ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
“28” հոկտեմբերի 2003թ. |
N 291 |
ք.Ստեփանակերտ
ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՐԱՎԻ, ՀԻՓՈԹԵՔԻ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ /ԼԻԶԻՆԳ/ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի պահանջների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել շարժական գույքի նկատմամբ գրավի, հիփոթեքի, ֆինանսական վարձակալության /լիզինգ/ իրավունքի պետական գրանցման կարգը` համաձայն հավելվածի:
2. «Շարժական գույքի նկատմամբ գրավի, հիփոթեքի, ֆինանսական վարձակալության /լիզինգ/ իրավունքի պետական գրանցման կարգ»-ը գործողության մեջ դնել 2004 թվականի հունվարի 1-ից:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
2003 թվականի հոկտեմբերի 28-ի
թիվ 291 որոշման |
Կ Ա Ր Գ
ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՐԱՎԻ, ՀԻՓՈԹԵՔԻ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ /ԼԻԶԻՆԳ/ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է շարժական գույքի նկատմամբ գրավի, հիփոթեքի, ֆինանսական վարձակալության /լիզինգ/ իրավունքի պետական գրանցման /այսուհետ` պետական գրանցում/ կարգը:
2. Պետական գրանցման օբյեկտ են հանդիսանում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ԼՂՀ օրենքով /այսուհետ` օրենք/ և սույն կարգով սահմանված պետական գրանցման ենթակա շարժական գույքի նկատմամբ գրավի, հիփոթեքի, ֆինանսական վարձակալության /լիզինգ/ պայմանագրերից ծագող իրավունքները:
3. Պետական գրանցման սուբյեկտներն են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, համայնքները, քաղաքացիները, իրավաբանական անձինք, օտարերկրյա պետությունները և միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձինք, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք:
4. Պետական գրանցման ենթակա են ցանկացած շարժական գույքի նկատմամբ գրավի, հիփոթեքի, ֆինանսական վարձակալության /լիզինգ/ պայմանագրերից ծագող իրավունքները` ներառյալ նյութական և ոչ նյութական գույքը, այդ թվում` ցանկացած շարժական գույք, որը կցված է այլ անշարժ կամ շարժական գույքի, բացառությամբ ԼՂՀ քաղաքացիական օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված շրջանառությունից հանված կամ այնպիսի շարժական գույքի, որը չի կարող հանդիսանալ գրավի, հիփոթեքի, ֆինանսական վարձակալության /լիզինգ/ առարկա:
II. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
5. Պետական գրանցումն իրականացվում է դիմողի հայեցողությամբ, անկախ վերջինիս բնակության կամ գտնվելու վայրի` ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի /այսուհետ` կոմիտե/ տարածքային ստորաբաժանումներում /այսուհետ` ռեգիստր/:
6. Շարժական գույքի նկատմամբ գրավի, հիփոթեքի, ֆինանսական վարձակալության /լիզինգ/ իրավունքի գրանցումն իրականացվում է միայն շահագրգիռ կողմի դիմումի հիման վրա` կամավորության սկզբունքով:
7. Շարժական գույքի նկատմամբ գրավի, հիփոթեքի, ֆինանսական վարձակալության /լիզինգ/ իրավունք ունեցող սուբյեկտները պետական գրանցման նպատակով ռեգիստր պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
ա/ դիմում,
բ/ գրավի, հիփոթեքի, ֆինանսական վարձակալության /լիզինգ/ պայմանագրի բնօրինակը կամ սահմանված կարգով հաստատված պատճենը,
գ/ պետական տուրքի վճարման անդորրագիր,
դ/ պետական գրանցման վճարի անդորրագիր:
Դիմումը մուտքագրվելուց հետո դիմողին տրվում է ստացական` մուտքագրված փաստաթղթերի պարտադիր նշումներով:
8. Պետական գրանցման համար դիմումի և ստացականի ձևը սահմանում է կոմիտեն:
9. Պետական գրանցման վճարների չափերը սահմանում է կոմիտեն` համաձայնեցնելով ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
10. Պետական գրանցումը կատարվում է շարժական գույքի նկատմամբ գրավի հիփոթեքի, ֆինանսական վարձակալության /լիզինգ/ իրավունքի պետական գրանցման միասնական մատյաններում, որոնց ձևերը սահմանում է կոմիտեն:
11. Շարժական գույքի նկատմամբ գրավի, հիփոթեքի իրավունքի պետական գրանցման միասնական մատյանը պարունակում է հետևյալ տվյալները`
ա/ տրանսպորտային միջոցների, գործիքների, սարքավորումների և դրանց պահեստամասերի սերիական համարները, ինչպես նաև դրանց տեխնիկական անձնագրերում կամ նույնացման այլ փաստաթղթերում առկա անհրաժեշտ տեղեկություններն ու այլ բնութագրիչ հատկանիշներ, առկայության դեպքում` նաև դրանց թողարկման տարեթիվը, թողարկման համարը, դրանց բացակայության դեպքում` գրավի, հիփոթեքի առարկայի ընդհանուր նկարագիրը.
