ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
“29” հունիսի 2002թ. |
N 161 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության կանոնադրությունը և կենտրոնական աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության կանոնադրությունը և կենտրոնական աշխատակազմի կառուցվածքը /կցվում են/:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998թ. հուլիսի 29-ի ‹‹ԼՂՀ արդարադատության պետական վարչության կանոնադրությունը և կենտրոնական աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին›› թիվ 122 որոշումը:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
29 հունիսի 2002թ.
թիվ 161 որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչություն
Ընդհանուր դրույթներ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչությունը /այսուհետև` պետվարչություն/ գործադիր իշխանության հանրապետական մարմին է:
2. Պետվարչությունը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և իր խնդիրներն իրագործելու նպատակով իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:
3. Պետվարչությունը ճյուղային կառավարման կենտրոնական մարմին է, ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք ու ձևաթղթեր:
Պետական վարչության հիմնական խնդիրներն ու գործառույթները
4. Պետական վարչության հիմնական խնդիրներն են`
ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության ստեղծմանն ու կատարելագործմանն օժանդակելը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համակարգումը և դրա կանոնակարգման վերաբերյալ առաջարկությունների մշակումը.
բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների կազմակերպման ղեկավարման ապահովումը` պահպանելով դատավորների անկախության և օրենքին ենթարկվելու սկզբունքը, դատական գործափորձի /պրակտիկայի/ ուսումնասիրումն ու ամփոփումը, դատական վիճակագրական գործի կազմակերպումը.
գ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային կապերի իրավական ապահովման և միջպետական հարաբերություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերի իրավական պաշտպանության աշխատանքներին մասնակցելը.
դ/ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործունեության կազմակերպումը.
ե/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ստեղծվող իրավաբանական անձանց /բացառությամբ բանկերի/ և անհայտ ձեռնարկատերերի պետական գրանցման, ինչպես նաև իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառման ու մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների խմբագրությունների կանոնադրությունների գրանցումը.
զ/ իրավաբանական կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը.
է/ կուսակցությունների, հասարակական միավորումների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ կազմակերպությունների ու մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացում` օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
5. Իր առջև դրված հիմնական խնդիրներին համապատասխան պետական վարչությունն իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ կամ իր նախաձեռնությամբ մշակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումների, ինչպես նաև գերատեսչական նորմատիվ ակտերի նախագծեր.
բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում իրավաբանական եզրակացություններ է տալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումների նախագծերի վերաբերյալ.
գ/ համակարգում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությունը, նախապատրաստում առաջարկություններ դրանում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու վերաբերյալ.
դ/ իրականացնում է գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցումը, ընդունում է գերատեսչական նորմատիվ ակտերի նախապատրաստման ու հաստատման վերաբերյալ հրահանգներ.
ե/ վերահսկողություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների և պետական կառավարման տարածքային մարմինների կողմից գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման կարգի կատարման նկատմամբ.
զ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների և պետական կառավարման մարմինների նորմատիվ ակտերի ու իրավական բնույթի այլ փաստաթղթերի իրավաբանական փորձաքննություն.
է/ Պետվարչության համակարգի բյուջետային ֆինանսավորումն ապահովելու նպատակով օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով ֆինանսավորման հայտ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողով.
ը/ ուսումնասիրում և ամփոփում է դատական գործափորձը /պրակտիկան/, հավաքում, ամփոփում և վերլուծում է դատական վիճակագրության տվյալները, դրանք օգտագործում հանցագործությունների և մյուս իրավախախտումների պատճառների, ինչպես նաև դրանց կատարմանը նպաստող պայմանների վերացման միջոցառումների մշակման ու իրականացման գործում.
թ/ կազմակերպում և իրականացնում է դատական ակտերի հարկադիր կատարումը.
ժ/ մասնակցում է իրավական օգնության և համագործակցության վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանը, եզրակացություններ տալիս դրանց վերաբերյալ.
ժա/ իր իրավասության սահմաններում մասնակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և այլ պետությունների միջև կնքված իրավական օգնության և համագործակցության վերաբերյալ միջազգային պայմանագրերի կատարման ապահովմանը.
ժբ/ եզրակացություններ է տալիս ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի վերաբերյալ` այդ պայմանագրով նախատեսված դեպքերում.
ժգ/ իր իրավասության սահմաններում պայմանագրային ու այլ կապեր է հաստատում օտարերկրյա պետությունների իրավապահ և արդարադատություն իրականացնող մարմինների ու միջազգային կազմակերպությունների հետ.
ժդ/ իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ստեղծվող իրավաբանական անձանց /բացառությամբ բանկերի/ և անհայտ ձեռնարկատերերի պետական գրանցումը, ինչպես նաև իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառումն ու մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների խմբագրությունների կանոնադրությունների գրանցումը.
ժե/ իրականացնում է կուսակցությունների, հասարակական միավորումների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ կազմակերպությունների ու մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների գործունեության նկատմամբ վերահսկողությունը օրենքով սահմանված դեպքերում և կարգով.
ժզ/ կազմակերպում և ղեկավարում է հանրապետության պետական նոտարական գրասենյակների աշխատանքը, վերահսկողություն է իրականացնում դրանց գործունեության նկատմամբ, օրինականացնում է համապատասխան փաստաթղթեր, հաստատում նոտարական գործողությունների կատարման վերաբերյալ հրահանգներ.
ժէ/ կազմակերպում և ղեկավարում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների աշխատանքը, վերահսկողություն է իրականացնում դրանց գործունեության նկատմամբ, թույլատրում է քաղաքացիների անվան, ազգանվան և հայրանվան փոփոխությունը, քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում փոփոխություններ, ուղղումներ, վերականգնումներ կատարելը, համաձայնություն տալիս օտարերկրյա քաղաքացիների հետ կապված բոլոր տեսակի քաղաքացիական կացության ակտային գրանցումներ կատարելու համար, հաստատում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործողությունների կատարման վերաբերյալ հրահանգներ.
ժը/ ղեկավարում է համակարգում դատական փորձաքննության կազմակերպումը, հաստատում դատական փորձաքննությունների վերաբերյալ մեթոդական հրահանգներ.
ժթ/ իրականացնում է պետվարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ղեկավար կադրերի ընտրությունն ու տեղաբաշխումը.
ի/ կազմակերպում է պետվարչության համակարգի հիմնարկների և կազմակերպությունների ֆինանսական գործունեությունը.
իա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում, վերակազմավորում և լուծարում է համակարգի ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները.
իբ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է համակարգի, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների տիրապետմանն ու օգտագործմանը հանձնած պետական գույքի օգտագործումը, ինչպես նաև համաձայնություն է տալիս այդ գույքը օտարելու կամ վարձակալության տալու համար.
իգ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով տալիս է լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվություն /լիցենզիա/.
իդ/ իր իրավասության սահմաններում ընդունում է գերատեսչական նորմատիվ ակտեր.
իե/ իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
Պետական վարչության աշխատանքի կազմակերպումը
6. Պետական համակարգը ներառում է իր անմիջական ենթակայության ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ամբողջությունը:
7. Պետվարչությունն իրեն վերապահված լիազորությունների սահմաններում համագործակցում է այլ նախարարությունների հետ` միջճյուղային հարցերի մշակման ու լուծման նպատակով:
8. Պետվարչությանն ամրակցված գույքը գտնվում է նրա օպերատիվ կառավարման ներքո:
9. Պետվարչության գործունեությունն իրականացվում է միանձնյա ղեկավարման և կոլեգիալության զուգակցման սկզբունքի հիման վրա:
10. Պետվարչությունը գլխավորում է պետվարչության պետը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:
11. Պետվարչության պետը`
ա/ ղեկավարում է պետվարչության ընթացիկ գործունեությունը և պատասխանատու է պետվարչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
բ/ սահմանում է պետվարչության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասության սահամնները.
գ/ կատարում է պարտականությունների բաշխում.
դ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում պետվարչության կանոնադրությունը, կենտրոնական աշխատակազմի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը.
ե/ աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում պետվարչության կենտրոնական աշխատակազմի աշխատողներին.
զ/ օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում սահմանված կարգով կարգապահական վարույթ է հարուցում դատավորների նկատմամբ.
է/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համակարգի աշխատողներին շնորհում է դասային կոչումներ.
ը/ հաստատում է պետվարչության բաժինների, այլ կառուցվածքային ստորաբաժանումների, պետվարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների կանոնադրությունները.
թ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում պետվարչության կոլեգիայի կազմը.
թա/ վարում է պետվարչության կոլեգիայի նիստերը.
թբ/ կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում համակարգի, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ղեկավարների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը հակասող ոչ նորմատիվ իրավական ակտերը.
թգ/ իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ.
թդ/ իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
12. Պետվարչության պետի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, պետվարչության պետի պարտականությունները կատարում է ստորաբաժանումներից մեկի ղեկավարը:
13. Պետվարչությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են պետվարչության պետը /նախագահ` ի պաշտոնե/, պետվարչության համակարգի և կենտրոնական աշխատակազմի այլ ղեկավար աշխատողներ:
14. Պետվարչության կոլեգիան իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում համակարգի հիմնական խնդիրներին ու գործառույթներին առնչվող հարցեր, քննարկում համակարգի, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործնական ղեկավարման, վերահսկողության, ղեկավար կադրերի ընտրության և տեղաբաշխման հարցերը, կարևորագույն հրամանների ու այլ փաստաթղթերի նախագծերը, լսում պետվարչության կառուցվածքային ստորաբաժանումների, պետվարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների հաշվետվությունները:
Կոլեգիայի որոշումները, որպես կանոն, կենսագործվում են պետվարչության պետի հրամաններով: Պետվարչության պետի և կոլեգիայի անդամների միջև կոլեգիայի նիստում քննարկվող հարցերի վերաբերյալ տարաձայնությունների առկայության դեպքում պետվարչության պետը կենսագործում է իր որոշումը` ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին: Կոլեգիայի անդամներն իրենց հերթին կարող են իրենց կարծիքը հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին:
15. Պետվարչության ֆինանսավորումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
16. Պետվարչությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների, դիմումների և գանգատների սահմանված կարգով քննարկումը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող` պետվարչության համակարգի ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման ուղղությամբ:
Դատավորների պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ցուցակների նախապատրաստումը
17. Դատավորների պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ցուցակների վերաբերյալ առաջարկի ձևավորման նպատակով պետական վարչության կենտրոնական ապարատում իրականացվում են ցուցակներում ընդգրկվելու ցանկություն հայտնած այն անձանց /այսուհետև` հավակնորդներ/ նախնական հաշվառման աշխատանքներ, ովքեր բավարարում են դատավորների պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկվելու համար սահմանված պահանջները:
18. Հավակնորդները սահմանված ժամկետում պետվարչություն են ներկայացնում համապատասխան փաստաթղթեր, որոնց ցանկը հաստատում է պետվարչության պետը: Փաստաթղթերը ներկայացնելու ժամկետի մասին հաղորդագրությունը նախապես հրապարակում է զանգվածային լրատվության միջոցներով:
Նշված փաստաթղթերից կազմված գործերը պետվարչության պետի մակագրությամբ վերցվում են հաշվառման և պահվում պետվարչությունում:
19. Դատավորների պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ցուցակի կազմման նպատակով ԼՂՀ արդարադատության պետական վարչության պետի հրամանով ստեղծվում է հանձնաժողով:
Հանձնաժողովը ուսումնասիրում և ստուգում է դատավորների պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու ցանկություն հայտնած անձանց ներկայացրած փաստաթղթերը, նրանց անձնական գործերն ու, հաշվի առնելով դատավորների պաշտոնավարման ստաժը, նրանց կողմից /կամ նախագահությամբ/ կայացված դատավճիռների, վճիռների ու որոշումների բեկանումների ու փոփոխումների որակական ու քանակական տվյալները, կարգապահական տույժերի առկայությունը, ինչպես նաև դատավորների գործնական ու բարոյական այլ հատկանիշներ, նրանց հետ անցկացնում է հարցազրույց, որի արդյունքները ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության պետին:
20. Հավակնորդների մասնագիտական կարողությունների և իրավաբանական գիտելիքների կիրարկման ունակությունները վերջնական ստուգման է ենթարկվում ԼՂՀ Նախագահի հրամանագրով ստեղծված իրավաբանական որակավորող հանձնաժողովի կողմից:
Հանձնաժողովը ուսումնասիրում է դատավորների պաշտոնեական պիտանիության ցուցակում ընդգրկվելու ցանկություն հայտնած անձանց ներկայացրած փաստաթղթերը, որից հետո կազմակերպում և անցկացնում թեստավորում նրանց մասնագիտական կարողություններին ծանոթանալու, գործող օրենսդրության իմացության աստիճանը պարզելու նպատակով:
Դրական արդյունքներով թեստավորումը անցած հավակնորդները վերցվում են հաշվառման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչությունում և ընդգրկվում պաշտոնեական պիտանիության ցուցակում:
Պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ցուցակները կազմվում են յուրաքանչյուր տարվա դեկտեմբեր ամսին: Նրանցում ընդգրկված թեկնածուների կողմից էլ, ‹‹Դատական մագիստրատուրայի խորհրդի մասին›› ԼՂՀ օրենքով սահմանված կարգով կատարվում է դատավորի պաշտոններում նշանակելու համար թեկնածուների առաջադրումը:
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
29 հունիսի 2002 թ.
թիվ 161 որոշմամբ |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչության կենտրոնական աշխատակազմի կառուցվածքը
1. Դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչություն
2. Պետական ռեգիստրի կենտրոնական մարմին /բաժին/
3. Նոտարիատի և ՔԿԱԳ բաժին
4. Օրենսդրական հարցերի բաժին
5. Դատական մարմինների բաժին
6. Ընդհանուր բաժին: