Համարը 
ՀՕ-16-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.05.25/09(276)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
20.04.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
15.05.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
04.06.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 
07.09.2017

Ծանուցում
Սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը և 28-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում 01.01.2019թ.-ից:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԼՂՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2015 թվականի

ապրիլի 20-ին

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 17-ի դատական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 11-րդ հոդվածի 4-րդ մասում`

1) առաջին նախադասության «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդին (այսուհետ` Դատարանների նախագահների խորհուրդ)» բառերը փոխարինել «Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին» բառերով.

2) երկրորդ նախադասության «Դատարանների նախագահների խորհուրդը» բառերը փոխարինել «Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-ին հոդվածով.

 

«Հոդված 20.1.

Դատական վիճակագրության վարումը և հրապարակայնության ապահովումը

 

1. Դատարանների գործունեության արդյունավետությունը, թափանցիկությունը և հանրության առջև հաշվետվողականությունն ապահովելու նպատակով դատարանները վարում են դատական վիճակագրություն:

2. Դատական վիճակագրությանը ներկայացվող պահանջներն են`

1) վիճակագրության օբյեկտիվությունը, հիմնավորվածությունը, անաչառությունը.

2) վիճակագրական տվյալների արժանահավատությունը, ճշտությունը, համադրելիությունը ժամանակի և տարածության մեջ.

3)վիճակագրական տեղեկատվության արդիականությունը, կայունությունը և ամբողջականությունը.

4) վիճակագրական ամփոփ տվյալների պարբերական հրապարակումը.

5)վիճակագրական տեղեկատվության մատչելիությունը, հրապարակայնությունը:

3. Կառավարությունը սահմանում է ըստ դատական գործի տեսակի դատական գործի վիճակագրական քարտի ձևն ու բովանդակությունը, պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների (տեղեկությունների) ցանկը և հրապարակման կարգը, վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը: Պարտադիր հրապարակվող վիճակագրական տվյալները (տեղեկությունները) պետք է ներառեն առնվազն սույն հոդվածի 9-12-րդ մասերով նախատեսված տվյալները (տեղեկությունները):

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը (այսուհետ` Դատարանների նախագահների խորհուրդ) սահմանում է դատական գործի վիճակագրական քարտի լրացման կարգը, դատական վիճակագրության վարման կարգը, ինչպես նաև, դատական իշխանության գործառույթների արդյունավետ իրականացման կարիքներից ելնելով, կարող է սահմանել դատական վիճակագրության վարման լրացուցիչ վիճակագրական դասակարգիչներ:

5. Վիճակագրական դասակարգիչներում փոփոխություններ կատարվելու դեպքում դրանք կիրառում են միայն փոփոխություններ կատարելուն հաջորդող տարվանից:

6. Դատական վիճակագրության հավաքումն ու վարումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական դեպարտամենտը (այսուհետ` Դատական դեպարտամենտ):

7. Դատական դեպարտամենտը Դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում Դատարանների նախագահների խորհրդի հաստատմանն է ներկայացնում դատարանների գործունեության կիսամյակային և տարեկան վիճակագրական տվյալների վերաբերյալ հաշվետվությունները:

8. Դատական դեպարտամենտն ապահովում է դատական գործի վիճակագրական քարտի հիման վրա հավաքված վիճակագրական տվյալների մատչելիությունը հանրության համար, բացառությամբ օրենքով նախատեսված հրապարակման ոչ ենթակա տեղեկատվության: Վիճակագրական տվյալները Դատական դեպարտամենտը հրապարակում է դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում՝ վիճակագրական տվյալների հրապարակման համար առանձնացված հատուկ բաժնում:

9. Առաջին ատյանի դատարանի և դատավորի վերաբերյալ՝ ըստ քրեական, քաղաքացիական և վարչական գործերի, հրապարակվում են մասնավորապես հետևյալ տվյալները (տեղեկությունները)՝

1) դատավորների քանակը.

2) հաշվետու ժամանակահատվածի սկզբում նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցված գործերի ընդհանուր քանակը.

3) հաշվետու ժամանակահատվածում ստացված գործերի ընդհանուր քանակը.

4) հաշվետու ժամանակահատվածում ավարտված գործերի ընդհանուր քանակը (այդ թվում՝ գործն ըստ էության լուծելու, գործի վարույթը կարճելու և այլ հիմքերով ավարտված).

5) հաշվետու ժամանակահատվածում կասեցված վարույթներով գործերի ընդհանուր քանակը.

6) գործի քննության միջին տևողությունը՝ ըստ նիստերի քանակի.

7) գործի քննության միջին տևողությունը՝ ըստ ժամանակի (հաշվարկի միավոր` ժամ), այդ թվում՝ ըստ դատաքննության նախապատրաստության, դատաքննության և դատական ակտի կայացման փուլերի միջին տևողության).

8) մինչդատական վարույթի գործերը՝ ըստ տեսակների.

9) հաշվետու ժամանակահատվածում անավարտ գործերի ընդհանուր քանակը.

10) բողոքարկված դատական ակտերի քանակը՝ ըստ տեսակների.

11) բեկանված դատական ակտերի քանակը՝ ըստ տեսակների:

10. Վերաքննիչ դատարանի, դատական կազմի և դատավորի վերաբերյալ հրապարակվում են մասնավորապես հետևյալ տվյալները (տեղեկությունները)՝

1) սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-7-րդ, 9-11-րդ կետերով նախատեսված տվյալները (տեղեկությունները).

2) հաշվետու ժամանակահատվածում ստացված բողոքների ընդհանուր քանակը.

3) հաշվետու ժամանակահատվածում վերադարձված բողոքների ընդհանուր քանակը.

4) միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերը՝ ըստ ակտերի տեսակների և ըստ բողոքարկվող ակտը կայացրած դատարանների:

11. Գերագույն դատարանի վերաբերյալ՝ վճռաբեկ պալատի մասով, հրապարակվում են սույն հոդվածի 9-րդ մասով, բացառությամբ 9-րդ մասի 4-6-րդ, 8-րդ, 9-րդ կետերով նախատեսված տեղեկությունների, ինչպես նաև՝ սույն հոդվածի 10-րդ մասի 2-4-րդ կետերով նախատեսված տեղեկությունները: Սույն հոդվածի 9-րդ մասի 7-րդ կետով նախատեսված տեղեկությունները հաշվարկվում են ըստ օրերի:

12. Դատական դեպարտամենտի կողմից տարեկան ոչ ուշ, քան մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ը, հրապարակվում են նաև հետևյալ տվյալները (տեղեկությունները)՝

1) դատարանների բյուջեն, այդ թվում՝ ֆինանսական ծախսերի համեմատականը նախորդ հաշվետու ժամանակահատվածի հետ՝ ըստ դատարանների, դատավորների միջին աշխատավարձը և դրա համեմատականը նախորդ հաշվետու ժամանակահատվածի հետ.

2) վճարված պետական տուրքի ընդհանուր չափը.

3) դատավորների կարգապահական պատասխանատվության մասով՝ հարուցված կարգապահական վարույթների քանակը՝ ըստ վարույթ հարուցած սուբյեկտների և վարույթի հարուցման հիմքերի, Արդարադատության խորհրդի կողմից կարճված վարույթներով գործերի քանակը՝ ըստ վարույթ հարուցած սուբյեկտների, նշանակված կարգապահական տույժերի տեսակները, կարգապահական պատասխանատվության կրկնակիության դեպքերի ընդհանուր քանակը.

4) սույն հոդվածի 9-12-րդ մասերով նախատեսված տվյալների համեմատականը նախորդ տարվա տվյալների հետ:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 24-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի «Դատարանների նախագահների խորհրդին» բառերը փոխարինել «Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 29-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 29.

Գերագույն դատարանի գործունեության նպատակը և իրավասությունը

 

1. Գերագույն դատարանի գործունեության նպատակն է ապահովել Սահմանադրության գերակայությունը և օրենքի միատեսակ կիրառությունը։ Այդ առաքելությունն իրականացնելիս Գերագույն դատարանը պետք է ձգտի նպաստել իրավունքի զարգացմանը։

2. Գերագույն դատարանն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով վճռաբեկ բողոքի հիման վրա վերանայում է վերաքննիչ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված դատական ակտերը, ինչպես նաև վերաքննիչ դատարանի` օրենքով նախատեսված դեպքերում բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերը։

3. Գերագույն դատարանը դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում։

4. Գերագույն դատարանի դատական տարածքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքն է:»։

 

Հոդված 5. Օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական դեպարտամենտի (այսուհետ` Դատական դեպարտամենտ)» բառերը փոխարինել «Դատական դեպարտամենտի» բառերով:

 

Հոդված 6. Օրենսգրքի 43-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 43.

Դատարանների նախագահների խորհուրդը

 

1. Դատարանների նախագահների խորհուրդը դատական իշխանության մշտապես գործող ինքնակառավարման մարմին է:

2. Դատարանների նախագահների խորհրդի անդամներն են առաջին ատյանի, վերաքննիչ և Գերագույն դատարանների նախագահները: Խորհրդի անդամի բացակայության դեպքում նրա լիազորություններն իրականացնում է նրան դատարանի նախագահի պաշտոնում փոխարինող անձը:

3. Դատարանների նախագահների խորհուրդը՝

1) մշակում է դատարանների գործունեության բարելավմանն ուղղված միջոցառումներ և առաջարկություններ, նման առաջարկություններ է ներկայացնում իրավասու պետական մարմիններին.

2) քննարկում է դատարանների և դատավորի անկախության հետ կապված կամ այն վտանգող յուրաքանչյուր հարց և առաջարկություններ է ներկայացնում իրավասու մարմիններին դրանց լուծման վերաբերյալ.

3) իրավասու պետական մարմիններին առաջարկություններ է ներկայացնում օրենքների և այլ իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ.

4) հաստատում է դատարանների գործավարության կանոնները.

5) կայացնում է Դատական դեպարտամենտի համար պարտադիր կատարման ենթակա որոշումներ.

6) հաստատում է դատավորի պատմուճանի նկարագրությունը, դատավորի աշխատասենյակի տիպային կահավորման ցանկը.

7) հաստատում է դատավորների վերապատրաստման կարգը.

8) մշակում և հաստատում է զանգվածային լրատվության միջոցների հետ դատարանների համագործակցության կանոնները.

9) սահմանում է դատարանների` օրենքով չսահմանված նստավայրերը և հաստատում է դատավորների` ըստ նստավայրերի բաշխման կարգը.

10) մշակում և հաստատում է առաջին ատյանի դատարանում գործերի բաշխման, վերաքննիչ դատարանում դատական կազմերի և դրանցում նախագահող դատավորների նշանակման, դատավորների և դատարանների նախագահների գործուղման, արձակուրդի կամ հիվանդության դեպքերում նրանց փոխարինելու կարգը.

11) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կամ որևէ դատավորի դիմումի հիման վրա կարող է տալ դատական պրակտիկայում առաջացող իրավական հարցերի վերաբերյալ խորհրդատվական բնույթի պարզաբանումներ.

12) հաստատում է դատական ծառայության պաշտոնների անձնագրերը.

13) հաստատում է դատական ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը` ըստ կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների.

14) սահմանում է դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար փակ մրցույթի անցկացման կարգը, ինչպես նաև բաց մրցույթում թեստավորման, հարցազրույցի անցկացման և թեկնածուների հատկանիշների գնահատման կարգը, մրցութային հանձնաժողովների ձևավորման կարգը և դրանց աշխատակարգը.

15) սահմանում է դատական ծառայողի գործունեության գնահատման կարգը, չափանիշները և բնութագրի ձևը.

16) հաստատում է դատական ծառայողների վերապատրաստում անցկացնելու կարգը.

17) հաստատում է Դատական դեպարտամենտի նախապատրաստած բյուջետային հայտը.

18) դատարանների ներկայացրած հայտերի հիման վրա մշակում է միջնաժամկետ ծախսերի ծրագիրը.

19) բաշխում է դատարանների պահուստային ֆոնդի միջոցները.

20) Գերագույն դատարանի նախագահի ներկայացմամբ նշանակում և հետ է կանչում Դատական դեպարտամենտի ղեկավարին.

21) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ հաստատում և փոփոխում է դատական կարգադրիչների ծառայության կառուցվածքը և առանձնացված ստորաբաժանումների ցանկը.

22) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ՝ պետական բյուջեի հատկացումների սահմաններում հաստատում է դատական կարգադրիչների հաստիքների թիվը` ըստ առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև դատական կարգադրիչների ծառայության պաշտոնների անվանացանկը.

23) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է դատական կարգադրիչներին որպես խրախուսանք շնորհվող կրծքանշանների տեսակները և ձևերը.

24) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է դատական կարգադրիչներին համազգեստ հատկացնելու և կրելու կարգը.

25) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

4. Դատարանների նախագահների խորհրդի հերթական նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան եռամսյակը մեկ: Դատարանների նախագահների խորհրդի արտահերթ նիստ գումարվում է խորհրդի մեկ անդամի պահանջով` նրա սահմանած օրակարգով:

5. Դատարանների նախագահների խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Խորհրդի անդամն իրավունք չունի ձեռնպահ մնալու որևէ հարցի վերաբերյալ քվեարկելուց:

6. Դատարանների նախագահների խորհրդի նիստերին կարող են հրավիրվել խորհրդի անդամ չհանդիսացող դատավորներ, ինչպես նաև այլ անձինք:

7. Դատարանների նախագահների խորհուրդն ապահովում է նիստերի ողջ ընթացքի արձանագրումը, իսկ ըստ անհրաժեշտության՝ նաև ուղիղ հեռարձակումը նիստերի դահլիճից դուրս` հանրության համար մատչելի տարածքում:

8. Դատարանների նախագահների խորհուրդը գործում է իր հաստատած կանոնակարգին համապատասխան:

9. Դատարանների նախագահների խորհուրդն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդ» գրառմամբ կնիք:»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի «Դատարանների նախագահների խորհրդի մյուս անդամներին կամ Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին» բառերը փոխարինել «Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին» բառերով:

 

Հոդված 8. Օրենսգրքի 7-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 44.1-ին հոդվածով.

 

«Հոդված 44.1.

Դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովները

 

1. Դատավորների ընդհանուր ժողովը ձևավորում է էթիկայի և կարգապահական հարցերի, ինչպես նաև դատավորների գնահատման հանձնաժողովները:

2. Հանձնաժողովներն իրականացնում են սույն օրենսգրքով իրենց վերապահված լիազորությունները:

3. Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում ընդգրկվում են առաջին ատյանի, վերաքննիչ և Գերագույն դատարանների դատավորներից ընտրված մեկական անդամներ: Դատարանների նախագահները և Արդարադատության խորհրդի անդամները չեն կարող ընդգրկվել էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում:

4. Դատավորների գնահատման հանձնաժողովի (այսուհետ՝ գնահատման հանձնաժողով) կազմում ընդգրկվում են հինգ անդամ` երկուսը՝ իրավաբան, մեկը՝ առաջին ատյանի դատարանի դատավորներից, մեկը՝ վերաքննիչ դատարանի դատավորներից, մեկը՝ Գերագույն դատարանի դատավորներից:

5. Գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածուն պետք է ունենա դատավորի պաշտոնում առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ և գործունեության գնահատման վերջին արդյունքներով՝ բարձր կամ լավ գնահատական:

6. Դատարանների նախագահները և Արդարադատության խորհրդի անդամները չեն կարող ընդգրկվել գնահատման հանձնաժողովի կազմում:

7. Դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովի անդամը չի կարող միաժամանակ ընդգրկվել Դատավորների ընդհանուր ժողովի մեկ այլ հանձնաժողովի կազմում:

8. Դատավորների ընդհանուր ժողովի անդամը կարող է առաջադրվել որպես հանձնաժողովի անդամ ինքնաառաջադրման կամ Դատավորների ընդհանուր ժողովի որևէ այլ անդամի կողմից առաջադրվելու եղանակով: Իրավաբանը կարող է առաջադրվել որպես գնահատման հանձնաժողովի անդամ Դատավորների ընդհանուր ժողովի որևէ անդամի կողմից: Գնահատման հանձնաժողովի իրավաբան անդամ կարող է առաջադրվել այն անձը, որն ունի գիտաուսումնական կազմակերպություններում վերջին ութ տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա աշխատանքի փորձ:

9. Հանձնաժողովների անդամներն ընտրվում են Դատավորների ընդհանուր ժողովի անդամների կողմից` գաղտնի քվեարկությամբ` չորս տարի ժամկետով:

10. Քվեարկությունն անցկացվում է առանձին քվեաթերթիկներով՝ ըստ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված՝ դատարանների (գնահատման հանձնաժողովի դեպքում՝ նաև ըստ իրավաբանների) բաժանման: Քվեաթերթիկում ներառվում են համապատասխան դատարանի (դատարանների) բոլոր այն դատավորների (գնահատման հանձնաժողովի դեպքում՝ նաև իրավաբանների) անունները, որոնք առաջադրվել են սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով: Քվեաթերթիկում յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունում: Քվեարկելիս դատավորն ունի մեկ ձայնի իրավունք: Ընտրված են համարվում առավել շատ ձայներ ստացած թեկնածուները: Ձայների հավասարության դեպքում ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ունի դատավորի պաշտոնում պաշտոնավարման ավելի երկար ստաժ, իսկ ստաժի հավասարության դեպքում` այն թեկնածուն, որն ունի ավելի երկար մասնագիտական աշխատանքային ստաժ: Մեկ թեկնածու առաջադրվելու դեպքում նա համարվում է ընտրված ձայների կեսից ավելին ստանալու դեպքում:

11. Դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամների թեկնածուներին գրանցելու, ինչպես նաև քվեարկությունը կազմակերպելու, քվեարկողների ձայները հաշվելու և քվեարկությունների արդյունքներն ամփոփելու նպատակով Դատավորների ընդհանուր ժողովը կազմավորում է հաշվիչ հանձնաժողով՝ կազմված երեք անդամից, որոնց ընտրում է Դատավորների ընդհանուր ժողովը՝ բաց քվեարկությամբ: Դատավորները կարող են առաջադրվել որպես հաշվիչ հանձնաժողովի անդամ ինքնաառաջադրման կամ Դատավորների ընդհանուր ժողովի որևէ այլ մասնակցի կողմից առաջադրվելու եղանակով: Հաշվիչ հանձնաժողովի գործունեության կարգը սահմանվում է Դատավորների ընդհանուր ժողովի կանոնակարգով:

12. Յուրաքանչյուր հանձնաժողով իր կազմից` հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ, ընտրում է հանձնաժողովի նախագահ, որը ղեկավարում է հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը:»:

 

Հոդված 9. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 5-րդ մասի «Դատարանների նախագահների խորհրդի» բառերը փոխարինել «Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի» բառերով:

 

Հոդված 10. Օրենսգրքի 48-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 4-րդ կետի և 2-րդ մասի «Դատարանների նախագահների խորհրդի» բառերը փոխարինել «Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի» բառերով.

2) 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) դատավորի գործունեության գնահատման արդյունքների վերաբերյալ որոշումների պատճենները.»:

 

Հոդված 11. Օրենսգրքի 62-րդ հոդվածի 5-րդ մասի «Դատարանների նախագահների խորհրդին» բառերը փոխարինել «Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին» բառերով:

 

Հոդված 12. Օրենսգրքի 65-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի «Դատարանների նախագահների խորհրդին» բառերը փոխարինել «Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին» բառերով:

 

Հոդված 13. Օրենսգրքի 66-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Դատավորը պարտավոր է օրենքով սահմանված կարգով ներկայացվող հայտարարագրի պատճենը ուղարկել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին:»:

 

Հոդված 14. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին գլխով.

 

«Գ Լ ՈՒ Խ 9.1

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

Հոդված 66.1.

Դատավորների գործունեության գնահատումը

 

1. Դատավորների գործունեությունը պաշտոնում նշանակման օրվան հաջորդող երկրորդ տարվանից հետո ենթակա է պարբերաբար գնահատման:

2. Դատավորների գործունեության գնահատման նպատակն է՝

1) բացահայտել և դատավորներին մատնանշել իրենց աշխատանքի արդյունավետությունը բարելավելու ուղիները.

2) նպաստել դատավորների կողմից իրենց գործունեության վերլուծությանը.

3) դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները կազմելիս նպաստել լավագույն թեկնածուների ընտրությանը:

3. Դատավորների գործունեության գնահատումն իրականացնում է գնահատման հանձնաժողովը:

4. Դատարանների նախագահների խորհուրդը սահմանում է դատավորների գործունեության գնահատման կարգը, ժամանակացույցը, մեթոդաբանությունը և ինքնագնահատման թերթիկի ձևը:

5. Դատական դեպարտամենտը յուրաքանչյուր տարի քանակական չափանիշներին վերաբերող անհրաժեշտ տվյալները ուղարկում է դատավորին և գնահատման հանձնաժողովին:

 

Հոդված 66.2.

Դատավորների գործունեության գնահատման չափանիշները

 

1. Դատավորների գործունեության գնահատումն իրականացվում է քանակական և որակական չափանիշների հիման վրա:

2. Քանակական չափանիշների հիման վրա դատավորների գործունեության գնահատումն անցկացվում է յուրաքանչյուր տարի՝ գործերի կառավարման ավտոմատացված համակարգի միջոցով, որը վարում է դատական դեպարտամենտը:

3. Որակական չափանիշների հիման վրա դատավորների գործունեության գնահատումն անցկացվում է գնահատման ժամանակահատվածում ընդգրկված չորս տարիների տվյալների հիման վրա:

4. Գնահատումն անցկացվում է՝ սկսած գնահատման ժամանակահատվածի ավարտին հաջորդող ամսվանից:

5. Ըստ քաղաքացիական, քրեական և վարչական գործերի՝ դատավորների գործունեության գնահատման քանակական չափանիշներն են՝

1) դատավորի աշխատանքային ծանրաբեռնվածությունը և քանակական կատարողականությունը.

2) ըստ գործերի առանձին տեսակների՝ գործերի քննության միջին տևողությունը (հաշվարկի միավոր` օր).

3) դատավորի կողմից դատավարական առանձին գործողությունների կատարման համար օրենքով սահմանված ժամկետների պահպանումը:

6. Սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ դատավորի աշխատանքային ծանրաբեռնվածությունը և քանակական կատարողականությունը գնահատվում են դատավորի անհատական աշխատանքային ծանրաբեռնվածության գործակցով: Այդ գործակիցը որոշվում է տարվա ընթացքում դատավորի անհատական քանակական կատարողականի գործակիցը բաժանելով տարվա համար դատարանի միջին քանակական կատարողականի գործակցին:

7. Տարվա ընթացքում դատավորի անհատական քանակական կատարողականի գործակիցը որոշվում է տարվա ընթացքում դատավորի ավարտած բոլոր գործերի քանակը բաժանելով չավարտված գործերի քանակին: Չավարտված գործերի քանակը որոշվում է նախորդ տարվանից փոխանցված գործերի քանակը գումարելով տարվա ընթացքում դատավորին հանձնված բոլոր նոր գործերի քանակին: Փոխանցված և հանձնված գործերի թվում չեն հաշվարկվում տարվա ընթացքում կասեցված գործերը:

8. Տարվա համար դատարանի միջին քանակական կատարողականության գործակիցը որոշվում է տարվա ընթացքում դատարանի դատավորների ավարտած գործերի քանակը բաժանելով չավարտված գործերի քանակին: Չավարտված գործերի քանակը որոշվում է նախորդ տարվանից փոխանցված (բոլոր դատավորների մոտ առկա) գործերի քանակը գումարելով տարվա ընթացքում դատարան ներկայացված գործերի քանակին: Փոխանցված և հանձնված գործերի թվում չեն հաշվարկվում տարվա ընթացքում կասեցված գործերը:

9. Սույն հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված՝ գործի քննության միջին տևողությունը գնահատելու համար Դատարանների նախագահների խորհուրդը սահմանում է գործերի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետներ՝ ըստ քաղաքացիական, քրեական և վարչական գործերի առանձին տեսակների և բարդության, իսկ սույն հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով նախատեսված չափանիշի հաշվարկման կարգը սահմանում է Դատարանների նախագահների խորհուրդը:

10. Դատավորների գործունեության գնահատման որակական չափանիշներն են՝

1) դատական ակտերի պատճառաբանման կարողությունը, մասնավորապես՝

ա. դատական ակտերի կառուցվածքին ներկայացվող պահանջները պահպանելը,

բ. դատական ակտի հստակությունը,

գ. գրավոր խոսքի մատչելիությունը,

դ. վերլուծական հմտությունները,

ե. դատական ակտի եզրափակիչ մասի որոշակիությունը.

2) մասնագիտական կարողությունները՝

ա. դատավարության մասնակիցների նկատմամբ անկողմնակալ վերաբերմունքը,

բ. ինքնատիրապետումը պահպանելու կարողությունը,

գ. դատական նիստը վարելու հմտությունները.

3) կազմակերպչական հմտությունները՝

ա. արդարադատության արդյունավետությանն ուղղված նպատակներ սահմանելու և դրանց հասնելու համար մարդկային ու նյութական ռեսուրսները կազմակերպելու ունակությունը,

բ. գործընկեր դատավորների և դատական ծառայողների հետ հարաբերությունների պատշաճ մակարդակն ապահովելու ունակությունը:

11. Վերաքննիչ և Գերագույն դատարանի դատավորի գործունեությունը գնահատելիս հաշվի են առնվում կոլեգիալ կազմով քննվող այն գործերը, որոնցում նա հանդես է եկել որպես զեկուցող: Եթե կոլեգիալ կազմով քննվող գործով դատավորը ներկայացրել է հատուկ կարծիք, ապա նրա գործունեությունը սույն հոդվածի 10-րդ մասի 1-ին կետով սահմանված չափանիշներով չի գնահատվում:

12. Կոլեգիալ կազմով գործերի քննության դեպքում սույն հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված չափանիշով գնահատվում է բացառապես կոլեգիալ կազմով քննված գործերով դատական նիստը նախագահողը:

13. Յուրաքանչյուր դատավոր քանակական և որակական չափանիշների հիման վրա իրականացնում է ինքնագնահատում գնահատման ժամանակահատվածում ընդգրկված չորս տարվա տվյալների հիման վրա:

14. Որակական չափանիշներով գնահատման համար հանձնաժողովը պետք է հաշվի առնի դատավորի քննած գործերի առնվազն 10 դատական նիստի ձայնային արձանագրություններ (բացակայության դեպքում՝ պարզ թղթային արձանագրություններ) և առնվազն 10 գործն ըստ էության լուծող դատական ակտեր (պատահական ընտրությամբ):

15. Գնահատման ընդհանուր արդյունքներով դատավորի գործունեության գնահատման որակական չափանիշները պետք է առնվազն 20 տոկոսով գերակայեն քանակական չափանիշների նկատմամբ:

 

Հոդված 66.3.

Դատավորների գործունեության գնահատման արդյունքների ամփոփումը

 

1. Ինքնագնահատման թերթիկը ստանալու օրվան հաջորդող երեք շաբաթվա ընթացքում դատավորը գնահատման հանձնաժողով է ներկայացնում լրացված ինքնագնահատման թերթիկ:

2. Դատավորի ինքնագնահատման թերթիկի և Դատական դեպարտամենտի տրամադրած՝ սույն օրենսգրքի 66.1-ին հոդվածի 5-րդ մասով և 66.2-րդ հոդվածի 14-րդ մասով նախատեսված տվյալների հիման վրա գնահատման հանձնաժողովը իրականացնում է դատավորների գործունեության գնահատում:

3. Դատավորների գործունեության գնահատման ընդհանուր արդյունքները հաշվարկվում են սույն օրենսգրքի 66.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գնահատման չորս տարվա և 66.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված գնահատման արդյունքների հիման վրա:

4. Գնահատման հանձնաժողովը սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված գնահատման ընդհանուր արդյունքների հիման վրա, ըստ յուրաքանչյուր չափանիշի և ըստ գնահատումների հանրագումարի, դատավորների գործունեությունը գնահատում է՝

1) բարձր.

2) լավ.

3) միջին.

4) ցածր:

5. Դատավորների գործունեության գնահատման արդյունքներով բացահայտված խնդիրները, ինչպես նաև առանձին դատավորների գործունեության ցածր արդյունքները քննարկվում են գնահատման հանձնաժողովում:

6. Գնահատման հանձնաժողովը յուրաքանչյուր դատավորի եռօրյա ժամկետում ուղարկում է նրա` սույն հոդվածի 4-րդ մասում նշված գնահատականը: Գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկությունները տրամադրվում են նաև այն դատարանի նախագահին, որտեղ աշխատում է դատավորը:

7. Գնահատման արդյունքների վերաբերյալ գնահատման հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել դատարան:

8. Գնահատման հանձնաժողովի որոշումը դատարանի կողմից անվավեր ճանաչվելու դեպքում անցկացվում է տվյալ դատավորի գործունեության նոր գնահատում՝ սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:

9. Դատավորը կարող է գնահատման արդյունքների վերաբերյալ գնահատման հանձնաժողովի որոշումների դեմ ներկայացնել առարկություն, որը կցվում է այդ որոշումներին:

 

Հոդված 66.4.

Դատավորների գործունեության գնահատման հետևանքները

 

1. Գնահատման ընդհանուր արդյունքներով դատավորի գործունեությունը ցածր գնահատելու դեպքում գնահատման հանձնաժողովը որոշում է կայացնում դատավորին լրացուցիչ վերապատրաստման ուղարկելու մասին՝ սահմանելով այն չափանիշները, որոնցով նրա հմտությունները կատարելագործվելու անհրաժեշտություն ունեն:

Գնահատման հանձնաժողովի որոշումները տրամադրվում են Դատարանների նախագահների խորհրդին` վերապատրաստման ուղղությունները որոշելու նպատակով:

2. Գնահատման ընդհանուր արդյունքներով դատավորի գործունեությունը միջին գնահատվելու դեպքում գնահատման հանձնաժողովը դատավորին առաջարկում է անցնել լրացուցիչ վերապատրաստման դասընթացներ, եթե գնահատմամբ բացահայտվում է որոշակի չափանիշով նրա հմտությունները կատարելագործելու անհրաժեշտություն: Դատավորի՝ վերապատրաստում անցնելու համաձայնության դեպքում գնահատման հանձնաժողովի որոշումը տրամադրվում է Դատարանների նախագահների խորհրդին` վերապատրաստման ուղղությունները որոշելու նպատակով:

3. Գնահատման ընդհանուր արդյունքներով դատավորի գործունեությունը ցածր գնահատվելու դեպքում դատավորը չի կարող դիմել ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկվելու կամ դատարանի նախագահի թափուր պաշտոնը համալրելու համար՝ մինչև գնահատման արդյունքների հաջորդ ամփոփումը:

4. Այն դատավորները, որոնց գործունեությունը գնահատման ընդհանուր արդյունքներով երկու անգամ անընդմեջ գնահատվել է բարձր, դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու համար դիմելիս ունեն ցուցակում ընդգրկվելու նախապատվության իրավունք:

5. Այն դատավորները, որոնց գործունեությունը գնահատման ընդհանուր արդյունքներով երկու անգամ անընդմեջ գնահատվել է համապատասխանաբար բարձր և լավ, դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու համար դիմելիս սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված անձանցից հետո ունեն ցուցակում ընդգրկվելու նախապատվության իրավունք՝ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով, իսկ նրանցից հետո նախապատվության իրավունք ունեն այն դատավորները, որոնց գործունեությունը գնահատման ընդհանուր արդյունքներով երկու անգամ անընդմեջ գնահատվել է լավ:

6. Եթե ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու նպատակով դիմել է ցուցակը լրացնելու համար նախապատվության իրավունք ունեցող անհրաժեշտ քանակից ավելի թեկնածու, ապա Արդարադատության խորհուրդը նրանց վերաբերյալ անցկացնում է քվեարկություն՝ սույն օրենսգրքի 96–րդ հոդվածով նախատեսված կարգով, հաշվի առնելով՝

1) ինքնագնահատման թերթիկը.

2) գնահատման հանձնաժողովի որոշումը.

3) գնահատման հանձնաժողովի որոշման վերաբերյալ դատավորի առարկությունը (առկայության դեպքում):

 

Հոդված 66.5.

Գնահատման հանձնաժողովի անդամ գործող դատավորների գործունեության գնահատումը

 

1. Գնահատման հանձնաժողովի անդամ գործող դատավորների գնահատումն իրականացվում է սույն գլխով սահմանված ընդհանուր կարգով:

Հանձնաժողովի գնահատվող անդամը չի մասնակցում իր գործունեության գնահատմանը և արդյունքների ամփոփմանը:

2. Հանձնաժողովի անդամի գնահատման արդյունքների վերաբերյալ որոշում ընդունելիս ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված՝ հօգուտ գնահատման հանձնաժողովի անդամի:»:

 

Հոդված 15. Օրենսգրքի 68-րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մաս՝

«1.1. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել կամ նշանակվել Արդարադատության խորհրդի անդամ:».

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Արդարադատության խորհրդի իրավաբան անդամ կարող է նշանակվել այն անձը, որն ունի առնվազն հինգ տարվա մասնագիտական ստաժ:»:

 

Հոդված 16. Օրենսգրքի 74-րդ հոդվածի 3-րդ մասը և 76-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 17. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Արդարադատության խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը:»:

 

Հոդված 18. Օրենսգրքի 79-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերով նիստերը դռնբաց են, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք Արդարադատության խորհրդի որոշմամբ անցկացվում են դռնփակ՝ հանրության բարքերի, հասարակական կարգի, պետական անվտանգության, դատավարության մասնակիցների անձնական կյանքի կամ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով:»։

 

Հոդված 19. Օրենսգրքի 81-րդ հոդվածի 5-րդ մասում`

1) առաջին նախադասությունը «համաձայնություն տալու վերաբերյալ» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև դատավորների թեկնածուների և դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները կազմելու հետ կապված» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններ՝ «Արդարադատության խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք Արդարադատության խորհրդում ընդունված ցանկացած որոշման վերաբերյալ: Եթե Արդարադատության խորհրդի անդամը որոշման վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա այդ մասին նշում է արվում Արդարադատության խորհրդի որոշման մեջ, և հատուկ կարծիքը կցվում է որոշմանը:»:

 

Հոդված 20. Օրենսգրքի 82-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 21. Օրենսգրքի 85-87-րդ հոդվածներում «քննությունների» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «քննության» բառով` համապատասխան հոլովաձևերով:

 

Հոդված 22. Օրենսգրքի 85-րդ հոդվածում՝

1) 6-րդ մասը «անցողիկ միավորը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Արդարադատության խորհուրդ ներկայացված հավակնորդների վերաբերյալ սույն օրենսգրքի 86-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ հարցումների իրականացման կարգը, հարցման շրջանակում ընդգրկված մարմինների ցանկը և հարցման նպատակով կիրառվող գրավոր հարցաթերթիկների ձևը» բառերով.

2) 7-րդ մասի առաջին նախադասությունը «Քննական հարցերի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև սույն օրենսգրքի 85.2-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված հոգեբանական թեստի» բառերով.

3) 9-րդ մասի «25» թիվը փոխարինել «28» թվով:

 

Հոդված 23. Օրենսգրքի 85.1-ին հոդվածի 3-րդ մասում «հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով» բառերը փոխարինել «հոդվածով» բառով:

 

Հոդված 24. Օրենսգրքի 85.2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 85.2.

Որակավորման գրավոր քննությունը

 

1. Որակավորման գրավոր քննությունն անցկացվում է թեստերի միջոցով, որոնք պարունակում են իրավական խնդիրներ՝ առաջադրված փաստական հանգամանքների նկատմամբ իրավունքի նորմերը վերլուծելու և կիրառելու պահանջով:

2. Իրավական խնդրում ներկայացված յուրաքանչյուր հանգամանք վեր հանելու, վերլուծելու և իրավական որակում տալու համար տրվում է համապատասխան միավոր՝ կախված հանգամանքների բարդությունից:

3. Սույն հոդվածով նախատեսված գրավոր քննության ժամանակ հավակնորդին կարող են տրամադրվել հանձնարարվող խնդիրների փաստական հանգամանքների վերաբերյալ նյութեր, ինչպես նաև խնդրի լուծման համար անհրաժեշտ տեսական գրականություն և իրավական ակտեր, որոնց շրջանակը որոշում է (են) սույն օրենսգրքի 85-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով ընտրված համապատասխան մասնագետը (մասնագետները) կամ մասնագիտացված կազմակերպությունը:

4. Թեստերը կարող են պարունակել նաև բազմակի ընտրության հարցեր:

5. Սույն հոդվածով նախատեսված թեստն ուղղված է բացի ակադեմիական գիտելիքներից, նաև հավակնորդի վերլուծական կարողությունների, բարդ տեքստերի համակարգված, արագ ըմբռնման կարողությունների ստուգմանը:

6. Թեստի ժամանակ հարցերն ընտրվում են պատահականության սկզբունքով: Թեստի անցկացման համար նախատեսված հարցերի ընդհանուր քանակը, որից կատարվում է հարցերի ընտրությունը, պետք է առնվազն կրկնակի գերազանցի մեկ թեստի համար նախատեսված հարցերի քանակը:

7. Արդարադատության խորհուրդը սահմանում է սույն հոդվածով նախատեսված թեստի անցկացման համար մշակման ենթակա տարբերակների նվազագույն քանակը:

8. Որակավորման գրավոր քննության օրվանից առնվազն 10 օր առաջ Դատական դեպարտամենտը դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է սույն հոդվածով նախատեսված որակավորման գրավոր քննության առաջադրանքների առնվազն մեկ նմուշօրինակ:

9. Սույն հոդվածով նախատեսված որակավորման գրավոր քննության արդյունքներով անցողիկ միավորներ հավաքած հավակնորդները անցնում են հոգեբանական թեստ` ուղղված պատասխանատվության զգացման, ունկնդրելու կարողության, ինքնատիրապետման, հեղինակության (ազդեցության) չափավոր կիրառման և դատավորի աշխատանքի համար անհրաժեշտ ոչ մասնագիտական այլ հատկանիշների ստուգմանը:

10. Հոգեբանական թեստի արդյունքներն ունեն միայն խորհրդատվական նշանակություն, ենթակա չեն հրապարակման և տրամադրվում են միայն Արդարադատության խորհրդի անդամներին՝ խորհրդում հարցազրույցի անցկացումից հետո մինչև ամփոփիչ քննարկումը: Հոգեբանական թեստի արդյունքները, դատավորների թեկնածուների ցուցակը Հանրապետության Նախագահի կողմից հաստատվելուց հետո, ենթակա են ոչնչացման:»:

 

Հոդված 25. Օրենսգրքի 85.3-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «հոդվածի 1-ին մասով» բառերը փոխարինել «հոդվածով» բառով, իսկ «յուրաքանչյուր փուլի» և «համապատասխան փուլի» բառերը հանել.

2) 4-րդ մասի առաջին նախադասությունը «իրավաբանի թեկնածություն» բառերից հետո լրացնել «՝ վերջիններիս համաձայնությամբ» բառերով.

3) 12-րդ մասի «հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով» բառերը փոխարինել «հոդվածով» բառով.

4) 15-րդ մասից հանել «հնարավորինս» բառը.

5) 16-րդ մասի «հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով» բառերը փոխարինել «հոդվածով» բառով.

6) 21-րդ մասը «պատճենը» բառից հետո լրացնել «՝ սույն հոդվածի 17-րդ մասով նախատեսված նշումներով» բառերը.

7) 29-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«29. Բողոքարկման հանձնաժողովը բողոքները քննում է բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Բողոքարկման արդյունքներով կայացված որոշումները պատճառաբանվում են: Դրանք անհապաղ հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում՝ նշելով սկզբնական և բողոքարկման արդյունքում ստացված միավորները».

8) 31-րդ մասի «նոյեմբերի 25-ը» բառերը փոխարինել «նոյեմբերի 15-ը» բառերով.

9) 32-րդ մասի «հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված գրավոր քննության երկրորդ փուլի» բառերը փոխարինել «հոդվածով նախատեսված գրավոր քննության» բառերով:

 

Հոդված 26. Օրենսգրքի 86-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «հոդվածի 1-ին մասով» բառերը փոխարինել «հոդվածով» բառով.

2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Պետական մարմինները և պաշտոնատար անձինք նշված տեղեկությունները պարտավոր են տրամադրել նաև Արդարադատության խորհրդի պահանջով:».

3) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5. Դատական դեպարտամենտը Արդարադատության խորհրդի սահմանած կարգով գրավոր և բանավոր հարցումներ է կատարում հավակնորդի աշխատավայր, բարձրագույն ուսումնական հաստատություններ և հավակնորդի հետ առնչվող այլ հաստատություններ՝ հավակնորդի մասնագիտական որակների և անձնական հատկանիշների վերաբերյալ, ինչպես նաև հարկային և Արդարադատության խորհրդի սահմանած այլ վարչական մարմիններից օրենքով սահմանված կարգով ստանում է հավակնորդին վերաբերող անհատական տվյալներ։ Դատական դեպարտամենտը Արդարադատության խորհրդի սահմանած կարգով իրականացնում է նաև հավակնորդի ներկայացրած փաստաթղթերի հավաստիության ստուգում:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մաս՝

«8. Արդարադատության խորհրդում հարցազրույցին մասնակցող անձինք իրավունք ունեն դիմելու և դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան Արդարադատության խորհրդում հարցազրույցին նախորդող օրը ծանոթանալու սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված իրենց անձնական գործին:»:

 

Հոդված 27. Օրենսգրքի 87-րդ հոդվածում`

1) 4-րդ մասի «հարցաթերթերի և ամփոփիչ քննարկման ժամանակ արտահայտված կարծիքների հիման վրա» բառերը փոխարինել «հարցաթերթերի, ամփոփիչ քննարկման ժամանակ արտահայտված կարծիքների և Արդարադատության խորհրդի անդամների կողմից ներկայացված հատուկ կարծիքների հիման վրա» բառերով.

2) 7-րդ մասը «զեկույցները» բառից հետո լրացնել «` Արդարադատության խորհրդի անդամների ներկայացրած հատուկ կարծիքների հետ» բառերով:

 

Հոդված 28. Օրենսգրքի 94-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 94.

 

Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակի կազմման, դատարանի նախագահի, վերաքննիչ դատարանի դատավորի նշանակման հետ կապված` քվեաթերթիկներով քվեարկությունը:

 

1. Արդարադատության խորհրդի անդամը դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակի կազմման, դատարանի նախագահի, վերաքննիչ դատարանի դատավորի նշանակման վերաբերյալ քվեաթերթիկներով քվեարկելիս հաշվի է առնում դատավորների գործունեության գնահատման արդյունքները:

2. Դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակների կազմման ժամանակ հաշվի են առնվում դատավորների գործունեության գնահատման վերջին երկու արդյունքները:»:

 

Հոդված 29. Օրենսգրքի 101-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերն են՝

1) արդարադատություն իրականացնելիս նյութական նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը, որը կատարվել է չարամտորեն կամ կոպիտ անփութությամբ.

2) արդարադատություն իրականացնելիս դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը, որը կատարվել է չարամտորեն կամ կոպիտ անփութությամբ.

3) դատավորի կողմից վարքագծի կանոնների կոպիտ կամ պարբերաբար խախտումը.

4) դատավորի կողմից սույն օրենսգրքի 12-րդ հոդվածով, 75-րդ հոդվածի 2-րդ մասով, 104-րդ հոդվածի 3-րդ մասով, 107-րդ հոդվածի 3-րդ մասով, 115-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված պարտադիր վերապատրաստում անցնելու պարտականությունները չկատարելը.

5) սույն օրենսգրքով սահմանված կարգով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին արդարադատության և օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացման կապակցությամբ իր գործունեությանը միջամտելու կամ օրենքով չնախատեսված այլ ներգործության մասին չհայտնելը:»:

 

Հոդված 30. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 101.1-ին և 101.2-րդ հոդվածներով.

 

«Հոդված 101.1.

Կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթ հարուցելու ժամկետները

 

1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել`

1) սույն օրենսգրքի 101-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով՝ տվյալ գործով կամ հարցով համապատասխան դատական ակտը կայացնելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում.

2) սույն օրենսգրքի 101-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով՝ այն հայտնաբերելուց հետո` մեկամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց վեց ամիս հետո.

3) սույն օրենսգրքի 101-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով՝ այն հայտնաբերելուց հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց մեկ տարի հետո.

4) սույն օրենսգրքի 101-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով՝ այն հայտնաբերելուց հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան այդ հիմքը ծագելուց մեկ տարի հետո:

 

Հոդված 101.2.

Նյութական և դատավարական նորմն ակնհայտ և կոպիտ խախտելը չարամտորեն կամ կոպիտ անփութությամբ

 

1. Սույն գլխի իմաստով ակնհայտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի այն խախտումը, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով:

2. Կոպիտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի այն խախտումը, որը հեղինակազրկում է արդարադատությունը կամ անհամատեղելի է դատավորի բարձր կոչման հետ:

3. Կոպիտ է նաև պարբերաբար կատարված այն խախտումը, որը, առանձին վերցրած, կարող է այդպիսին չհամարվել, սակայն իր պարբերականությամբ հեղինակազրկում է արդարադատությունը կամ դատավորի բարձր կոչումը:

4. Սույն գլխի իմաստով նյութական կամ դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը կատարված է չարամտությամբ, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը:

5. Սույն գլխի իմաստով նյութական կամ դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը կատարված է կոպիտ անփութությամբ, եթե դատավորը չի կանխատեսել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր դա անել:

6. Արդարադատություն իրականացնելիս օրենքի մեկնաբանությունը, փաստերի և ապացույցների գնահատումն ինքնին չեն կարող հանգեցնել կարգապահական պատասխանատվության:»:

 

Հոդված 31. Օրենսգրքի 102-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 102.

 

Դատավորի կողմից կարգապահական խախտում կատարելու մասին հաղորդումը Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում քննարկելը

 

1. Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը դատավորի կողմից վարքագծի կանոնների խախտում կատարելու մասին հաղորդում ստանալով կամ նման փաստի հանդիպելով` իր իրավասության շրջանակում որևէ այլ հարց քննելիս կազմակերպում է քննարկում՝ մասնակից դարձնելով դատավորին: Եթե քննարկման արդյունքում Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը գտնում է, որ այդ խախտումները կոպիտ չեն և չեն կրում պարբերական բնույթ, ապա նա կարող է սահմանափակվել հարցի քննարկմամբ: Հակառակ դեպքում Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը հարուցում է կարգապահական վարույթ սույն օրենսգրքի 103-րդ հոդվածով սահմանված կարգով:

2.Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը, ստանալով սույն օրենսգրքի 65-րդ հոդվածի 3-րդ կամ 4-րդ մասով, ինչպես նաև սույն օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված տեղեկատվությունը, եթե գտնում է, որ տեղեկությունները ամբողջական չեն կամ կասկածելի են, ապա կարող է սեփական նախաձեռնությամբ կազմակերպել հարցի քննարկում՝ մասնակից դարձնելով դատավորին: Քննարկման հետևանքները որոշվում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով:»:

 

Հոդված 32. Օրենսգրքի 103-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ կետի, 3-րդ և 4-րդ մասերի «Արդարադատության խորհրդի կարգապահական» բառերը փոխարինել «Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի» բառերով.

2) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) Գերագույն դատարանի նախագահը` էթիկայի և կարգապահական կանոնների խախտման հիմքերով.

2) Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը՝ միայն էթիկայի կանոնների խախտման հիմքով:».

3) 4-րդ մասը «տեղեկացնում է արդարադատության նախարարին, իսկ» բառերից հետո լրացնել «էթիկայի կանոնների խախտման հիմքով՝» բառերով.

4) 5-րդ մասի 1-ին և 4-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 33. Օրենսգրքի 104-րդ հոդվածի 5-րդ մասում «Արդարադատության խորհրդի կարգապահական» բառերը փոխարինել «Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի» բառերով:

 

Հոդված 34. Օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասի չորրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եթե կարգապահական վարույթը հարուցվել է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից, ապա Արդարադատության խորհրդի նիստին կարգապահական խախտման մասին եզրակացության վերաբերյալ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի հանձնարարությամբ զեկուցում է դրա անդամներից մեկը:»:

 

Հոդված 35. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասի «Եթե կարգապահական վարույթը հարուցվել է Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից, ապա վարույթ հարուցած կարգապահական հանձնաժողովի անդամները խորհրդակցական սենյակում ներկա չեն գտնվում:» նախադասությունը հանել:

 

Հոդված 36. Օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) վարույթը հարուցած անձը խախտել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները, եթե դատավորը համաձայն է վարույթի կարճմանը նշված հիմքով.»:

 

Հոդված 37. Օրենսգրքի 114.1-ին հոդվածում՝

1) 1-ին մասի և 2-րդ մասի առաջին նախադասության «Դատարանների նախագահների խորհուրդը» բառերը փոխարինել «Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը» բառերով.

2) 2-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հակառակ դեպքում Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը հարուցում է կարգապահական վարույթ սույն օրենսգրքի 103-րդ հոդվածով սահմանված կարգով:»:

 

Հոդված 38. Օրենսգրքի 120-րդ հոդվածում՝

1) տեքստը համարակալել «1.» թվով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մաս.

«2. Դատական դեպարտամենտին հանձնարարություններ տալու իրավունք ունեն Արդարադատության խորհուրդը՝ աշխատակարգային որոշումներ ընդունելու միջոցով, խորհրդի այն անդամը, որին խորհրդի որոշմամբ տրվել են հանձնարարություններ, Դատարանների նախագահների խորհրդի կանոնակարգով սահմանված կարգով` Դատարանների նախագահների խորհուրդը, իսկ Դատավորների ընդհանուր ժողովի կանոնակարգով սահմանված կարգով՝ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը, Դատավորների ընդհանուր ժողովի գնահատման հանձնաժողովը:»:

 

Հոդված 39.

Անցումային և եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 14-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

3. Սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը և 28-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր դատավորների գործունեության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգրքի 66.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված առաջին գնահատումը սկսվում է 2016 թվականի հունվարի 1-ից:

5. Դատավորների գործունեության առաջին գնահատումն անցկացվում է երեք տարիների տվյալների հիման վրա:

6. Գնահատման առաջին հանձնաժողովը ձևավորվում է մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը:

7. Գնահատման առաջին հանձնաժողովի անդամի թեկնածուն պետք է ունենա դատավորի պաշտոնում առնվազն ութ տարվա աշխատանքային ստաժ:

8. Սույն օրենքի 28-րդ հոդվածն ուժի մեջ մտնելուց հետո առաջին անգամ դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները կազմելիս հաշվի է առնվում դատավորների գործունեության գնահատման առաջին արդյունքը:

9. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովն առանց կարգապահական վարույթ հարուցելու լիազորության շարունակում է իրականացնել իր լիազորությունները մինչև իր հարուցած կարգապահական վարույթներն ավարտելը, բայց ոչ ավելի, քան երեք ամիս ժամկետով: Նշված ժամկետն ավարտվելուց հետո չավարտված կարգապահական վարույթները փոխանցվում են Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին:

10. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը սահմանում է դատական վիճակագրության վարման համար պարտադիր վիճակագրական դասակարգիչները, պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների (տեղեկությունների) ցանկը և հրապարակման կարգը, վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

2015թ. մայիսի 15

Ստեփանակերտ

ՀՕ-16-Ն