ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼՂՀ պետական պահուստային ֆոնդի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքի փոփոխման կարգը հաստատելու մասին
ԼՂՀ պետական պահուստային ֆոնդի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքի փոփոխման գործընթացը կանոնակարգելու, այդ բնագավառում պետական հսկողությունը ուժեղացնելու նպատակով ԼՂՀ կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ԼՂՀ պետական պահուստային ֆոնդի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքի փոփոխման կարգը (կցվում է):
2. ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությանը, ԼՂՀ շրջանների վարչակազմերին, համայնքների ղեկավարներին` երեք ամսվա ընթացքում ապահովել 1997 թվականի գյուղատնտեսական նշանակության հողերի գույքագրումից հետո ԼՂՀ պետական պահուստային ֆոնդի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքի փաստացի փոփոխությունների օրինականացումը` սույն որոշմամբ հաստատված կարգի համաձայն:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
2002թ. մայիսի 6-ի
թիվ 107 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ԼՂՀ պետական պահուստային ֆոնդի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքի փոփոխման
1. ԼՂՀ պետական պահուստային ֆոնդի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքի փոփոխությունը թույլատրվում է միայն հողերի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
2. ԼՂՀ պետական պահուստային ֆոնդի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքի փոփոխման (հետագայում` հողատեսքի փոփոխում) նախաձեռնությամբ կարող են հանդես գալ.
համայնքի ավագանին` համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական պահուստային ֆոնդի հողերի համար,
շրջանի վարչակազմը` համայնքների վարչական սահմաններից դուրս, բայց շրջանի վարչական տարածքում գտնվող պետական պահուստային ֆոնդի հողերի համար,
ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունը` պետական պահուստային ֆոնդի բոլոր հողերի համար, համաձայնեցնելով համապատասխան վարչակազմի հետ:
3. Համայնքի ավագանին հողատեսքի փոփոխման նախաձեռնությամբ դիմում է շրջանի վարչակազմին` հիմնավորելով հողատեսքի փոփոխման նպատակն ու դրդապատճառները:
Շրջանի վարչակազմը ուսումնասիրում է նյութերը և դրական եզրակացության դեպքում այն` իր եզրակացության հետ միասին, ներկայացնում ԼՂՀ գյուղատնտեսության նախարարություն:
4. Շրջանի վարչակազմը հողատեսքի փոփոխման նախաձեռնությամբ դիմում է ԼՂՀ գյուղատնտեսության նախարարություն` հիմնավորելով հողատեսքի փոփոխման նպատակն ու դրդապատճառները:
5. ԼՂՀ գյուղատնտեսության նախարարություն ներկայացվող փաստաթղթերին պարտադիր կցվում է տվյալ հողամասի նկատմամբ իրավունքի գրանցման վկայականի պատճեն:
6. ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունը համապատասխան ծառայությունների միջոցով, իր հերթին, ուսումնասիրում է հողատեսքի փոփոխման նպատակահարմարությունը և դրական եզրակացության դեպքում այն հաստատում նախարարության կոլեգիայի որոշմամբ:
7. ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության կոլեգիայի որոշումը ընդունելուց հետո համապատասխան փոփոխություններ են կատարվում շրջանային կամ համայնքային հողային հաշվեկշիռներում, որոնք իրենց արտացոլումն են գտնում ԼՂՀ կառավարության կողմից յուրաքանչյուր տարի հաստատվող ԼՂՀ հողային հաշվեկշռի մեջ:
8. ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունը հողատեսքի փոփոխման վերաբերյալ ընդունած որոշումների մասին 7-օրյա ժամկետում տեղեկացնում է ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին: