ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2003 թվականի
դեկտեմբերի 17-ին
«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածում`
ա) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2. Ապահովադիր` սույն օրենքով սահմանված կարգով ու չափերով սոցիալական վճարումներ կատարող և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած մարմին (այսուհետ` լիազորված մարմին) փոխանցող (վճարող) իրավաբանական և ֆիզիկական անձ, պետական և համայնքային ենթակայության հիմնարկ:».
բ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`
«Գործատու` քաղաքացիաիրավական հարաբերությունների ցանկացած սուբյեկտ, որն իր գործունեության իրականացման կամ ապահովման համար իրավունք ունի օրենքով չարգելված աշխատանք առաջարկել ֆիզիկական անձանց, այդ նպատակով աշխատողներ վարձել և աշխատանքային պայմանագրեր կնքելու միջոցով նրանց ներգրավել որոշակի աշխատանքների կատարման:».
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում`
ա) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Սոցիալական վճարները պարտադիր սոցիալական ապահովագրության պետական ծրագրերի ֆինանսավորման նպատակով ապահովադիրների կողմից պարտադիր կարգով վճարվող միջոցներ են:».
բ) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրավաբանական անձինք, պետական և համայնքային ենթակայության հիմնարկները, օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկներն ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպությունները, ֆիզիկական անձինք` իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների համար, ինչպես նաև վարձու աշխատողները պարտավոր են կատարել սոցիալական վճարումներ` սույն օրենքով սահմանված կարգով:».
գ) 4-րդ մասի « գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«գ) անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները).».
դ) ուժը կորցրած ճանաչել 4-րդ մասի «դ » և «ե» ենթակետերը.
ե) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ձեռնարկատիրական և այլ գործունեություն իրականացնող օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաև նրանց վարձու աշխատանքն օգտագործող գործատուներն ազատվում են սոցիալական վճարումների կատարման պարտականությունից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող օտարերկրյա իրավաբանական անձինք, դրանց կողմից ստեղծված կազմակերպությունները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք իրենց մոտ վարձու աշխատանք կատարող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների համար սոցիալական վճարներ են կատարում սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված չափով:»:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում`
ա) «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«գ) անհատ ձեռնարկատերերի (ձեռներեցների) տարեկան համախառն եկամուտները, որոնցից նախապես նվազեցվում են «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության օրենքով սահմանված եկամտի առանձին տեսակների ստացման հետ կապված ծախսերի գումարը` առանց հաշվի առնելու անձնական նվազեցումները:».
բ) ուժը կորցրած ճանաչել «դ» ենթակետը:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում՝
ա) ուժը կորցրած ճանաչել 1-ին մասի երրորդ պարբերությունը, 4-րդ մասը և 5-րդ մասի երրորդ պարբերությունը.
բ) 5-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) սոցիալական վճարումներ են կատարում հաշվարկված օբյեկտի 10 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 60 հազար դրամից:».
գ) 5-րդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար վճարել նվազագույն սոցիալական վճար` 5000 դրամ, մինչև հաջորդ ամսվա 15-ը:»:
Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածում
ա) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Գործատուները յուրաքանչյուր ամիս սոցիալական վճարները հաշվարկում և լիազոր մարմնին են փոխանցում ոչ ուշ, քան մինչև հաջորդ ամսվա 20-ը:»:
բ) ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասը.
գ) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների և սույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի երկրոդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը լիազոր մարմին են փոխանցում (վճարում) հաջորդ տարվա մարտի 1-ից ոչ ուշ:
Անհատ ձեռնարկատերը (ձեռներեցը), յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև օրացուցային տարվան հաջորդող մարտի 25-ը, լիազորված մարմին է ներկայացնում տարեկան եկամուտների մասին հայտարարագիր:
Հայտարարագրի ձևը մշակում ու հաստատում է լիազոր մարմինը և գրանցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:
դ) 6-րդ մասի առաջին պարբերությունից հանել «վարձու աշխատողների աշխատանքի ընդունումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելու» բառերը:
Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի «ա» ենթակետում`
- «գործատուների» բառից հետո ավելացնել «վարձու աշխատանք օգտագործող անհատ ձեռնարկատերերի (ձեռներեցների)» բառերը,
- «անհատ ձեռներեցների (ձեռնարկատերերի)» բառերը փոխարինել անհատ ձեռնարկատերերի (ձեռներեցների)» բառերով:
Հոդված 7. Օրենքի 5-րդ գլխի վերնագրում «գրանցման» բառը փոխարինել «հաշվառման» բառով:
Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
|
«Հոդված 10. |
Սոցիալական վճարներ կատարողների հաշվառումը |
1. Ապահովադիրները պետական գրանցում ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում պարտավոր են հաշվառվել լիազորված մարմնում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Ապահովադիրները հաշվառվում են ըստ պետական գրանցման վայրի:»:
Հոդված 9. Օրենքի 11-րդ և 12-րդ հոդվածներում «գանգատարկել», «գանգատարկման» և «գանգատարկվել» բառերը փոխարինել համապատասխանաբար «բողոքարկել», «բողոքարկման» և «բողոքարկվել» բառերով:
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
30 դեկտեմբերի 2003թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-90 |
|