բ/ գրավատուի և գրավառուի անունները /անվանումները/, բնակության վայրերը /գտնվելու վայրերը/`
ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը /անձնագրում առկայության դեպքում` հայրանունը/, ծննդյան թիվը, անձնագրի տվյալները,
իրավաբանական անձի դեպքում` անվանումը կամ ծածկագիրը, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված իրավաբանական անձի վկայականի համարը.
գ/ գրավի, հիփոթեքի առարկայի պայմանագրային արժեքը /դրամ/.
դ/ գրավի, հիփոթեքի պայմանագրի կնքման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համարը.
ե/ գրավի, հիփոթեքի պայմանագրի գործողության ժամկետը:
12. Շարժական գույքի ֆինանսական վարձակալության /լիզինգ/ իրավունքի պետական գրանցման միասնական մատյանը պարունակում է հետևյալ տվյալները`
ա/ տրանսպորտային միջոցների, գործիքների, սարքավորումների և դրանց պահեստամասերի սերիական համարները, ինչպես նաև դրանց տեխնիկական անձնագրերում կամ նույնացման այլ փաստաթղթերում առկա անհրաժեշտ տեղեկությունները, այլ բնութագրիչ հատկանիշներ, առկայության դեպքում` նաև դրանց թողարկման տարեթիվը, թողարկման համարը, դրանց բացակայության դեպքում` ֆինանսական վարձակալության /լիզինգի/ առարկայի ընդհանուր նկարագիրը.
բ/ վարձատուի և վարձակալի անունը /անվանումը/, հասցեն`
ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը /անձնագրում առկայության դեպքում` հայրանունը/, ծննդյան տարեթիվը, անձնագրի տվյալները,
իրավաբանական անձի դեպքում` գրանցված անվանումն ու ծածկագիրը և իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված իրավաբանական անձի վկայականի համարը.
գ/ ֆինանսական վարձակալության /լիզինգ/ պայմանագրի գործողության ժամկետը:
13. Պետական գրանցման իրականացումից հետո շարժական գույքի գրավի, հիփոթեքի, ֆինանսական վարձակալության /լիզինգ/ համար կազմվում է կադաստրային գործ, որում ընդգրկված փաստաթղթերը տեսաներածվում են համակարգիչ:
14. Կադաստրային գործն ընդգրկում է հետևյալ փաստաթղթերը`
ա/ դիմում,
բ/ գրավի, հիփոթեքի, ֆինանսական վարձակալության /լիզինգ/ պայմանագրի բնօրինակը կամ սահմանված կարգով հաստատված պատճենը,
գ/ պետական գրանցման վճարի անդորրագրերը,
դ/ իրավունքի ծագումը, փոփոխումը, դադարումը հաստատող այլ փաստաթղթեր:
15. Շարժական գույքի նկատմամբ գրավի, հիփոթեքի, ֆինանսական վարձակալության /լիզինգ/ իրավունքը համարվում է գրանցված` շարժական գույքի գրավի, հիփոթեքի իրավունքի և շարժական գույքի ֆինանսական վարձակալության /լիզինգ/ իրավունքի գրանցման միասնական մատյաններում գրանցվելու պահից:
16. Պետական գրանցումը կատարվում է փաստաթղթերը ռեգիստր ներկայացվելու օրվանից սկսած 2-րդ աշխատանքային օրը:
17. Պետական գրանցումից հետո տրամադրվում է շարժական գույքի գրավի, հիփոթեքի և ֆինանսական վարձակալության /լիզինգ/ իրավունքի պետական գրանցման վկայական:
18. Շարժական գույքի նկատմամբ գրավի հիփոթեքի իրավունքի պետական գրանցման վկայականը պարունակում է հետևյալ տվյալները`
ա/ գրավատուի և գրավառուի անունները /անվանումները/, բնակության վայրերը /հասցեները/`
ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը /անձնագրում առկայության դեպքում` հայրանունը/, ծննդյան տարեթիվը.
իրավաբանական անձի դեպքում` գրանցված անվանումը, ծածկագիրը և իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված իրավաբանական անձի վկայականի համարը.
բ/ տրանսպորտային միջոցների, գործիքների, սարքավորումների և դրանց պահեստամասերի սերիական համարները, ինչպես նաև դրանց տեխնիկական անձնագրերում կամ նույնացման այլ փաստաթղթերում առկա անհրաժեշտ տեղեկությունները և այլ բնութագրիչ հատկանիշներ, առկայության դեպքում` նաև դրանց թողարկման տարեթիվն ու թողարկման համարը, դրանց բացակայության դեպքում` գրավի, հիփոթեքի առարկայի ընդհանուր նկարագիրը.
գ/ գրավի, հիփոթեքի առարկայի պայմանագրային արժեքը /դրամ/.
դ/ գրավի, հիփոթեքի պայմանագրի կնքման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համարը.
ե/ գրավի, հիփոթեքի պայմանագրի գործողության ժամկետը:
19. Շարժական գույքի նկատմամբ ֆինանսական վարձակալության /լիզինգ/ իրավունքի պետական գրանցման վկայականը պարունակում է հետևյալ տվյալները`
ա/ տրանսպորտային միջոցների, գործիքների, սարքավորումների և դրանց պահեստամասերի սերիական համարները, ինչպես նաև դրանց տեխնիկական անձնագրերում կամ նույնացման այլ փաստաթղթերում առկա անհրաժեշտ տեղեկությունները և այլ բնութագրիչ հատկանիշները, առկայության դեպքում նաև դրանց թողարկման տարեթիվը, թողարկման համարը, դրանց բացակայության դեպքում` ֆինանսական վարձակալության /լիզինգ/ առարկայի ընդհանուր նկարագիրը.
բ/ վարձատուի և վարձակալի անունները /անվանումները/, հասցեները`
ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը /անձնագրում առկայության դեպքում` հայրանունը/, ծննդյան տարեթիվը, անձնագրի տվյալները,
իրավաբանական անձի դեպքում` գրանցված անվանումը, ծածկագիրը և իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված իրավաբանական անձի վկայականի համարը.
գ/ ֆինանսական վարձակալության /լիզինգ/ պայմանագրի գործողության ժամկետը.
դ/ ֆինանսական վարձակալության /լիզինգ/ պայմանագրի կնքման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համարը:
20. Շարժական գույքի նկատմամբ գրավի, հիփոթեքի, ֆինանսական վարձակալության /լիզինգ/ իրավունքի պետական գրանցման վկայականների ձևերը սահմանում է կոմիտեն:
21. Պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալներն ուղղվում են գրավատուի կամ գրավառուի, ինչպես նաև վարձակալի կամ վարձատուի դիմումների հիման վրա կամ ռեգիստրի պաշտոնատար անձի նախաձեռնությամբ` անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում` օրենքի 42-րդ հոդվածի համաձայն:
22. Այն սխալների ուղղումը, որոնք թույլ են տրվել ռեգիստրի կողմից, կողմերի համար կատարվում է անվճար` ռեգիստրի հաշվին:
23. Ռեգիստրի պաշտոնատար անձի նախաձեռնությամբ սխալների ուղղումը կատարվելուց հետո, նույն օրը, դրա մասին պատշաճ ձևով տեղյակ է պահվում կողմերին:
24. Շարժական գույքի նկատմամբ գրավի, հիփոթեքի իրավունքի պետական գրանցումը չեղյալ է համարվում`
ա/ գրավառուի դիմումի հիման վրա.
բ/ շարժական գույքի նկատմամբ գրավի, հիփոթեքի իրավունքը դադարեցնելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ, վճռով ու դատավճռով:
25. Շարժական գույքի նկատմամբ ֆինանսական վարձակալության /լիզինգ/ իրավունքի պետական գրանցումը չեղյալ է համարվում`
ա/ վարձատուի և վարձակալի համատեղ դիմումի հիման վրա.
բ/ ֆինանսական վարձակալության /լիզինգ/ պայմանագիրը դատական կարգով վաղաժամկետ լուծելու դեպքում.
գ/ ֆինանսական վարձակալության /լիզինգ/ պայմանագրի ժամկետն ավարտվելու դեպքում:
26. Պետական գրանցումը մերժվում է, եթե`
ա/ փաստաթղթերը կազմված են օրենքով սահմանված կարգին ոչ համապատասխան,
բ/ բացակայում են պետական գրանցման վճարի անդորրագրերը,
գ/ ներկայացվել են մատիտով գրված, ջնջումներով, ուղղումներով, ինչպես նաև ոչ պատշաճ ձևակերպված փաստաթղթեր,
դ/ գրավադրվել, ֆինանսական վարձակալության է տրվել այնպիսի շարժական գույք, որը հանված է շրջանառությունից կամ այնպիսի շարժական գույք, որը չի կարող հանդիսանալ գրավի, հիփոթեքի, ֆինանսական վարձակալության /լիզինգ/ առարկա:
Արգելվում է այլ պատճառով պետական գրանցման մերժումը /այդ թվում` աննպատակահարմարության պատճառաբանությամբ/:
Պետական գրանցումը մերժվելու դեպքում մեկօրյա ժամկետում դիմողին գրավոր տեղյակ է պահվում մերժման պատճառների մասին:
III. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
27. Տեղեկատվության տրամադրումը բաց է:
28. Տեղեկատվության տրամադրումն իրականացվում է շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա:
29. Տեղեկատվության տրամադրումը վճարովի է:
30. Շարժական գույքի գրավի, հիփոթեքի, ֆինանսական վարձակալության /լիզինգ/ մասին տեղեկատվությունը ներառում է`
ա/ գրավատուի, գրավառուի կամ վարձատուի, վարձակալի բնակության վայրերը /հասցեները/,
բ/ գրավի, հիփոթեքի կամ ֆինանսական վարձակալության /լիզինգ/ առարկայի նկարագիրը,
գ/ գրավի, հիփոթեքի կամ ֆինանսական վարձակալության /լիզինգ/ առարկայի պայմանագրային արժեքը, վարձավճարի չափը,
դ/ գրավի, հիփոթեքի կամ ֆինանսական վարձակալության /լիզինգ/ պայմանագրի կնքման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համարը,
ե/ գրավի, հիփոթեքի կամ ֆինանսական վարձակալության /լիզինգ/ պայմանագրի գործողության ժամկետը:
Նշված տեղեկատվությունը տրամադրվում է դիմելու օրվան հաջորդող աշխատանքային օրը:
Հրապարակման ենթակա չեն միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և պայմանագրով սահմանված պետական, ծառայողական և առևտրային գաղտնիք պարունակող տվյալները:
31. Տեղեկատվության տրամադրման վճարների չափը սահմանում է կոմիտեն` համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
32. Շարժական գույքի նկատմամբ սույն կարգով գրանցված իրավունքների մասին տվյալները ռեգիստրում պահպանվում են պետական գրանցումը սահմանված կարգով չեղյալ ճանաչված կամ ուժը կորցրած օրվանից 2 տարի ժամկետով:
33. Ռեգիստրի պաշտոնատար անձանց, ինչպես նաև պետական գրանցման սուբյեկտների իրավունքները և պարտավորությունները սահմանվում են օրենքով:
|
ԼՂՀ կառավարության
աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |