանում է գնահատման և թեստավորման կենտրոնը:
14. Սույն կարգի համաձայն բուհերում ընդունելությունը կատարվում է`
1) պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (այսուհետ` անվճար)` ըստ մասնագիտությունների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տեղերի չափաքանակների,
2) բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ (այսուհետ` վճարովի)` ըստ մասնագիտությունների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած տեղերի չափաքանակների,
3) վճարովի ուսուցմամբ՝ ըստ մասնագիտությունների, բուհի որոշմամբ՝ ելնելով բուհի իրական հնարավորություններից, ընդունելության քննությունների մրցույթից դուրս մնացած դիմորդներից, որոնք չեն կարող օգտվել «Կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերության արտոնությունից:
15. Ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա անվճար և վճարովի ուսուցմամբ մրցույթների արդյունքները, արտոնություններ ունեցող դիմորդների ցուցակներն ըստ մասնագիտությունների հաստատելու, անվճար և վճարովի համակարգում թափուր և պահուստային տեղերը վերաբաշխելու նպատակով ստեղծվում է հանրապետական ընդունող հանձնաժողով:
16. Ռուսական կրթությամբ շրջանավարտներն ընդունելության քննությունները կարող են հանձնել ռուսերենով (բացառությամբ հայերենի և օտար լեզուների քննությունների):
II. ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄԸ
17. Միասնական քննության դիմում-հայտերը լրացնելը, ընդունելը և մուտքագրելը`
1) դիմորդը միասնական քննությանը մասնակցելու համար լրացնում է միասնական քննության դիմում-հայտ (այսուհետ` քննության դիմում-հայտ), իսկ քննության դիմում-հայտը փոփոխելու, ճշգրտելու և հաստատելու համար լրացնում է ցուցակ: Քննության դիմում-հայտի և ցուցակի ձևերը հաստատում է գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենը.
2) գնահատման և թեստավորման կենտրոնը տվյալ տարվա հունվարի 20-ից առնվազն հինգ անգամ զանգվածային լրատվության միջոցներով (որից երկու անգամը` առնվազն 1000 օրինակ տպաքանակ ունեցող թերթերում) հրապարակում է հայտարարություն, որում պարտադիր նշվում են քննության դիմում-հայտերի ընդունումն սկսելու և ավարտելու ժամկետները, ընդունող հանրակրթական ուսումնական հաստատությունների (այսուհետ` դպրոց) անվանումները.
3) դիմորդները քննությանն առնչվող հարցերի մասին տեղեկատվություն կարող են ստանալ դպրոցներից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի և Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմերի կրթության բաժիններից /այսուհետ՝ կրթության բաժիններ/, գնահատման և թեստավորման կենտրոնից` անմիջականորեն կամ համացանցային կայքի միջոցով.
4) դպրոցը կրթության բաժիններից ու գնահատման և թեստավորման կենտրոնից ստանում և դիմորդներին է տրամադրում քննությունների դիմում-հայտերը.
5) դիմորդը քննության դիմում-հայտին կցում է անձնագրի, դրա բացակայության դեպքում` ծննդյան վկայականի պատճենը, մեկ լուսանկար (3x4սմ չափսի), յուրաքանչյուր քննության մասնակցության համար 1500 դրամ վճարի անդորրագիրը և ներկայացնում դպրոցի տնօրենին.
6) դպրոցի տնօրենն ստուգում է դիմորդի կողմից քննության դիմում-հայտի ճիշտ լրացված լինելը, պահանջվող փաստաթղթերի առկայությունը և դիմորդին տալիս է ստացական.
7) նախորդ տարիների շրջանավարտների քննությունների դիմում-հայտերի ընդունումը կազմակերպում է նրա բնակության վայրին մոտ գտնվող և այդ նպատակով առանձնացված դպրոցը.
8) միասնական քննությունների հայտագրումը կատարվում է հետևյալ եղանակով.
ա. էլեկտրոնային կապ ունեցող դպրոցը դիմորդների տվյալները գնահատման և թեստավորման կենտրոն է ուղարկում էլեկտրոնային կապով կամ էլեկտրոնային կրիչով,
բ. էլեկտրոնային կապ չունեցող դպրոցի տնօրենը դիմորդների տվյալները գնահատման և թեստավորման կենտրոն է ուղարկում տարածաշրջանի` այդ նպատակով առանձնացված դպրոցի էլեկտրոնային կապի միջոցով.
9) դպրոցը քննության դիմում-հայտերը, անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը, քննության մասնակցության վճարի անդորրագիրը, անհրաժեշտության դեպքում նաև դիմորդների տվյալներով էլեկտրոնային կրիչները գնահատման և թեստավորման կենտրոն է ուղարկում կրթության բաժինների միջոցով.
10) գնահատման և թեստավորման կենտրոնում քննությունների դիմում-հայտերի ընդունումն սկսվում է տվյալ տարվա փետրվարի 1-ին և ավարտվում տվյալ տարվա մարտի 1-ին.
11) դիմորդի մասին մուտքագրված տվյալների համապատասխանությունը հաստատելու, ճշգրտում, փոփոխություն կատարելու և քննության մասնակիցների ցուցակը վերահաստատելու նպատակով գնահատման և թեստավորման կենտրոնը մինչև տվյալ տարվա մարտի 25-ը կրթության բաժինների միջոցով տվյալներն ուղարկում է դպրոց:
18. Քննության դիմում-հայտում փոփոխություն, ճշգրտում կատարելը կամ քննության նոր դիմում-հայտ ներկայացնելը`
1) դիմորդը քննության դիմում-հայտում կարող է փոփոխություն, ճշգրտում կատարել կամ քննության նոր դիմում-հայտ ներկայացնել մինչև տվյալ տարվա ապրիլի 1-ը.
2) քննության դիմում-հայտում փոփոխություն, ճշգրտում կատարելու, այն հաստատելու կամ քննության նոր դիմում-հայտ ներկայացնելու համար դիմորդը դիմում է դպրոցի տնօրենին և համապատասխան ցուցակում կատարում փոփոխություն, ճշգրտում: Դպրոցի տնօրենը ճշգրտված, փոփոխված ցուցակները կամ քննության դիմում-հայտերը կնքում և մինչև ապրիլի 5-ը կրթության բաժինների միջոցով ուղարկում է գնահատման և թեստավորման կենտրոն.
3) գնահատման և թեստավորման կենտրոնը դիմորդների փոփոխված և քննության նոր դիմում-հայտերի հիման վրա տվյալների բազայում (այսուհետ` բազա) կատարում է համապատասխան փոփոխություններ.
4) քննության դիմում-հայտերի տվյալների վերջնական մուտքագրումից հետո գնահատման և թեստավորման կենտրոնը պատրաստում է դիմորդների ցուցակներն ըստ քննական առարկաների և կենտրոնների.
5) հաստատված ցուցակների հիման վրա դիմորդներին տրվում են անցաթղթեր, որոնք գնահատման և թեստավորման կենտրոնը մինչև տվյալ տարվա մայիսի 22-ը ուղարկում է դպրոցներ.
6) անցաթուղթը պարունակում է դիմորդի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի կամ ծննդյան վկայականի սերիան, համարը, շրջանը, դպրոցը, անձնական համարը), լուսանկարը, քննական կենտրոնի գտնվելու վայրը, առարկան, քննության օրը և ժամը.
7) դիմորդն անցաթուղթն ստանում է այն դպրոցից, որտեղ լրացրել է քննության դիմում-հայտ: Անցաթուղթը դիմորդին տրվում է ստորագրությամբ:
III. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
19. Դիմորդները ներբուհական քննություններին, ինչպես նաև մասնագիտությունների մրցույթին մասնակցելու համար ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերը հանձնում են այն բուհում, որի մասնագիտությունն ընդունելության դիմում-հայտում հայտագրել են առաջինը: Հայաստանի Հանրապետության պետական բուհերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հատկացված տեղերի դիմորդների ընդունելությունը կազմակերպվում է սույն կանոնների համաձայն և դիմում-հայտի ու փաստաթղթերի ընդունումն իրականացվում է Արցախի պետական համալսարանում, բացառությամբ՝ Երևանի պետական համալսարանի օտար լեզուների մասնագիտությունների, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի, Ռուս-հայկական /սլավոնական/ պետական համալսարանի մասնագիտությունների դիմորդների, որոնց փաստաթղթերի ընդունումը և ընդունելությունն իրականացվում է վերոնշյալ բուհերում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից տրված երաշխավորագրերի հիման վրա, համաձայն Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ընդունելության կարգի, ըստ որի փաստաթղթերի ընդունելությունը կատարվում է տվյալ տարվա մայիսի 5-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ մինչև ժամը 18:00-ն:
20. Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են տվյալ տարվա հունիսի 28-ից մինչև հուլիսի 20-ը ընկած ժամանակահատվածում` մինչև ժամը 18:00-ն:
21. Փաստաթղթերի ընդունման ժամկետը լրանալուց հետո դիմորդների կողմից ներկայացված լրացուցիչ փաստաթղթերը չեն ընդունվում:
22. Ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերն ընդունման ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չեն:
23. Բուհի ընդունելության գործընթացը կազմակերպում և իրականացնում է բուհի ընդունող հանձնաժողովը (այսուհետ` ընդունող հանձնաժողով):
24. Ընդունող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ռեկտորը (նախագահ), պրոռեկտորը (տեղակալ): Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարին, պատասխանատու քարտուղարի տեղակալին և անդամներին նշանակում է ընդունող հանձնաժողովի նախագահը: Ընդունող հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է տեխնիկական անձնակազմի միջոցով:
25. Դիմորդը փաստաթղթերը հանձնելու համար տեխնիկական անձնակազմի կողմից ստանում է անհրաժեշտ տեղեկություններ մասնագիտությունների ընտրության մասին, ծանոթանում դիմում-հայտը լրացնելու կարգին:
26. Դիմորդը լրացնում է ընդունելության դիմում-հայտը և ընդունելության համար պահանջվող փաստաթղթերի հետ միասին ներկայացնում ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարին:
27. Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը`
1) ստուգում է զորակոչային տարիք ունեցող արական սեռի դիմորդների զինվորական հաշվառման փաստաթղթի նշումները տարկետման իրավունքի կամ չզորակոչվելու պատճառի վերաբերյալ, ժամկետային զինվորական ծառայության ավարտի մասին տեղեկանքը և թույլատրում ընդունելու փաստաթղթերը.
2) ստուգում է ընդունելության դիմում-հայտը, այն հաստատում ստորագրությամբ, տալիս է ստացական փաստաթղթերն ընդունելու մասին: Դիմորդը, հանձնելով ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերը, ստորագրում է գրանցման մատյանում.
3) դիմորդին հայտնում է քննական թերթիկ ստանալու օրը:
28. Քննական թերթիկը պարունակում է դիմորդի տվյալները` անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրի կամ ծննդյան վկայականի սերիան, համարը, լուսանկարը, անձնական համարը, պահպանվող միասնական քննությունների ցանկը, ներբուհական քննությունները, դրանց հանձնելու օրը և ժամը, հայտագրված մասնագիտությունները, օլիմպիադայի դիպլոմի առկայության փաստը, դիմորդի մեդալակիր լինելու փաստը, ինչպես նաև տեղեկություններ զինվորական ծառայության մասին:
29. Դիմորդը դիմում-հայտի հետ միասին ներկայացնում է`
1) միջնակարգ կրթության ատեստատը, միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և մասնագիտական տեխնիկական կրթության մասին փաստաթուղթը (բնօրինակը).
2) 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի).
3) փաստաթուղթ զինվորական ծառայությանն առնչության մասին (զորակոչային տարիք ունեցող արական սեռի դիմորդներից փաստաթղթերն ընդունվում են զինվորական հաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշման առկայության դեպքում, իսկ նախկինում առողջական վիճակի կապակցությամբ տարկետում ստացածներից` ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի նշումների առկայության դեպքում).
4) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական): Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող` անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ.
5) զինվորական գրքույկ և զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու մասին.
6) սույն կարգի 84-85-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր.
7) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները.
8) ներբուհական յուրաքանչյուր քննության մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը.
9) գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից տրված վկայագիրը՝ միասնական քննությունների արդյունքների մասին:
30. Սույն կարգի 84-85-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդներն ազատվում են ընդունելության քննությունների վճարից:
31. Ընդունող հանձնաժողովն առանձին սոցիալական խմբերի քաղաքացիների կարող է ազատել ներբուհական քննությունների, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար սահմանված վճարից:
32. Գնահատման և թեստավորման կենտրոնն առանձին սոցիալական խմբերի քաղաքացիների կարող է ազատել «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Ռուսաց լեզու», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն) առարկաների միասնական քննությունների վճարից:
IV. ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱԳՐՈՒՄԸ
33. Դիմորդները ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են մասնագիտություններն ըստ ուսուցման անվճար և վճարովի համակարգերի: Համաձայն ընդունելության դիմում-հայտի` դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի քանի բուհերի` մինչև երկու անվճար և մինչև ութ վճարովի (վճարովի հայտերի նույն հերթականությամբ)` մասնագիտությունների մրցույթին` հանձնելով այդ մասնագիտությունների համար սահմանված բոլոր քննությունները:
34. Դիմորդը, ընդունելության դիմում-հայտում հայտագրված մասնագիտություններին համապատասխան, հայտագրում է միայն ներբուհական քննությունների առարկայացանկը (առանց միասնական քննությունների):
35. Տվյալ տարվա միասնական քննություններին մասնակցած դիմորդները կարող են «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Ռուսաց լեզու», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Oտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն) առարկաներից ստացած գնահատականները պահպանել միայն հաջորդ տարվա համար: Պահպանելով գնահատականը` դիմորդը կարող է նաև վերահանձնել այն և մրցույթին մասնակցել ավելի բարձր գնահատականով: Անբավարար գնահատական ստանալու դեպքում դիմորդը զրկվում է մրցույթին մասնակցելու իրավունքից:
36. 18 տարին լրացած, միասնական քննություններին մասնակցած, բայց ժամկետային զինվորական ծառայության անցնելու պատճառով պետական բուհերի ընդունելության մրցույթին չմասնակցած կամ մրցույթին մասնակցած, բայց բուհ չընդունված արական սեռի դիմորդները կարող են «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Ռուսաց լեզու», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Oտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն) առարկաներից ստացած գնահատականները պահպանել ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո կազմակերպվող ընդունելության քննությունների առաջին մրցույթի համար:
37. Չի թույլատրվում դիմորդի կողմից ներկայացնել մեկից ավելի ընդունելության դիմում-հայտ: Բազայում նույն դիմորդի մեկից ավելի ընդունելության դիմում-հայտերի առկայության դեպքում տվյալ դիմորդը զրկվում է ընդունելության քննություններին մասնակցելու իրավունքից:
38. Դիմորդներն ընտրած մասնագիտությունների կրկնվող առարկաների քննությունները հանձնում են մեկ անգամ:
39. Միջնակարգ կրթության ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից գնահատական չունեցող դիմորդները (Ա և Ա+Բ տարբերակները չհանձնած) «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության փոխարեն կարող են միասնական քննություն հանձնել «Ռուսաց լեզու» առարկայից, իսկ միջնակարգ կրթության ատեստատում կամ համապատասխան փաստաթղթում «Ռուսաց լեզու և գրականություն» առարկայից գնահատական չունեցողները կարող են միասնական քննություն հանձնել երկրորդ օտար լեզվից (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն), ընդ որում`
1) «030700-Միջազգային հարաբերություններ», «030600-Լրագրություն», «031000 - Հայոց լեզու և գրականություն», «051000-Մանկավարժություն և հոգեբանություն», «051100-Մանկավարժություն և մեթոդիկա», «032300-Թարգմանչական գործ» մասնագիտությունների դեպքում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը պարտադիր է.
2) «032400-Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության համար սահմանված «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության փոխարեն դիմորդները կարող են միասնական քննություն հանձնել «Օտար լեզու» առարկայից:
40. Միջնակարգ կրթության ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից (ավարտական, քննական) գնահատական չունեցող դիմորդները «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի ոչ մրցութային քննության գնահատականի փոխարեն կարող են օգտագործել միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի` «Ռուսաց լեզու և գրականություն» առարկայի (ավարտական, քննական) գնահատականը, իuկ «Ռուսաց լեզու և գրականություն» առարկայից գնահատական չունեցողները` օտար լեզվի (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն) առարկայի գնահատականը:
41. Միջնակարգ կրթության ատեստատում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից քննական գնահատական չունեցող դիմորդները «Հայոց լեզու և հայ գրականություն առարկայից» ոչ մրցութային քննության գնահատականի փոխարեն կարող են օգտագործել միջնակարգ կրթության ատեստատի «Հայոց լեզու» առարկայի ավարտական գնահատականը:
42. Միջնակարգ կրթության ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Օտար լեզու» առարկայից գնահատական չունեցող դիմորդներն օտար լեզվի միասնական քննության փոխարեն կարող են միասնական քննություն հանձնել «Ռուսաց լեզու» առարկայից, ընդ որում, «030700-Միջազգային հարաբերություններ», «031300-Օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն)», «030800-Արևելագիտություն (արաբագիտություն, իրանագիտություն, թուրքագիտություն)», «032300-Թարգմանչական գործ», «080000-Տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությունների խմբի մասնագիտությունների համար «Օտար լեզու» առարկայի միասնական քննությունը պարտադիր է, եթե ցանկով այլ քննություն նախատեսված չէ:
43. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Արցախի պետական համալսարանի «Ստոմատոլոգիա» մասնագիտության դիմորդներին իրավունք է վերապահվում իրենց ընտրությամբ հանձնել նշված երեք` «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» մրցութային քննություններից երկուսը:
44. Սույն կարգի 43-րդ կետում նշված մասնագիտությունների համար մրցույթն անցկացվում է դիմորդի կողմից դիմում-հայտում նշված քննությունների հերթականությամբ: Հավասար միավորների դեպքում առավելություն է տրվում դիմում-հայտում առաջինը նշած առարկայի քննական գնահատականին:
V. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՆ ՈՒՂՂԵԼԸ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼԸ
45. Դիմորդը կարող է ընդունելության դիմում-հայտում փոփոխություններ կատարել կամ հետ վերցնել մինչև փաստաթղթերի ընդունման ավարտը, որից հետո դիմում-հայտը փոփոխման ենթակա չէ:
46. Ընդունելության դիմում-հայտը հետ վերցնելու կամ դրանում փոփոխություն կատարելու համար դիմորդը դիմում է ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարին: Պատասխանատու քարտուղարն առանձնացնում է դիմորդի անձնական գործը, տալիս վերադարձման թույլտվություն` այն վավերացնելով բուհի կնիքով:
VI. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ՀԱՍՏԱՏԱԳՐՈՒՄԸ
47. Ընդունելության դիմում-հայտերի ընդունման ժամկետի ավարտից հետո ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարն ու հանրապետական ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը ստորագրում են ընդունելության դիմում-հայտերի բազայի մասին ակտ, որտեղ նշվում են ընդունելության դիմում-հայտերի թիվը, քննությունների թիվը, քննությունների համար վճարված ընդհանուր գումարը, քննությունների վարձից ազատված դիմորդների թիվը:
48. Բազայում կատարվող բոլոր փոփոխությունների և ճշտումների մասին կազմվում է արձանագրություն:
VII. ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿՈՐՑՐԱԾ ՔՆՆԱԿԱՆ ԹԵՐԹԻԿԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
49. Դիմորդը քննական թերթիկը կորցնելու մասին դիմում է ներկայացնում ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարին:
50. Ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը 24 ժամվա ընթացքում դիմորդին է տալիս նոր քննական թերթիկ:
51. Եթե քննական թերթիկը կորել է քննության օրը, դիմորդն այդ քննությունը հանձնում է նոր քննական թերթիկում նշանակված օրը:
52. Տվյալ առարկայի քննությունների վերջին օրը քննական թերթիկը կորցրած դիմորդին թույլատրվում է քննությունը հանձնել անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:
VIII. ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
53. Միասնական քննությունների կազմակերպումը`
1) միասնական քննությունները կազմակերպվում և անցկացվում են միասնական քննական կենտրոններում, որոնց ցանկը, գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացմամբ, մինչև ապրիլի 15-ը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարը (այսուհետ՝ նախարարը).
2) միասնական քննական կենտրոնների ղեկավարների (այսուհետ` կենտրոնի ղեկավար) կազմը մինչև տվյալ տարվա մայիսի 4-ը, գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի ներկայացմամբ հաստատում է նախարարը.
3) կենտրոնի ղեկավարը կազմակերպում է քննական գործընթացը տվյալ քննական կենտրոնում` սույն կարգի պահանջներին համապատասխան.
4) միասնական քննությունների օրերն ըստ առարկաների հաստատում է գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենը: Միասնական քննությունները կազմակերպվում են տվյալ տարվա հունիսի 1-ից մինչև օգոստոսի 1-ը ընկած ժամանակահատվածում.
5) միասնական քննության անցկացման գործընթացի մասնակիցներն են` կենտրոնի ղեկավարը, նախարարի լիազորները, գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչը, միասնական քննության ընթացքի կազմակերպիչը (այսուհետ` կազմակերպիչ) և պատասխանատու կազմակերպիչը, համակարգչային օպերատորը (այսուհետ` օպերատոր), միասնական քննական կենտրոնի հերթապահը (այսուհետ` հերթապահ), որոնք իրենց աշխատանքը միասնական քննությունների ընթացքում իրականացնում են գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի կողմից հաստատված աշխատակարգերի համաձայն.
6) միասնական քննական կենտրոնում միասնական քննության ընթացքը կազմակերպում են կազմակերպիչները: Կենտրոնի ղեկավարը յուրաքանչյուր քննասենյակի համար տվյալ քննասենյակի կազմակերպիչներից մեկին նշանակում է պատասխանատու կազմակերպիչ.
7) համակարգչային աշխատանքներն իրականացնում են ուսուցում անցած օպերատորները, որոնց կազմը հաստատում է գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենը: Հերթապահների կազմը հաստատում է կենտրոնի ղեկավարը.
8) կազմակերպիչներն ըստ քննական կենտրոնների բաշխվում են քննության նախորդ օրը` գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչի կազմակերպած վիճակահանության միջոցով: Նույն օրը գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչը տվյալ քննական կենտրոնի ղեկավարին է հանձնում քննական կենտրոնի կազմակերպիչների ցուցակը.
9) քննական կենտրոնում քննասենյակները համարակալվում են հերթական համարներով: Քննական կենտրոնի դիմորդները բաժանվում են հերթական թվերով համարակալված խմբերի: Խմբում դիմորդների թիվը չի կարող գերազանցել 20-ը: Եթե քննասենյակում կան մեկից ավելի խմբեր, ապա առաջին 40 դիմորդի համար քննասենյակում աշխատանքները համակարգում են 2 կազմակերպիչ, 40 անձից բաղկացած հաջորդ խմբի (խմբերի) համար` մեկ կազմակերպիչ, վերջին 1-40 դիմորդների համար՝ ևս մեկ կազմակերպիչ.
10) քննական կենտրոնի քննասենյակների մուտքի մոտ նշվում են տվյալ քննասենյակի խմբերի հերթական համարները.
11) քննությունն սկսվելուց 1,5 ժամ առաջ քննական կենտրոնի ղեկավարը սահմանված ձևի արձանագրությունում գրանցում է կազմակերպիչներին, համակարգչային օպերատորներին և հերթապահներին.
12) քննությունն սկսվելուց առնվազն մեկ ժամ առաջ կենտրոնի ղեկավարը գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչի ներկայությամբ այն առևտրային բանկերից, որոնք իրականացնում են քննական թեստերի փաթեթների պահեստավորում, ստանում է քննական թեստերի փաթեթները: Կենտրոնի ղեկավարը վիճակահանությամբ կատարում է կազմակերպիչների բաշխում ըստ խմբերի, յուրաքանչյուր քննասենյակի պատասխանատու կազմակերպչին տալիս է տվյալ քննասենյակի խմբերի համար նախատեսված թեստերի պատասխանների ձևաթղթերի (այսուհետ` պատասխանների ձևաթուղթ) ծրարները, խմբերի դիմորդների ցուցակները, որից հետո սկսվում է դիմորդների մուտքը քննասենյակներ.
13) պատասխանների ձևաթղթերի ծրարը պարունակում է`
ա. պատասխանների 20 ձևաթուղթ, որոնք տրվում են դիմորդներին,
բ. պատասխանների լրացուցիչ ձևաթղթեր, որոնք մնում են կենտրոնի ղեկավարի մոտ և օգտագործվում են պատասխանների ձևաթղթերի խոտանման դեպքերում.
14) յուրաքանչյուր խմբի համար նախատեսվում է պատասխանների լրացուցիչ երկու ձևաթուղթ.
15) հերթապահներին տեղաբաշխում է քննական կենտրոնի ղեկավարը` կազմելով համապատասխան արձանագրություն.
16) քննության օրը դիմորդը քննությունն սկսվելուց առնվազն մեկ ժամ առաջ ներկայանում է քննական կենտրոն` իր հետ ունենալով անցաթուղթը, անձը հաստատող այն փաստաթուղթը, որը նշված է քննության դիմում-հայտում.
17) դիմորդների մուտքը քննական կենտրոն սկսվում է կենտրոնի ղեկավարի հրահանգով.
18) դիմորդն անձը հաստատող փաստաթուղթը և անցաթուղթը ներկայացնում է հերթապահին և նրա հրահանգով մոտենում օպերատորին: Օպերատորը համադրում է անցաթղթի և դիմորդի մասին բազայի տվյալները, բազայում կատարում նշում դիմորդի` քննությանը ներկայանալու մասին, իսկ անցաթղթի վրա գրում խմբի համարը: Հերթապահները, պատերին փակցված լրացուցիչ ուղեսլաքները դիմորդներին օգնում են գտնել քննասենյակը և խումբը.
19) դիմորդի մուտքը քննասենյակ կազմակերպվում է ոչ պակաս, քան երկու կազմակերպիչների կողմից. դիմորդը քննասենյակում չի կարող ունենալ այլ առարկաներ` բացառությամբ անձը հաստատող փաստաթղթի և անցաթղթի.
20) դիմորդը մոտենում է իր խմբի կազմակերպչին և ստանում պատասխանների ձևաթուղթը, ցուցակում ստորագրում իր անվան դիմաց և նստում ըստ վիճակահանության արդյունքի` համապատասխան նստարանին.
21) դիմորդներին քննասենյակում տեղավորելուց հետո պատասխանատու կազմակերպիչը դիմորդների համար ընթերցում է քննասենյակում քննության անցկացման կարգը, տեղեկացնում բողոքարկման տեսակների և կարգի մասին: Դիմորդները պատասխանների ձևաթղթերում լրացնում են իրենց անունը, ազգանունը և անցաթղթերի անձնական համարները: Այնուհետև կազմակերպիչները մոտենում են դիմորդներին, կտրում պատասխանների ձևաթղթերի անձնական տվյալները պարունակող մասերը, հաշվում և հանձնում քննասենյակի պատասխանատու կազմակերպչին.
22) քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը պատասխանների ձևաթղթերի անձնական տվյալները պարունակող մասերն առնվազն 2 կազմակերպչի մասնակցությամբ հաշվում, ստուգում, այնուհետև տեղավորում է այդ նպատակով ստացված ծրարում` ծրարի վրա գրելով քննասենյակի, խմբերի համարները և կտրված մասերի թիվը.
23) քննությունն սկսվելուց 20 րոպե առաջ քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը, քննական կենտրոնի ղեկավարից գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչի ներկայությամբ ստանալով խմբերի թվին համապատասխան թեստերի փաթեթները, դրանք բերում է քննասենյակ: Քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը թեստերի փաթեթները ցուցադրում է դիմորդներին` նրանց ուշադրությունը հրավիրելով փաթեթների փակ և ամբողջական լինելու հանգամանքի վրա:
54. Միասնական քննության անցկացումը`
1) թեստերի փաթեթները բացելու համար պատասխանատու կազմակերպիչը հրավիրում է առաջին նստարաններին նստած դիմորդներին (նրանցից որևէ մեկի բացակայության դեպքում` հաջորդ դիմորդին): Փաթեթների բացման վերաբերյալ արձանագրությունների համապատասխան տողում խմբերի կազմակերպիչները կատարում են նշում, որի դիմաց ստորագրում է փաթեթը բացած դիմորդը.
2) խմբերի կազմակերպիչները բաժանում են թեստերը: Դիմորդը, ստանալով իր թեստը, ստուգում է այն և թեստի շապիկի համապատասխան մասում գրում իր խմբի և նստարանի համարները. պատասխանատու կազմակերպիչը հայտարարում է քննության սկիզբը, տևողությունը և գրատախտակին նշում քննության սկզբի և ավարտի վերաբերյալ.
3) միասնական քննությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր քննական կենտրոններում սկսվում է նույն ժամին` 9.30-ին.
4) ավելորդ (չօգտագործված, խոտանված) քննական թեստերի առկայությունը քննասենյակի պատասխանատու կազմակերպիչն արձանագրում է, հաշվարկում և հանձնում է կենտրոնի ղեկավարին.
5) միասնական քննության ընթացքում արգելվում է խոսելը, տեղը փոխելը, թեստերը և պատասխանների ձևաթղթերը փոխանակելը, արտագրելը, բջջային հեռախոսներից կամ կապի այլ միջոցներից օգտվելը.
6) միասնական քննության ընթացքում քննասենյակից դիմորդը կարող է դուրս գալ միայն ըստ անհրաժեշտության` զուգարանից օգտվելու կամ վատառողջության դեպքում, քննասենյակի պատասխանատու կազմակերպչի թույլտվությամբ և հերթապահի ուղեկցությամբ.
7) քննասենյակում թեստի բովանդակության վերաբերյալ դիմորդի հարցերը չեն քննարկվում.
8) միասնական քննության ընթացքում ի հայտ եկած տպագրական կամ այլ թերություններ ունեցող թեստերն ու պատասխանների ձևաթղթերը նորով փոխարինում է քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը` կենտրոնի ղեկավարի, նախարարի լիազորի, գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչի ներկայությամբ` արձանագրելով այդ փաստը: Թերություններ ունեցող պատասխանների ձևաթղթերի և թեստերի վրա գրվում է «Խոտանված է».
9) դիմորդների կողմից քննական առաջադրանքների կատարման ժամանակ քննասենյակներում, բացի պատասխանատու կազմակերպչից և կազմակերպիչներից, կարող են ներկա գտնվել միայն քննական կենտրոնի ղեկավարը, նախարարի լիազորներն ու գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչը.
10) միասնական քննության ավարտից 30 րոպե առաջ քննասենյակի պատասխանատու կազմակերպիչը դիմորդների ուշադրությունն է հրավիրում ժամանակի վրա և հիշեցնում առաջադրանքների պատասխանները թեստերից պատասխանների ձևաթղթերի վրա անցկացնելու մասին.
11) կազմակերպիչները քննության ամբողջ ընթացքում պետք է մնան քննասենյակներում: Նրանց արգելվում է օգտվել բջջային հեռախոսներից և կապի այլ միջոցներից: Սույն պահանջների խախտման համար կենտրոնի ղեկավարը, համաձայնեցնելով նախարարի լիազորի կամ գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչի հետ, կարող է հեռացնել կազմակերպչին քննասենյակից: Կազմակերպչին քննասենյակից հեռացնելն արձանագրվում և ստորագրվում է նախարարի լիազորի, գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչի և կենտրոնի ղեկավարի կողմից.
12) պատասխանատու կազմակերպիչն իրավունք ունի մեկ անգամ նախազգուշացնելու դիմորդին, արձանագրելու նախազգուշացումը, կրկնվելու դեպքում, կենտրոնի ղեկավարին տեղեկացնելով, դիմորդին հեռացնելու քննասենյակից, եթե նա առանց թույլտվության դուրս է եկել քննասենյակից, խոսել է այլ դիմորդների հետ, տեղը փոխել է: Եթե դիմորդն օգտվել է բջջային հեռախոսից, կապի այլ միջոցներից, արտագրել է, ապա պատասխանատու կազմակերպիչը տեղեկացնում է կենտրոնի ղեկավարին և խախտում թույլ տված դիմորդին հեռացնում քննասենյակից.
13) հեռացվող դիմորդից վերցվում է թեստը, դիմորդի պատասխանների ձևաթղթի վրա գրվում է «Հեռացված է քննությունից», տվյալ խմբի և քննասենյակի արձանագրությունների մեջ գրանցվում է այդ փաստը, հեռացվողի անունը, ազգանունը, հեռացման պատճառը.
14) դիմորդի` քննությունից հեռացվելու փաստը դիմորդի բողոքի հիման վրա քննարկվում է նախարարի հրամանով ստեղծված բողոքարկման հանձնաժողովում, որն ընդունում է որոշում դիմորդին լրացուցիչ քննությանը թույլատրելու մասին.
15) միասնական քննության ընթացքում հիվանդության պատճառով (բժշկի թույլտվությամբ) քննությունն ընդհատած դիմորդից վերցվում է թեստը, պատասխանների ձևաթղթի վրա գրվում է «Քննությունն ընդհատել է հիվանդության պատճառով», տվյալ խմբի և քննասենյակի արձանագրություններում գրանցվում է այդ փաստը` նշելով քննությունն ընդհատած դիմորդի անունը, ազգանունը.
16) հարգելի պատճառով միասնական քննությանը չներկայացած (փաստաթղթով հիմնավորված), հիվանդության պատճառով միասնական քննությունն ընդհատած, ինչպես նաև բողոքարկման հանձնաժողովի որոշմամբ լրացուցիչ միասնական քննությանը թույլատրված դիմորդը քննություն է հանձնում լրացուցիչ միասնական քննության օրը:
55. Միասնական քննության ավարտը`
1) քննության համար նախատեսված ժամանակից շուտ ավարտած (ընդհատած) դիմորդը գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչի թույլտվությամբ մոտենում է օպերատորին, պատճենահանում պատասխանների ձևաթուղթը, այնուհետև մոտենում իր խմբի կազմակերպչին: Թեստը և պատասխանների ձևաթուղթը դիմորդը կազմակերպչին է հանձնում` ստորագրելով իր խմբի դիմորդների ցուցակի համապատասխան տեղում: Կազմակերպիչը համեմատում է թեստի և պատասխանների ձևաթղթում նշված թեստի համարները: Պատասխանների ձևաթղթի պատճենահանված օրինակը դիմորդը պահում է իր մոտ.
2) քննության համար հատկացված ժամանակի ավարտին կազմակերպիչները, յուրաքանչյուր դիմորդի պատասխանների ձևաթուղթը դնելով թեստի մեջ, հավաքում են սեղաններից, այնուհետև ընթերցում են թեստի վրա գրված սեղանի համարը, համապատասխան դիմորդը մոտենում է կազմակերպչին, վերցնում իր պատասխանների ձևաթուղթը, պատճենահանում, պատասխանների ձևաթուղթը հանձնում իր խմբի կազմակերպչին, ստորագրում իր անվան դիմաց դիմորդների ցուցակում և դուրս գալիս քննասենյակից: Այդ ընթացքում մյուս դիմորդները մնում են իրենց տեղերում` մինչև պատճենահանման իրենց հերթը հասնելը.
3) քննության ավարտից հետո քննասենյակի յուրաքանչյուր խմբից վերջինը դուրս եկող դիմորդի ներկայությամբ խմբի կազմակերպիչը պատասխանների ձևաթղթերը (օգտագործված, չօգտագործված, խոտանված), քննության ընթացքում հիվանդացած դիմորդին տրված բժշկի տեղեկանքը, դիմորդին քննությունից հեռացնելու, ինչպես նաև խոտանված ձևաթղթի մասին արձանագրությունները, խմբի դիմորդների ցուցակը հաշվում և հանձնում է պատասխանատու կազմակերպչին.
4) քննության ժամանակի ավարտից հետո ոչ ուշ, քան 30 րոպեի ընթացքում պատասխանատու կազմակերպիչը լրացնում է տվյալ քննասենյակում անցկացված քննության արձանագրությունը.
5) պատասխանատու կազմակերպիչը խմբերի պատասխանների ձևաթղթերի (օգտագործված, չօգտագործված, խոտանված), խմբերի դիմորդների ցուցակների ծրարները, քննասենյակի արձանագրության, պատասխանների ձևաթղթերի կտրված մասերի ծրարները և թեստերը (օգտագործված, չօգտագործված) հաշվում և հանձնում է կենտրոնի ղեկավարին.
6) կենտրոնի ղեկավարը, նախարարի լիազորի կամ գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչի հետ համատեղ, ներկայացված պատասխանների ձևաթղթերը, խմբերի ցուցակները պարունակող և քննասենյակներից ստացված կտրված մասերով ծրարները վերահաշվելով, ձևակերպում է քննական կենտրոնում անցկացված քննության արձանագրությունը:
56. Քննական նյութերի` թեստերի, պատասխանների ձևաթղթերի ծրարների, արձանագրությունների տեղափոխումը`
1) կենտրոնի ղեկավարը յուրաքանչյուր քննասենյակի պատասխանատու կազմակերպչի ներկայությամբ ծրարները տեղավորում է համապատասխան արկղում` գնահատման և թեստավորման կենտրոն տեղափոխելու համար.
2) քննական կենտրոնի ղեկավարը քննական նյութերը գնահատման և թեստավորման կենտրոն է տեղափոխում քննության ավարտից հետո և նույն օրվա ընթացքում գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչի հետ տեղափոխում է Հայաստանի Հանրապետության գնահատման և թեստավորման կենտրոն.
3) Հայաստանի Հանրապետության գնահատման և թեստավորման կենտրոնում քննական կենտրոնի ղեկավարի և քննական կենտրոնում գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչի մասնակցությամբ ընդունվում են քննական նյութերը: Պատասխանների ձևաթղթերը հաշվվում են, սկանավորվում: Պատասխանների ձևաթղթերի կտրված մասերի հաշվումից հետո կազմվում է բոլոր նյութերի հանձնման և ընդունման արձանագրություն:
57. Պատասխանների ձևաթղթերի ստուգումը`
1) պատասխանների ձևաթղթերն ստուգվում են Հայաստանի Հանրապետության գնահատման և թեստավորման կենտրոնում` համակարգչային սարքավորումների ու ծրագրերի միջոցով.
2) թեստերը չեն ստուգվում: Սկանավորվում, ճանաչվում և գնահատվում են միայն պատասխանների ձևաթղթերը.
3) պատասխանների ձևաթղթերի կտրված մասերի վերծանումից հետո ստուգման տվյալները գրանցվում են որպես դիմորդի քննական արդյունք:
58. Միասնական քննությունների արդյունքների հրապարակումը`
1) քննական աշխատանքների արդյունքները հրապարակվում են քննությունից հետո 5-րդ օրը.
2) գնահատման և թեստավորման կենտրոնում քննությունների արդյունքների ցուցակներն առանձնացվում են ըստ քննական կենտրոնների, առարկաների և քննություններին մասնակցած դպրոցների.
3) քննական արդյունքների ցուցակները վավերացվում են գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի կողմից.
4) կենտրոնի ղեկավարն աշխատանքների ստուգման ավարտից հետո գնահատման և թեստավորման կենտրոնից ստանում է քննություն հանձնած դիմորդների քննական արդյունքների ցուցակը.
5) կենտրոնի ղեկավարը քննական արդյունքների ցուցակը փակցնում է քննական կենտրոնի տեղակայման հաստատության մուտքի մոտ: Միասնական քննությանը մասնակցած դիմորդների քննության ավարտական մասի քննական արդյունքների ցուցակը գնահատման և թեստավորման կենտրոնը կրթության բաժինների միջոցով ուղարկում է դպրոցներ.
6) միասնական քննության ավարտական մասի արդյունքը դպրոցը գրանցում է դիմորդի` միջնակարգ կրթության ատեստատում.
7) դիմորդը քննության արդյունքի մասին տեղեկություն կարող է ստանալ իր դպրոցից, քննական կենտրոնից.
8) միասնական քննություն հանձնած դիմորդներին տրվում են վկայագրեր, որտեղ նշվում են դիմորդի կողմից միասնական քննություններից ստացված միավորները.
9) վկայագրի ձևը հաստատում է գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենը.
10) դիմորդները մինչև հունիսի 30-ը վկայագրերն ստանում են դպրոցներից` ներկայացնելով քննության դիմում-հայտերի լրացման համար հիմք ընդունված անձնագիրը կամ ծննդյան վկայականը:
59. Միասնական քննության արդյունքների և անցկացման կարգի խախտման բողոքարկումը`
1) բողոքարկումը կարող է լինել`
ա. քննության անցկացման կարգի խախտման մասին,
բ. քննության արդյունքի հետ անհամաձայնության մասին.
2) բողոք-դիմումը շարադրվում է ձևաթղթի վրա.
3) միասնական քննության անցկացման կարգի խախտման վերաբերյալ դիմորդը կարող է բողոքել քննության օրը (քննության պահին կամ ավարտից հետո` մինչև քննասենյակից դուրս գալը)` բողոքը ներկայացնելով պատասխանատու կազմակերպչին կամ գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցչին.
4) բողոք-դիմումի պատճենի կամ երկրորդ օրինակի վրա պատասխանատու կազմակերպիչը կատարում է «Ընդունված է` բողոքարկման հանձնաժողով ներկայացնելու համար» նշումը և վերադարձնում դիմորդին:
5) պատասխանատու կազմակերպիչը գրում է բացատրություն` այն կցելով բողոք-դիմումին և հանձնում կենտրոնի ղեկավարին.
6) կենտրոնի ղեկավարը, ստանալով պատասխանատու կազմակերպչի բացատրությունն ու դիմորդի բողոք-դիմումը, առանձին ծրարով, համապատասխան արձանագրության հետ միասին ներկայացնում է գնահատման և թեստավորման կենտրոն.
7) բողոքարկման հանձնաժողովը, քննարկելով բողոք-դիմումը, այն համարում է հիմնավոր, եթե գտնում է, որ բողոք-դիմումում շարադրված հանգամանքները դիմորդի կողմից առաջադրանքների ոչ լիարժեք կատարման պատճառ են դարձել.
8) բողոքարկման հանձնաժողովը բողոք-դիմումի վերաբերյալ որոշում է ընդունում բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում բողոքարկման հանձնաժողովի նախագահն ունի վճռորոշ ձայն.
9) բողոքը հիմնավոր համարելու դեպքում բողոքարկման հանձնաժողովը որոշում է ընդունում դիմորդին թույլատրել մասնակցելու լրացուցիչ քննությանը.
10) բողոքարկման հանձնաժողովը չի քննարկում բողոք-դիմում`
ա. դիմորդի կողմից իր մեղքով քննական հրահանգների չկատարման հետևանքով առաջացած թերությունների վերաբերյալ,
բ. դիմորդի կողմից պատասխանների ձևաթղթի լրացման ընթացքում թույլ տրված վրիպումների կամ սխալների վերաբերյալ.
11) միասնական քննության արդյունքի հետ անհամաձայնության դեպքում դիմորդն արդյունքների հրապարակման հաջորդ օրը ժամը 9:00-18:00-ն կարող է բողոքարկել այն.
12) արդյունքի հետ անհամաձայնության վերաբերյալ բողոք-դիմումը դիմորդն անձամբ հանձնում է այն կենտրոնի ղեկավարին, որտեղ հանձնել է քննությունը: Կենտրոնի ղեկավարն ստացված բողոք-դիմումները գնահատման և թեստավորման կենտրոն է տեղափոխում բողոքարկման ժամկետի ավարտից հետո 24 ժամվա ընթացքում.
13) բողոք-դիմումի քննարկման արդյունքում կարող է որոշում ընդունվել քննության արդյունքի պահպանման, բարձրացման կամ իջեցման մասին: Բողոքարկման հանձնաժողովի ընդունած որոշման հիման վրա հիմնական փուլի միասնական քննությունների բողոքարկման արդյունքները հրապարակվում են տվյալ փուլի վերջին քննության ավարտից հետո եռօրյա ժամկետում, իսկ միասնական քննությունների լրացուցիչ փուլի բողոքարկման արդյունքները հրապարակվում են տվյալ փուլի վերջին քննության ավարտից հետո եռօրյա ժամկետում:
IX. ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԱՆՑԿԱՑՈՒՄԸ, ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
60. Ներբուհական ընդունելության քննությունները կազմակերպվում են բուհերում տվյալ տարվա հուլիսի 21-26-ը ընկած ժամանակահատվածում:
61. Ներբուհական ընդունելության քննությունների անցկացման համար բուհի ռեկտորի (տնօրենի) հրամանով տվյալ քննությունից 2 օր առաջ ստեղծվում են առարկայական քննական հանձնաժողովներ (այսուհետ` քննական հանձնաժողով):
62. Քննական հանձնաժողովները կազմված են նախագահից և անդամներից:
63. Քննական հանձնաժողովը կազմում է քննական տոմսերը, տարբերակները և քննական այլ նյութեր, ստորագրում և ծրարում է քննական տոմսերի բնագրերը, որոնք կնքվում են բուհի կնիքով և մինչև տվյալ քննության օրը պահվում են ընդունող հանձնաժողովի նախագահի մոտ:
64. Ներբուհական քննության արձանագրությունը պարտադիր կերպով ստորագրում են քննական հանձնաժողովի անդամները, քննական հանձնաժողովի նախագահը, պատասխանատու քարտուղարը և հաստատվում է ընդունող հանձնաժողովի նախագահի կողմից:
65. Ներբուհական բանավոր քննության կազմակերպումը, անցկացումը և գնահատականի բողոքարկումը`
1) բանավոր քննության քննական հանձնաժողովի նախագահը քննության օրը բուհի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարից ստանում է դիմորդների ցուցակը.
2) դիմորդները քննասենյակ են մտնում դիմորդների ցուցակում իրենց անունների հերթականությանը համապատասխան.
3) ցուցակի, անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, իսկ անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող անձը հաuտատող ժամանակավոր փաստաթուղթ) և քննական թերթիկի համապատասխանությունն ստուգում են հանձնաժողովի նախագահը կամ պատասխանատու քարտուղարը.
4) քննատոմսն ընտրելուց հետո քննասենյակում դիմորդն ստանում է բանավոր հարցման թերթ, որտեղ կարող է գրի առնել իր պատասխանը, լրացուցիչ հարցերը և դրանց պատասխանները.
5) դիմորդի պատասխանը գնահատվում է 20 միավորանոց համակարգով: Անբավարար և 8, 18-20 գնահատականները համաձայնեցվում են առարկայական քննական հանձնաժողովի նախագահի հետ.
6) դիմորդների վիճահարույց աշխատանքները գնահատվում են քննական հանձնաժողովի կողմից` քվեարկության միջոցով: Բանավոր քննության արձանագրությունը, բացի քննական հանձնաժողովի նախագահից, ստորագրում են ևս 2 քննող դասախոս.
7) բանավոր քննության գնահատականը դիմորդին հայտնվում է քննության օրը` քննասենյակում: Բանավոր քննության գնահատականը դիմորդն իրավունք ունի բողոքարկելու քննական հանձնաժողովի նախագահին` առանց քննասենյակից դուրս գալու:
66. Գրավոր քննության անցկացումը`
1) հանձնաժողովի նախագահը գրավոր քննության օրն ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարից ստանում է դիմորդների ցուցակը.
2) դիմորդների մուտքը գրավոր քննության քննասենյակ կատարվում է համաձայն դիմորդների ցուցակի.
3) ցուցակի, անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, իսկ անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ) և քննական թերթիկի համապատասխանությունն ստուգում են առարկայական հանձնաժողովի նախագահը, գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչը կամ պատասխանատու քարտուղարը.
4) քննական հանձնաժողովի նախագահն ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի հետ ճշտում է քննությանը ներկայացած դիմորդների թիվը, որից հետո քննական տետրերը բաժանում են դիմորդներին, բացատրում տիտղոսաթերթի լրացման ձևը.
5) քննական տետրերը բաղկացած են տիտղոսաթերթից և 10 թերթից, ծածկագրված են, կնքված ընդունող հանձնաժողովի կողմից.
6) ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարն ստուգում է տիտղոսաթերթի ճիշտ լրացումը, կազմում արձանագրություն տիտղոսաթերթերի քանակի մասին. ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը դրանք ապածածկագրում է և գրանցում տվյալները.
7) ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարն արձանագրությունը քարտուղարություն է հանձնում քննությունից հետո.
8) քննական տարբերակները դրվում են սեղանին, դահլիճից հրավիրվում են դիմորդներ` ընտրելու համապատասխան քանակի քննական տարբերակներ: Գործընթացին կարող են ներկա լինել դիմորդների ծնողները.
9) գրավոր քննության ամբողջ ընթացքում քննասենյակում պետք է ներկա լինեն քննական հանձնաժողովի նախագահը և պատասխանատու քարտուղարը:
67. Գրավոր քննության քննական աշխատանքների ստուգումը`
1) քննության ավարտից հետո դիմորդները քննական տետրերը հանձնում են քննական հանձնաժողովի նախագահին: Պատասխանատու քարտուղարը գրավոր աշխատանքի չլրացված տեղերում նշում է կատարում լատիներեն «զեթ» տառի տեսքով.
2) քննական հանձնաժողովի նախագահը դրանք հանձնում է հանձնաժողովի անդամներին` ստուգման.
3) ստուգումն իրականացվում է քննության օրը` քննասենյակում.
4) ստուգման ընթացքը վերահսկվում է ընդունող հանձնաժողովի կողմից.
5) գրավոր քննության քննական աշխատանքների ստուգումից հետո քննական հանձնաժողովի նախագահի հսկողությամբ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարն ստուգում է տետրերում միավորների գումարումը և վերջնական գնահատականի գրանցումը, ապածածկագրում տետրերը, կազմում քննական աշխատանքների ծածկագրերի արձանագրությունը երեք օրինակից, որոնց վրա ստորագրում են առարկայական հանձնաժողովի նախագահը, ստուգող հանձնաժողովի անդամները, պատասխանատու քարտուղարը: Արձանագրություններից երկուսը պատասխանատու քարտուղարը քննական տետրերի հետ միասին պահում է իր մոտ, իսկ բնօրինակը հանձնում ընդունող հանձնաժողովի նախագահին: Նշված գործընթացը վերահսկվում է ընդունող հանձնաժողովի նախագահի կողմից.
6) անբավարար, 8, 18-20 գնահատականները համաձայնեցվում են առարկայական քննական հանձնաժողովի նախագահի հետ.
7) գնահատականները հայտարարվում և ցուցակները փակցվում են մինչև քննությունը հանձնելու հաջորդ օրը, ժամը 16.00-ը:
68. Գրավոր քննության գնահատականի բողոքարկումը`
1) դիմորդը կարող է բողոքարկել իր գնահատականը գրավոր քննությունների գնահատականների ցուցակները փակցնելու հաջորդ օրը` ժամը 9.00-18.00-ի ընթացքում.
2) բողոքարկման համար դիմորդը դիմում է ներկայացնում պատասխանատու քարտուղարին: Դիմումների ընդունման ժամկետի ավարտից հետո պատասխանատու քարտուղարը դիմումները հանձնում է քննական հանձնաժողովի նախագահին.
3) դիմումում նշվում է գրավոր քննական աշխատանքի այն հատվածը, որի գնահատման հետ դիմորդը համաձայն չէ.
4) բողոքարկման ժամանակ հանձնաժողովը վերանայում է միայն դիմորդի կողմից նշված հատվածը (հատվածները): Մյուս հատվածների վերանայումը և վերագնահատումը չի թույլատրվում.
5) քննական հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի` բողոքարկված գրավոր քննության քննական աշխատանքն ստուգած անդամը քննարկում են գրավոր քննական աշխատանքի բողոքարկված հատվածը` դիմորդի և նրա կողմից հրավիրված մասնագետի հետ.
6) բողոքարկված գրավոր քննության քննական աշխատանքի գնահատականը կարող է բարձրացվել, իջեցվել կամ չփոփոխվել.
7) բողոքարկման արդյունքները լրացվում են գնահատման էջի համապատասխան մասում, պարտադիր գրախոսվում քննական հանձնաժողովի նախագահի կողմից և հանձնվում պատասխանատու քարտուղարին.
8) գրավոր քննական աշխատանքի գնահատականի փոփոխման դեպքում պատասխանատու քարտուղարին է ներկայացվում քննական հանձնաժողովի նախագահի արձանագրությունը.
9) գրավոր քննության քննական աշխատանքի բողոքարկման արդյունքը ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում հրապարակվում է.
10) գրավոր քննության բողոքարկված քննական աշխատանքի վերագնահատման հետ անհամաձայնության դեպքում բողոքարկման արդյունքի հրապարակման հաջորդ օրը ժամը 9.00- 18.00-ի ընթացքում դիմորդը կարող է դիմել բողոքարկման հանձնաժողովին.
11) բողոքարկման հանձնաժողովի կողմից հրավիրված փորձագետը, որը պետք է ունենա տվյալ առարկայից առնվազն հինգ տարվա մանկավարժական գործունեության փորձ և համապատասխան մասնագիտության գիտական աստիճան, ներկայացնում է եզրակացություն, որի հիման վրա բողոքարկման հանձնաժողովը մեկօրյա ժամկետում ընդունում է վերջնական որոշում գնահատականը բարձրացնելու, իջեցնելու կամ նույնը թողնելու մասին.
12) սույն կարգի 68-րդ կետի 11-րդ ենթակետով նախատեսված բողոքարկման ընթացքում վերանայվում է գրավոր աշխատանքի միայն բողոքարկված մասը.
13) գնահատականի փոփոխման դեպքում բողոքարկման հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ համապատասխան արձանագրություն է ներկայացվում ընդունող հանձնաժողովի նախագահին:
69. Ներբուհական ընդունելության մյուս առարկաների քննությունները կազմակերպվում են սույն կարգի 60-64-րդ կետերի պահանջներին համապատասխան`
1) ներբուհական ընդունելության քննություններն անցկացվում են տվյալ մասնագիտության մասնագիտական առարկաների առանձնահատկություններին և ծրագրերի պահանջներին համապատասխան.
2) ներբուհական ընդունելության քննությունների արդյունքների բողոքարկումն անցկացվում է սույն կարգի 65-րդ կետի 7-րդ ենթակետի պահանջներին համապատասխան` բացառությամբ «Գծանկար», «Գծագրություն»,«Գունանկար», «Նկարչություն» առարկաների քննությունների արդյունքների բողոքարկման, որոնց քննությունների արդյունքների բողոքարկումն անցկացվում է սույն կարգի 68-րդ կետի պահանջներին համապատասխան:
70. Հարգելի պատճառով ներբուհական քննությանը չներկայացած դիմորդներին թույլատրվում է հանձնել լրացուցիչ քննություն՝ քննացուցակով այդ առարկայից սահմանված քննության օրերին. քննացուցակով տվյալ առարկայից քննություն չլինելու դեպքում դիմորդը դուրս է մնում:
X. ԲՈՒՀԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
71. Ընդունելության քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով: Դրական են համարվում ութ և բարձր միավորները: 7.5 միավորը հավասարեցվում է 8.0 միավորի` ապահովելով դիմորդի դրական միավորը: 7.5-ից բարձր միավորները գնահատվում են հարյուրերորդական մասի պահպանմամբ` տվյալ առարկայի գնահատման չափանիշներով սահմանված քայլերին համապատասխան:
72. «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Ռուսաց լեզու», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Oտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն) առարկաների միասնական քննությունների գնահատականները համարժեքացվում են 20 միավորային համակարգին:
73. Դիմորդն անվճար և վճարովի ուսուցմամբ հայտագրած համապատասխան մասնագիտությունների մրցույթներին մասնակցում է մրցութային քննություններից ստացած դրական միավորների գումարով` հարյուրերորդական մասի պահպանմամբ: Այն մասնագիտությունների համար, որոնք ընդունելության քննությունների ցանկում նշված են որպես ոչ մրցութային, դիմորդը մրցույթին մասնակցում է այդ առարկաներից դրական միավոր ստանալու դեպքում:
74. Բուհերում մասնագիտությունների մրցույթն անցկացվում է մասնագիտությունների համապատասխան ուղղվածությամբ` ըստ մասնագիտությունների:
75. Անվճար և վճարովի ուսուցման ընդունելության մրցույթներն անցկացվում են մեկ փուլով:
76. Մասնագիտությունների մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել վճարովի` առանց տարկետման իրավունքի տեղերի մրցույթին` հայտագրած վճարովի տեղերի հայտերի հերթականությամբ` դիմում-հայտում համապատասխան նշման դեպքում:
77. Մասնագիտությունների մրցույթն անցկացվում է անվճար ուսուցման առաջին հայտագրված մասնագիտության գերակայությամբ:
78. Առաջին հայտագրված մասնագիտության մրցույթով չանցած դիմորդների համար անվճար և վճարովի ուսուցման մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտում հայտագրված մաuնագիտությունների հերթականությանը համապատասխան:
79. Ընդունելության դիմում-հայտում հայտագրված որևէ մասնագիտությամբ (ըստ հայտագրման հերթականության) ընդունված դիմորդը չի մասնակցում հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին:
80. Վճարովի ուսուցման համակարգում թափուր տեղեր առաջանալու դեպքում այդ տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները մասնագիտությունների և քննությունների ցանկում երկու աստղանիշերով նշված առարկաների համար որպես մրցութային գնահատական կարող են ընդունելության դիմում-հայտում նախապես հայտագրել միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի` այդ առարկաների ավարտական քննությունների գնահատականը կամ տարեկան գնահատականը:
81. Արցախի պետական համալսարանի և Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի առկա ուսուցման մասնագիտությունների նպատակային ընդունելության անվճար ուսուցման տեղերում՝ հաստատված նախարարի հրամանով, կարող են ընդունվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների՝ մանկավարժական և գյուղատնտեսական մասնագետների խիստ կարիք ունեցող գյուղական վայրերի՝ տվյալ բնակավայրում գրանցում ունեցող դիմորդները՝ դպրոցների մանկավարժական խորհուրդների և կրթության բաժինների կողմից տրված երաշխավորագրով՝ նախարարության համաձայնությամբ, ընդ որում տվյալ դպրոցը իր շրջանավարտին կարող է երաշխավորել շրջանի այլ դպրոցի պահանջարկի հաշվին, եթե այդ դպրոցը տարրական կամ հիմնական դպրոց է, և շրջանավարտը այդ բնակավայրում ունի մշտական գրանցում: Բացառիկ դեպքերում նախարարությունը կարող է կայացնել համապատասխան որոշում:
Հայաստանի Հանրապետության պետական բուհերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հատկացված նպատակային անվճար տեղերում և Արցախի պետական համալսարանի ու Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերում կարող են ընդունվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրանցում ունեցող և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ուսումնական հաստատություններն ավարտած դիմորդները:
Արցախի պետական համալսարանի ու Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ընդունելության նպատակային անվճար տեղերի և Հայաստանի Հանրապետության պետական բուհերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հատկացված նպատակային անվճար տեղերի դիմորդների և նրանց ծնողների հետ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճյուղային նախարարների, կնքում է պայմանագիր՝ բուհն ավարտելուց հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մասնագիտությամբ աշխատելու վերաբերյալ:
82.Մրցութային հավասար միավորների դեպքում ըստ հերթականության առավելություն է տրվում`
1) բոլոր տարիների մեդալակիր դիմորդներին.
2) արվեստի գծով միջազգային և հանրապետական մրցույթների հաղթողներին.
3) դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդներին.
4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բուհերի առկա ուսուցմամբ տվյալ ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկում բուհի կողմից նշված առաջին մրցութային քննությունից առավել բարձր միավոր ստացած դիմորդներին.
5) դպրոցի պետական ավարտական քննություններից առավելագույն միջին գնահատական ունեցող դիմորդներին.
6) տվյալ մասնագիտությանը համապատաuխան միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդներին:
83. Բուհերի այն մասնագիտությունների գծով, որոնց քննությունների անվանացանկում առարկաները նշված են մեկ (նաև անվճար ուսուցման մրցույթին մասնակցելու համար) և երկու աստղանիշով, վճարովի ուսուցման թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար`
1) 1999/2000 և հետագա ուսումնական տարիների շրջանավարտ դիմորդների համար մրցութային և ոչ մրցութային քննությունների գնահատականներ են համարվում միջնակարգ կրթության ատեստատի, միջին մասնագիտական (հիմնական և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության հիմքով) կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) և մասնագիտական տեխնիկական (հիմնական ընդհանուր կրթության հիմքով) ուսումնական հաստատությունների ավարտական փաստաթղթերի պետական ավարտական քննական գնահատականները.
2) 1998/1999 ուստարվա շրջանավարտների համար` միջնակարգ կրթության ատեստատի, մասնագիտական տեխնիկական և միջին մասնագիտական հաստատությունների ավարտական պետական քննական գնահատականները, իսկ քիմիայից և կենսաբանությունից` տարեկան գնահատականները (նաև նախորդ տարիների շրջանավարտների համար).
3) հայոց լեզվից և մաթեմատիկայից` 1996 թվականին և դրանից հետո հանձնված քննությունների գնահատականները.
4) մինչև 1997/1998 (ներառյալ) ուսումնական տարվա շրջանավարտ դիմորդների միջնակարգ կրթության ատեստատի քիմիայի, կենսաբանության և ֆիզիկայի (20 միավորային համակարգով չգնահատված) տարեկան գնահատականները համապատասխանաբար հավասարեցվում են հետևյալ միավորներին`
ա. «3»-ը համարժեք է 13 միավորի,
բ. «4»-ը համարժեք է 17 միավորի,
գ. «5»-ը համարժեք է 20 միավորի.
5) 1999/2000 և հետագա ուսումնական տարիների այն շրջանավարտները, ովքեր դպրոցում բնագիտական առարկաներից չեն ընտրել հայտագրած մասնագիտությանը համապատասխանող առարկան (ֆիզիկա, կենսաբանություն և քիմիա), այն հանձնում են միասնական կարգով.
6) 1998/1999 ուստարվա այն շրջանավարտները, ովքեր դպրոցում չեն ընտրել ֆիզիկայի ավարտական քննությունը, համապատասխան մասնագիտությունների գծով այն հանձնում են միասնական կարգով:
84. Քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում պետական բյուջեի միջոցների հաշվին, մրցույթից դուրս ընդունվում են` Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները, ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները` համաձայն Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունների, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունների և Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունների կողմից տրված տեղեկանքների:
85. Վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում անվճար ուսուցման համակարգ են ընդունվում`
1) 1-ին ու 2-րդ խմբերի, ինչպես նաև հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձինք` համաձայն բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնի կողմից տրված եզրակացության.
2) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող մինչև 23 տարեկան անձինք:
86. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում`
1) անվճար ուսուցմամբ ընդունվում են ընդհանուր մրցույթից դուրս (առանձին մրցույթով)` ըստ մասնագիտությունների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տեղերի.
2) անվճար ուսուցման մրցույթից դուրս մնալու դեպքում դիմորդները վճարովի ուսուցման մրցույթին մաuնակցում են ընդհանուր հիմունքներով.
3) եթե հայտագրել են միայն վճարովի ուսուցման տեղեր հատկացված մասնագիտություններ՝ բուհ են ընդունվում մրցույթից դուրս:
87. Առանց ընդունելության քննության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին բուհ են ընդունվում` միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով միջազգային օլիմպիադաների հաղթողները, տարբեր մարզաձևերի գծով աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրները, որոնք ընդունելության դիմում-հայտում հայտագրել են համապատաuխան մաuնագիտությունները:
88. Անվճար և վճարովի ուսուցման մրցույթների արդյունքները ամփոփվում են մինչև տվյալ տարվա օգոստոսի 5-ը:
89. Ներբուհական քննությունների արդյունքներով մրցույթն անցկացվում է համապատասխան բուհում: Մրցույթի արդյունքը հաստատվում է հանրապետական ընդունող հանձնաժողովում, որից հետո բուհի ռեկտորը հրամանագրում է ուսանողներին:
XI. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
90. Ընդունելության քննությունների հանրապետական ընդունող հանձնաժողովը կազմված է 9 անդամից: Հանրապետական ընդունող հանձնաժողովի նախագահը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարն է: Հանրապետական ընդունող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացուցիչը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչը, գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենը, բուհերի ռեկտորները և պատասխանատու քարտուղարը: Հանրապետական ընդունող հանձնաժողովի կազմը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարը:
91. Հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշմամբ`
1) հաստատվում են անվճար և վճարովի ուսուցման համակարգի մրցույթների արդյունքները.
2) հաստատվում են սույն կարգի 84-87-րդ կետերին համապատասխան արտոնություններից օգտվող դիմորդների ընդունելության արդյունքները.
3) վերաբաշխվում են մրցույթի արդյունքներով անվճար և վճարովի ուսուցման համակարգում թափուր տեղերը, ինչպես նաև անվճար ու վճարովի համակարգի պահուստային տեղերը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |