ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«31» հուլիսի 2012թ. |
N 536-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-Ի N 168 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 19-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից իրականացվող նվազեցումների որոշ տեսակների առավելագույն թույլատրելի չափեր սահմանելու մասին» N 168 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժբ» ենթակետով.
«ժբ) կառավարման ծառայությունների ծախսեր են համարվում հարկատուի գործունեությունը փաստացի ղեկավարելու համար այլ անձանց կողմից հարկատուին մատուցվող ծառայությունների և (կամ) հարկատուի համար կատարվող աշխատանքների (բացառությամբ վարձու աշխատող համարվող անձանց կողմից կատարվող աշխատանքների) դիմաց այդ անձանց վճարվող գումարները (բացառությամբ կառավարման գծով խորհրդատվության և հավատարմագրային կառավարման համար այլ անձանց վճարվող գումարների):».
2) որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժդ» ենթակետով.
«ժդ) ոչ ռեզիդենտ կազմակերպություններից, օտարերկրյա քաղաքացիներից և քաղաքացիություն չունեցող անձանցից ստացված կառավարման ծառայությունների ծախսերը` հաշվետու տարվա համախառն եկամտի 2 տոկոսը չգերազանցող գումարի չափով:
Սույն ենթակետի դրույթները չեն կիրառվում տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում նորամուծությունների ներդրման և ինովացիոն գործունեություն իրականացնող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունների հիմնադիր հանդիսացող ոչ ռեզիդենտ կազմակերպություններից, օտարերկրյա քաղաքացիներից և քաղաքացիություն չունեցող անձանցից ստացված կառավարման ծառայությունների ծախսերի նկատմամբ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2012 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |