ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
“28” հոկտեմբերի 2003թ. |
N 292 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002թ. նոյեմբերի 26-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին» թիվ 61 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002թ. նոյեմբերի 26-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին» թիվ 61 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
ա/ Որոշման 3-րդ կետի`
«է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«է/ նոր բնակեցվող, ծայրամասային և լքված բնակավայրերում /ցանկը հաստատում է ԼՂՀ կառավարությունը/ քաղաքացիներին տրամադրված և սահմանված կարգով մասնավորեցված /սեփականաշնորհված/ բնակելի տների սեփականատերերը այդ տների /քոթեջների/ պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով և /կամ/ ԼՂՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված կարգով և չափերով հողամասի նկատմամբ ձեռք են բերում անհատույց սեփականության իրավունք»:
«է» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ը», «թ» և «ժ» ենթակետեր.
«ը/ պաշտպանության և ազգային անվտանգության կարիքները հոգալու համար հողամասերի նպատակային նշանակությունը կարող է փոխվել՝ առանց սույն որոշման 3-րդ կետի ,,ա,, ենթակետով սահմանված փաստաթղթերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա:
թ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված հիմքերով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման համար կադաստրային արժեքի վճարման անդորրագրի հետ միասին ներկայացվում է նաև համայնքի կամ շրջվարչակազմի ղեկավարի, Ստեփանակերտի քաղաքապետի /ըստ հողամասի գտնվելու վայրի/ կողմից տրված տեղեկանքն այն մասին, որ ձեռք բերվող հողամասը չի դասվում ԼՂՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին:
Սեփականաշնորհված /մասնավորեցված/ արտադրական նշանակության օբյեկտների զբաղեցրած հողամասերի, ինչպես նաև անհատական բնակելի տների շինարարության համար տրամադրված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է գրանցվել միայն կադաստրային արժեքի վճարման անդորրագրի հիման վրա, եթե այդ հողամասերի նկատմամբ սահմանված կարգով գրանցված է օգտագործման իրավունքը:
ժ/ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած փախստականների համար կառուցված բնակելի տները /քոթեջները/ սեփականության իրավունքով փախստականներին հատկացվելու դեպքում նշված տների զբաղեցրած և դրանց սպասարկման համար նախատեսված հողամասերը բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնության առկայության դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան շրջվարչակազմերի ղեկավարների /Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետի/ կողմից կառուցապատման նախագծերով սահմանված չափերով հատկացվում են անհատույց` սեփականության իրավունքով:
Կառուցապատման նախագծերի բացակայության դեպքում հողամասերի չափերը սահմանվում են դրանց փաստացի օգտագործվող չափերով, որոնք չպետք է գերազանցեն տվյալ համայնքում սահմանված հողամասերի չափերը:
բ/ Որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգ»-ում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
7-րդ կետում «հողաշինարարական ծառայությունների» բառերը փոխարինել «համայնքի ղեկավարի, Ստեփանակերտի քաղաքապետի, շրջվարչակազմի ղեկավարի /ըստ հողամասի գտնվելու վայրի/» բառերով:
8-րդ կետում «հիմքերով» բառից հետո դնել բութ, ավելացնել «դատական կարգով» բառերը:
14-րդ կետում «տրամադրվում են» բառից հետո ավելացնել «օգտագործման» բառը:
20-րդ կետի «բ» ենթակետում «ոչ բնակելի» բառերից հետո հանել «տարածքները» բառը և լրացնել «շենքեր, շինություններ» բառերով:
26-րդ կետի «բ» ենթակետում «մասնակցության» բառից առաջ ավելացնել «աճուրդին» բառը:
44-րդ կետը լրացնել «ժ» ենթակետով` հետևյալ բովանդակությամբ`
«ժ/ մինչև 20 քառ.մետր մակերես ունեցող տաղավարների, կրպակների, ավտոտնակների, առևտրի ու սպասարկման այլ օբյեկտների կառուցման համար:»:
65-րդ կետում «հողերի վրա» բառերը փոխարինել «հողամասերի նպատակային նշանակության փոփոխումից հետո» բառերով:
66-րդ կետում «իրականացվում է շրջանի վարչակազմի ղեկավարի համապատասխան որոշմամբ` ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության եզրակացության հիման վրա» բառերը փոխարինել «իրականացվում են ԼՂՀ կառավարության կողմից սահմանված կարգով» բառերով:
Կարգի 70-85-րդ կետերը հանել և լրացնել նոր 70-80-րդ կետերով.
«70. Օգտակար հանածոների արդյունահանման համար հողամասերը տրամադրվում են մրցույթով, վարձակալության իրավունքով, ընդերքի ուսումնասիրության կամ արդյունահանման իրավունքի հետ միաժամանակ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
71. Ընդերքօգտագործողների գործունեության ընդլայնման համար կարող են լրացուցիչ հողամասեր տրամադրվել առանց մրցույթի՝ հողամասի նպատակային նշանակությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխելուց հետո:
72. Ընդերքի օգտագործման հետևանքով խախտված հողերը վերականգնվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
73. Հողամասերում հետախուզական, երկրաբուսաբանական, երկրաբանական և այլ բնույթի աշխատանքները կարող են իրականացվել միայն համայնքների ղեկավարների /Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետի/ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների կողմից սահմանված կարգով ընդունված որոշումների ու հողամասերն օգտագործողների հետ կնքված պայմանագրերի հիման վրա:
74. Նշված աշխատանքների իրականացման, ինչպես նաև հողամասերը սեփականության իրավունքով կամ օգտագործման տրամադրելու դեպքում նախկին հողօգտագործողներին պատճառված վնասները ենթակա են հատուցման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
75. Հատուցման ենթակա են վարձատուի համաձայնությամբ գույքի անբաժանելի բարելավումների համար վարձակալի ներդրած միջոցները:
76. Հողամասերում հետախուզական աշխատանքները կարող են իրականացվել հողօգտագործողների հետ կնքված սերվիտուտի պայմանագրերի հիման վրա` նշելով աշխատանքներն սկսելու և ավարտելու ժամկետները, տեղը, վճարի և վնասի չափերը, հողերի վերականգնման ու պատճառված վնասների հատուցման պայմաններն ու օգտագործման վերադարձնելու պարտականությունները և այլ պայմաններ: Նույն կարգով տրվում է թույլտվություն` նաև հնագիտական հետախուզական պեղումներ իրականացնելու համար:
Այդ տարածքում հայտնաբերված պատմամշակութային անշարժ արժեքների պահպանության, անվթարության ապահովության կամ ամրակայման /կոնսերվացման/ անհրաժեշտության դեպքում հողամասը կարող է օրենքով սահմանված կարգով հետ վերցվել սեփականատիրոջից կամ օգտագործողից` հատուցելով վնասները:
Սույն կետում նշված փաստաթղթերը ներառվում են հողաշինարարական գործում:
77. Անտառային ֆոնդի հողերում կողմնակի անտառօգտագործման համար /բացի գյուղատնտեսական գործունեության դեպքերից/ հողհատկացում չի պահանջվում:
78. Անտառային հողերի նպատակային նշանակության փոփոխումն իրականացվում և դրանք քաղաքաշինական ու այլ նպատակներով տրամադրվում են օրենքով` սույն կարգին համապատասխան:
79. Բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը տրամադրվում են սույն կարգին և այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան:
80. Այլ նշանակության հողերը տրամադրվում են սույն կարգի պահանջներին համապատասխան:
գ/ Որոշմամբ հաստատված «Գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին» պայմանագրի 5.3. կետում «պարբերաբար կամ միաժամանակ, բայց ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր հաջորդող տարվա հունվարի 25-ը» բառերը փոխարինել «հավասար չափերով ըստ տարվա օրացուցային եռամսյակների, ոչ ուշ, քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 25-ը» բառերով: